Մեր հոգու Սասունը կամ՝ ինչպէս սիրել պարտուած հայրենիքը

Սասունն ու դրա անունը հայկական հաւաքական յիշողութեան մէջ միանշանակ ասոցացւում է աննահանջ պայքարի, դիմացկունութեան, յամառութեան ու տեղ-տեղ կոպիտ, բայց վեհ ու գրեթէ բոլորի կողմից հիացմունքի արժանացող մի իւրայատուկ կեցուածքի հետ:

Դա, անշուշտ, գեղեցիկ է, ոգևորող ու գօտեպնդող, հպարտութիւն ու հիացմունք ներշնչող, բայց միայն այդքանը, եթէ շարունակում ենք սովորութեան համաձայն մնալ ձևի, բայց ոչ բովանդակութեան մէջ:

Սակայն արդեօք կարո՞ղ ենք Սասունը ներարկել մեր մտածողութեան, ապրելակերպի, ազգային նպատակների ու ամենակարևորը գործողութիւնների մէջ: Սա է հարցը, որ ամէն օր տալիս էինք ինքներս մեզ, երբ տպարանում էր «Սասուն. 100-ամեայ դիմադրութիւն» հատորը, որտեղ փորձել էինք ամփոփել «Հորիզոնում» և այլ հարթակներում տեղ գտած մեր ուսումնասիրութիւնները, ճամփորդական ակնարկներն ու մէկ դար անց Սասունի լեռներում գտած մեր բացառիկ կերպարները:

Առաջինն այն մտահոգութիւնն էր, թէ արդեօք հիմա, Հայաստանի ու աշխարհասփիւռ հայութեան համար դարի, թերևս, ամենածանր փորձութեան վերապրումի շրջափուլում իսկապէս տեղն ու ժամանակն է խօսելու այսօր արդէն շատ հեռաւոր ու անհաս թուացող մէկ այլ հայրենիքի, այնտեղ մնացած ու այդպէս էլ չիրականացած յոյսերի, կիսատ մնացած դիմադրութեան, կէս-կէս ապրուած ճակատագրերի ու մարդկանց մասին: «Պէտք է», – պիտի պնդեին ընկերներս: «Բայց հիմա՞», – կրկին պիտի տարակուսեի ես: «Հենց հիմա է, որ պէտք է». Բոլորի պատասխանը միանշանակ էր:

 

***

            Սասունը որպէս աշխարհագրական տարածք և երևոյթ առանձնայատուկ կարևորութիւն ունի հայկական ենթագիտակցութեան մէջ: Դա միայն պատմական գաւառ չէ, որի լեռները, մարդկանց կամ պատմութիւնը մենք կարող ենք սիրել կամ չսիրել, մօտ կամ հեռու զգալ, հիանալ Սասնա գոյամարտի նկարագրութիւններով ամենատարբեր գրքերում կամ բացարձակապէս չհետաքրքրուել թեմայով՝ համարելով այն հեռաւոր, անշոշափելի ու անիրական անցեալի մի մասնիկ:

Սասունը նախևառաջ գիտակցութիւն է հայրենիքի հանդէպ մեր հաւաքական վերաբերմունքի: Եւ էական չէ ձեր պատմական հայրենիքը կամ ներկայի բնակութեան վայրը Սասունից որքան կիլոմետր է հեռու: Ճանաչել Սասունը նշանակում է ճանաչել հողի հանդէպ ամենահիմնական ու իրական կապուածութեան ու հողին պատկանելիութեան ընկալման այն ձևը, որը յատուկ է հէնց այս լեռներում ձևաւորուած մտքին ու ապրելակերպին:

Նրանք, ովքեր եղել են Սասունում, կը հաստատեն, որ Սասունը բնաւ երանելի, դրախտային ու ճոխ բնապատկերներով յագեցած տարածք չէ: Սա գուցէ ձեր կեանքի ամենամեծ հիասթափութիւնը լինի, բայց սա գիտակցելն աւելի կարևոր է, քան նրբիկ ու անուշիկ տեսարաններով հիանալու մեր խիստ անձնական փափագն ու եսասիրական մղումը Էրգիրը միմիայն մեր անձնական կամ ընտանեկան դրաման յաղթահարելու:

Ի՞նչ արած. շշմեցնող գեղեցկութիւն, եդեմական այգիներ ու անսասան երջանկութիւն չկայ Սասունում: Կարո՞ղ ենք սիրել այդ երանելի, փափագուած, կարօտելի Սասունը հէնց այդպէս: Փորձենք: Փորձեք: Հէնց այսօրուանից փորձեք:

Անշուշտ, Սասնա լեռներն անսպառ խրոխտ են ամառ, ձմեռ և աշուն, Սասնա բարձունքներից հոսող աղբիւրներն ու գետերը կենարար, կախարդական են գարնան ամիսներին, իսկ ամէն քար ու թուփ շնչում է պատմութեամբ միշտ՝ լեռնային այս մեկուսի կղզուն տալով առանձնակի խորհրդաւորութիւն:

Դուք կարող էք ձեզ ֆիդայապետ երևակայել, հետաքրքիր ու ամբողջ կեանքի համար անմոռանալի արկածներով լի ճամփորդութիւն կազմակերպել դէպի Ծիրնկատարի փէշերին թաքնուած Մշո Առաքելոց, ուխտի գնալ Մարաթուկի վանք ու յետոյ Օթնակ եայլայում տեղի իսլամացուած կամ արաբախօս հայերի հետ մատաղ անել և համեղ խաշլամայ ուտել,խօսել հայի ինքնութեան ձեր պատկերացումներից, կարող էք բարձրանալ նաև Գօմոց վանք՝ ի սրտէ անիծել թուրքերին, քրդերին ու ամբողջ աշխարհը, որ լուռ է, երբ Սասնա աշխարհի հոգևոր կենտրոնը այծի թրքիների մէջ լքուած է ու աւերուած:

