«ՀայաՔուէ». «Վերահաստատում ենք՝ Փաշինեանն այլեւս իրաւունք չունի ՀՀ անունից բանակցութիւններ վարելու»

«ՀայաՔուէ»ի յայտարարութիւնը Տաւուշի մարզից գիւղերի զիջման անթոյլատրելիութեան մասին:

Հայ-ատրպէյճանական սահմանագծման ու սահմանազատման հարցերի յանձնաժողովի` Մարտի 7-ի հանդիպումից երկու օր անց Պաքուի բռնապետական վարչակարգն ապօրինի ու վերջնագրային պահանջ է ներկայացրել Հայաստանի Հանրապետութեանը՝ Ատրպէյճանին յանձնելու Տաւուշի մարզի չորս գիւղեր՝ որպէս սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների շարունակման նախապայման։

Հերթական անգամ ականատեսն ենք լինում Ատրպէյճանի կողմից Հայաստանի Հանրապետութեան վրայ հարկադրանքի, ուժի գործադրմամբ սպառնալիքի կիրառման, այն դէպքում, երբ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքներ, ռազմավարական նշանակութեան բարձունքներ, միջպետական նշանակութեան ճանապարհների հատուածներ գտնւում են Պաքուի օկուպացիայի ներքոյ եւ, ի լուր ամբողջ աշխարհի, ցինիկաբար յայտարարուել է, որ ատրպէյճանական զօրքերը մէկ սանթիմեթր անգամ յետ չեն քաշուելու իրենց զբաղեցրած դիրքերից։

Ատրպէյճանի այս լկտի գործելակերպն ուղղակի հետեւանք է Հայաստանում գործող հակազգային վարչախմբի պարտուողական քաղաքականութեան եւ միակողմանի զիջումների։

Հերթական անգամ համոզուեցինք, որ գործող իշխանութիւնների կողմից Արցախն Ատրպէյճանին յանձնելը դուռ է բացել Հայաստանի հանդէպ նորանոր ագրեսիաներ գործելու համար։ Պաքուի այս սանձարձակութիւնը ցոյց է տալիս նաեւ, որ Փաշինեանի վարչախմբի իշխանութեան ներքոյ Հայաստանը չի դիմակայում ատրպէյճանական ագրեսիային եւ ոչ էլ ապահովում է այդ ագրեսիան կանխելու ունակ դաշնակից կամ գործընկեր երկրների աջակցութիւնը։

Այս վարչախումբը ծրագրուած կերպով մեր երկիրը ներքաշել է աշխարհաքաղաքական խարդաւանքների ու բախումների ոլորտ՝ այն կանգնեցնելով նոր ու աւերիչ պատերազմի շեմին, որից խուսափելու համար պատրաստ է նորանոր, ոչ պակաս կործանարար զիջումների գնալ։ Այսպիսի զիջումները կը մասնատեն Հայաստանը եւ նրա տարբեր մասերը կը դարձնեն հետագայ ագրեսիայի հեշտ թիրախ։

Ուստի վերահաստատում ենք մեր համոզմունքն առ այն, որ Փաշինեանի վարչախումբն այլեւս որեւէ իրաւունք չունի Հայաստանի անունից բանակցութիւններ վարելու եւ պէտք է օր առաջ հեռանայ՝ ճանապարհ բացելով ազգային պրագմատիկ իշխանութեան ձեւաւորման համար, որը կը համախմբի մեր ժողովրդին՝ հայրենի հողի իւրաքանչիւր սանթիմեթրը պաշտպանելու համար։

«ՀայաՔուէ» նախաձեռնութեան խորհուրդ

 

Comments are closed.