«Ցաւալի  զիջումներ ունենալու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ունի կապիտուլյանտ վարչապետ և  զիջողական իշխանութիւն»․ Տիգրան Չանդոյեան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան  անդամ, «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն»-ի փորձագէտ, քաղաքագէտ Տիգրան Չանդոյեանը վստահ է՝  Հայաստանի խորհրդարանական նախորդ նստաշրջանում կար ձևական ընդդիմութիւն, որը չէր իրականացնում ընդդիմութեան  առաքելութիւնն այնպէս, ինչպէս ընդունուած է  խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող նորմալ երկրներում։ Ըստ նրա՝  այժմ խորհրդարանում կայ բառի բուն իմաստով ընկալուող ընդդիմութիւն, և նորմալ է, որ խորդրդարանական աշխատանքներն այս օրերին այսքան թէժ են անցնում, և  դա շարունակական է լինելու, որովհետև այս իշխանութեան  թոյլ  տուած  ցանկացած փոխզիջումը մէջ  ապագայի ու հայրենիքի հաշուին  է, մեր պետութեան  ու պետականութեան  հաշուին։

«Մենք ամէն օր ականատես ենք լինում, թէ  ինչպէս է մեր պետութիւնն ու պետականութիւնը մեր աչքի առաջ մաշւում ու քայքայւում», — «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում  նշեց Տիգրան Չանդոյեանը՝ յաւելելով՝ այս օրերին խորհրդաւոր ու վտանգաւոր լռութիւն է տիրում։ Քաղաքագէտի կանխատեսմամբ՝ ստորագրուելու է նոր փաստաթուղթ՝ ի վնաս Հայաստանի, այլ կերպ ասած՝ յօգուտ Ադրբեջանի։

«Դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին խօսակցութիւնները նոր չեն սկսուել։ Դրանք հիմնուած են յերիւրանքների վրայ։ Մէջբերւում են քարտէզներ, որոնք կամ լեգիտիմ չեն կամ դրանց վաղեմութեան ժամկէտը վաղուց է անցել։ Խօսում են այնպիսի փաստերի, քարտէզների, նիւթերի մասին,  որոնցում որևէ կէտ չկայ յօգուտ Հայաստանի, հայ ժողովրդի, հայոց պետականութեան։ Օրինակ՝ խօսւում է անկլավների մասին, սակայն, չգիտես ինչու, օրուայ իշխանութիւնները կա՛մ մոռացել են  կա՛մ չտեսնելու են տալիս այն փաստը, որ Ադրբեջանի այսօրեայ տարածքում ՀՀ-ն ունի անկլավներ և դրանցից ամենամեծն  Արծուաշէնն է։ Եթէ  շարժուենք այն սկզբունքով, որ անկլավների փոխանակում պիտի տեղի ունենայ, ապա Արծուաշէնը ևս պիտի անցնի Հայաստանի Հանրապետութեան  վերահսկողութեան  ներքոյ․ բայց, բնականաբար, դա չի արուելու։ Որևէ քայլ չի արուելու յօգուտ Հայաստանի», — նշեց քաղաքագէտը՝ փաստելով՝ 2020 թուականի նոյեմբերի 9-ից յետոյ ՀՀ-ն միայն զիջումների քաղաքականութիւն է վարում։

Քաղաքագէտն ընդգծեց՝ իշխանութիւնը ժողովրդի մէջ մի դիսկուրս է  մտցրել, այն է՝  «սա էլ տանք թշնամուն, որ հանգիստ ու խաղաղ ապրենք»։ Տիգրան Չանդոյեանի համոզմամբ՝ այս սկզբունքն ուղղակի չարիք է, քանի որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ զիջողական քաղաքականութեամբ առաջնորդուելով՝ հնարաւոր չէ խաղաղ ապրել․ թուրք-ադրբեջանական ծրագրում Հայաստան պետութիւնը գոյութիւն չպէտք է ունենայ։ Տիգրան Չանդոյեանն արձանագրեց՝ մեր հայրենիքին  ու ժողովրդին կարող է պատուհասել վատագոյնը՝ անգամ կոտորած ու հայրենազրկում, ու դա կասեցնել չի լինի, թէ մեր ժողովուրդը, յատկապէս քաղաքական  ու մշակութային էլիտան խելքը  գլուխը չհաւանի։

«Վաղ թէ ուշ ժողովուրդը հասկանալու է, թէ ինչպիսի շիլայ է եփւում իր համար․ խնդիրն այն է, թէ երբ է հասկանալու․ որքան ուշ հասկանայ, որքան ուշ ընդվզի այս հակահայ կառավարութեան դէմ,  այնքան մեր կորուստները շատ են լինելու։ Ժողովուրդը, միանշանակ, հասկանալու է՝ ինչ է կատարւում․ քանի որ հնարաւոր չէ ժողովրդին անընդհատ խաբել։ Հնարաւոր է խաբել մի հարցի հետ կապուած՝ ինչ-որ ժամանակահատուած, հնարաւոր է խաբելու օրակարգը փոխել՝ տարբեր հարցերի վերաբերեալ տարբեր օրակարգեր առաջ բերելով, որոնց մեծագոյն մասը շինծու են ու որևէ լուրջ հիմք չունեն, ինչպէս օրինակ, մի ժամանակ ՀՀ օրհներգը փոխելու վերաբերեալ հարց էին բարձրացրել ու մարդկանց ուշադրութիւնը շեղում էին կարևոր հարցերից։ Այդպիսի հարցեր գործող իշխանութիւնն անընդհատ գեներացնելու է, դնելու է քննարկման մէջ, որպէսզի օրակարգում գաղտնի հարցեր քննարկուեն։ Բայց, ժողովուրդը վաղ թէ ուշ հասկանալու է՝ ինչ է կատարւում ու ոտքի է ելնելու։ Հարցն այն է, թէ  երբ հնարաւոր կը լինի ժողովրդին դարձի  բերել, որպէսզի մարդիկ հասկանան՝ ինչ է կատարւում», — նշեց Տիգրան Չանդոյեանը։

