Արցախը  համայն հայութեան կեանքի ճանապարհն է

«Ինձ համար աւելի լաւ է շրջափակման մէջ տառապեմ իմ հայրենիքում, քան ազատութեան մէջ՝ առանց հայրենիքի». Լիանա Ոսկանեան՝ արցախցի բազմազաւակ մայր

«…Ոչ մի տեղ առանց Սիւնիքի ու Արցախի։ Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզօր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյութիւն ունենալ չի կարող։ Փոքր ազգերը պարտադրօրէն աւելի հայրենասէր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ աւելի, քան բոլորը։ Բարոյական ուժն օգնում է փոքր ազգերի գոյութեանը։ Այն օգնում է նաեւ հայերին անհաւասար կռուում։ Այն տանում է յաջողութեան, ուժեղ թշնամու դէմ թոյլերի յաղթանակի»,- սրանք  մեծ  զօրավար ու փիլիսոփայ Գարեգին Նժդեհի խօսքերն են, որ հնչում են մէկդարեայ հեռաւորութիւնից:

Եւ սա ոչ միայն պատմական ճշմարտութիւն է, այլեւ կեանքի բանաձեւ ու պատգամ՝ ուղղուած սերունդներին: Առանց Արցախ չկայ Հայաստան: Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արցախը եղել է մեր ազգային գոյապայքարի բերդերից մէկը… Եղել է հոգեւոր-մշակութային կենտրոն, որը համաքրիստոնէական ժառանգութիւն է:

2020 թուականին թշնամին նորից պատերազմ սանձազերծեց Արցախի ու Հայաստանի դէմ: Արցախ աշխարհի դէմ սանձազեծուած պատերազմից յետոյ մեր գոյապայքարը շարունակւում է: Թշնամին արդէն 60 օր շրջափակուած է պահում Արցախը: 120000 մեր հայրենակիցները կանգնած են կեանքի իրաւունքի համար պայքարելու խնդրի առաջ: Սա ցեղասպանութեան եւս մի բաղադրիչ է, որով թշնամին փորձում է իրագործել Արցախը հայաթափելու ծրագիր: Եւ մինչ միջազգային կառոյցներում փորձում են գնահատական տալ ստեղծուած իրավիճակին, արցախցին անկոտրում շարունակում է դիմակայել իր պատմական Հողի վրայ ապրելու համար, ծնւում են փոքրիկներ, որ մեր վաղուայ սերունդն են:

…Լիանա Ոսկանեանը Արցախ աշխարհում ապրող մեր հայուհիներից է: Մասնագիտութեամբ՝ դերասանուհի, դիմայարդար: Նա կարմիր դիպլոմով աւարտել է Բժշկական ուսումնարանը: Իսկ մինչ այդ 12 տարեկանից աշխատել է Ստեփանակերտի Վ. Փափազեանի անուան Դրամատիկական թատրոնում:

Լիանան ունի վեց երեխայ: Վեցերորդ փոքրիկը ծնուել է օրեր առաջ:  Արցախի շրջափակման օրուանից Լիանայի ամուսինը չի կարողանում Երեւանից վերադառնալ եւ վերամիաւորուել իր ընտանիքին: Լիանայի  հետ զրոյցի ընթացքում ինձ համար եւս մէկ անգամ բացայայտել ու ճանաչել եմ  այն ոգին, որը մեզ պիտի գօտեպնդի յանուն Արցախի պայքարել մինչեւ վերջ ու չյանձնուել:

…Կ’ուզէի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, այս անզօր ժողովրդին, որի պատմութիւնը պատմուած, բոլոր կռիւները մղուած ու տանուլ են տրուած, որի շէնքերը խորտակուած, գրքերը չընթերցուած, եւ որի աղօթքները անպատասխան են մնացած: Փորձէք կործանել այս ցեղը: Կործանեցէք Հայաստանը, տեսէք` կը կարողանա՞ք: Քշեցէք տներից անապատ, մի մոռացէք խլել ճամբի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի մատնեցէք նրանց տներն ու եկեղեցիները: Տեսէք՝ դարձեալ պիտի չապրե՞ն: Տեսէք՝ ցեղը դարձեալ պիտի չյառնի՞…

