Հայոց Ցեղասպանութեան 100ամեայ Տարելիցին Ընդառաջ «The Independent»ը Յատուկ Յօդուած Է Նուիրել Մեծ Եղեռնին

\n

\n

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին ընդառաջ՝ ամերիկեան հեղինակաւոր The Independent թերթի թղթակիցը զրուցել է անցած դարի առաջին ցեղասպանութեան վերջին ականատեսներից մէկի՝ 100ամեայ Եւնիգ Սալիբեանի հետ. «Հայոց Ցեղասպանութեան մասին վկայող փաստերը յստակ եւ իրական են, ինչպէս աւելի ուշ տեղի ունեցած հրէական հոլոքոստինը: Բայց ցեղասպանութիւնը դատապարտուած է նորից կրկնուելու, քանզի թուրքական պետութիւնը շարունակում է հերքել այն՝ պնդելով, որ Օսմանեան կառավարութիւնը չի իրականացրել մօտ մէկ հարիւր տարի առաջ միլիոնաւոր հայ քրիստոնեաների ոչնչացման պատճառ դարձած ցեղասպանութիւնը: Իրենց ոճրագործութիւններն իրականացնելու համար թուրքերն օգտագործել են գնացքներ եւ գազային կամերաներ, դաս, որն ապագայում իւրացրին գերմանացիները… Ամէն օր չէ, որ մեզ հնարաւորութիւն է ընձեռւում հանդիպել մարդկութեան պատմութեան անմիջական դիտորդի: Ցաւօք, շուտով այլեւս չեն լինի Եւնիգներ, որ պատմեն մեզ իրենց պատմութիւնը», «Արմէնփրէս»ի փոխանցմամբ, գրում է թերթը:
\n Հարիւր տարին բոլորած Եւնիգ Սալիբեանը ծնուել է 1914 թուականի Յունուարի 14ին, միջին խաւի հայ վաճառական Աբոշ Աբոշեանի ընտանիքում: Այժմ նա բնակւում է Քալիֆորնիայում, որին բնորոշ տաք զեփիւռը եւ արմաւենիները խորթ են իր ծննդավայր Այնթապ քաղաքին: Չնայած տարիքին՝ Եւնիգ մայրիկը սուր յիշողութիւն ունի, եւ նրա յիշողութեան մէջ վառ կերպով մտապահուել են Հայոց Ցեղասպանութեան արհաւիրքները, թէեւ այդ ժամանակ նա ընդամէնը երեք տարեկան է եղել:
\n Նա պատմել է, թէ ինչպէս թուրքերը հայերի կոտորածները եւ տեղահանութիւնները շարունակել են մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին ամիսները՝ 1917 թուականը, եւ թէ ինչպէս էր ինքը՝ երեքամեայ փոքրիկ աղջնակը, տան դրան ճեղքերից հետեւում հայ մանուկների բռնի տեղահանմանը: «Դա հին փայտեայ դուռ էր, որի վրայ ճեղքեր կային: Ես նայում էի դրան անցքերից, դրսում ոտաբոբիկ շատ երեխաներ կային, իսկ թուրք ժանդարմերիան մտրակելով քշում էր նրանց փողոցով ներքեւ: Երեխաներից մի քանիսը ծնողներ ունէին: Մեզ արգելել էին հաց տալ նրանց: Ոստիկանները մտրակում եւ մեծ մահակներով ծեծում էին երեխաներին: Ես մինչեւ հիմա լսում եմ այդ երեխաների ճիչերը, ինչպէս այն ժամանակ՝ դրան անցքից նայելիս», պատմել է Եւնիգ մայրիկը:
\n Աբոշեանների ընտանիքը հաւանաբար կարողացաւ փրկուել միայն այն բանի շնորհիւ, որ հայրն առեւտրային գործարքներ էր կատարում օսմանեան բանակի հետ: 1921 թուականին ֆրանսիական զօրքերի հետ Աբոշեանների ընտանիքը գաղթել է Սիրիա, որտեղ էլ նա ամուսնացել է: Իսկ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1976 թուականին նրանց ընտանիքը տեղափոխուել է ԱՄՆ:
\n The Independent-ի թղթակցի այն հարցին, թէ ինչպէ՞ս է վերաբերւում թուրքերին, Եւնիգ մայրիկը պատասխանել է. «Ես աղօթում եմ Թուրքիայի համար: Աղօթում եմ թուրք պաշտօնեաների համար, որ նրանք կարողանան տեսնել Յիսուսին: Մուհամեդ մարգարէի թողած ժառանգութիւնը փոշի է, իսկ Յիսուսը կենդանի է երկնքում»:

\n

Leave a Comment

You must be logged in to post a comment.