«Մենք չենք համակերպուելու Շուշիի ու միւս տարածքների կորստին»․ ռազմադաշտում վիրաւորում ստացած դաշնակցական մարտիկի մարտական ոգին աննկուն է
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան անդամ Արսէն Մարտոյեանը Արցախում ընթացող մարտական գործողութիւնների առաջին իսկ օրուանից՝ սեպտեմբերի 27-ից, ՀՅԴ գումարտակի առաջին վաշտի երկրորդ դասակի կազմում մեկնել է ռազմի դաշտ։ Արսէնն իր մարտական ընկերների հետ մարտնչել է Մատաղիսում։
Հոկտեմբերի 2-ին Արսէնն ու իր ութ ընկերները վիրաւորում են ստացել։ Գնդակն անցել է Արսէնի ձախ ուսով և դուրս եկել աջ կողոսկրի հատուածից։ Այս օրերին Արսէնը փողոցում պայքար է մղում՝ այս իշխանութեանը հեռացնելու և հայրենիքի փրկութեան յոյսը սրտում։
Թեև Արսէնը հիմա հևալով է խօսում և որոշակի ժամանակ է պէտք ամբողջովին կազդուրուելու համար, բայց նա, խօսելով իր առողջական վիճակի մասին, ասում է՝ երբեմն ցաւեր ունենում է, սակայն դրանք յաղթահարելի են։ Արսէնն այդ ցաւերին առանձնապէս ուշադրութիւն չի դարձնում․ ասում է՝ հիմա պէտք է պայքարը շարունակել։
Խօսելով վերջին պատերազմի մասին՝ Արսէնը «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում պատմեց․ «Մինչև այս պատերազմն արդէն այդ որոշումը կար, որոշուած էր՝ եթէ պատերազմ լինի, պիտի գնանք, քանի որ Ապրիլեան պատերազմի օրերին՝ 2016 թուականին, «Դաշնակցութեան» երիտասարդական միութեան ջոկատով Թալիշում էինք եղել, որից յետոյ կազմաւորուել էր «Դաշակցութեան» գումարտակը, որը Շուշիի առանձնակի գումարտակի հիմքի վրայ է ձևաւորուել։ 2016 թուականի ապրիլեան պատերազմից յետոյ՝ մինչև 2020 թուականի պատերազմը, մեր գումարտակը մշտապէս վարժանքների է մասնակցել։ Մենք կարծում էինք՝ մի օր կարող է պատերազմ լինել, ուստի վստահ էինք՝ պէտք է պատրաստ լինել պատերազմին»։
Սեպտեմբերի 27-ին Արսէնն իր գումարտակի կազմում հերթական վարժանքին պիտի մասնակցէր, սակայն լոյսը բացուել է, ու տղաներն իմացել են պատերազմի մասին, և վարժանքի մեկնելու փոխարէն՝ ռազմադաշտ մեկնել։
«Մեր դասակի հրամանատարը զանգեց, ասաց․ «Պպատերազմ է սկսուել․ գնալու ենք ոչ թէ վարժանքների, այլ Արցախ»։ Նոյն օրը՝ ժամը 11-ին մեր վաշտն Արամ Մանուկեանի արձանի մօտ կազմ ու պատրաստ շարուած էր, մենք պատրաստ էինք մեկնել Արցախ՝ կատարելու մեզ վստահուած մարտական առաջադրանքը։
Մեր վաշտն ի սկզբանէ գնացել է Մատաղիս։ Այնտեղ սար կար, որտեղ բարձրանալով՝ նկատում էինք՝ Մատաղիսը մեր թիկունքում էր մնում և մենք դեմ դիմաց դէպի Թալիշ էինք նայում։ Մենք պիտի հակառակորդի հնարաւոր յարձակումները կանխէինք։ Հոկտեմբերի 1-ի գիշերը բարձրացել էինք այդ սարը։ Գրեթէ ամէն օր Մատաղիսը հրթիռակոծւում էր, հոկտեմբերի 2-ն էլ այդ հերթական օրերից էր, սակայն շատ աւելի մեծ թափով սկսեցին հրռիռակոծել։ Այնուհետև հրթիռակոծումը մի պահ թուլացաւ, որից յետոյ՝ առաւօտեան մօտաւորապէս ժամը 12-ին, արդէն հրազէնային զէնքներով թշնամին սկսեց կրակել և այդտեղ մենք ինը ընկերներով վիրաւորուեցինք։ Մեր միւս