Հեռաւոր Գալիֆորնիայում ծնուած մեծ պիթլիսցու՝ Ուիլիամ Սարոյեանի այս խօսքերի մէջ ես տեսնում եմ արցախցու այսօրուայ կերպարը: Այո, չի հանգստացել թշնամին: Արթուն է: Բայց արցախցին հումանիտար աղէտի շեմին կանգնած էլ շարունակում է ուղիներ որոնել իր հողից չարտագաղթելու եւ այստե՛ղ՝ Հայոց բնօրրանում իր սերնդին մեծացնելու մասին: Լիանա Ոսկանեանի ընտանիքի պատմութիւնն ա՛յս մասին է…

 «Ես չեմ կարող հերոսների արիւնը դաւաճանել»

 …Լիանա Ոսկանեանը երեք պատերազմի ականատեսն է եղել: Նրա հերոս քեռին Արցախեան առաջին պատերազմի մասնակից է եղել, որ 17 տարեկանում անմահացաւ թէժ մարտերում՝ միանալով մեր անմահների գնդին: Եւ ընտանիքի հերոսական պատմութիւններն այսօր իրեն ուժ են տալիս դիմակայելու անասելի դժուարութիւններին:

– Ես  հերոս քեռի եմ ունեցել, որ դպրոցական հասակից  զինուորագրուեց հայրենիքի պաշտպանութեանը եւ զոհուեց 17 տարեկանում: Զոհուեցին նուիրեալները: Ես չեմ կարող այդ հերոսների արիւնը դաւաճանել ու գնալ: Կը հաւատա՞ք, որ ինձ համար աւելի լաւ է շրջափակման մէջ տառապել իմ հայրենիքում, քան ազատութեան մէջ՝ առանց հայրենիքի: Չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի,- այսպէս է սկսւում իմ նամակագրութիւն-զրոյցը Լիանայի հետ:

Եւ այնքա՜ն ոգի եւ լոյս կայ այս մի քանի նախադասութեան մէջ…

Այսօր կտրուել է կեանքի ճանապարհն Արցախի հետ: Սակայն ոչ մի երեւելի եւ աներեւոյթ ուժ չպէտք է խզի հոգեւոր կապը մեր հայրենակիցների հետ: Իւրաքանչիւր արցախցու խնդիրը մե՛ր իսկ գոյութեան խնդիրն է: Հայաստանում եւ Սփիւռքում ամէն գիտակից հայի սիրտն այսօր բաբախում է Արցախում… Իսկ իւրաքանչիւր արցախցի ընտանիքի պատմութիւնը պէտք է դառնայ ամէնքիս սրտի մի զարկը:

– Շատ ծանր օրեր ենք ապրում,- պատմում է Լիանա Ոսկանեանը:- Այնքան կենցաղային խնդիրները չեն, որ օր օրի աւելի է սեղմւում օղակը, այլ հոգեբանօրէն ճնշուած վիճակն է: Հիմա իւրաքանչիւր արցախցի պատրաստ է դիմակայել ցանկացած դժուարութեան, կարեւորը՝ իշխանութիւնները նոր յանձնումների չգնան: Ես բազմազաւակ մայր եմ, 36 շաբաթական յղի եմ, մնացել եմ այս բլոկադայի մէջ մենակ:

Ամուսինս մինչ ճանապարհը փակուելը Արցախից Ռուսաստան բեռնափոխադրումներ էր իրականացնում. մօտ 20 օր վրացական անցակէտում մնալուց յետոյ վերջապէս հասաւ Հայաստան: Բայց այդ օրը մահացաւ ամուսնուս մօրաքոյրը: Երեւանում էր ապրում: Յուղարկաւորութեան յաջորդ օրը գերեզման պիտի գնային, յետոյ վերադառնալու էր  Արցախ:  Ճանապարհը փակուեց… էլ չի եկել ու մնացել է նաեւ առանց աշխատանքի:

Խանութները շատ քիչ քանակութեամբ են սնունդ ստանում. մի ընտանիքից մի քանի հոգի գնում հերթ են կանգնում, վերցնում են: Իմ վիճակով պայմանաւորուած՝ ես չեմ կարողանում անընդհատ տնից դուրս գալ, դժուար է ինձ համար, որովհետեւ շատ երկար քայլելու կամ կանգնելուց ցաւեր եմ ունենում: Չեմ կարողանում հետեւել, թէ որտեղ ինչ մթերք են ստացել, որպէսզի հերթ կանգնեմ եւ վերցնեմ:

Մեծ տղաս 14 տարեկան է, իսկ շատ ժամանակ խանութներում հերթ կանգնած երեխաներին սնունդ չեն տալիս:  Ասում են՝ թող մեծերը գան:

Սնունդից բացի սպառուել են նաեւ հիգիենայի պարագաները, աղ ընդհանրապէս ոչ մի տեղ չկայ: Իսկ բանջարեղէնի մասին չեմ խօսում: Մարդիկ համացանցում՝ ֆէյսպուքեան խմբերում գրում են իրենց առաջին անհրաժեշտութեան կարիքների մասին, եւ այդպէս մէկը մէկին օգնելով՝ մի քանի կարտոֆիլ է տալիս: Յատկապէս փոքր երեխաներ ունեցողների համար գո՛նէ կարտոֆիլն անհրաժեշտութիւն է… Փոքր աղջիկս 2,5 տարեկան է. բացի  թանապուրից, կարտոֆիլի պիւրէից ու հնդկաձաւարից ոչինչ չի ուտում: Մի քանի կարտոֆիլ ունեմ. 3-4 օրը մէկ պիւրէ եմ պատրաստում, որ միայն ինքն ուտի: Այնքան մեծ ցաւ եմ ապրում, երբ խանութ եմ մտնում եւ տեսնում՝ ամբողջը դատարկ…

Արդէն դեկրետ եմ գնացել. լաւ է, որ դրանով պայմանաւորուած՝ մի քիչ գումար եմ ստացել, առայժմ դա եմ ծախսում… նոյնիսկ ապագայ փոքրիկիս համար դեռ ոչինչ չեմ գնել:

Լիանայի դժուարութիւններն այսքանով չեն աւարտւում: Առաւել ծանր ու մտահոգիչ է լսել, որ արցախցիների համար անգամ բաւարար հնարաւորութիւններ չկան բուժում ստանալու, դեղորայքի խիստ դեֆիցիտ կայ: Իր վեցերորդ երեխային սպասող մայրը վերջին անգամ բժշկի է այցելել Յունուարի 8-ին: Եւ իր խօսքով անալիզներ էլ չեն վերցնում, որպէսզի եղած սուղ միջոցները բաւականացնեն առաւել ծանր դէպքերի համար:

– Ծննդատանը հազուադէպ են անալիզներ վերցնում՝ միայն  նրանց, ովքեր արտայայտուած առողջական խնդիրներ ունեն: Ինձ մօտ ամէն բան նորմալ է: Բայց այսքան տագնապալի հոգեվիճակներում ինչքան էլ աշխատում եմ հանգիստ լինել, չի ստացւում: Ոչ ցերեկներն ենք հանգիստ, ոչ էլ գիշերը քնել կայ: Շուշիի ճանապարհը հենց մեր տան դիմացն է. ամէն անգամ պատուհանից նայում եմ, որ գո՛նէ մի մեքենայի շարժ տեսնեմ… Չկայ… Խենթանալու բան է,-ասում է արցախցի մայրը…

Եւ թերեւս հնարաւոր չէ պատկերացնել նաեւ բազմազաւակ ընտանիքի հօր՝ Լիանայի ամուսնու հոգեվիճակը, որ այս օրհասական վիճակում չի կարող գտնուել կնոջ եւ երեխաների կողքին: Սակայն Լիանան ոչ մի կերպ չի պատկերացնում իրեն առանց Արցախի, միայն ժամ առաջ ընտանիքի վերամիաւորման մասին է երազում: Եւ դարձեալ կրկնում է զրոյցի սկզբում ասած խօսքերը.

