Լիբանահայութեան հայրենադարձութիւնը

Լիբանանի մայրաքաղաք՝ Պէյրութում տեղի ունեցած ահաւոր, ցնցիչ ու մահաբեր պայթիւնը, ցնցեց ոչ միայն լիբանանահայութեանն ու հայութեանը, այլ համայն մարդկութեանը: Պայթիւնից յետոյ հայութեան ցաւին ու կսկիծին զուգընթաց, ոմանց կողմից զգացական կերպով ծայր է առել զրոյցներ, այն մասին որ իբր թէ պայթիւնը տեղի է ունեցել դիտաւորեալ և քաղաքական նպատակով, ուստի լիբանահայութեանը փրկելու համար անհրաժեշտ է հայրենադարձութիւն կազմակերպել, մինչդեռ, մինչ այսօր, մասնագէտների կողմից կատարած ուսումնասիրութիւնները չեն հաստատում այդ վարկածը:
Եթէ նկատի ունենանք որ ազգերն ապրում ու գոյատևում են միայն հայրենիքում, հետևաբար հայրենադարձութեան բուն նպատակը, սփիւռքահային ձուլումից փրկելն է, և սփիւռքն էլ ինքնանպատակ չէ, այլ նա իր գոյութիւնը, հայապահպանման դժուարին աշխատանքներով սփիւռքում պահում է որպէսզի մի երջանիկ օր հայրենիք վերադառնայ. ուստի անհրաժեշտ է որ հայրենադարձութիւնը կազմակերպել նախ այն երկրներից որոնց քաղաքական պայմանները աննպաստ են հայութեան համար և աւելի շատ ենթակայ են ձուլման և ապա հերթաբար ուրիշ երկրներից: Արդ տեսնենք թէ ինչպէս է Լիբանանի և լիբանահայութեան վիճակը:

Լիբանանի պետական համակարգը համայնքային է և հայութիւնն էլ եօթն համայնքներից մէկն է համարւում որի բերումով հայութիւնը կարողանում է իր լիարժէք մասնակցութիւնը ունենալ երկրի օրէնսդիր, գործադիր ու դատական կառոյցներում որն և քաղաքական նպաստաւոր պայմաններ է ստեղծում հայութեան համար, ի նպաստ հայ դատի աշխատանքների, թէ ներքին և արտաքին ճակատներում:

Լիբանահայերը որպէս ցեղասպանութեան ենթարկուած ժողովրդի սերունդ ոչ միայն պահել են իրենց ինքնութիւնը այլև իրենց տքնաջան աշխատանքով ստեղծած, ազգային, եկեղեցական, մարզա-մշակութային և զանազան կազմակերպութիւններով լայնածաւալ աշխատանք են կատարել հայապահպանման վեհ գործին, ոչ միայն Լիբանանում այլ և աշխահացրիւ հայութեան մօտ: Լիբանահայը իր ազգային բեղուն գործունէութիւնից բացի մեծ ներդրում է ունեցել Լիբանանի տնտեսութեան զարգացմանը որն ևս իր հերթին անհատական բարեկեցիկ կեանք ստեղծելուն զուգահեռ օգտակար է հանդիսացել նաև հայ ժողովրդի ընդհանրական շահերին: Հետևաբար, այսօր լիբանահայութիւնը ոչ ձուլման վտանգի առջև է կանգնած և ոչ էլ քաղաքական աննպաստ պայմանների:

Ի մտի ունենանք նաև որ մեր դարաւոր թշնամու հակահայ ծրագիրներից է չէզոքացնել ու նուազեցնել հայերի ունեցած ազդեցութիւններն ու թուաքանակը, իրենց բնակած երկրներում որի իրականացման համար զանազան կազմակերպութիւնների միջոցով խրախուսում ու լայն հնարաւորութիւններ է ստեղծում արտագաղթողների համար:

Զանգուածային հայրենադարձութիւնը լոզունգներով ու բարի կամեցողութեամբ չէ որ իրականանում է այլ սփիւռքի հետ համախորհուրդ, պետութեան կողմից կազմուած մանրակրկիտ և երկարամեայ ծրագրով, համապատասխան պիւտճէով և գերմադկային կամքով, ճիգ ու ջանքով որի իրականացման համար այսօր մեր հայրենի պետութիւնը ոչ հնարաւորութիւնն ունի ոչ կամքը, ոչ ծրագիրն ու ոչ էլ պիւտճէն:

Համաձայն միջազգային օրէնքների, ազատ տեղափոխութիւնը մարդ անհատի անկապտելի իրաւունքն է, ոչ ոք իրաւունք ունի որևէ մէկին պարտադրել բնակութեան վայր ընտրելու համար, արդ, եթէ որևէ լիբանանահայ կը կամենայ ազատ կամքով բնակութիւն հաստատել Հայաստանում, ազգային մարմինների և հայրենի պետութեան պարտականութիւնը պէտք է լինի, ըստ ամենայնի նեցուկ կանգնել ու լայն հնարաւորութիւններ ստեղծել յիշեալների նկատմանբ, իսկ արտագաղթողներին ևս խրախուսել, օտար ափեր գաղթելու փոխարէն, ներգաղթել հայրենիք, քանզի անհատաբար կամ ընտանիքով ներգաղթողներին աւել դիւրին է պատսպարել քան զանգուածային ներգաղթողներին:

Վստահ եմ, մեր աշխատունակ, ջանասէր, հայրենասէր ու անկոտրուն կամքի տէր լիբանանահայութիւնը, համազգային և միջազգային օժանդակութեանց շնորհիւ և նոյնիսկ առանց ակնկալութեան այդ օժանդակութեանց, շատ շուտով, պիտի վերակառուցի իր քանդուած օջախները և վերագտնելով իրեն, պիտի ստեղծի իր բնականոն կեանքը:

Ով որ հայ է ինչ կը սպասէ…… արդէն ժամանակն է Լիբանանահայութեանը օգնութեան հասնել:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Նոր-Ջուղա

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.