«Այս իշխանութեան հետ հնարաւոր չէ առաջ ընթանալ, աւելին՝ մենք շատ ծանր վիճակում ենք, քայլում ենք անդունդի եզրով»․ Դաւիթ Վանեան
«Առաջիկայում պիտի գան ազգային ապստամբութեան օրերը»
Գրող-հրապարակախօս Դաւիթ Վանեանը վստահ է՝ մեր ժողովրդի մէջ գոյացած բևեռացումը պէտք է վերացնել, հարկաւոր է լուծում գտնել ու հասնել ներազգային համերաշխութեան։
«Իւրաքանչիւր մարդու մտքում կան կուտակուած բազմաթիւ հարցեր, որոնք պայմանաւորուած են վերջին տարիներով, ոմանց պարագայում էլ՝ նախկին իշխանութիւնների նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Կան նաև արհեստածին երևոյթներ, որոնք կարծես ներմուծուել են Հայաստան, որպէսզի առաջացնեն տարաբնոյթ բևեռացումներ՝ արցախցի-հայաստանցի, սփիւռքում ապրող հայ- Հայաստանում ապրող հայ, հին-նոր, սև-սպիտակ․ սրանց որոնց հեղինակը այսօրեայ իշխանութիւնն է և անձամբ Նիկոլ Փաշինեանը։ Այս բոլոր խնդիրները պահանջում են լուծումներ», — «Հորիզոն»-ի հետ զրոյցում նշեց դաշնակցական գրող-հրապարակախօսը։
Նա ընդգծեց՝ թէև մենք մոնոէթնիկ ազգ ենք և արցախեան առաջին պատերազմի ընթացքում ազատուեցինք բազմաթիւ խնդիրներից ու կարողացանք յաղթել, բայց վերջին՝ 44-օրեայ պատերազմը՝ մեր պարտութեան պատերազմը, ցոյց տուեց, որ չլուծուած բազմաթիւ խնդիրներ կան։ Գրող-հրապարակախօսը յիշեցրեց՝ իւրաքանչիւր քաղաքացի պարտաւոր է այս կուտակուած հարցերի քարերը մեր փէշերից թափել և հասկանալ, որ մենք շատ քիչ՝ ընդամէնը չորս տարի ժամանակ ունենք․ բոլորս պէտք է մէկս միւսին ընդառաջ գնանք, քանի որ սա լինելիութեան, գոյատևման հարց է։
«Մենք պիտի հասկանանք, որ ուժող Հայաստանի գոյութիւնը Թուրքիան ընկալում է որպէս իր վերացումի հիմնական, պերմանենտ, միակ պատճառ։ Ուժեղ Հայաստանը Թուրքիայի յետաձգուած մահն է, ու Թուրքիան սա ընկալում է, ուստի ամէն ինչ անելու է, որպէսզի մենք չլինենք։ Թուրքիան ու Ադրբեջանը չեն գնալու բանակցութիւնների, ու, եթէ խաղաղութեան պայմանագիր էլ ցանկանան ստորագրել, ապա դա ընդամէնը դրուագային հարց է լինելու։ Նրանք հասկանում են, որ անհատական մրցակցային հարցում իրենք զիջում են հային, և պարարտ հող լինելու դէպքում հայերն արագ կազմակերպուելու են ու դառնալու են ուժող ու ինտենսիւ պետութիւն։ Թուրքիան ու Ադրբեջանն ամէն ինչ անելու են դա խոչընդոտելու համար», — նշեց Դաւիթ Վանեանը։
Հարց է առաջանում, իսկ ստեղծուած իրավիճակում ո՞րը պիտի լինի մտաւորականների ու էլիտայի առաքելութիւնը։
«Մենք՝ որպէս քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, որպէս մտաւորական մարդիկ, պարտաւոր ենք գնալ դէպի գիւղացին, քաղաքացին, սահմանամերձ գօտին, բանուորը, շինականը, ուսուցիչը։ Պիտի իմանանք նրանց սոցիալական խնդիրների մասին։ Մենք պիտի մեր կուսակցութիւնների տեսլականը շրջենք դէպի քաղաքացին, դէպի մարդը, քաղաքականութեան կենտրոնում պիտի մարդը լինի։ Ի վերջոյ, գոնէ երեսուն տարի անց մենք պիտի դա հասկանանք․ քաղաքականութիւնը աբստրակտ սահմանների, ապահովութեան խնդիրների լուծման համար չէ, այլ մարդու ապահովութեան, մարդու մասին հոգ տանելու համար։ Մարդը երջանիկ ապրելու իրաւունք ունի, ու բոլոր քաղաքական ուժերի նպատակը այդ երջանկութեան ապահովումը պիտի լինի», — ընդգծեց Դաւիթ Վանեանը։