ընկերները մեզ օգնեցին, սարից իջեցրին, առաջին բուժօգնութիւն ցուցաբերեցին։ Այդ ընթացքում մեր երրորդ դասակը սար էր բարձրացել՝ մեզ օգնութեան հասնելու, և դասակի հրամանատարը՝ ընկեր Գեղամ Մուշեղեանը, ցաւօք, զոհուեց», — կորստի կսկիծով, բայց և պայքարի ոգին իր սրտում աննկուն պահած՝ պատմեց Արսէնը՝ նշելով՝ պատերազմի օրերին մարտնչել են միմեանց համար թև ու թիկունք, յենարան լինելով, «բոլորը մէկի համար, մէկը՝ բոլորի» սկզբունքով, որևէ մէկն իր կեանքը չի խնայել հայրենիքի պաշտպանութեան ու ընկերներին օգնելու սուրբ գործում։
Մտաբերելով վիրաւորում ստանալու պահն՝ Արսէնը յիշեց․ «Իմ մէջ տպաւորուել է այն պահը, երբ վիրաւորում ստացա։ Ընկերներս ինձ ետ քաշեցին, օգեցին, հանեցին։ Ես իմացայ, որ մեր միւս ընկերներից էլ վիրաւորում ստացածներ կան։ Այն վրէժը, որը միշտ զգացել եմ թուրքերի նկատմամբ, այդ ժամանակ եռապատկուեց ու քառապատկուեց։ Ես վիրաւորում էի ստացել չէի կարողանում կրակել, բայց մենք տղերքին ասում էինք՝ չվախենա՛ք, կրակէ՛ք։ Ես մտածում էի՝ այդ կռուից մենք յաղթած դուրս կը գանք, քանի որ պիտի վերջնական լուծէինք Արցախի հարցը՝ պատմական արդարութեամբ, այսինքն՝ յօգուտ մեզ։ Մտածում էի՝ ամէն հնարաւոր տարբերակով պիտի ջարդենք թուրքերին, բայց, ցաւօք սրտի, բոլորիս յայտնի իրադարձութիւնները եղան․․․»։
Վիրաւորում ստանալուց յետոյ Արսէնին իր ընկերները սարից իջեցրել են ներքև, և գումարտակի բժիշկը՝ լուսահոգի ընկեր Նորիկը, առաջին բուժօգնութիւն է ցուցաբերել Արսէնին։
«2020 թուականի պատերազմը երրորդն էր, որին մասնակցում էր ընկեր Նորիկը։ Նա պատերազմի աւարտից յետոյ մահացաւ։ Առաջին բուժօգնութիւն ստացայ Մատաղիսում, այնուհետև Մարտակերտի հիւանդանոց եմ տեղափոխուել, ապա՝ Ստեփանակերտ, յետոյ տեղափոխուել եմ Երևան՝ «Էրեբունի» բժշկական կեդրոն։ Այդ օրերին մեծ նուիրումով պայքարում էին ու կեանքեր փրկում նաև մեր բժիշկները, շնորհակալ եմ նրանց։ Իսկապէս ծանր օրեր էին, բայց իւրաքանչիւրն անում էր այն ամէնն, ինչ կարող էր», — յիշելով պատերազմի սարսափելի օրերը՝ ասաց Արսէնը։
Հարցին՝ ռազմադաշտ մեկնելուց առաջ երբևէ մտածե՞լ եք, որ, գուցէ, այլևս չվերադառնաք Արցախից, և արդեօ՞ք այդպիսի մտքերը Ձեզ ճնշել են, Արսէնը պատասխանեց․ «Մենք յաղթելու տրամադրութեամբ ենք ռազմադաշտ մեկնել։ Միշտ յիշել ենք, որ յանուն հայրենիքի պաշտպանութեան՝ զոհուել են մեր աւագ սերունդները, և որպէս նրանց հետնորդներ՝ մենք էլ պիտի պայքարենք։ Երբ սառը դատում ես, հասկանում ես՝ պատերազմ է, ամէն ինչ կարող է լինել։ Բայց, բանականութիւնը յաղթում է միւս զգացողութիւններին, և ամէն ինչ տեղն է ընկնում։ Պատերազմ գնալիս հասկանում ես՝ հնարաւոր է՝ ետ չգաս, բայց երբ գիտես՝ յանուն հայրենիքի ես գնում, աշխարհում ոչինչ չի կարող քեզ ճնշել»։
Արսէնը մեր տղաներին ու բանակը պարտուած չի համարում։