– Չեմ ուզում գնալ իմ Արցախից: Կը հաւատա՞ք, որ ինձ համար աւելի լաւ է շրջափակման մէջ տառապեմ իմ հայրենիքում, քան ազատութեան մէջ՝ առանց հայրենիքի:

– Իսկ ինչպէ՞ս են այս ամէնին դիմակայում Ձեր աւելի տարիքի աւագ երեխաները,- հարցնում եմ:

– Նրանց ընկալումները զգայական են… Պատերազմից հասցուած ցաւի ազդեցութեան տակ են: Մեծ տղայիս շրջապատում շատերը կան, որ, երբ շրջափակումը վերացուի, պատրաստւում են հեռանալ Արցախից: Երբեմն սրտի ցաւով ու տագնապով ասում է.

– Մենք էլ ենք գնալու, չէ…

Իսկ ես պատասխանում եմ.

– Ոչ, տղաս, մենք մնալու ենք այստեղ: Մեր զինուորները զոհուել են, որ մենք Արցախում մնանք, հա՛յ մնանք ու պահենք այս հողը: Ինչպէս ես որոշեմ, այդպէս էլ պիտի լինի: Երբեմն նոյնիսկ հարցնում են.

– Մամ, մե՞զ ես շատ սիրում, թէ՞ հայրենիքդ…

Իսկ ես ոչինչ չեմ պատասխանում: Միայն գիտեմ, որ պիտի մինչեւ վերջ պայքարենք Արցախը պահելու համար: Մինչեւ վերջ մնալու եմ Արցախում:

Իսկ ինչպիսի՞ն պիտի լինի այդ պայքարի ջահը կրող առաջնորդը,- դիմում եմ Լիանա  Ոսկանեանին:

– Հայի այն տեսակը, որին ես գիտեմ 1990-ական թուականներից… Հայի այն տեսակը, որին գիտեմ 1988-ի Ազգային զարթօնքի հրապարակից, պատերազմի դաշտից: Այսօր շատերը միայն իրենց ապահովութեան մասին են մտածում: Անտարբերութիւնը շատ է… Չեմ տեսնում միասնութիւն ու կազմակերպուածութիւն: Շատերը կան, որ չեն գիտակցում՝ մենք մենակ ենք աշխարհում: Իսկ Արցախը ցեղասպանութեան շեմին է: Մեր թշնամու համար խնդիրը միայն Արցախը չէ, այլ, ընդհանրապէս հային վերացնելն է:

Լիանա Ոսկանեանի համոզմամբ՝ այս իրավիճակում միակ ճանապարհը միմեանց համար ամուր յենարան լինելն է: Մեր ցաւի հանդէպ լռող աշխարհը նոյնն է, ինչ 100 տարի առաջ, որի մասին խօսելիս Լիանան իր խոհերն ամփոփում է ընդամէնը մէկ նախադասութեան մէջ.

– Մարդկութիւնը գնալով վերանում է, մարդկային արժէքները շատ են էժանացել…

Եւ այսպիսի աշխարհում պայքարել հնարաւոր է միայն մեր հերոսների, ա՛յս սուրբ հողի վրայ նրանց թափած արեանը չդաւաճանելով: Սա է իմ հերոսուհու պայքարի բանաձեւը, որն իբրեւ պատգամ ստացել է իր հերոս քեռուց եւ ընտանիքից…

«Հայը պիտի մնայ որպէս հին հերոսական ազգ»

…Լիանա Ոսկանեանի ընտանիքում հերոսական պատմութիւնները շատ են: Եւ նրանց տոհմի պատմութեան մէջ՝ բոլորի սրտի մի թանկ անկիւնում կայ Ներսէս Վազգէնի Զախարեանի անունը: Մի խիզախ հայորդի, որ ազգի պայքարին միացել էր պատանի տարիքից: Միացաւ ազատամարտիկներին եւ կռուեց Բեկոր Աշոտի ջոկատում: Մինչ այդ Ներսէս Զախարեանը Պաքուի եւ Սումկայիթի հայերի տեղահանութեան եւ թշնամու ցեղասպան գործողութիւնների ժամանակ մասնակցել է օդանաւակայանից ծերերին ու երեխաներին տեղափոխելու եւ անհրաժեշտ օգնութիւն ցուցաբերելու աշխատանքներին:

Լիանա Ոսկանեանը յիշում է ազգի համար այդ օրհասական օրերը, եւ անգամ իրենց ընտանիքի կրած դժուարութիւնների մասին պատմութիւնները չեն ստուերում քեռու՝ Ներսէսի հերոսական կերպարը… որովհետեւ հենց ծանրագոյն իրավիճակներում է բացայայտւում մարդու հոգեւոր նկարագիրը: Իսկ Ներսէս Զախարեանը հայրենասէր, իրեն ծնած հողը պաշտող եւ յանուն նրա կեանքը չխնայող տեսակներից էր…

– Մայրս նեարդային խանգարում ունէր 88-ից ի վեր… Պաքուի, Սումկայիթի կոտորածից, երկրաշարժից սթրես էր տարել եւ դա շատ ծանր էր ազդել իր վրայ: Շուրջ 30 տարի անկողնային էր: Այդ դժնդակ օրերին քեռուս խնդրեց, որ մեզ էլ հանէր Արցախից:

Քեռիս միանշանակ դէմ էր. Ասաց.

– Եթէ դուք գնաք, ես ո՞ւմ համար պիտի կռուեմ:

Ձեւաւորուել էին կամաւորական ջոկատներ:

Ամէն անգամ անտառ գալիս մայրիկին «յաջող» էր անում, մենք էլ նկուղում էինք պատսպարւում:

…Մի օր «Ուազ» մեքենայով եկաւ, որով պարկեր էր տեղափոխում: Մայրս ասաց.

– Ներսէս ջան, ի՞նչ ես տանում:

Ասաց.

– Շաքարաւազ, ալիւր…

Յիշում եմ, թէ ինչպէս մայրս մի փոքր ափսէ տուեց ու ասեց.

– Ներսէս, մի քիչ լցրո՛ւ, երեխաները քանի օր է՝ թէյ չեն խմել, գոնէ էսօր թէյ խմեն…

Չտուեց:

Ասաց.

– Դուք կը սպասէք, անտառում տղաները սոված են…

 

Այսպէս կարող էր վարուել միայն իսկական զինուորը: Ներսէս Զախարեանն խիզախ մարտիկ էր, որ սահմանում էր մարդկային եւ բարոյական էթիկայի ի՛ր նորմերը, մանաւանդ, պատերազմի դաշտում, երբ պէտք է ընկերների կողքին լինէր: Ոչ մի հանգամանք չէր կարող նրան ստիպել, որ յետ կանգնի կռուի դաշտից:

Լիանա Ոսկանեանի պատմութիւններից եւս մէկը բացայայտում է ասուածի ճշմարտութիւնը.

– Իր ձեռքով էր նռնակներ պատրաստում: Մի օր պայթել էր  ձեռքում… Վիրաւոր ձեռքը կապկպած եկել էր, որ մայրիկիս «յաջող» անի ու էլի գնայ… Մայրս ասեց.

– Գոնէ ապաքինուիր, նոր գնայ…

Ներսէսն ասաց.

– Ես մի ձեռքով էլ կարող եմ տղերքին մի բանով օգնել:

Վեց ընկեր էին… Մենակ ինքն էր զոհուել…

Հիմա ընկերների ընտանիքում, եթէ տղայ ժառանգներ կան, նրանց շարքում հաստատ Ներսէս էլ կայ… Իրենց ընկերոջ պատուին Ներսէս են անուանել…

Ես էլ եմ տղայիս անունը Ներսէս դրել…

…Մի օր խանութ էինք մտել: Ներսէսս շոկոլադ ուզեց, բայց չգնեցի, ասացի.

