19-ամեայ Ռաֆայէլ Յովհաննիսեանը. երեք հրասայլ՝ 30 րոպէում
1273
0
Ապրիլեան պատերազմը շփման գծի ողջ երկայնքով կիրառուող կրակի լրջութեան, ռազմական տեխնիկայի տեսակների, ներգրաւուած ուժերի եւ միջոցների քանակի տեսանկիւնից աննախադէպ էին անգամ ղարաբաղեան առաջին պատերազմի համեմատ:
Սակայն, այս պատերազմում եւս, մենք ունեցանք երիտասարդ հերոսներ: Նրանցից մէկը ԼՂՀ հիւսիսային հատուածում տեղակայուած զօրամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Ռաֆայէլ Յովհաննիսեանն է:
Ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատուածում հակառակորդի նախայարձակ ռազմական գործողութիւնների ընթացքում ցուցաբերած ծառայութեան համար ՀՀ նախագահի կողմից Ռաֆայէլը պարգեւատրուել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:
19-ամեայ կիւմրեցին հակահրասայլային «ֆագոտ» հրթիռարձակով 30 րոպէում խոցել է հակառակորդի 3 հրասայլ:
«Ապրիլի 2-ի առաւօտեան արդէն դիրքերում էինք: 10:30-ի սահմաններում, մեր հրամանատարական դիտարկման կէտից խոցեցի հակառակորդի առաջին հրասայլը: Թշնամին մեր ուղղութեամբ էր շարժւում 11 հրասայլով: Առաջին հրասայլը խոցելու պահին չէի մտածում արդիւնքի մասին. նպատակս մէկն էր՝ հնարաւորինս շեղել թշնամու մտադրութիւնը», պատմում է նա:
Ռաֆայէլը 3 հրասայլը խոցել է 4 արկով: Առաջին երկուսը միանգամից խոցուել են, իսկ երրորդին ուղղուած առաջին արկը վրիպել է, երկրորդը՝ հասել նշանակէտին:
Ռաֆայէլը դեռ ժամանակ ու առիթ չի ունեցել լիարժէք գիտակցելու, թէ ի՛նչ է իրականում կատարուել:
«Այդ թէժ պահերից յետոյ միայն հասկացայ, որ ես եմ հրասայլերը խոցել»:
Շփման գծի հիւսիսային հատուածում՝ մարտերի ամենաթէժ կէտերում, բոլորը գիտեն՝ «Կիւմրին թշնամական վեց հրասայլ է խոցել»: Միւս երեքի նշանառուն Ռաֆայէլի ընկերն է՝ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր, կիւմրեցի Շուլի Յակոբեանը:
«Երբեք չէի մտածի, որ այս տարիքում նման շքանշանի կարող եմ արժանանալ. գիտեմ, որ դա մեծ բան է: Վստահ եմ՝ տարիներ անց միայն կը գիտակցեմ այս շքանշանի իրական արժէքն ու կը հպարտանամ դրանով: Ապրիլեան պատերազմը ստիպեց շատ բան հասկանալ՝ շատ աւելի լուրջ մօտենալ կեանքին ու մեր առջեւ դրուած խնդրին: Այս պատերազմը շատ անսպասելի էր: Մինչ դա մենք միայն լսել էինք պատերազմի մասին, իսկ հիմա բոլորս շատ աւելի զգօն ու պատրաստուած ենք»:
Ռաֆայէլը 22 ամիս է՝ ծառայում է: Վստահ է՝ Արցախեան պատերազմում յաղթանակը, ինչպէս մերը եղել է, այնպէս էլ շարունակելու է մերը մնալ:
«Սա մեր պապերի հողն է, այն պահելը՝ բոլորիս պարտքը: Թող բոլոր մայրերը հանգիստ լինեն՝ հակառակորդը՝ մեր նշանառութեան ներքոյ է», ասում է նորօրեայ հերոսը:
Սիրանուշ Եղիազարեան
Լուսանկարը՝ հեղինակի