«Մեզ դիտաւորեալ տարել են դէպի պարտութիւն։ Իմ հասակակիցներն ու պատերազմին մասնակցած միւս տղաները հենց սեպտեմբերի 27-ից կամաւոր մեկնեցին Արցախ՝ յանուն հայրենի հողի պաշտպանութեան։ Ես միշտ մտածել եմ՝ եթէ պատերազմ լինի, դա մեզ համար պիտի հնարաւորութիւն լինի՝ Արցախի հարցը վերջնականապէս լուծելու համար, այսինքն՝ դեռ պիտի ազատագրէինք այն տարածքները, որոնք մինչև հիմա հակառակորդի ենթակայութեան տակ են։
Բոլորի մօտ տրամադրուածութիւնը յաղթական էր, ոգևորուածութեամբ էինք գնում։ Բանակում ծառայող ժամկէտային զինծառայողների էլ ենք հանդիպել Արցախում։ Մենք տեսել ենք՝ նրանց մարտական ոգին ևս շատ բարձր էր։ Բայց, անկազմակերպուածութիւնը, քաղաքական ղեկավարութեան ապիկարութիւնը, գործից գլուխ չհանելը հասցրեց նրան, որ պարտութիւն կրեցինք, յետոյ ստորագուեց այդ խայտառակ յայտարարութիւնը», — ասաց ՀՅԴ Երիտասարդական միութեան անդամ Արսէնը։
Տեսանիւթը՝
Ինչպէս վերը նշեցինք, այս օրերին Արսէնը փողոցում է պայքար տանում՝ այս իշխանութեանը հեռացնելու համար։
Արսէնն ընդգծեց՝ հարկ է յիշել՝ այն, ինչ տեղի ունեցաւ, եղաւ այս իշխանութեան կառավարման օրով։ ՀՅԴ երիտասարդական միութեան անդամն ընդգծեց՝ այս իշխանութեան ներկայացուցիչները մինչև այս պարտութիւնն արդէն իսկ մեր հասարակութեանը մասնատել էին՝ սևերի ու սպիտակների բաժանելով, մեր միասնականութիւնը որոշակիօրէն արդէն կոտրելով։ Ըստ Արսէնի՝ մեր պարտութեան պատճառներից մէկն էլ հենց դա է։
«Մենք ունեցանք այսքան զոհեր, Արցախի տարածքի մեծ մասը կորցրինք․․․ այս ամէնի պատասխանատուն այսօրուայ իշխանութիւնն է։ Եթէ չլինէր այս իշխանութիւնը, լինէր մէկ այլ իշխանութիւն, ես ու ընկերներս դարձեալ նոյն կերպ փողոց դուրս կը գայինք ու կը պայքարէինք։ Ես հաւատացած եմ՝ եթէ այս իշխանութեանը չհեռացնենք, մեր պետութիւնը շարունակելու է դէպի անդունդ գնալ», — ասաց Արսէնը։
Նա նշեց՝ չի մտածում, որ պատերազմը վերջացել է, քանի որ թուրքը հիմա ուժեղ է ու հասկանում է, որ Հայաստանն ունի պարտուած ղեկավարութիւն, ուստի ցակցացած պահի կարող են ռազմական գործողութիւններ սկսուել, և այդ դէպքում, մարտական գործողութիւնների ելքը դարձեալ ի վնաս մեզ է լինելու, քանի որ մենք ունենք ղեկավարութիւն, որը ո՛չ ռազմական գործից է հասկանում, ո՛չ դիւանագիտութիւնից։
«Եթէ այս իշխանութիւնը չհեռանայ, մենք կարող ենք հերթական պարտութիւններն ունենալ արտաքին քաղաքականութեան ոլորտում կամ ռազմի դաշտում, հետևաբար՝ պիտի պայքարենք, որ ունենանք ազգային մտածողութիւն ունեցող իշխանութիւն, որը կը կազմակերպի երկրի ղեկավարումը «Զարգանալ ու չզիջել» կարգախօսով, կը համախմբի մեր հասարակութեանը՝ վերջ դնելով այս պառակտուած վիճակին, որից յետոյ պետութիւնը ոտքի կը կանգնեցնենք և կարծում եմ՝ նաև Արցախի հարցի լուծմանը կը հասնենք։ Ես դրան հաւատում եմ։ Մենք չենք համակերպուելու, որ Շուշի ենք կորցրել , որ մեր միւս տարածքներն ենք կորցրել։ Ես յոյս ունեմ, որ ազգային մտածողութիւն ունեցող իշխանութիւն ունենալու պարագայում այս հարցերը պէտք է կարգաւորուեն պատմական արդարութեամբ՝ ի նպաստ մեզ», — եզրափակեց Արսէնը։
ՅԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԵԱՆ