Դաշնակցութիւնը կանգնած է Հայոց յաղթական բանակի կողքին. ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

Հերթական անգամ Ադրբեջանը դիմում է ագրեսիայի: Իր երկրի ներքաղաքական անյաջողութիւններից ուշադրութիւնը շեղելու նպատակով այս անգամ թիրախաւորուել է Հայաստանի Հանրապետութեան սահմանի հիւսիսարևելեան հատուածը, այդ թւում հրետակոծուել են նաև խաղաղ բնակավայրեր: Հայաստանի Հանրապետութեան և Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեան ու տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգութիւնների փորձերը ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա դատապարտուած են ձախողման հայոց փառապանծ բանակի արհեստավարժ և հայրենանուէր հակազդման շնորհիւ:

Թուրքիայի Հանրապետութիւնն անթաքոյց յայտնում է իր սատարումն Ադրբեջանի զաւթողական գործողութիւններին՝ հերթական անգամ ապացուցելով  ազգային թշնամանք ու ատելութիւն քարոզող վարչակազմերի էութիւնը: Դէպի Հայն ու Հայաստանը ուղղուած նրանց կույր ատելութեան դէմ հանդիման կանգնած է հայ ժողովուրդը՝ իր հայրենիքի համար մղուող սրբազան պայքարով: Պատմութեան ընթացքում բազմիցս է ապացուցուել հայրենիքի պաշտպանութեան հարցում հայոց միասնականութիւնը:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, ինչպէս միշտ, իր  աշխարհասփիւռ կառոյցով վճռականօրէն կանգնած է Հայոց յաղթական բանակի, նրա զինուորի ու սպայի կողքին՝ հայրենիքի պաշտպանութեան առաջնային դիրքերում:

Միաժամանակ փաստում ենք՝ միջազգային հանրութիւնն ու քաղաքակիրթ մարդկութիւնը չպէտք է անտարբեր մնան թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմատենչ վարքագծի նկատմամբ, հակառակ դէպքում` այն կործանարար կը լինի ինչպէս փխրուն զինադադարի, այնպէս էլ տարածաշրջանի համար:

Ուստի, դիմելով միջազգային հանրութեանը, կոչ ենք անում ոչ թէ կողմերին հերթական` համարժէք զսպուածութեան յորդորներն անել, այլ յստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան և համարժէք միջոցներ ձեռնարկել արհաւիրքից խուսափելու համար:

 Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմին

Leave a Comment

You must be logged in to post a comment.