«Սա էլ է մեր հայրենի հողը, ինքնակամ չենք թողնի եւ դուրս գանք». Բռնի տեղահանուած չորս ընտանիք՝ մէկ յարկի տակ

Կոտայքի մարզի Արագիւղ գիւղի բնակիչ Պաւել Սարգսեանն իր տանը հիւրընկալել է Արցախից բռնի տեղահանուած 4 ընտանիքի, ընդհանուր՝ 10 հոգու։ Նրանք մի քանի ամիս առանց վարձավճարի կ’ապրեն այստեղ, մինչեւ իրենց համար մշտական բնակութեան վայր գտնեն։

Ասիա Սուլէյմանեանը ծնունդով Մարտունի քաղաքից է, ամուսնանալուց յետոյ ամուսնու ընտանիքի հետ ապրում է Ասկերանի շրջանի Խրամորթ գիւղում, որը 2020 թ․ 44-օրեայ պատերազմից յետոյ դարձել էր սահմանամերձ։

Այս տարուայ Սեպտեմբերի 19-ին, երբ ատրպէյճանական զինուած ուժերը սկսել են մարտական գործողութիւնները, Ասիա Սուլէյմանեանը աշխատանքի է եղել, գիւղապետարանի աշխատակազմի քարտուղարն էր։ Տագնապի ազդանշանից յետոյ մարդիկ ապաստանել են գիւղի դպրոցի նկուղում։ Այդ դպրոցի նախակրթարանում է եղել նաեւ Ասիայի որդին՝ 4-ամեայ Ռոբերտը

Երբ գիւղի ուղղութեամբ կրակը շատացել է, հենց նոյն օրը բնակիչները տարհանուել են։ Ասիան իր ընտանիքի հետ 3 օր մնացել է Իւանիանում՝ իրենց բարեկամի տանը, այնուհետեւ բոլորով միասին՝ տեղափոխուել են Հայաստան եւ ժամանակաւոր հանգրուանել Արագիւղում, որը գտնւում է Երեւանից 25 քիլոմեթր հեռաւորութեան վրայ։ Հայաստանից այլ երկիր արտագաղթելու մտադրութիւն չունեն։

«Մեր հայրենի հողից բռնի դուրս ենք եկել։ Սա էլ է մեր հայրենի հողը, ինքնակամ չենք թողնի եւ դուրս գանք։ Ոչ մի արցախցու մտքով չի անցել երբեւէ իր տունը թողնի, գնա ուրիշ երկիր, մեր տեղափոխութիւնը բռնի է եղել։ Մենք բոլորս էլ այնտեղ տուն ունէինք, աշխատանք ունէինք, եւ հիմա ինքնակամ թողել գնալը, իմ կարծիքով, հային վայել չի լինի», նշում է 27-ամեայ Ասիա Սուլէյմանեանը։

Ասիայի հետ մեր զրոյցը մի պահ ընդհատուեց ուժեղ կրակոցի ձայնով, որը շատ նման էր հրանօթի արձակած ձայնին։ Ասիայի ամուսնու մայրը՝ Լաուրա Հայրապետեանը մի պահ խուճապի մատնուեց՝ չհասկանալով, թէ ինչ է կատարւում։ Սակայն անհանգստանալու կարիք չկար, որովհետեւ եղանակի ամպամածութեան պատճառով գիւղի հակակարկտային կայանները սկսել էին աշխատել։ Նրանց զգուշացրինք, որ եղանակային պայմանների պատճառով այս ձանը դեռ շատ են լսելու, ուստի պէտք չէ անհանգստանալ։

Նորա Սուլէյմանեանը Ասիայի մայրն է, նա ամուսնու հետ բնակւում էր Մարտունի քաղաքում։ Ամուսինը՝ Արտավազդ Սուլէյմանեանը, պայմանագրային զինծառայող էր, 44-օրեայ պատերազմին ոտքից վիրաւորուել էր, սակայն դրանից յետոյ էլ շարունակել էր ծառայութիւնը։

Նորա Սուլէյմանեանը պատմում է, որ երբ հրադադարի պայմանաւորուածութիւնը եղաւ, Մարտունու վարչակազմի ղեկավարը հաւաքել է քաղաքի բնակիչներին եւ յայտնել, որ կամ ինտեգրւում են Ատրպէյճանին, կամ լքում են իրենց հայրենի բնակավայրերը եւ գալիս Հայաստան։ Նորա Սուլէյմանյանը ծանրութեամբ է յիշում Հայաստան գալու ճանապարհը, յատկապէս երբ անցնելիս են եղել Հակարիի ատրպէյճանական անցակէտով։

«Մեր գաղթի ճանապարհը 26 ժամ տեւեց։ Անցակէտն անցնելը ահաւոր սթրես էր։ Թուրքերի էդ ինքնագոհ ժպիտները, իրանց լկտի պահուածքը, ընդհանրապէս մինչեւ չի տեղաւորւում ուղեղումս», յիշում է Նորա Սուլէյմանեանը։

Նա պատմում է, որ Հայաստանում իրենց շատ լաւ են ընդունել՝ թէ՛ Կոռնիձորում, թէ՛ Վայքի հաշուառման կէտում, եւ թէ՛ Արագիւղում։ Մարդիկ պատրաստակամ են եղել՝ օգնել, ինչով որ կարողացել են։

Պաւել Սարգսեանի տանը այժմ բնակւում են Նորա Սուլէյմանեանն ու Արտավազդ Սուլէյմանեանը, նրանց դուստրը Ասիան՝ ամուսնու Մանուէլ Հայրապետեանի, ամուսնու հօր՝ Ռոբիկ Հայրապետեանի, մօր՝ Լաուրա Հայրապետեանի, որդու՝ Ռոբերտի, ինչպէս նաեւ Ասիայի ամուսնու եղբայրը՝ Արմէն Հայրապետեանն իր կնոջ՝ Մարիանա Գրիգորեանի եւ որդու՝ Գառնիկի հետ։

Տան տէրը՝ Պաւել Սարգսեանն ասել է, որ կարող են մի քանի ամիս ապրել այստեղ, մինչեւ իրենց համար մշտական տուն կը գտնեն։

Տրդատ Մուշեղեան

«Հետք»

Comments are closed.