Դաշնակցութիւնը ոչ միայն կուսակցութիւն է, այլ նաեւ մի աւանդական ընտանիք

Երկար, փշոտ եւ արիւնալի է եղել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անցած ուղին, քանզի յանուն հայ ժողովրդի ու հայրենիքի ծնունդ առած այս կուսակցութիւնն իր բազմամեայ պատմութեան ընթացքում շարունակ եղել է դաւադիր թշնամիների ու զանազան ուժերի թիրախը, ովքեր ջանք չեն խնայել հայ ժողովրդին զրկելու իրեն յոյս ներշնչող միակ գաղափարական պաշտպանից ու առաջնորդից:

Դաշնակցութիւնը միշտ անհաւասար պայքարի մէջ է եղել հայ ժողովրդի թշնամիների հետ: Երկար տարիներ հակադաշնակցական հոսանքների միջոցով առեւանգուել կամ ահաբեկուել են կուսակցութեան մի շարք պատասխանատուներ, իսկ մերօրեայ եւ զարգացած աշխարհում, ուր արդիականացուել է նաեւ թշնամիների հարուածի ձեւը, ֆիզիքական տեռորի փոխարէն կիրառւում են այլ ձեւեր. այսօր սոցցանցերում եւ զանզան լրատուամիջոցներում յաճախ են նկատւում կուսակցական պատասխանատուների նկատմամբ բարոյական տեռորի իրականցումը, որը հիմնուած է սին եւ շինծու մեղադրանքների ու զրպարտանքների վրայ:

Անշուշտ այս բոլորը չեն կարողացել կուսակցութեանը շեղել իր գաղափարից ու սկզբունքներից, եւ նա նոյնպէս շարունակում է իր ծառայութիւնը մատուցել Հայաստանին ու հայ ժողովրդին՝ առանց որեւէ փողահարութեամբ. նրա հիմնախնդիրներն են՝ երկրի անվտանգութեան պահպանումը, ժողովրդավարութեան ամրապնդումն ու արտաքին ուժերի միջամտութեան չէզոքացումը: Նա պատկանում է հայ ազգին եւ հետամուտ է նրա հարցերի լուծման ու շահերի իրականացման խնդրներին: Այս կուսակցութեան համար իր հիմնադրումից ցայսօր բացարձակ արժէք են եղել՝ հայրենասիրութիւնը, անանձնականութիւնը, անձնազոհութիւնը, ժողովրդավարութիւնն ու արդար աշխատանքը:

Դաշնակցութիւնն սկզբունքային կուսակցութիւն է եւ միշտ եղել է կազմակերպուած ու միասնական՝ իր բոլոր մարմիններով հանդերձ: Կուսակցութեան զանազան մարմիններում, ինչպէս նաեւ պարզ անդամների մօտ կանոնագրային պարտաւորութիւնից բացի՝ գոյութիւն ունի ընտանիքի հասկացութիւնը՝ կազմուած հայկական նահապետական աւանդոյթներով ու կարգերով, եւ դա է թշնամիներին սարսափեցնող հանգամանքը, քանի որ այս կառոյցի անդամներն ու մարմինները բոլոր մարտահրաւէրները դիմագրաւում են ինչպէս մէկ ընտանիքի անդամներ:

Վերջերս դարձեալ աշխուժացաւ հակադաշնակցական ուժերի սադրիչ մեքենան. նրանք օգտուելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետեւանքով ստեղծուած պայմաններից ու Դաշնակցութեան դիրքորոշումներից, մի նոր մարտահրաւէր նետեցին կուսակցութեան առջեւ եւ փորձեցին խախտելով կուսակցականների միասնականութիւնը՝ պառակտել նրա շարքերը:

Սակայն ինչպէս միշտ այս մեծ ընտանիքն իր տարածուն ցանցով՝ սկսած Հարաւային Ամերիկայից մինչեւ Եւրոպա, Միջին Արեւելք, Արցախ, Հայաստան եւ Աւստրալիա, մէկ բռունցք դարձաւ հակահարուածելու սպառնալիքներին ու սադրանքներին. Մայիսի 29-ին, Երեւանում տեղի ունեցած ՀՅԴ Հայաստանի եւ Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավար մարմինների խորհրդակցական նիստում (մասնակցութեամբ կազմակերպութեան բոլոր շրջանների մարմինների ներկայացուցիչների), ժողովը ոչ միայն վերահաստատեց Հայաստանակենտրոն գործունէութեանը նոր թափ հաղորդելը, այլ նաեւ կուսակցութեան յանձնառութիւնը եւ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց ժողովրդական շարժման յաղթանակի գործում Դաշնակցութեան մարմինների կողմից որդեգրած քաղաքական ուղեգծին:

Սա է Դաշնակցութեան ուժը, որը կարողանում է վեր կանգնել ցանկացած դաւադրութիւնից: Դաշնակցականների տրամաբանական մօտեցումն արժանի հակահարուած դարձաւ թշնամիներին, յատկապէս պատգամելով, թէ միակամ ու միասնական կուսակցութիւնը՝ իր գաղափարական մեծ ընտանիքի կարգապահ կեցուածքով՝ չէզոքացնելու է իւրաքանչիւր սադրանք եւ միայն աշխատելու է յանուն Հայաստանի ու հայ ժողովրդի:

Վահէ Թորոսեան

9 յունիսի 2018

Նոր Ջուղա

Leave a Comment

You must be logged in to post a comment.