Չորս կողմը թուրքեր են․ ինչպես են Արցախի հայերը փորձում վերադառնալ
Արցախի իշխանութիւնները երկրի բնակիչներին կոչ են արել վերադառնալ հայրենիք՝ խոստանալով հոգ տանել նրանց տեղաւորելու մասին։ Կենցաղային հարցերը շատ կարևոր են, բայց արցախցիներին միայն դա չէ, որ անհանգստացնում է։
Դաւիթ Գալստեան
Sputnik Armenia
Փողոցում ցուրտ է։ Արցախի մայրաքաղաք են մուտք գործում փախստականներով և բռնի տեղահանուած մարդկանցով լի ինքնաշարժները։ Մէկ րոպէ անց տարածքը լցւում է փախստականներով, բարեկամներով, տաքսիստներով։ Գրկախառնութիւններ, ճիչեր, շփոթուածութիւն։ Հրապարակում իրար վրայ կուտակուած իրերի բլուրներ են աճում, որոնց մօտ մէկին թողնում են՝ հետևելու։ միւսները փնտրում են հարազատներին, ընկերներին, տաքսիներին…
Այս անգամ աւտօբուսների շարասիւնը եկել է Գորիսից։ Հայաստանից ժամանած արցախցիները, որոնք արագ գտել ենք «իրենցոնց», աստիճանաբար ցրւում են Արցախի մայրաքաղաքի գլխաւոր փողոցից։ 15-20 րոպէ անց կենտրոնի աշխուժութիւնը կամաց-կամաց նուազում է։
Մարդկանց ոչ մեծ խումբ է մնում՝ իրենց իրերով։ Կանանցից մէկը՝ Վիքթորիա Ասրեանը, փեսային է սպասում։ Ստեփանակերտի նրա տունը ռմբակոծութիւնների արդիւնքում «շատ չի տուժել»՝ կոտրուած են պատուհաններն ու դուռը։ Բայց ամենևին էլ դա չէ, որ անհանգստացնում է նրան։
«Ընտանիքով ենք այստեղ տեղափոխւում, բայց վախվխելով։ Վախենում ենք շատ։ Չորս կողմը թուրքեր են։ Ինչպէ՞ս ապրել, երեխայ մեծացնել, երեխաներին անգամ բակ վախենալով ենք թողնելու։ Օր ու գիշեր վախենալու ենք, մեզ ազատ չենք զգալու»,-ասում է կինը։
Նա կարծում է, որ եթէ չտային գոնէ Քաշաթաղի (Լաչինի) շրջանը, այդքան էլ վատ չէր լինի։ Զրոյցի ընթացքում պարզւում է, որ կինը փախել է դեռ Պաքւում հայկական ջարդերի ժամանակ, այնտեղ թողնելով իր ամբողջ ոււնեցուածքը․ «Այնտեղից փախանք, հիմա էլ այստեղ փախստական դարձանք»։
Նրա ամուսինը անհետ կորել է առաջին Արցախեան պատերազմի ժամանակ, իսկ ընտանիքը մինչև օրս վարձով է ապրում։ 30 տարի նրանց տուն են խոստանում, բայց արդէն քանի տարի է՝ ուրիշի տանն են ապրում։ Դէմ չէին լինի Հայաստան տեղափոխուել, պարզապէս հնարաւորութիւն չունեն։
Մինչ զրուցում ենք, մօտենում է փեսան, պայուսակները ինչ-որ տեղ է տանում՝ հաւանաբար տաքսի է գտել։
«Ինչքան 18-20 տարեկան տղաներ զոհուեցին։ Ես չեմ ուզում, որ նոր սերունդը կրկին բախուի սրան։ Ինչ ասեմ, այստեղ կ’ապրենք, բայց վախենալով»,-յուսահատօրէն ասում է Վիքթորիան։
Նա չի հաւատում, որ ադրբեջանցիների հետ կարելի է խաղաղ ապրել։ Հիանալի յիշում է, թէ ինչ էր կատարւում Սումկայիթում․ «Արնախումները ջարդում էին Սումկայիթում, հղիների փորն էին պատռում, երեխաներին վառում էին խարոյկի վրայ, նրանք օձերից վատն են»։
Նրանից մօտ տասը մեթր հեռու ևս մէկ կին է կանգնած՝ գրեթէ նոյնպիսի ուղեբեռով։ Սպասում է ինչ-որ մէկին։ Սկզբում դժկամութեամբ, բայց այնուհետև համաձայնում է զրուցել. «Միայն թէ չլուսանկարէք»։
