Ղարաբաղեան հիմնախնդիրը ՀՀ-ԵՄ յարաբերութիւններում. Եւրոպական խորհրդարանը եւ ղարաբաղեան հիմնախնդիրը (1988-2020 թթ.)

ՄԱՍ 1-ին (1988-2020 թթ.)

Գէորգ Ղուկասեան

Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Ներկայումս, միջազգային կազմակերպութիւնների շրջանում Եւրոպական խորհրդարանը առանձնանում է ղարաբաղեան հիմնախնդրի, Արցախի, Հայաստանի Հանրապետութեան վերաբերեալ իր խիստ օբիեկտիւ դիրքորոշումներով։ Արցախի հարցը Եւրոպական խորհրդարանի ուշադրութեան կեդրոնում է եղել Ղարաբաղեան շարժման հենց սկզբից՝ 1988 թ․ից։ Ցաւօք սրտի, Եւրոպական Խորհրդարանի քաղաքական դիրքորոշումները ամբողջութեամբ չէ, որ որդեգրուել են Եւրոպական միութեան գործադիր իշխանութեան կողմից։ Արցախին եւ Հայաստանի Հանրապետութեանը վերջին օբիեկտիւ անդրադարձը Եւրոպական խորհրդարանի կողմից կատարուեց 2024 թ․ Փետրուարի 28-ին, երբ ընդունուեց ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան իրականացման, ինչպէս նաեւ ԵՄ պաշտպանական եւ անվտանգութեան ընդհանուր քաղաքականութեան վերաբերեալ տարեկան զեկոյցներում։

Սոյն եւ առաջիկայ երկու յօդուածներով նպատակ ունենք հանրագումարի բերել Ղարաբաղեան հիմնախնդրում Եւրոպական միութեան քաղաքական վարքը՝ մանրակրկիտ վերլուծելով Եւրոպական խորհրդարանի, Եւրոպական միութեան խորհրրդի, Եւրոպական յանձնաժողովի կողմից ընդունուած համապատասխան փաստաթղթերը։ Կարեւոր է նկատել, որ Եւրոպական միութեան ղեկավար կառոյցների շրջանում ինչպէս բազմաթիւ տարբեր այլ խնդիրների պարագայում, առկայ է դիրքորոշումների տարբերութիւն։ Յուսով ենք, սոյն յօդուածաշարը կ’առարկայացնի «Հորիզոն»ի ընթերցողի պատկերացումները Արցախի հարցի վերաբերեալ համաԵւրոպական կառոյցների առնչութեան վերաբերեալ, եւ ըստ այդմ կ’օգնի գնահատել հիմնախնդրում ԵՄ քաղաքական վարքը։ Հայաստան-ԵՄ յարաբերութիւնների զարգացումը մշտապէս եղել է ՀՀ արտաքին քաղաքականութեան առանցքային ուղղութիւններից մէկը։ Ուստի, ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների օբիեկտիւ գնահատումը եւ իրավիճակին սթափ անդրադարձը կարեւոր է քաղաքական ճիշդ պլանաւորման եւ հանրային չարդարացուած սպասումները բացառելու տեսանկիւնից։

Սոյն յօդուածում կ’անդրադառնանք Եւրոպական Խորհրդարանի կողմից Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ ընդունուած բանաձեւերին՝ սկսած 1988 թ․ից։

Եւրոպական խորհրդարանը (այսուհետ` նաեւ ԵԽ, Խորհրդարան) ԵՄ հիմնարար փաստաթղթերով իրեն վերապահուած լիազօրութիւնների շրջանակում, իր գործառնական նշանակութեամբ ու առօրեայ աշխատանքով, Եւրոպական կառոյցներից ամենաշատն է առնչւում ղարաբաղեան հակամարտութեանը։

Եւրոպական խորհրդարանը ղարաբաղեան հակամարտութեանը սկսել է առնչուել Ղարաբաղեան շարժման սկզբից։ 1988 թ. սկզբից մինչեւ 1994 թ. սկիզբը ԵԽ-ն ուղղակիօրէն Արցախին առնչուող աւելի քան մէկ տասնեակ բանաձեւ է ընդունել։ Առաջինը 1988 թուականի Մարտի 10-ի «Խորհրդային Հայաստանում վերջին զարգացումների վերաբերեալ ԵԽ բանաձեւն»(1) է, որտեղ առաջին անգամ արձանագրւում է. «Եւրոպական խորհրդարանը մտահոգութիւն է յայտնում եւ ուշադիր հետեւելու է ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների կողմից իրենց ինքնութիւնը, մշակոյթը եւ ինքնավարութիւնը հաստատելու փորձերին»։ Յատկանշական է, որ բանաձեւի անուանման մէջ որպէս հակամարտութեան տարածք ոչ թէ Ատրպէյճանը կամ Լեռնային Ղարաբաղն են յիշատակուել, այլ Խորհրդային Հայաստանը։

Այնուհետեւ 1988 թուականի Յուլիսի 7-ին Եւրոպական խորհրդարանն ընդունում է «Սովետական Հայաստանի իրավիճակի վերաբերյալ»(2) բանաձեւը, որտեղ ասուած է. «Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի (որի ներկայիս բնակչութեան 80%-ը հայ է) պատմական կարգավիճակը որպէս Հայաստանի մաս, 1923-ին Ատրպէյճանի ներսում այդ տարածքի կամայական ներառումը, ատրպէյճանական Սումկայիթ քաղաքում հայերի կոտորածը 1988-ի Փետրուարին… վատթարացող քաղաքական իրավիճակը, որը յանգեցրել է Սումկայիթում հակահայկական ջարդերի եւ Պաքւում բռնութիւնների լուրջ գործողութիւնների, ինքնին սպառնալիք են Ատրպէյճանում ապրող հայերի անվտանգութեանը…»: Ապա Խորհրդարանը «դատապարտում է Ատրպէյճանում հայ ցուցարարների նկատմամբ կիրառուած բռնութիւնները, աջակցում է հայ փոքրամասնութեան պահանջին` Հայաստանի Սոցիալիստական Հանրապետութեան հետ վերամիաւորուելու համար»։

Այսպիսով, վերոյիշեալ երկու բանաձեւերով Եւրոպական խորհրդարանը, ըստ էութեան, ոչ միայն չի առարկում հայկական կողմի՝ Արցախը Խորհրդային Հայաստանի կազմ փոխադրելու պահանջին, այլեւ լիովին ընդունում է դա՝ վկայակոչելով երկրամասի՝ 1923 թուականին Ատրպէյճանի կազմում կամայական ներառման փաստը եւ, հաշուի առնելով պատմական իրողութիւնը, օգտագործում է վերամիաւորում տերմինը։

1989 թուականի ընթացքում երկու անգամ՝ Յունուար եւ Մայիս ամիսներին, ԵԽ-ն բանաձեւեր է ընդունել համապատասխանաբար «Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ»(3) եւ ««Ղարաբաղ» կոմիտէի անդամների ազատ արձակման վերաբերյալ»(4) անուններով։

Այս բանաձեւերում ԵԽ-ն մի դէպքում խստօրէն քննադատում է «Ղարաբաղ» կոմիտէի անդամների ձերբակալութիւնը, միւս դէպքում՝ ողջունում 1989 թուականի Յունուարի 12-ին «Լեռնային Ղարաբաղին յատուկ կարգավիճակ տրամադրելու մասին»(5) ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի որոշումը։ «Ղարաբաղ» կոմիտէի անդամներին ազատ արձակելու վերաբերեալ ընդունուած բանաձեւով ԵԽ-ն նաեւ կարծիք է յայտնում, որ «քաղաքական գործընթացները Հայաստանում աւելին են, քան Ղարաբաղի միացումը Հայաստանին, եւ նպատակ ունեն, ինչպէս Պալթեան երկրներում, ժողովրդավարացնել խորհրդային պետութեան քաղաքական կեանքը»։

Այսպիսով, Եւրոպական խորհրդարանը յստակօրէն մատնանշում է ներհայաստանեան գործընթացների ժողովրդավարական բնոյթը` այդպիսով լեգիտիմացնելով իր յստակ արտայայտուած քաղաքական դիրքորոշումը։

Արդէն 1990 թուականի ընթացքում երկու անգամ՝ Յունուար եւ Մարտ ամիսներին, Եւրոպական խորհրդարանը յատուկ անդրադառնում է ղարաբաղեան հակամարտութեանը. ընդունում է «Խորհրդային Հայաստանում իրավիճակի վերաբերեալ» անուանումը կրող երկու բանաձեւ(6)։

Այս բանաձեւերի կարեւորութիւնը պայմանաւորուած է նրանով, որ դրանցում կրկին խօսւում է 1923 թուականի որոշման անարդարացիութեան մասին եւ, ըստ էութեան, առաջին անգամ ԵԽ-ն կոչ է ուղղում Եւրոպական յանձնաժողովին եւ Եւրոպական խորհրդին՝ ներկայացուցչութիւն ուղարկել ԽՍՀՄ ղեկավարութեան մօտ՝ քաղաքական իրավիճակի գնահատման, Ատրպէյճանում ապրող հայերի ֆիզիկական անվտանգութիւնը երաշխաւորելու, Արցախի մեկուսացումը ճեղքելու եւ առաջին անհրաժեշտութեան ապրանքների անցկացումն ու հումանիտար բնոյթի այլ գործողութիւններ ապահովելու համար։

ԵԽ-ն, ի թիւս այլ գործօնների, յիշատակում է նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչութեան 75%-ի հայ լինելու փաստը, նաեւ նշում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծման հարցում ՄԱԿ-ի եւ Եւրոպական տարբեր մարմինների ներգրաւուածութիւնը մեծացնելու անհրաժեշտութիւնը։

Վերը յիշատակուած երկու բանաձեւերից կարող ենք եզրակացնել, որ Եւրոպական միութեան գործադիր իշխանութիւնն ու ՄԱԿ-ը Խորհրդարանի կողմից քաղաքական ուղերձ են ստանում՝ մեծացնելու ներգրաւուածութիւնը հակամարտութեան գօտում, ԵԽ դիրքորոշումներում հետզհետէ աւելի խիստ է ընդգծւում ժողովրդի կամքին հակադրուելու Ատրպէյճանի քաղաքականութիւնը, մեծանում է ուշադրութիւնը ստեղծուած հումանիտար ճգնաժամի հանդէպ եւ այլն։

1991 թուականին խորհրդային զօրքերի եւ ատրպէյճանական ՕՄՕՆ-ի կողմից ատրպէյճանական ԽՍՀ-ի տարածքի հայկական բնակավայրերում կատարուած էթնիկ զտումներին (եւ ոչ միայն դրան) Եւրոպական խորհրդարանը կոշտ անդրադարձ կատարեց 1991 թուականի Մայիսի 16-ին ընդունուած «Հայաստանում եւ Ատրպէյճանում իրավիճակի վերաբերյալ»(7) բանաձեւով: Դրանից երկու ամիս առաջ՝ Մարտի 14-ին, ընդունուել էր ԵԽ մէկ այլ բանաձեւ՝ «Հայաստանի շրջափակման եւ այնտեղ մարդու իրաւունքների իրավիճակի վերաբերեալ», որտեղ կրկին խոշոր հաշուով բարձրացւում են հումանիտար հարցեր, խօսւում է երկրաշարժի եւ ղարաբաղեան շարժման արդիւնքում 500.000 անօթեւան հայերի առկայութեան մասին եւ այլն(8)։

Յատուկ դիտարկման է արժանի Մայիսի 16-ի բանաձեւը, որտեղ Եւրոպական խորհրդարանը ցաւակցութիւն է յայտնում Ղարաբաղում հայերի նկատմամբ բռնութիւնների կապակցութեամբ եւ դատապարտում խորհրդային եւ ատրպէյճանական զինուած ուժերի կողմից հայերի նկատմամբ հերթական բռնութիւնները։ Ապա ԵԽ-ն խորհրդային իշխանութիւններին յորդորում է քայլեր ձեռնարկել, որոնք կ’ապահովեն հայերի ֆիզիկական անվտանգութիւնը, տեղաշարժի ազատութիւնը, Ատրպէյճանի կողմից շրջափակման վերացումը եւ մարդկանց վերադարձն իրենց տներ։

Ղարաբաղեան պատերազմի ժամանակ Եւրոպական խորհրդարանի դիրքորոշումը առաւել կոշտանում է 1992 թուականի Փետրուարին ընդունուած «Լեռնային Ղարաբաղին օգնութիւն ցուցաբերելու վերաբերեալ»(9) բանաձեւով, որն իր բնոյթով կարելի է բեկումնային համարել։

Այսպիսով, ԵԽ-ն առաջին անգամ ատրպէյճանական քաղաքականութիւնը որակում է որպէս ագրեսիա՝ արձանագրելով, որ վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը ենթարկուել է շարունակական շրջափակման եւ ագրեսիայի, եւ որ 1991 թուականի Դեկտեմբերին Ատրպէյճանը սանձազերծել է աննախադէպ յարձակողական գործողութիւններ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի նկատմամբ։ ԵԽ-ն նաեւ արձանագրում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչութեան, այդ թւում՝ երեխաների վրայ ատրպէյճանական ուժերի յարձակումը։

Ուշագրաւ է նաեւ, որ բանաձեւի կէտերից մէկում Խորհրդարանն ընդունում է Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնների ժողովրդավարական կարգերով ընտրուած լինելու փաստը՝ դրանով արտայայտելով իր քաղաքական կամքը ժողովրդավարական գործընթացների անշրջելիութեան նկատմամբ։

Եւրոպական խորհրդարանի կողմից 1993 թուականի Յունուարի 21-ին ընդունուած «Հայաստանի վերաբերեալ»(10) բանաձեւը նոյնպէս կարեւոր է այն առումով, որ ԵԽ-ն իր լիարժէք աջակցութիւնն է յայտնում ԵԱՀԽ խաղաղ գործընթացին։ Դա մի հանգամանք է, որը ցայսօր կարեւոր է դիտւում։ Նոյն բանաձեւով ԵԽ-ն կրկին բարձրաձայնում է շուրջ 300.000 հայ փախստականների հարցը, ինչպէս նաեւ դիմում է Եւրոպական խորհրդին՝ Հայաստանում ժողովրդավարացման գործընթացներին օժանդակելու առումով։

Մինչեւ զինադադարի ստորագրումը՝ 1994 թուականի Փետրուարի 10-ը, Եւրոպական խորհրդարանն ընդունեց եւս մէկ բանաձեւ՝ «Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ հակամարտութեան վերաբերեալ»(11)։ Այս բանաձեւում, ի շարս արդէն իսկ նախադէպային որակումների, Եւրոպական խորհրդարանն ընդգծեց հետեւեալը. «Անկախացումից ի վեր Հայաստանն իրական ջանքեր է գործադրել սահմանադրական պետութիւն կառուցելու ուղղութեամբ՝ հիմնուած ժողովրդավարական ինստիտուտների, հիմնարար ազատութիւնների եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան վրայ, եւ ձեռնարկել է տնտեսական բարեփոխումներ՝ բնակչութեան համար առաւել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, մինչդեռ հակամարտութեան ազդեցութեամբ այդ ջանքերը սպառնալիքի տակ են»։

Այսպիսով, հերթական անգամ ԵՄ խորհրդարանը մատնանշում է Հայաստանում կատարուող իրադարձութիւնների ժողովրդավարական բնոյթը՝ անցկացնելով քաղաքակրթական զուգահեռներ։

Պայմանաւորուած ԵԱՀԽ շրջանակներում 1992 թ. մեկնարկած բանակցային գործընթացի տրամաբանութեամբ՝ Մինսկի խմբի համանախագահութեան բացառիկ մանդատով ու համանախագահութեան ձեւաչափով, ինչպէս նաեւ հրադադարի հաստատմամբ, Եւրոպական խորհրդարանի կողմից ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ բանաձեւերի ընդունման դինամիկան կտրուկ փոփոխուեց։

Դրանից յետոյ Եւրոպական խորհրդարանը ղարաբաղեան հակամարտութեանն ուղղակի եւ խիստ ուշագրաւ անդրադարձ կատարեց 1999 թ. Մարտի 11-ի «Կովկասում խաղաղ գործընթացներին աջակցելու վերաբերյալ»(12) պատմական բանաձեւով, որով ԵԽ-ն հաշուի է առնում Լեռնային Ղարաբաղի անկախութեան հռչակման հանգամանքը եւ արձանագրում է. «Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախութիւնը` հետեւելով միութենական հանրապետութիւնների համանման յայտարարութիւնների ընդունմանը»։ Նոյն բանաձեւի մէկ այլ կէտով Եւրոպայի խորհրդարանը նկատում է. «Ժողովրդավարութեան ամրապնդումը եւ մարդու իրաւունքները յարգելը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման նախադրեալներ են»։

Այս բանաձեւի ընդունումը խիստ կարեւոր է երկու հարթութեան մէջ: Նախ՝ ԵԽ-ն, ըստ էութեան, Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը դիտում է ԽՍՀՄ ներքին օրէնսդրութեան եւ միջազգային իրաւունքի շրջանակներում, երկրորդ՝ կոնֆլիկտի հանգուցալուծման հարցում կարեւորում է ժողովրդավարական զարգացումները։ Վերջինս կարող է քննարկման նիւթ լինել նաեւ Հայաստան-ԵՄ երկկողմ յարաբերութիւններում այն իմաստով, որ ԵՄ-ն անկախ դերակատարում ունենայ Լեռնային Ղարաբաղի տարածքում ժողովրդավարական ինստիտուտների եւ կարգերի զարգացման գործում, մի բան, ինչին Արցախը տարիներ շարունակ պաշտօնապէս պատրաստ էր, իսկ ԵՄ-ն, պայմանաւորուած ատրպէյճանական ճնշմամբ, պատրաստ չէ։

Այս բանաձեւից յետոյ Եւրոպական խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանն սկսեց անդրադառնալ որոշակի գործողութիւնների, իրեն վերապահուած փաստաթղթերի քննարկման, փոփոխման կամ ընդունման համատեքստում։

Այսպիսով, ակնյայտ է, որ 1988-2020 թթ․ Եւրոպական խորհրդարանի քաղաքական դիրքորոշումը Ղարաբաղեան հիմնախնդրում առաւելապէս համընկել է հայկական պետութիւնների դիրքորոշումներին, խորհրդարանը օբիեկտիւ է գնահատել Արցախում ստեղծուած իրավիճակն ու յընթացս զարգացումները։ 2020, ապա 2023 թթ․ ատրպէյճանական ագրեսիայով պայմանաւորուած նոր իրավիճակի պայմաններում Եւրոպական խորհրդարանի, ապա Եւրոպական միութեան գործադիր իշխանութեան քաղաքական վարքին եւ այդ դիրքորոշումների յաճախ տրամագծային տարբերութեանը կ’անդրադառնանք յաջորդիւ։

(Շարունակելի)

 

1.- European Parliament Resolution on recent events in Soviet Armenia, https://karabakhfacts.com/european-parliament-resolution-on-recent-events-in%C2%B7soviet-armenia-joint-resolution-replacing-docs-b2-39-47-and-6788/

2.- European Parliament Resolution on the situation in Soviet Armenia, http://www.nkr.am/en/documents/1988-07-07-EuroParl-Resolution-on-situation-in-Armenia

3.- European Parliament Resolution on repression in Soviet Armenia, http://karabakhfacts.com/wp-content/uploads/2013/12/c_04719890220en01210152.pdf

4.- European Parliament Resolution on the release of the members of the Karabakh Committee, 25 May 1989, https://op.europa.eu/en/publication-detail/-/publication/39d0daab-1473-459d-9e66-677284277ec6/language-en

5.- Указ Президиума Верховного Совета СССР от 12 января 1989 года․ https://rusneb.ru/catalog/000202_000006_b1d693e6-20d8-4023-9334-aedece99f415_70326/

6.- European Parliament resolution on the situation in Armenia 18.01.1990, http://www.nkr.am/sites/default/files/europarl_resolution_on_situation_in_armenia_18-01-1990.pdf, European Parliament resolution on the situation in Armenia 15.03.1990, https://karabakhfacts.com/european-parliament-resolution-on-the-situation-in-armenia-doc-b3-55690/

7.- European Parliament Resolution on the situation in Armenia and Azerbaijan, http://www.nkr.am/sites/default/files/1991_05_16_european_parliament_resolution_on_the_situation_in_armenia_and_azerbaijan.pdf

8.- European Parliament Resolution on the blockade of Armenia and the human rights situation there, http://www.nkr.am/sites/default/files/1991_03_14_europarl_resolution_on_blockade_of_armenia.pdf

9.- European Parliament Resolution on aid to Nagorno Karabakh, http://www.nkr.am/sites/default/files/ 1992_02_13_european_parliament_resolution_on_aid_to_nagorno_karabakh_b3-0155_92.pdf

10.- European Parliament Resolution on Armenia, http://www.nkr.am/sites/default/files/1993_01_21_european_parliament_resolution_on_armenia.pdf

11.- European Parliament Resolution on the conflict between Armenia and Azerbaijan, https://karabakhfacts.com/european-parliament-resolution-on-the-conflict-between-armenia-and-azerbaijan-b3-0181-0186-0188-0197-and-020494/

12.- European Parliament Resolution on support for the peace process in the Caucasus https://publications.europa.eu/en/publication-detail/-/publication/1c8edb49-c670-426d-bc4f-267f0d5509a4

Comments are closed.