«Հաւանական է, որ պատարազմը սկսուել է տգիտութեան պատճառով, բայց աւարտուել է ըստ պայմանաւորուածութեան»․ Ռոբերտ Քոչարեան

44-օրեայ պատերազմից մէկ տարի անց, այսօր՝ հոկտեմբերի 4-ին մամուլի ասուլիս է հրաւիրել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

Ծանր պարտութիւնը մի շարք հարցեր է առաջացրել, ասել էնա նա՝ նշելով, որ ցաւօք, այս մէկ տարում որեւէ հարցի որեւէ ողջամիտ պատասխան հանրութիւնը չի ստացել։ Հակառակը, նոր հարցեր են առաջացել այս ընթացքում, որոնց պատասխանները եւս չկան։

Ամէնից կարեւոր հարցը, նրա գնահատմամբ, այն է, թէ արդեօ՞ք պատերազմը անխուսափելի է եղել, թէ՞ հրահրուել է միտումնաւոր կամ քաղաքական միամտութեամբ։

«Ընդհանրապէս իւրաքանչիւր կառավարութիւն մինչեւ պատերազմ սկսելու որոշում կայացնելը պէտք է անի եւ անում է բաւական խորը վերլուծութիւն՝ առաջին հերթին համադրում է իր զինուած ուժերի հնարաւորութիւնները հակառակորդների հետ, գնահատում է ներքաղաքական իրավիճակը՝ արդեօ՞ք ունակ է կոնսոլիդացնել հասարակութիւնը, հակառակորդի կառավարութեան ունակութիւնները, հասկանալ՝ ինչպէ՞ս կը պահեն հակառակորդի դաշնակիցները եւ այն ռազմաքաղաքական միաւորները, որոնց կազմում է իրենց հակառակորդը։ Սա այբուբեն է»,- ասել է Ռոբերտ Քոչարեանը։

Այնուհետեւ յաւելել՝․ «2018 թուականից սկսած՝ Հայաստանի կառավարութիւնը արել է ամէն ինչ, որ բոլոր այդ հանգամանքները համընկնեն, եւ որ Ադրբեջանը իրավիճակը գնահատի որպէս բարենպաստ՝ պատերազմով Ղարաբաղի խնդիրը լուծելու համար․ սա փաստ է»։

«Փակուղի ենք մտցրել բանակցային գործընթացը»,- ասել է նա՝ նշելով, որ ՀՀ գործող իշխանութիւնները իրարամերժ յայտարարութիւններով 3 տարում, 3 տարբեր մօտեցում որդեգրելով՝ առաջացրել են Մինսկի խմբի անվստահութիւնը  Հայաստանի նկատմամբ, եւ ձեւաւորուել է կարծիք, որ հայկական կողմը շուստրիութեամբ փորձում է խուսափել առարկայական բանակցային գործընթացից։

«Վարկաբեկել ենք բանակը տարբեր քրէական գործերով, բաժանել ենք հասարակութիւնը սեւերի եւ սպիտակների եւ ցոյց ենք տուել, որ կառավարման տեսանկիւնից քաոտիկ կառավարութիւն է գործում Հյաստանում, իսկ պատերազմի ժամանակ նման ոճը կործանարար է Հայաստանի համար»,- ասել է Ռոբերտ Քոչարեանը։

Նա ընդգծել է՝. «Փչացրինք յարաբերութիւնները Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ, եւ այդ սխալների պատճառով յայտնւեցինք մեկուսացման մէջ․ ոչ մի երկիր չդատապարտեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար, տպաւորութիւն էր, որ մենք ԱԳՆ ընդհանրապէս չուենք։

Եթէ ՀՀ իշխանութիւնները լինէին Թուրքիայի գործակալներ, ապա կանէին նոյնը՝ նոյն հերթականութեամբ իրենց նպատակին հասնելու համար»:

Ռոբերտ Քոչարեանն անդրադարձել է հարցին, թէ ինչո՞ւ պատերազմը չկանգնեցուեց հոկտեմբերի 7-ին եւ 19-ին։

«Այս հարցը միակն է, որի պատասխանը հնչեց, այն հետեւեալն է՝ չենք կանգնեցրել, որ մեզ դաւաճան չհամարեն։ Ուրեմն սրանից բխում է հետեւեալը՝ բոլոր զոհուած զինուորների ծնողները կարող են համարել, որ հոկտեմբերի 7-ից յետոյ բոլոր զոհերի մեղքը եւ պատասխանատուութիւնը այն մարդու վրայ է, որը կարող էր պատերազմը կանգնեցնել եւ չի արել, խուսափել է այդ ծանր, բայց պատասխանատու որոշում կայացնելուց․ սա եւս փաստ է։

