«Արի Տուն» ծրագրով 85 Իսլամացած Հայեր այցելեցին Հայաստան


Սոյն թուականի օգոստոսի 2-11-ը քանատահայ դաշնակահար, բարերար Րաֆֆի Պետրոսեանի հովանաւորութեամբ, սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին մասնակցեցին նաեւ շուրջ 85 իսլամացած հայեր, ովքեր ժամանել էին Տիգրանակերտից, Տէրսիմից, Սասունից եւ Խոպայից (ներկայիս Թուրքիայի Արդուին նահանգում գտնուող Խոպա քաղաքն ու գաւառը հոծ կերպով բնակեցուած է մահմետական համշէնահայերով):

Րաֆֆի Պետրոսեանի կողմից «Վերածնունդ» անուանուած սոյն նախագծի նպատակն է ապահովել իսլամացած հայերի վերադարձն իրենց արմատներին եւ նրանց ծանօթացնել հայկական մշակոյթի եւ հայաստանցիների հետ:

Ari-tun-2_8-26-15

Յիշեցնենք, որ անցեալ տարի եւս, դարձեալ Րաֆֆի Պետրոսեանի հովանաւորութեամբ, «Արի տուն» ծրագրին մասնակցել էին 48 տիգրանակերտցի հայեր: Այս անգամ իսլամացած հայերը տարբեր շրջաններից էին, եւ նրանց մէջ կային նաեւ 8 համշէնահայեր:

Իսլամացած հայերի խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ էր եկել Հայաստան: Կարեւոր էր նաեւ, որ այս տարի նրանց այցը ոչ պատահականօրէն համընկաւ Վեցերորդ ամառային համահայկական խաղերի օրերի հետ:

Նրանք, ծրագրի համաձայն, այցելեցին Օշական` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզման, Մուղնիի Սուրբ Գէորգ եկեղեցի, Սարդարապատի յուշահամալիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարան, Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդավանք, Խոր Վիրապ, Նորավանք, Ծիծեռնակաբերդի յուշահամալիր եւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի, Եռաբլուր, Երեւանի գազանանոց եւ Սեւանավանք: Դարձեալ, ըստ ծրագրի, խումբն ամէն օր մասնակցում էր հայոց լեզուի դասընթացին:

Նոյն օրերին սփիւռքի նախարարութեան կազմակերպութեամբ Րաֆֆի Պետրոսեանը նրանց համար համերգ տուեց Երեւանի` Առնօ Պապաջանեանի անուան համերգասրահում:

Օգոստոսի 6-ին Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւոր Արագած Ախոյեանն իսլամացած հայերի համար հիւրասիրութիւն կազմակերպեց «Զուարթնոց» համալիրում: Երեկոյթին մասնակցում էր նաեւ «Նուպար» համոյթը, որը հանդէս եկաւ հայկական ժողովրդական երգերի եւ պարերի կատարումներով: «Նուպարը» ներկայացրեց նաեւ համշէնահայկական պարեր, որին մեծ ոգեւորութեամբ մասնակցեցին համշէնահայ հիւրերը:

Օգոստոսի 11-ին մի խումբ տիգրանակերտցի հայեր այցելեցին նաեւ Հայաստանի Հանրային ձայնասփիւռ կամ, իրենց խօսքերով ասած, «Երեւանի ռատիօ», որտեղ հիւրընկալուեցին հաստատութեան գործադիր տնօրէնի տեղակալ Ներսէս Դաւիդեանցի կողմից: Տիգրանակերտցիները կայանում հարցազրոյցներ տուեցին Հանրային ռատիոյի «Հայրենիք-սփիւռք. կամուրջ» ծրագրին եւ եզտիերէն հաղորդումների խմբագրին:

Իսլամացած հայերը Հայաստանի Հանրապետութիւնից հեռացան ջերմ տպաւորութիւններով` շեշտելով հայաստանցիների հիւրընկալութեան, հայկական հարուստ մշակոյթի առանձնայատկութիւնների եւ Երեւանի տպաւորիչ գեղեցկութեան մասին:

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

«Ակունք»


Leave a Comment

You must be logged in to post a comment.