Թէժ զրոյց՝ Փաշինեանի եւ Փափազեանի միջեւ

Չորեքշաբթի օրը, Փետրուարի 21-ին, Ֆրանսայի պանթէոնում Միսաք Մանուշեանի եւ նրա կնոջ վերայուղարկաւորութեան առիթով Նիկոլ Փաշինեանի Ֆրասնայում գտնուելու հանգամանքից օգտուելով, Հանրապետութեան նախագահ Էմանուէլ Մաքրոնը նախաձեռնել է Նիկոլ Փաշինեանի եւ CCAF-ի (Ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհուրդ) համանախագահներ՝ Մուրատ Փափազեանի եւ Արա Թորանեանի շփումը: Զրոյցը տեղի է ունեցել Էմանուէլ Մաքրոնի ներկայութեամբ՝ Ելիսէեան պալատում կազմակերպուած ընթրիքի աւարտին։

Նախագահ Մաքրոնը բացել է զրոյցը՝ յստակեցնելով, անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետի եւ Ֆրանսայի հայ համայնքի ներկայացուցիչների շփումների անհրաժեշտութիւնը, եթէ նոյնիսկ տարաձայնութիւնները կարող են բաժանել նրանց։ Նախագահ Մաքրոնը բարձր է գնահատել Մուրատ Փափազեանի եւ Արա Թորանեանի ի նպաստ Հայաստանի կատարած աշխատանքը։ Նա շեշտել է Հայաստանին պաշտպանելու նրանց վճռականութիւնը եւ Ֆրանսայի հայ համայնքին, Ֆրանսայի կառավարութեան եւ քաղաքական բոլոր դերակատարներին համախմբելու նրանց կարողութիւնը:

Ֆրանսայի նախագահի խօսքերից յետոյ Մուրատ Փափազեանը ողջունել է այս նախաձեռնութիւնը։ Դիմելով Նիկոլ Փաշինեանին՝ CCAF-ի համանախագահը դատապարտել է իր նկատմամբ 19 ամիս շարունակուած Հայաստանի մուտքի իրաւունքի արգելանքի փաստը, ինչն ի վերջոյ վերացուել է Հայաստանի արդարադատութեան համակարգի կողմից։ Մուրատ Փափազեանը քննադատել է Նիկոլ Փաշինեանին այս խորապէս ոչ ժողովրդավարական եւ պառակտող որոշումը կայացնելու համար։

Մուրատ Փափազեանն ընդգծել է այն տարաձայնութիւնները, որոնք կարող էր ունենալ Նիկոլ Փաշինեանն իր հետ՝ միաժամանակ պնդելով դրանք հրապարակայնօրէն արտայայտելու իր իրաւունքը՝ ազատ եւ ժողովրդավարական բանավէճի շրջանակներում։ Ժողովրդավարութեան այս դասից ակնյայտօրէն նեարդայնացած Նիկոլ Փաշինեանը բարկացել է եւ քննադատել է Մուրատ Փափազեանին՝ Ֆրանսայի նախագահի առջեւ այս թեման քննարկելու համար։

Մուրատ Փափազեանը յիշեցրել է, որ Ֆրանսայի նախագահն է այդ նախաձեռնութեան հեղինակը, եւ որ, հաւանաբար, Ֆրանսայի նախագահը միակ անձն է, ով կարող էր կազմակերպել այս երկխօսութիւնը։

Այդ պատասխանից է՛լ աւելի զայրացած, Նիկոլ Փաշինեանը ասել է, թէ արգելել է Մուրատ Փափազեանի մուտքը Հայաստան այն պատճառով, որ վերջինս 2021 թուականի Յունիսի 1-ին Փարիզում ցոյց է կազմակերպել նրա դէմ։ Այս անհիմն պնդումը բազմիցս տարածուել է Հայաստանի վարչապետի գրասենեակի կողմից եւ մշտապէս հերքուել է Մուրատ Փափազեանի կողմից։ Այնուամենայնիւ այդ զրոյցի ժամանակ Նիկոլ Փաշինեանը էլի կրկնել է այս մեղադրանքը, իսկ Մուրատ Փափազեանը եւս մէկ անգամ մերժել է այն, միաժամանակ զարմանալով, որ Հայաստանի անվտանգութեան ծառայութիւններն այս մեղադրանքը չեն ներկայացրել դատարան։

Մուրատ Փափազեանը, նաեւ պարզաբանել է, որ ցոյցի իրաւունքն արգելուած չէ ժողովրդավարական երկրում։ Նա զարմանք է յայտնել Նիկոլ Փաշինեանի թոյլ փաստարկի եւ նրա արտայայտութիւնների խեղճութեան համար:

Զրոյցի աւարտին նախագահ Մաքրոնը մի կողմ է առանձնացել Հայաստանի վարչապետի հետ, որից յետոյ Փաշինեանը Մուրատ Փափազեանին յայտնել է, որ իշխանութիւնները Հայաստան վերադառնալու իր իրաւունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու։

ՀՅԴ Փարիզի գրասենեակ

Comments are closed.