Կուտակային Համակարգին Դէմ Բողոքի Երթ Դէպի Սահմանադրական Դատարան


ԵՐԵՒԱՆ.– Հայաստանի Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Բարգաւաճ Հայաստան, Հայ Ազգային Կոնգրես եւ Ժառանգութիւն խմբակցութիւններու ներկայացուցիչները եւ «Ընդդէմ պարտադիր կենսաթոշակային վճարների» նախաձեռնութեան անդամները 17 Դեկտեմբերին հաւաքուեցան Երեւանի Ազատութեան հրապարակ, ուրկէ սկսաւ իրենց երթը դէպի Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրէնքի փոփոխութիւններ, մասնաւորապէս՝ պարտադիր բաղադրիչի կիրարկումը հակասահմանադրական նկատելու պահանջով: Բողոքի ցոյցին մասնակիցները կը կրէին «Պահանջում ենք», «Ոչ թալանին» գրութեամբ պաստառներով: «Մենք չենք արտագաղթելու եւ պայքարելու ենք հակասահմանադարական օրէնքների դէմ», բարձրախօսով յայտարարեց նախաձեռնութեան անդամներէն մէկը: Ոտքերը դոփելով եւ «Ո՛չ, ոչ», «Դէմ ենք» բացագանչութիւններով եւ բազմաթիւ պաստառներով մասնակիցները ուղղուեցան դէպի դատարան: Թէեւ ոստիկանութիւնը փորձեց խոչընդոտել ցուցարարներուն մուտքը փողոցի բանուկ հատուած, սակայն աւելի ուշ թոյլատրեց, եւ երթը ուղղուեցաւ դէպի Բաղրամեան պողոտայ:
Երթին մասնակիցները նաեւ կոչ կ՛ուղղէին բոլորին՝ միանալու իրենց պայքարին ու թոյլ չտալու իշխանութիւններուն՝ «մտնել իրենց գրպանը եւ վերցնել իրենց քրտինքով աշխատածը»:
Երթէն առաջ պատգամաւորները հանդէս եկան ելոյթներով: Հայաստանի Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեան յայտարարեց, որ իրենք մինչեւ վերջ պիտի պայքարին, պիտի դիմեն բոլոր քայլերուն՝ այդ օրէնքը չեղեալ համարելու համար: «Այս օրէնքը հարուածելու է բոլորի գրպաններին: Սա նաեւ հարուած է մեր ազգային արժեհամակարգին: Մեր երկրի պայմաններում նման օրէնքի կիրառումը անթոյլատրելի է», հաստատեց ան։
Սահմանադրական դատարանէն բողոքի ցոյցին մասնակիցները դիմաւորած է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Յակոբեանը, որուն պաշտօնապէս յանձնուած է 4 խմբակցութիւններուն դիմումը, ինչպէս նաեւ նախաձեռնութեան յայտարարութիւնը։
Յայտարարութեան մէջ նշուած է.