«Որտե՞ղ ապրենք, եթէ ոչ այստեղ։ Ուրիշ տեղ մենք տուն չունենք։ Այստեղ ծնուել ու մեծացել են իմ պապերը։ Այս պատերազմում թոռներս են կռուել՝ 18 ու 20 տարեկան (ընդհանուր 7 թոռ ունի)։ Երկուսն էլ վիրաւորուել են։ Իսկ փեսաս էլ չկայ, գնացել էր կռուելու որդուս կողքին․․․ Հիմա եկել ենք, էլ ո՞ւր գնանք, այստեղ է մեր տունը։ Ո՞ւր պիտի գնան հայերը, Արցախը թուրքական չէ, հայկական է։ Երևի սա մեր ճակատագիրն է»,-նա չի կարողանում զգացմունքները զսպել։
Մէկ-երկու րոպէ անց հաւաքում է իրեն և արդէն յոյսով աւելացնում՝ ով գիտի, գուցէ սահմանները նորից ընդլայնուեն։ Այնուամենայնիւ, «յոյսը վերջինն է մեռնում»։ Նա ինքն այստեղից չի հեռանայ, Գաիանէն այստեղ է ապրել իր կեանքի բոլոր 66 տարիները։
Նա ցոյց է տալիս Ազգային Ժողովի շէնքը․ «Այնտեղ թիւ 1 դպրոցն էր, այնտեղ եմ սովորել»։ 25 տարի աշխատել է կոշիկի ֆաբրիկայում, 11 տարի՝ շուկայում, հիմա էլ ահա 7 տարի է՝ տորթեր է թխում փռում, որտեղ «Ստեփանակերտի ամենահամեղ տորթերն են»։
Ապա Գաիանէն նորից յիշում է թոռներին։ Վիրաւորում ստացածներից մէկը բժշկական համալսարանում է սովորում, անվճար է ընդունուել։ Ռազմական բժիշկ դառնալ չի ուզում, ուզում է անօթային վիրաբոյժ դառնալ։
«Ձեռքերը, մատները ամբողջութեամբ վէրքերի մէջ են, իսկ նա ինձ ասում է. «Տատի, միևնոյնն է բուժում են, ես ամէն ինչ դասաւորել եմ, միևնոյնն է վիրաբոյժ եմ դառնալու»․․․ Երկու թոռներս էլ Հադրութում էին ծառայում, մի շաբաթուայ տարբերութեամբ վիրաւորուել են։ Երկրորդի ուսը լրիւ փշրուած է, հաւաքում են․․․»,-պատմում է կինը ու մի րոպէ լռում։
Յետոյ Աստծուն շնորհակալութիւն է յայտնում, որ ողջ են։ Իսկ մահերի յետոյ որքան էլ տարածք կորցրին. «Կորցրինք, թէ տուեցինք՝ արդէն անյայտ է»։
Անհայրենիք մնացածները
Ժամանածների թւում ոչ միայն Ստեփանակերտի բնակիչներ են։ Հադրութցիներ կան, շուշեցիներ, Արդբեջանի վերահսկողութեան տակ մնացած գիւղերի բնակիչներ։ Նրանք շատ չեն, բայց յաճախ հրապարակում բոլորից երկար են մնում։ Յաճախ նրանց դիմաւորող չկայ․․․
Հադրութի բնակչուհիներից մէկը նախապէս զանգահարել է ծանօթներին և ճշտել, որ աւելի լաւ է ինքը բնակարան գտնի ու վարձակալի, իշխանութիւնները պատրաստ են վճարել վարձը։ Բնակարան դեռ չեն գտել, թէև փնտրում են, իսկ ինքը առայժմ մտադիր է ստեփանակերտցի ընկերների մօտ տեղափոխուել։
Արցախը լքել ոչ մի դէպքում չի պատրաստւում։
«Որդիս այստեղ է ծառայում, սպայ է։ Ո՞ւր գնամ, միայն այստեղ եմ ապրելու»,-ասում է նա։
Այդ պահին մեզ մօտ 40 տարեկան մի տղամարդ է մօտենում և հարցնում՝ կարիք չկայ՞ որևէ տեղ հասցնել։ Կինը հրաժարւում է։
«Ձրի եմ տանում, արդէն մի քանի ուղերթ արել եմ։ Ձեզ հաստա՞տ օգնութիւն պէտք չէ»,-հարցնում է ևս մի անգամ։ Պատասխանը բացասական է, ու նա հեռանում է։
Ոչ բոլորն են Արցախ գալուց առաջ կապ հաստատել տեղական իշխանութիւնների կամ ծանօթների հետ։ Այսպէս, Շուշիից մի ընտանիք, չիմանալով, թէ ինչ անել, դիմում է ոստիկաններին։ Վերջիններս խորհուրդ են տալիս դիմել տեղեկատուական շտապ։