– Ներսէս, հիմա դրա ժամանակը չէ… Շրջուեցի ես, որ գնամ, տեսայ քեռուս մարտական ընկերն էլ է խանութում… Գետնին ծնկած ու երեխայիս գրկած՝  լացում էր:

Նա մի քանի շոկոլադ տուեց երեխայիս ձեռքը ու շրջուեց-գնաց՝ առանց մի բառ ասելու…

Այսպիսի պատմութիւնները մեր ընտանիքի կեանքում շատ են:

Ամէն տարի մահուան օրն ու ծննդեան օրը, մինչեւ մեր գերեզման գնալն արդէն մարտական ընկերները այցելում են նրա շիրիմին:

…Քեռիս զոհուեց Ստեփանակերտի մատոյցներում՝ 1991 թուականի Դեկտեմբերի 15-ին: Յետոյ արդէն՝ 1992-ին կազմաւորուեց Հայոց բանակը… Բեկոր Աշոտի ջոկատից էր… Եթէ Բեկորի ջոկատի զոհուածների նկարը եթէ տեսնէք, Բեկորի կողքի տղան հենց Ներսէսն է…

 

…Լիանա Ոսկանեանի քեռու անմահանալուց յետոյ նրա կիսատ թողած կռիւը որոշեց շարունակել հօրեղբայրը՝ Կամօ Սաղաթէլեանը.

– Մեր հերոսական հողը չպիտի մնայ թշնամուն,- սա նրա համար պարզապէս խօսք չէր, այլ դաւանանք, պատմում է Լիանան:- Հօրեղբայրս այդ ժամանակ ծառայում էր Ռուսաստանում: Քեռուս զոհուելուց յետոյ եկաւ, որ այստեղ՝ մեր կողքին լինի: Եկել էր ու առաջինը տատիկիս տուն էր գնացել, որ Ներսէսի շորերը վերցնի ու գնայ պատերազմի դաշտ:

Տատիկս չէր տուել: Ասել էր.

– Չեմ տայ, այդ հագուստները դու էլ կրես… գիտես, թէ իմ տղայի հետ ինչ է եղել, չեմ տայ…

Հօրեղբայրս շատ նեղսրտած՝ գնացել էր: Չիմացաւ, որ տատիկս չէր ուզում, որ Ներսէսի շորերը յանկարծ դառնան սիմվոլ, եւ իր հետ էլ մի վատ բան պատահի:

Հօրեղբայրս գնաց պատերազմ: Նա անդրդուելի էր իր որոշման մէջ:

…Ամիսներ անց զոհուեց նաեւ հօրեղբայրս: 40 օր մնացել էին շրջափակման մէջ…

Հարսնացու ունէր: Պատրաստւում էին նշանադրութեան: Եւ հենց նախապէս որոշուած օրն էլ գտանք մեր հօրեղբօրորդին: Սիրած աղջկայ անունը ձեռքին էր դաջել… Այդպէս ենք կարողացել իրեն գտնել եւ յուղարկաւորել…

Եւ այս պատմութիւնները միայն մէկ ընտանիքի յիշողութիւն չեն: Դրանք դառնում են ազգի յիշողութիւն եւ փոխանցւում սերունդներին: Ամէն դրուագ յիշեցում է այն մասին, որ հայրենասիրութիւնը դաստիարակութիւն չէ, այլ գենետիկ յիշողութիւն նախնիների, հողի մասին: Իսկ հող նշանակում է հայրենիք, որից ինչքան էլ հեռու գտնուես, միեւնոյնն է, արթնանալու է ոգին, երբ հայրենիքը վտանգի մէջ լինի ու կանչի:

Լիանա Ոսկանեանի ընտանիքի ժառանգը՝ երկրորդ քեռու Ներսէս անունով որդին հենց այդ գենետիկ յիշողութեան կրողն է:

