Անցաւ մէկ տարի․․․ Արցախեան 44-օրեայ պատերազմը` թիւերով

Այսօր լրանում է Արցախեան երկրորդ, 44-օրեայ պատերազմի սկզբի առաջին տարին։          Մէկ տարին անչափ քիչ ժամանակ է պատերազմից ստացած վէրքերը բուժելու, նոյնիսկ հասկանալու համար, թէ ինչ ու ինչպէս կատարուեց։

Sputnik Արմենիան ներկայացնում է ինֆոգրաֆիկա հայ ժողովրդի հետ վերջին դարում պատահած ամենամեծ աղէտի մասին։ Այս թիւերը պարզապէս թուանշաններ չեն։ Նրանցից ամէն մէկի ետևում պատմութիւն է՝ հերոսութեան և կամքի, անզորութեան և անվերադարձելիութեան։ 7 շաբաթից մի փոքր քիչ ժամանակահատուածում մենք ունեցանք 3777 մարդու կորուստ, որոնցից 75-ը քաղաքացիական անձինք էին։ Այս թիւերը կարող են աճել, եթէ 243 անհետ կորածները չգտնուեն ոչ Պաքուի բանտերում, ոչ էլ հրաշքով փրկուած։

Ունեցանք շուրջ 11 հազար վիրաւոր։ Ադրբեջանում շարունակում են պահուել 80 գերիներ, մի մասը՝ արդէն դատապարտուած կալանքի։ Ռուսաստանի, նաև Վրաստանի միջնորդութեամբ գերութիւնից առայսօր վերադարձել է 105 մարդ։ Տարածքային կորուստները նոյնպէս քիչ չեն, և ինչպէս 1920-ին, 2020-ին էլ հայ ժողովուրդը իր համար շատ կենսական տարածքներ կորցրեց ոչ թէ մարտի դաշտում, այլ թղթերի վրայ՝ նոյնպիսի պայմանագիր չդարձած յայտարարութիւնների հետևանքով։

Անմիջապէս պատերազմի ընթացքում մենք կորցրինք Մարտակերտի Թալիշ և Մատաղիս գիւղերը, որոնք 2016-ի ապրիլեան պատերազմի ժամանակ նոյնպէս ենթարկուել էին կատաղի յարձակման, սակայն անառիկ էին մնացել։ Ադրբեջանը մարտական գործողութիւնների հետևանքով է նուաճել նաև Հադրութի շրջանը, Կովսականը (Զանգելան), Սանասարը (Կուբաթլու), Շուշին (վերջինիս՝ կռուի հետևանքով ընկնելը, թերևս մինչ օրս կասկածի տեղիք է տալիս)։

Արդէն նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան հետևանքով Հայաստանը կորցրեց Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի շրջանների որոշ հատուածներ, Շահումեան և Քաշաթաղ շրջանները՝ ամբողջութեամբ (բացառութիւն դարձան այն գիւղերը, որոնք Լաչինի 5-քմ.անոց միջանցքի վրայ են տեղակայուած)։

Այսօր այս մարդկային և տարածքային կորուստները միայն սգալու օր չէ, քանի որ «սուգը յաւերժ է, եթէ չկայ պայքար»։

armeniasputnik.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.