Կան մի շարք այլ հարցեր՝ ինչպէս յանձնուեց Հադրութը, Շուշին, պատասխան չկայ։ Այդ ճանապարհին Ջաբրայիլից մինչեւ Շուշի մէկ խրամատ չի փորուել, նոյնիսկ փորձ չկար բնագիծ կառուցելու այդ ճանապարհին։ Պարզաբանումներ չկան այդ յայտնի 5 միլիարդի առաջարկի մասին։ Փաստ է, որ մինչեւ 2018 թուականը Ադրբեջանը փորձել է Ղարաբաղի դիմաց գումարներով ինչ-որ հարցեր լուծել, փաստեր կան, որ այդ փորձն արուել է նաեւ 2018 թուականից յետոյ։ Իշխանութիւնները խուսափում են խօսել այդ հարցի շուրջ, եւ սա աւելի մեծ կասկածներ է առջանացնում։ Իւրաքանչիւր ՀՀ քաղաքացի կարող է մտածել, ունի հիմնաւոր կասկած համարելու, որ այդպիսի փաստ գոյութիւն ունի այնքան ժամանակ, մինչեւ դա չհերքուի։

Այստեղից բխում է հետեւեալ հարցադրումը՝ մեր պարտութիւնը տգիտութեա՞ն արդիւքն է, թէ՞ դաւաճանութեան։ Չափազանց շատ են այն փաստերը, որոնք խօսում են հնարաւոր, պլանաւորուած պարտութեան մասին, եւ բոլորս իրաւուքն ունենք մտածելու, որ դա հէնց այդպէս է այնքան ժամանակ, մինչեւ դա չհերքուի՝ շատ լուրջ եւ խորքը քննութեան ճանապարհով։

Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ շատ հաւանական է, որ պատարազմը սկսուել է տգիտութեան, անկարողութեան, ապիկարութեան պատճառով, բայց աւարտուել է ըստ պայմանաւորուածութեան։ Այս ամէնն առերեւոյթ յանցագործութիւններ են, եւ մենք ակնկալում ենք, որ պատշաճ մարմինները պէտք է դրանով զբաղուեն եւ գալու է ժամանակ, որ բոլորը պատասխան են տալու այս ամէնի համար, նաեւ նրանք, ովքեր իրենց պաշտօնական դիրքից ելնելով պէտք է զբաղուէին այս հարցերով ու չեն զբաղուել։

Ի՞նչ պէտք է անել այս կասկածները փարատելու համար՝ առաջին հերթին պէտք է քննել ընդդիմութեան ակտիւ ներգրաւմամբ, իւրաքանչիւր այլ տարբերակ վստահութիւնը հանրութեան մօտ չի վերականգնի։ Եւ ճգնաժամը երկրում չի կարող յաղթահարուել առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանների։ Երկրում կայ բաւականին մեծ զանգուած, մարդկային ներուժ, որոնք երբեք չեն յարմարուելու այս իրավիճակի հետ այնքան ժամանակ, մինչեւ այդ պարզաբանումները չստանան, սա եւս փաստ է»։

Ներկայացնում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի մամուլի ասուլիսից առաջին հարց-պատասխանը:

Հարց- Դուք մի քանի ամիս առաջ ասել էիք, որ բանակցային ճանապարհով հնարաւոր է Հադրութը և Շուշին հետ բերէք, արդեօ՞ք այս յայտարարությունը մնում է ուժի մէջ։ Բացի դրանից՝ ի՞նչ է սպասւում այն պայմանագրերին՝ նոյեմբերի 9-ին ստորագրուած, յունուարի 11-ին Մոսկուայում ստորագրուած, ինչ-որ բան մենք կարողանալո՞ւ ենք փոխել, թէ՞ ոչ:

Ռոբերտ Քոչարեան- Եթէ այսպէս շարունակուի, ապա ոչինչ հնարաւոր չի լինի հետ բերել: Մէկ տարի անցել է, մէկ տարի ոչինչ չի բանակցւում: Ես մօտաւորապէս գիտեմ, թէ ինչ է բանակցւում Մոսկուայում միջկառավարական հանդիպումներում, միայն տեխնիկակական հարցեր են քննարկւում, որևէ առարկայական հարց Ղարաբաղի ապագայի և կարգավիճակի հետ կապուած չի բանակցւում: Այսօր ՀՀ իշխանութիւնը բանակցային սեղանի վրայ է, շուրջը նստած չէ, ամէն օրը ես համարում եմ կորցրած օր: Դուք չէ՞ք նկատել, որ Ղարաբաղից չեն էլ խօսում, ասելիք չկայ, ինչ-որ կոմֆորտ զոնա է առաջացել: Մի քիչ ժամանակ անցնի, մեր ժողովրդի մօտ տպաւորութիւն է առաջանալու, որ Ղարաբաղը ռուս-ադրբեջանական բանակցութիւնների տիրոյթում է, և Հայաստանը սրա հետ ունի միջնորդուած առնչութիւն:

Ասուլիսն ամբողջութեամբ՝ տեսանիւթում

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.