– …Մի քեռի էլ ունեմ: Տղայ ունի՝ անունը Ներսէս… Ռուսաստանում սպորտի վարպետ է՝ իր անուանն արժանի: Վերջին պատերազմի ժամանակ զանգել էր, որ վերադառնայ եւ գնայ պատերազմի դաշտ: Տատիկս նրա մտադրութիւնը լսել էր ու անհանգստացել, պարզապէս խենթացել էր, որովհետեւ մեր տոհմի միակ ժառանգն է: Բայց եկաւ՝ ի հեճուկս տատիկիս բոլոր խնդրանքներին ու աղերսներին… Եկաւ ու գնաց Բերձոր: Չթողեցին սահմանն անցնի, քանի որ Ռուսաստանի քաղաքացի էր: Հիմա դիմել է, որ Հայաստանի քաղաքացիութեան անձնագիր ստանայ, որ երբ հարկ լինի, կանգնի մեր զինուորների կողքին: Պատերազմի ամբողջ ընթացքում ոչ մի օր անտարբեր չի եղել. անընդհատ զինուորներին ու առաջնագծին անհրաժեշտ սարքաւորումներ է բերել-հասցրել:

Այսպիսին է արցախցին՝տոկուն եւ նուիրեալ:

2020 թուականին սկսուեց Արցախեան երրորդ պատերազմը: Այդ ժամանակ Լիանա Ոսկանեանի փոքր աղջիկը 27 օրական էր: Ամուսինը մեկնել էր Ռուսաստանի Դաշնութիւն՝ արտագնայ աշխատանքի, որպէսզի կարողանար հասցնել բազմանդամ ընտանիքի խնամքի ծախսերը: Բայց պատերազմի լուրն առնելուն պէս վերադարձել էր: Ինչքանով հասցրել էր, իր մօտ եղած գումարով զինուորների համար պահածոներ էր գնել ու եկել:

– Չէի կարող մնալ այնտեղ ու ինձ համար հանգիստ աշխատել:

Յետոյ ո՞նց եմ մարդկանց աչքերին նայելու,- այսպիսին էր եղել նրա պատասխանը կնոջն ու հարազատներին…

…Լիանա Ոսկանեանի հետ նամակագրութիւն-զրոյցը բացայայտում է արցախցու եւ արցախցու մասին: Այնքա՜ն ուժ ու կորով կայ ամէն մի պատմութեան մէջ: Մի պահ նոյնիսկ մոռանում ես, որ սա զրոյց է շրջափակուած Արցախի, ամէն օր ու ժամ գոյապայքար մղող, լինելու իրաւունքի համար կռիւ տուող, թշնամու պարտադրած կեանքի ծանրագոյն պայմանները յաղթահարող Արցախի մեր հայրենակիցների մասին:

Ո՞րն է այն կենսական ուժը, որն արցախցուն մղում  է ապրել  ու պայքարել: Հերոսական անցեա՞լը: Թերեւս: Որովհետեւ այստեղ՝ այս հողում հերոսներ ունի գրեթէ իւրաքանչիւր ընտանիք: Արցախցին այսօր փորձում է յաղթահարել հերթական ծանր փորձութիւնը: Այստեղ էլի՛ են ծնուելու հայ սերունդներ… Եւ արցախցին գիտի, որ հենց մեզանից է կախուած վաղուայ հայ սերունդների  ապագան: Ու այդ վաղուայ սերնդի շարքերում լինելու է Լիանա Ոսկանեանի՝ արդէն վեցերորդ երեխան, որ ծնուելու է շուտով: Մայրն արդէն անունն էլ է ընտրել՝ Աւետիս՝ ի պատիւ Ազգային հերոսի…

– Պատերազմի ժամանակ Մոնթէն եկաւ Արցախ, ինքն իրեն կոչեց Աւետիս ու յաղթեց: Իմ տղան Ազգային հերոսի երկրորդ անունն է կրելու:

Մի զարմանալի բան ասեմ. ես երազ եմ տեսել. մայրս ինձ ճանապարհ է ցոյց տուել, ասել է, որ այս երեխան իւրայատուկ է լինելու: Եւ ես այս երազը վերագրում եմ նրան, որ իմ ապագայ փոքրիկն ու իր սերունդն, իրօք, իւրայատուկ են լինելու եւ հայ ժողովրդին լուսաւոր ճանապարհով են տանելու, դառնալու են մեր նոր կեանքի սկիզբը:

…Մանկուց պայքարի մէջ եմ: Ինձ ուժ է տալիս իմ քեռու անկոտրուն կերպարը:

Ինքը ինձ համար մի մեծ սրբութիւն է, հպարտութիւն: Ես տղայիս՝ Ներսէսիս միշտ ասում եմ, եթէ այնպէս չապրեցիր, որ այդ անունին արժանի լինես, փոխելու եմ անունդ:

Հաստատ մեր ցեղում Ներսէս քեռուցս յետոյ մենակ ես եմ, որ մի քիչ ծուռ եմ: Նրա թողած գաղափարներն առաջնային տեղ ունեն իմ կեանքում: Այսօր մեզնից է կախուած մեր երեխաների վաղուայ ապագան:

Բայց, ինչպէս դուք ասացիք, այդ հոգով պիտի ծնուեն: Արցախցիներն անկոտրում են:

Գիտեմ, որ չեն կոտրուելու, մինչեւ վերջ գնալու են: Աղօթում եմ, որ Աստուած հային խոհեմութիւն տայ: Վստահ եմ, եթէ հայը ոտքի կանգնեց եւ միաբանուեց, անպարտելի է լինելու…

Հայի ոգին ոչ մի ազգ չունի… Մեր փրկութիւնը միասնութեան մէջ է: Եթէ իրարից բաժան-բաժան եղած մնանք, կ’ոչնչանանք,- սրանք արցախցի հայուհու, մայրիկի խօսքեր են, որոնք լսելով ակամայ մտաբերում եմ Յովհաննէս Շիրազի տողերը.

«Բռունցքուելն է յաւերժութիւնն Հայաստանի»,- ահա շիրազեան պատգամը աշխարհացրիւ հայութեանը:

– Ո՞րն է այն գաղափարը, որի շուրջ պիտի այսօր միաբանուի աշխարհի հայութիւնը, մանաւանդ, այսօրուայ այնպիսի աշխարհում, երբ մենք պատմութեան ընթացքում բազմիցս մենակ մնացինք մեր տառապանքի մէջ: Այդպէս է եւ այսօր:

Եւ Լիանա Ոսկանեանի պատասխանում հայի նուիրական իղձերն են ամփոփուած, որտեղ նորից տեսնում եմ այն զարմանալի ոգին, որ  դեռ պիտի արթնանայ մէջ, եւ մենք կարողանանք պահպանել մեր երկիրը…

– Մեզ կը փրկի միայն միասնութիւնը, Արցախը պիտի միանայ Հայաստանին… երբ ընտանիքիդ որեւէ անդամի հետ մի վատ բան է լինում, այդ  ուրիշի սիրտը չի ցաւում, այլ քո՛նն է վառւում… Հայը հային չմիացաւ, վերջը կործանումն է:

Աշխարհի պատմութեան մէջ հայը պիտի մնայ հին հերոս ազգ, ոչ թէ վախկոտ ու իր հայրենիքը կորցրած, վաճառած հին ազգ:

Դժուար կը լինի համախմբելը: Բայց իմ պայքարը որպէս արցախցի ու մայր՝ իմ հայրենիքում ապրելն է: Մեր հայրերը, մեզ հայրենիք են նուիրել, երազում եմ, որ երեխաներս էլ իմանան՝ ինչ է հայրենիքը: Գիտեմ, պայքարը շատ դժուար է լինելու: Բայց տեսնելու ենք յաղթանակը:

Կը տեսնենք, որովհետեւ գիտեմ, որ մեր Աստուածը կենդանի Աստուածն է, այս ամէնը փորձութիւններ են սթափուելու եւ համախմբուելու համար: Մենք մենակ ենք: Բայց, երբ մենակ ես մնում, պիտի յոյսդ քո վրայ դնես ու գործես:

Պատրաստեց Յասմիկ Պօղոսեանը

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.