Ժամանում՝ «առանց նախազգուշացման»
Աւելի քան 6 հազար մարդ Շուշիից և մերձակայ գիւղերից, ներառեալ Քարին Տակ գիւղը, բնակարանի կարիք ունեն։ Շուշիի քաղաքային վարչութիւնում (այն հիմա տեղակայուած է Ստեփանակերտում) մեզ ասացին, որ 800 ընտանիք արդէն գրանցուել է տեղաւորման համար։ Նրանցից մօտ 100-ն են տուն վարձել Ստեփանակերտում, տեղաւորուել հիւրանոցում կամ ծանօթ-բարեկամների տանը։
Բնակֆոնտը չի բաւականացնում, Հադրութի և Շուշիի շրաններից չափազանց շատ մարդ կայ, մարդկանց ժամանակաւոր տեղաւորելու համար պատրաստում են դպրոցներն ու մանկապարտէզները։ Տեղի իշխանութիւնները մարդկանց խնդրում են Հայաստանից առանց նախազգուշացման չվերադառնալ, նախ պէտք է նրանց համար տեղ գտնեն, շատերին խնդրում են ինքնուրոյն բնակարան վարձել՝ գումարը կը տրամադրեն։
Բայց ոչ բոլորին է յաջողւում բնակարան գտնել։ Տեղեկատուական կենտրոնի շէնքում իրեր են դրուած, տղամարդկանցից մէկն արդէն երկու օր է՝ այստեղ է մնում, նա պարզապէս չի կարողանում բնակարան գտնել։
«Ասում են՝ տուն գտիր։ Որտեղի՞ց գտնեմ»,-ասում է տղամարդը՝ գանգատուելով անկազմակերպ վիճակից։
Նա կարծում է, որ մարդկանց պէտք է տեղաւորել մանակապարտէզներում կամ դպրոցներում։ Բայց իշխանութիւններն ասում են, որ դրանք դեռ պատրաստ չեն։
Այստեղ սպասում է նաև մի կին՝ Շուշիի շրջանի Քիրսաւան գիւղից, երկու երեխաներին (6 և 10 տարեկան) հրապարակում է թողել՝ իրերի մօտ և եկել է պարզելու, թէ ուր կարող են գնալ։ Գոհարը վերադարձել է Հայաստանից, որտեղ բնակւում էր ազգականների մօտ, հեռուստացոյցով Արցախի իշխանութիւնների կոչը լսելուց յետոյ։
Շուշիի վարչութեան ներկայյացուցիչները կնոջը խորհուրդ են տալիս գիւղ վերադառնալ։ Բայց պարզւում է, որ Քիրսաւանը շատ մօտ է ադրբեջանցիների գրաւած տարածքներին։ Այդ պատճառով նա վախենում է վերադառնալ;
«Ամուսինս դեռ դիրքերում է, պահեստազօրային է։ Ես ինչպէ՞ս այնտեղ վերադառնամ, եթէ գրեթէ մարդ չկայ։ Իսկ եթէ ադրբեջանցիները մտնե՞ն գիւղ։ Ես առանց ամուսնուս այնտեղ չեմ գնայ»,-ասում է Գոհարը։ Նա խնդրում է իրեն ինչ-որ տեղ տեղաւորել։
Բայց կնոջը չեն կարող ներառել օգնութեան ծրագրում։ Աւելին՝ չափազանց շատ մարդ առհասարակ անտուն է մնացել։ Գոհարը շփոթուած դուրս է գալիս կենտրոնից, առանց ամուսնու գիւղ վերադառնալ կտրականապէս չի ուզում։ Շուտով յիշում է Ստեփանակերտում ապրող ծանօթուհու մասին, նրա հեռախոսահամարը չունի, բայց նա հաստատ քաղաքում է։
Ճանապարհին կինը պատմում է, որ գիւղում իրենց տանը չեն ապրում։ Սեփական տունը չհասցրին կառուցել՝ պատերազմ սկսուեց։
Գոհարի աւագ որդին ցոյց է տալիս ճանապարհը. «Այս կողմ, այս կողմ թեքուէք»։
«Նրանք այս տարի ոչինչ չսովորեցին, յաջորդ տարի, հաւանաբար, ստիպուած կը լինեն նորից նոյն դասարանները գնալ»,-ասում է կինը։
Իսկ այդ ընթացքում Ստեփանակերտի հրապարակում կանգ է առնում աւտօպուսների նոր շարասիւնը․․․