Արդարացիօրէն պէտք է արձանագրել՝ Հայաստանում պատերազմի օրերին և դրանից յետոյ մտաւորականների մեծ մասն ուղղակի կրաւորական կեցուածք ընդունեց, մինչդեռ պէտք է որպէս ուղղորդող ուժ՝ ազգի կողքին լինէր, և վերջապէս արդեօ՞ք այս մարդկանց կարելի է և արժէ մտաւորական կոչել։
Անդրադառնալով վերոնշեալ հարցին՝ Դաւիթ Վանեանը պատասխանեց․ «Զրկանքները, Եղեռնը, բոլշևիզմի մամլիչը, Հայրենական պատերազմը (որի հայ ժողովուրդը 600 հազար մասնակից է տուել, որից 314 հազարը զոհուել կամ անհետ կորել է), երկրաշարժը, Արցախեան պատերազմները, բլոկադան, արտագաղթը թոյլ չեն տուել, որ մենք ձևաւորենք մեր քաղաքական ազնուագոյն էլիտան։ Չեմ ասում տասը հազար, տասը մտաւորական կամ տասը արուեստի գործիչ չունե՞նք, որոնք կը լինէին հայ ժողովրդի խղճի մարմնացումը, որին կը մատնանշենք, ինչպէս ժամանակին, կասէինք՝ ահա՛ Համօ Սահեանն ասաց այս բանը, ես դա անելու եմ, կամ Սօս Սարգսեանը այսօր ելոյթ ունեցաւ, վաղուանից ուրիշ կերպ ենք անելու այս ինչ քայլը․ հասկանո՞ւմ էք․ հները հնացել են, նորերը չկան։
Միւս պատճառն էլ այն է, որ մենք յաղթանակած երկիր էինք, յաղթանակի պարադիգմայով ապրող, իսկ պարտուելուց յետոյ միացաւ պարտուող, կռացած հայի պարադիգման․ ես քննադատական խօսք չեմ ասում․ սա ապրելակերպ է, գոյաբանական ձև է։ Այսդպէս մենք 600 տարի կամ հազար տարի, եթէ Կիլիկիան Հայաստանը չհաշուենք, կարողացել ենք առանց պետութեան գոյատևել։ Դա մեր արեան ու բնազդի մէջ է։ Երբ մարդը տեսնում է, որ պետութիւնը թոյլ է, ղեկավարն էլ խեղկատակ, մարդը այդպիսին է դառնում։ Իսկ երրորդ պատճառը խորհրդային միութիւնից ժառանգութիւն մնացած մտաւորականի կերպարն է։ ԽՍՀՄ-ում մտաւորականներն ամէն ինչ քննարկում էին միայն խոհանոցներում, քանի որ ազատութիւն չկար, ազատ խօսքը չէր խրախուսւում․ սրանք տրադիցիաներ են, որ մնացել են մեր մէջ․․․», — նշեց Դաւիթ Վանեանը։
Հարցին՝ իսկ հնարաւո՞ր է, որ մեր ազգն առաջիկայում ոտքի ելնի ու փորձի ձերբազատուել այս իշխանութիւնից՝ հասկանալով, որ այս իշխանութեան հետ գնում ենք դէպի կործանում, Դաւիթ Վանեանը պատասխանեց՝ այս իշխանութեան հետ հնարաւոր չէ առաջ ընթանալ, աւելին՝ մենք շատ ծանր վիճակում ենք, քայլում ենք անդունդի եզրով։ Գրող-հրապարակախօսի կարծիքով՝ այս իշխանութիւնից ձերբազատուելու ցանկութիւն, իհարկէ, առաջանալու է․ հարցն այն է, թէ ինչպէս կը վարուեն կուսակցութիւնները։
«Երբ նոյեմբերի 9-ին ստորագրուեց այս յայտարարութիւնը, ժողովուրդը պատրաստ էլ յօշոտելու սրանց, բայց ամէն ինչ քաղաքական օրինապաշտութեան դաշտ տանելով ու ժողովրդին ազգային ապստամբութեան իրաւունքից զրկելով՝ մենք սեփական ժողովրդին մատնեցինք այս վիճակին։ Վաղ, թէ ուշ լինելու են այդպիսի իրավիճակներ, և այն կուսակցութիւնները, որոնք իրենց համարում են ընդդիմութիւն, պարտաւոր են փոխել իրենց գործունէութեան ձևը։ Ես վստահ եմ, որ պիտի գան ազգային ապստամբութեան օրերը։ Նիկոլ Փաշինեանը պիտի հասկանայ, որ իր նման մէկը մէկ ուրիշ քաղաքից վեր կը կենայ, կու գայ ու կը փոխի իշխանութիւնը», — եզրափակեց Դաւիթ Վանեանը։
Յասմիկ Բալէեան