«Հայաստանի կենսաթոշակային նոր համակարգի առանցքային կէտերից մէկը պարտադիր կուտակային բաղադրիչն է, որի գործարկումը նախատեսուած է 2014 թուականի Յունուարի 1ից:
Պարտադիր բաղադրիչը ներառող բազմաստիճան կենսաթոշակային համակարգի՝ Հայաստանում ընդունուած մոդելն իր մանրամասնութիւններով միջազգային պրակտիկայում աննախադէպ է՝ դրանից բխող իւրայատուկ ռիսկերով:
Պաշտպանելով Հայաստանի Ազգային ժողովի 36 պատգամաւորների նախաձեռնութեամբ Սահմանադրական դատարան ներկայացուած դիմումը, գտնում ենք, որ պարտադիր բաղադրիչի գործադրումը նախատեսող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրէնքը հակասում է Հայաստանի Սահմանադրութեանը, չի լուծում կենսաթոշակային համակարգի հիմնախնդիրները եւ ա-ռաջացնում է սոցիալ-տնտեսական նոր մարտահրաւէրներ:
Խախտւում է սեփականութեան իրաւունքը, կիրառւում է տարիքային եւ այլ բնոյթի խտրականութիւն, խաթարւում է սերունդների համերաշխութեան սկզ-բունքը, նուազեցւում է ձեռք բերուած սոցիալական պաշտպանութեան մակարդակը: Նշուած բոլոր գործողութիւններն արգելուած են Սահմանադրութեամբ: Սահմանադրական որեւէ նորմ չի լիազօրում պետութեանը՝ իր ստանձնած սոցիալական պարտաւորութիւններից հրաժարում կամ փոխանցում քաղաքացուն, ինչն ամրագրուել է այս օրէնքում: Օրէնքը նսեմացնում է պետութեան դերը՝ Սահմանադրութեամբ պաշտպանուող արժէքների երաշխաւորման գործում:
Կրկնակի հարկման տարբեր մեխանիզմների գործադրման միջոցով պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը հաշուի չի առնում նաեւ կենսաապահովման նուազագոյն բիւջէ եւ «ընտանեկան բիւջէ» գաղափարը, այսինքն՝ ընտանիքի ընդհանուր եկամուտը, ընտանիքի անդամների թիւը եւ ծախսերը՝ ըստ անձերի քանակի: Դրա փոխարէն հիմք է ընդունւում բացառապէս անձի ամսական եկամուտը, ինչն անհաւասար ֆինանսական արդիւնքների է յանգեցնում, քանզի նոյն գումարը ստացող երկու անհատ կարող են իրենց խնամքին ունենալ միմեանցից տարբերուող ընտանիքներ: Այս գումարը գանձուելու է նաեւ նուազագոյն աշխատավարձից, մինչդեռ մեր երկրում նուազագոյն աշխատավարձն չի ապահովում անգամ մարդու կենսական անհրաժեշտութեան կարիքների նուազագոյն շեմը:
Պետութեան կողմից ֆոնդերի երաշխաւորութիւնն իրականացւում է պետբիւջէի միջոցների հաշուին, սակայն անտեսւում է հանգամանքը, որ այդ նոյն պետբիւջէի միջոցները եւս ձեւաւորւում են հարկատուների վճարումներից եւ հարկերից: Այսինքն՝ ստացւում է մի իրավիճակ, երբ պետութիւնը երաշխաւորում է հարկատուների վճարած գումարները հարկատուների վճարած մէկ այլ գումարի հաշուին, ինչն անթոյլատրելի է, անտրամաբանական, ոչ իրաւաչափ, իսկ երաշխիքն էլ՝ հիմնազուրկ:
Նպաստելով բացասական սոցիալ-տնտեսական այլ դրսեւորումների առաջացմանը՝ մէկ աշխատատեղի ինքնարժէքի, գների, գործազրկութեան մակարդակների աճին, թողարկման ծաւալների նուազմանը, թաքնուած զբաղուածութեան եւ սեւ աշխատավարձերի աճին, գործադուլների եւ սոցիալական այլ բողոքների առաջացմանը, փխրուն գործարար միջավայրի վատթարացմանը, օրէնքի գործադրումը կը յանգեցնի կապիտալի, աշխատունակ եւ բանիմաց մասնագէտների արտահոսքին: Բացի այդ, Օրէնքն ուղղակիօրէն խրախուսում է Հայաստանի քաղաքացիութիւնից հրաժարումը, քանի որ թոշակի գումարը այլ երկրում ստանալու համար մասնաւորապէս անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիութիւնից հրաժարում:
Վերը նշուած խնդիրներն առաւել սրւում են Հայաստանում ֆինանսական շուկաների անհամաչափ կայացման, այդ շուկաներում առկայ բարձր ռիսկերի, կորպորատիւ կառավարման համակարգի անկատար եւ ժողովրդագրական վատթարացող վիճակի, գործազրկութեան խիստ բարձր աստիճանի, գիւղատնտեսութեան ոլորտում զբաղուածների չափազանց մեծ թուի, աշխատանքի ցածր արտադրողականութեան, վարձատրութեան անարդար համակարգի, աղքատութեան բարձր մակարդակի, տնտեսութեան խիստ անբաւարար մրցակցային եւ այլ պայմանների առկայութեան դէպքում: Փորձ է արւում կուտակային պարտադիր բաղադրիչը ներդնել սոցիալ-հոգեբանական, տեղեկատուական եւ ենթակառուցուածքների ոչ բաւարար միջավայրի պայմաններում, ինչն ակնհատօրէն յանգեցնելու է բացասական դրսեւորումների:
2014 թուականի Յունուարի 1ից ներդրուելու դէպքում 1974 թուականի Յունուարի 1ից յետոյ ծնուած աշխատող անձանց համար, ում անուանական աշխատավարձերի բարձրացումը չի փոխհատուցում պարտադիր կուտակային վճարը (այդ թւում՝ պետական սեկտորն ամբողջութեամբ եւ մասնաւոր սեկտորը՝ գերազանցապէս), կը յանգեցնի փաստացի տնօրինուող աշխատավարձի եւ կենսամակարդակի նուազմանը:

Նշեալ հարցերն ունեն հասարակական եւ պետական մեծ կարեւորութիւն, իսկ այս հիմնախնդիրներն անտեսելու եւ համապատասխան լուծումներ չառաջարկելու դէպքում լրջօրէն վտանգւում է ողջ հասարակութեան նուազագոյն ապահովուածութիւնը:
Նման կարեւորութեան հարցերը պէտք է դրուեն համաժողովրդական քննարկման, քանի որ որոշւում է ոչ միայն ներկայ, այլեւ ապագայ սերունդների ապագան եւ ճակատագիրը:
Պարտադիր կուտակային բաղադրիչի եւ դրա վտանգների մասին հանրութիւնը ոչ միայն բաւարար տեղեկացուած չէ, այլ նաեւ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան պատուերով «Այ.Փի.Էս.Սի.» քաղաքական եւ սոցիոլոգիական հետազօտութիւնների խորհրդատուական ինստիտուտի միջոցով իրականացուած եւ 2013 թուականի Յուլիսի 12ին հրապարակուած հարցումները փաստում են, որ 2013 թուականի Յունիսի դրութեամբ հարցուածների միայն 1.6 տոկոսն է նոր կենսաթոշակային համակարգը որպէս ձեռքբերում գնահատում: Իրազեկուածութեան խնդրին զուգահեռ՝ բազմահազար քաղաքացիներ իրենց բողոքն են արտայայտում պարտադիր բաղադրիչի կիրարկման վերաբերեալ:
Առ այդ, հաշուի առնելով կենսաթոշակային համակարգի ներդրման կարեւորութիւնը որպէս ներկայ եւ ապագայ սերունդների սոցիալական իրաւունքների ապահովման համակարգ՝ կոչ ենք անում Սահմանադրական դատարանին՝
1. Կասեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործադրումը.
2. Պարտադրել պատասխանատու մարմիններին շահագրգիռ հասարակական, փորձագիտական միաւորումների ներգրաւմամբ իրականացնել կենսաթոշակային համակարգերի նոր սցենարների (այդ թւում՝ պարտադիր կուտակային բաղադրիչը հանելու եւ/կամ այլ պայմաններով վերանայելու դէպքում նոր համակարգի) մշակման, կամաւոր կուտակային համակարգը նոր գործիքներով խրախուսելու, կենսաթոշակային համակարգի բարեփոխումներից բխող ռիսկերի նուազեցման կամ չէզոքացման, ինչպէս նաեւ նոր համակարգի վերաբերեալ օրէնսդրութեան՝ Սահմանադրութեան հետ համապատասխանեցնելու աշխատանքներ.
3. Մշակուած համակարգը ներդնել հանրաքուէի միջոցով՝ «Հանրաքուէի մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքով նախատեսուած մեխանիզմի կիրառմամբ»:


Leave a Comment

You must be logged in to post a comment.