Դուք կարող էք իսկապէս երբեք չմոռանալ Սասունը այն մէկ անգամ այցելելուց յետոյ: Բայց հինգերորդ, վեցերորդ կամ եօթերորդ օրը դուք կը հեռանաք: Կը վերադառնաք Մոնթրէալի, Պոստոնի, Փարիզի, Մոսկուայի կամ Երևանի ձեր աղմկօտ առօրեային և կիրակի օրերին գուցէ ազատ ժամանակ ունենալու պարագայում երբեմն վերընթերցէք Ռուբէնի յիշատակարանի այն տողերը, որոնք նուիրուած են Սասունին:

Իսկ երբ մնաք ինքներդ ձեզ հետ, ձեր խորքում ու ձեր աշխարհում, անկեղծ լինէք ձեր ու ձեր ներսի «հայորդու» հետ, անպայման ներքուստ խոստովանելու էք, որ Սասունն ամենալաւ վայրը չէ ապրելու համար: Դուք անպայման մեծագոյն հպարտութեամբ կը պատմէք ձեր բոլոր սփիւռքահայ ընկերներին, որ հանդիպել էք Սասունի լեռներում ծուարած մի գիւղակում ապրող ու ձեզ հայերէն ողջունած հայ Գիւլբահար տատիկի, հայերէն երգող Ահմեդ պապիկի, իր հայ լինելու մասին ձեզ շշուկով ասած ինչ-որ խարտեալ տղայի: Բայց հոգու խորքում այդ նոյն տատիկին ու պապիկին, այդ նոյն խարտեալ տղային դուք անկեղծօրէն չէք նախանձի և եթէ է՛լ աւելի անկեղծ լինէք ինքներդ ձեզ հետ՝ կը ցանկանայիք նրանց տանել ձեզ հետ Ամերիկա, Կանադա, Ֆրանսիա, ի վերջոյ՝ գոնէ Հայաստան: Որովհետև դուք անկեղծօրէն չէք հասկանայ, թէ ինչու են նրանք մնում այստեղ: Եւ միայն այդ պահին դուք անկեղծ կը լինէք ձեր ու ձեր երազներում անշոշափելի մնացած Սասունի հետ. Այո, Սասունը ապրելու լաւագոյն վայրը չէ այս երկրագնդի վրայ:

Սասունի՝ որպէս գաղափարախօսութիւն ամուր ու կարևորագոյն տեղը մեր համազգային նոր գիտակցութեան այսօր մէջ հէնց սրա մէջ պիտի փնտրենք. այն շատ պատճառներ չունի իրեն սիրել տալու համար, այն սիրում են հէնց այնպէս: Առհասարակ՝ հայրենիքը սիրում են հենց այնպէս:

 

Բանալին հէնց այստեղ է. սասունցիները չեն սիրում Սասունը Վանի պէս գեղեցիկ, Մշո դաշտի պէս բարեբեր, Զանգեզուրի լեռների պէս կանաչ լինել-չլինելու համար: Նրանք սիրում են այն ուղղակի: Նրանք հայրենիքից չունեն եղածից աւելի մեծ ակնկալիք, որովհետև գիտեն, որ հայրենիքը սովորաբար մեզ պարտք չէ, մենք ենք նրան պարտք: Նրանք չեն փնտրում այնտեղ բարեբերութիւն, որովհետև հայրենիքը արժանիք է, ոչ թէ իրաւունք: Նրանք չեն համեմատում իրենց անշուք հայրենիքը հարևան աւելի գեղեցիկ գաւառների, երկրների ու ժողովուրդների հետ, որովհետև այս լեռներում վաղուց, հազարաւոր տարիներ առաջ են հասկացել, որ սէրն առ հայրենիք նախապայմաններ չի պահանջում:

Ահա թէ ինչու է պէտք Սասունն ու դրա դիմադրող բնոյթը ոչ թէ գովերգել, այլ ներարկել մեր ազգային ենթագիտակցութեան մէջ հէնց այսօր ու հէնց հիմա: Ահա թէ ինչու Սասունի ու դրա անցեալի հանդէպ հիացմունքը պիտի ապրի ոչ թէ ձևի, այլ բովանդակութեան մէջ:

Այսօրուայ Հայաստանը ոչ այլ ինչ է, քան մեր հոգու մէջի Սասունը: Այն շատ բան չունի մեզ տալու, բայց այն փրկելու են միայն նրանք, ովքեր ոչինչ չեն ակնկալելու այն սիրելու դիմաց:     Նրանք, ովքեր ունակ կը լինեն սիրել Հայաստանը հէնց այսօր ու հէնց այսպէս. պարտուած, մասնատուած, լքուած, յուսահատ Հայաստանը: Միայն այդ դէպքում Հայաստանը կ’ունենայ առիթ ու հնարաւորութիւն երկրորդ Սասուն չդառնալու: Միայն այն ժամանակ, երբ մեր հոգու Հայաստանն ու նրա հանդէպ սէրը ձևից կը դառնայ բովանդակութիւն:

 

Սոֆիա Յակոբեան

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.