«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն»-ի փորձագէտն անդրադարձաւ նաև Հայ դատի յանձնախմբերի աշխատանքին ու գործող իշխանութիւններին։ Տիգրան Չանդոյեանը յիշեց  Լևոն Տէր-Պետրոսեանի  շրջանառած եզրոյթը՝ «հայդատականութիւն»։

«Այդ տերմինը՝ «հայդատականութիւնը»՝ 2018 թուականից առաջ ակտիւ չէր, այն քաղաքական բառապաշար մտաւ յատկապէս 2018 թուականից յետոյ, և  արդեն  ամբողջովին ցոյց  է տալիս, թէ գործող իշխանութիւնն  ինչպիսի վերաբերմունք ունի Հայ դատի, Հայ դատի յանձնախմբերի գործունէութեան նկատմամբ։

Արձանագրենք որ երբ ԱՄՆ Սենատի պալատները, պառլամենտը ճանաչեցին Հայոց ցեղասպանութիւնը, այնուհետև ԱՄՆ նախագահը հնչեցրեց Ցեղասպանութիւն բառը, գործող իշխանութիւնները վայրկեան իսկ չկորցրին՝ դա վերագրելու իրենց։ Այսօր Հայ դատի յանձնախմբերը Հայաստանից դուրս գործում են բացառապէս միայնակ։ Եթէ նախկին իշխանութիւնների օրօք նրանք ինչ-որ չափով աջակցութիւն էին ստանում արկածախնդրութեան , նախագահի աշխատակազմի ու  պետական այլ ինստիտուտների կողմից, այսօր, կարելի է ասել, հակառակն է տեղի ունենում, այսինքն՝ այս իշխանութիւնն ինչ-որ տեղ նաև խանգարում է», — ասաց  Տիգրան Չանդոյեանը։

Ի լրումն ասուածի՝ քաղաքագէտը յիշեցրեց՝ վերջերս ԱՄՆ-ում որպէս արտակարգ և լիազօր դեսպան՝ ուղարկուել է Լիլիթ Մակունցը։ Ըստ քաղաքագէտի՝ ԱՄՆ-ի պէս լրջագոյն, միջազգային խաղացող պետութիւն որպէս  դեսպան ուղարկել այդպիսի քաղաքական յետագիծ  ու մասնագիտական հմտութիւններ ունեցող մարդու, միանշանակ, շատ անլուրջ մօտեցում է մեր դիւանագիտական համակարգի, պետականութեան, ռազավարական քաղաքականութեան ու  Հայ դատի նկատմամբ։

«Բնականաբար, Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում չի աշխատելու «յուդայականութիւն» գաղափարներով, ինչպէս իրենք են ներկայացնում․ իրենք սիրում են այդ տերմինն անընդհատ կրկնել։ Թէ  ինչ է լինելու, ինքներս կը տեսնենք․ հաստատ չեն օգնելու, չեն նպաստելու Հայ դատն առաջ մղելուն, և թէ որքանով  կը խանգարեն, կ՚ապրենք, կը տեսնենք։ Համոզուած եմ, որ խանգարելու են», — ընդգծեց քաղաքագէտը։

Զրոյցի վերջում անդրադառնալով մեր հայրենիքի ապագային՝ Տիգրան Չանդոյեանը վստահեցրեց՝ ցաւալի զիջումներ ունենալու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ունի  կապիտուլյանտ վարչապետ և  զիջողական, հաշտուողական, պացիֆիստական իշխանութիւն, անընդհատ զիջումներ են լինելու, քանի որ թուրքերն ու ադրբեջանցիները չեն կանգնելու, շարունակելու են առաջ գալ։

«Եթէ  հայ ժողովրդի մէջ  գլուխ չբարձրացնի ազգային արժանապատուութիւնը, հողի, հայրենիքի տէր մարդը, ինչպիսին հայ ժողովրդի իրական կերպարն է, ապա մենք անընդհատ առերեսուելու ենք ցաւալի զիջումների։ Դա ընթացիկ պրոցես է այնքան ժամանակ, մինչև Հայաստան պետութիւնը կը դադարի գոյութիւն ունենալ կամ մենք կ՚ունենանք իսկական ազգային, պետական իշխանութիւն, որն ի վիճակի կը լինի իր ուսերին պատասխանատուութիւն  վերցնել ազգի, ժողովրդի և պետութեան համար, ապա այդ պատասխանատուութիւնը հասցնել  իր հանգրուանին՝ յօգուտ  հայ ժողովրդի»

Յասմիկ  Բալէեան

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.