Գէորգ և Կարէն եղբայրները միասին կռուեցին ու զոհուեցին Շուշիում՝ մինչև վերջին շունչը պայքարելով

Արմաւիրի մարզի Խանջ գիւղում ծնուած Գէորգ և Կարէն եղբայրները, որոնք ծառայում  էին ոստիկանութեան զօրքերում, Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողութիւնների մասին լսելով՝ անվարան որոշել են՝ իրենց ներդրումն են ունենալու հայրենիքի պաշտպանութեան գործում։ Եղբայրները  քաջաբար կռուել են ու անմահացել։ Ընտանիքում բառերը մրմուռով ու ցաւով են շաղախւում, երբ խօսում են հերոս տղաների մասին, բայց և հպարտ են, որ այդքան քաջ զաւակներ  ունեն։

Տղաների մայրը՝ տիկին Արևիկ Միքայէլը, մինչև հիմա  տղաների մասին անցեալով չի խօսում, ասում է՝ թւում է՝ տղաները դուռը բացելու են, ներս են մտնելու ու կանչելու են՝ «մամա՜»․․․

Գէորգի ու Կարէնի պես քաջերն անմահ են, ուստի իրապէս դժուար է այդ հայորդիների մասին անցեալով խօսելը, քանի որ նրանց երբեք բացակայ չենք դնելու․ նրանք ապրում են մեր մէջ՝ մեր երակներում ու ամեն նեարդում պայքարի ոգին պիրկ պահելով։

Կարէնը 22 տարեկան էր, Գէորգը՝ 26։ Գէորգն Ամուսնացած էր․ նրա դուստրը՝ իր տատիկի անունը կրող Արևիկը, 1,5 տարեկան է։  Երբ  «Հորիզոն»-ի նկարահանող խումբը մուտք գործեց եղբայրների տուն, փոքրիկ  Արևիկը ժպիտով դիմաւորեց, ապա ցոյց տուեց յուշանկիւնը, որտեղ տեղադրուած են իր հերոս հայրիկի ու հորեղբօր լուսանկարները, պատուոգրերը, մետալներն ու իրերը։ Փոքրիկ Արևիկը, որը դեռ նոր է սկսել խօսել, իր թոթով լեզուով հայրիկին է կանչում ու պարբերաբար նրա լուսանկարը ցոյց տալիս․․․

Գէորգն ու Կարէնն Արցախ են մեկնել 2020 թուականի սեպտեմբերի 29-ին։ Շուրջ մէկ ամիս եղբայրները մասնակցել են Քարվաճառի պաշտպանութեանը։ Կարէնը ժամկէտային զինուորական ծառայութիւնը կատարել էր Քարվաճառում, և այդ հանգամանքը օգնել էր նրան ու իր ընկերներին արագօրէն կողմնորոշուել տեղանքում ու հմուտ մարտավարութեամբ կռիւ մղել։

Հոկտեմբերի 29-ին եղբայրները վերադարձել էին տուն։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի 1-ին,  Գէորգն ու Կարէնը ժողովի էին մասնակցել։ այնուհետև տղաները ժողովից տուն էին վերադարձել  ու ընտանիքի անդամներին տեղեկացրել՝ վաղ առաւօտ պէտք է կրկին Արցախ գնան։

«Ես չգիտէի, որ հրամանատարութիւնը որոշել է, որ եղբայրներից միայն մէկը պիտի գնայ Արցախ։ Եղբայրները զօրամասում զրուցել  էին,  միմիանց չէին զիջել․ մէկը միւսին ասել էր՝ դու մնա՛, ես կը գնամ։ Ի վերջոյ տղաները որոշել էին՝ երկուսով էլ կը գնան հայրենի հողի համար կռուելու։ Ես՝ որպէս մայր, Գէորգին խնդրեցի,  որ գոնէ ինքը չգնայ, քանի որ ընտանիք ու փոքրիկ երեխայ ունէր։ Գէորգն ասաց՝ պէտք է գնամ։ Նոյեմբերի 2-ին եղբայրները միասին մեկնեցին՝ մասնակցելու Շուշիի պաշտպանութեան համար մղուող մարտերին։ Եղբայրերը երբեք իրար միայնակ չէին թողնում։ Միշտ միասին էին՝ իրար թև ու թիկունք դարձած։ Ռազմադաշտում էլ միասին են կռուել», —  «Հորիզոն»-ի թղթակցին պատմում է տիկին Արևիկը։

Ցաւօք, Շուշիում այդ ծանր օրերին ստիկանութեան զօրքերի զօրախմբերից մէկն ընկել էր թշնամու շրջափակման մէջ։ Կարէնը ևս շրջափակման մէջ է յայտնուել ու վիրաւորուել, ապա վիրաւոր վիճակում շարունակել կռուել։ Աւագ եղբայրը՝ Գէորգը, Ստեփանակերտում է եղել՝ Կարէնից հեռու։ Հրամանատարները և մարտական ընկերները Գէորգին  հորդորել են չգնալ այն հատվածը, որտեղ եղել է Կարէնը:

«Նրանք Գէորգին ասել են՝  եթէ գնաս,  հասնես եղբօրդ, զոհուելու ես, քանի որ Կարէնն արդէն թուրքերի մօտ է։ Բայց, իր կրտսեր եղբօրը շատ սիրող Գէորգը չի ենթարկուել, նոյեմբերի 4-ին գնացել է, եղբօրը գտել։ Տղաները միասին են կռուել, միասին էլ զոհուել։ Հերոսաբար կռուած եղբայրների մարմինները գտել են կողք կողքի․․․ Շրջափակման մէջ Գէորգն էլ է վիրաւորում ստացել։ Վերջին անգամ նրանց հետ նոյեմբերի 7-ին ենք խօսել, հաւանաբար հենց այդ կամ յաջորդ օրն են  զոհուել որդիներս», — արցունքների միջից բառերը դժուարութեամբ շաղկապելով՝ պատմում է հերոսածին տիկին Արևիկը։

Տղաների հայրը՝ Ռազմիկ Գէորգն էլ պատմում է՝ տղաները իրար թև ու թիկունք լինելով էլ իրենց տունն էին կառուցում։ Հիմա տունը կիսակառոյց  է մնացել․ տղաներն այլևս եռանդուն չեն աշխատում,  տունը չեն կառուցում, այլևս նախկին եռուզեռը չկայ․․․

Աշխատասէր ու ազնիւ աշխատանքով ընտանիքի մասին հոգացող տղաները  գումար էին հաւաքում նաև իրենց հօր՝ Ռազմիկ Գէորգի սրտի վիրահատութեան համար․ այդ նպատակն էլ կիսատ ու չիրականացած մնաց, ինչպէս միւսները․․․

Կարէնը աշխատանքին զուգահեռ՝ սովորում էր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 5-րդ կուրսում․ նա ապագայ տնտեսագէտ էր։

«Իմ տղաները համերաշխ ու բարի էին, շատ լաւ էին սովորում։ Յատկապէս Կարէնը մեծ սէր ունէր ուսման նկատմամբ, գերազանցիկ էր։ Գոլէջը կարմիր դիպլոմով աւարտելով՝ Կարէնս միանգամից ընդունուել էր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի երկրորդ կուրս։ Համալսարանում ևս շատ լաւ էր սովորում։ Գէորգս էլ շատ էլ սիրում ավտոմեքենաներ վերանորոգել։  Աշխատանքից յետոյ ժամանակ ունենալու դէպքում դրանով էր զբաղւում։ Երկուսն էլ շատ աշխատասէր էին։ Մինչև հիմա չեմ հաւատում կատարուածին․․․ Աստծուն խնդրում եմ, որ գոնէ մի օր իմ երեխաներին տեսնեմ․․․ Գիտէ՞ք՝ ինչքան եմ կարօտել նրանց, նրանց ձայնն եմ կարօտել։ Ներս էին մտնում ու կանչում՝ «մամա՜»,,, Իսկ հիմա ինձ «մամա» կանչող չկայ», — մրմուռից դաղուած՝ պատմում է տիկին Արևիկը։

Գէորգների տան լոյսը հիմա հերոս Գէորգի փոքրիկ աղջիիկը՝ Արևիկն է։ Հերոսածին մայրն ասում է՝ յանուն թոռնիկի է ապրում։ Գէորգի կինը՝ Գայանէն, դպրոցում է աշխատում, վերջերս է աշխատանքի ընդունուել։ Տիկին Արևիկը խնամում է փոքրիկ Արևիկին, մինչև մայրիկն աշխատանքից վերադառնայ։ Գայանէի համար անասելի դժուար է խօսել պատերազմի ու պատերազմի հասցրած անդարմանելի վէրքերի մասին․ նրա հայրը 90-ականներին զոհուել է Շուշիի ազատագրման համար մղուող մարտերում։ Գէորգների ընտանիքի անդամները՝ տէր և տիկին Գէորգները և Գէորգի կինը՝ Գայանէն, յոյսով ու սիրով լի աչքերով նայում են լուսաւոր Արևիկին․ ասում են՝ Արևիկն ուժ է տալիս, որ ապրեն։

«Արևիկն իր խօսելով,  ծիծաղով ու շարժուձևով մեզ յոյս ու ուժ է տալիս։ Մեր տան միակ ուրախութիւնն Արևիկն է։ Արևիկով եմ իմ տղաների կարօտն առնում, Արևիկով եմ ապրում ու շնչում», — խոսելով իր անունը կրող թոռնիկի մասին՝ ասում  է տիկին Արևիկը։

Զրոյցի վերջում տիկին Արևիկը պատմում է իր թանկագին փափաքի մասին․ «Կ՚ուզէի ապագան կերտել իմ որդիների հետ, բայց, քանի որ որդիներս անմահացան, չեմ ուզենայ, որ այն հողը, որտեղ իմ որդիների արիւնն է թափուել, ուրիշինը լինի։

Գէորգս մինչև վերջին րոէեն գոռում էր՝ յաղթելու ենք։ Հեռախօսով խօսելիս տղաներս ասում էին՝ մենք երբեք չենք պարտուի։ Ես ուզում եմ, որ այդ հողերը վերադառնան։ Չեմ ուզում, որ  այն հողերը, որտեղ մարտնչել են որդիներս, թուրքին մնան։ Ուզում եմ, որ ետ բերեն մեր բոլոր հողերը, որ մեր բոլոր զինուորների խիղճը հանգիստ լինի, որ ոչ մէկը չ՚ափսոսայ իր թափած արեան համար»։

Յասմիկ  Բալեյեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.