Շարժումը շարունակում է իր պայքարը․ Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը վստահեցնում է` «Դիմադրութիւն» շարժումը շարունակում է իր պայքարը: Յուլիսի 26-ին «Ազատութեան» «Ֆեյսբուքեան ասուլիսի» շրջանակներում նա ասաց, որ սեպտեմբերից աւելի լայն ծաւալով ու նոր շնչով կը մտնեն պայքարի մէջ, յաւելեց` ոչ մի բան չեն տապալել:

Ստորև ներկայացնում ենք հատուածներ ասուլիսից.

«Առաջիկա հանրահաւաքին մենք կը խօսենք մեր յառաջիկայ անելիքներից»

«Շարժումը շարունակում է իր պայքարը: Ես այս շարժման և զինուորն եմ, և առջևից քայլողը, ես և իմ ընկերները, սա որևէ մէկի շարժումը չէ: Շարժումն այս շրջանում նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքների փուլում է, յառաջիկայ հանրահաւաքին մենք կը խօսենք մեր յառաջիկայ անելիքներից և կ՚ամփոփենք այս անցած ճանապարհը:

Շարժումը շարունակուելու է: Մենակ մնացողները մենակ կը մնան, բայց հաստատ մենք դրա մէջ չենք», – ասաց պատգամաւորը` ի պատասխան հարցին, թէ ինքը, ինչպէս երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը որակել էր` ընդդիմութեան առաջնորդ, մնա՞ց մենակ:

«Ամէն մեկն ինքն է որոշում իր ծրագրերը, անելիքները»

«Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանի հետ, ով վայր դրեց մանդատը, ըստ Սաղաթելեանի` լաւ յարաբերութիւններ ունեն, սակայն քաղաքական տարբեր մարտավարութիւններ են ընտրել:

«Ես գնահատում եմ մեր անցած ճանապարհը: Ամեն մէկն ինքն է որոշում իր ծրագրերը, անելիքները, այս չարիքի կառավարութեան դէմ պայքարի իր մեթոդները և մարտավարութիւնը: Արթուր Վանեցեանը հրապարակային խօսել է այդ մասին, մենք հիմա էլ լաւ յարաբերութիւնների մէջ ենք, շփւում ենք, բայց քաղաքական գործունէութեան և այս իշխանութիւնների դէմ պայքարի մարտավարութիւնն ինքն ընտրել է այդպես և դրա բացատրութիւնը տուել», – նշեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութեան անդամը:

«Ոչ մի բան չենք տապալել, հսկայական ձեռքբերումներ ունենք»

«Եթէ մենք չպայքարենք այս իշխանութեան դեմ, և այսօրուայ ընդդիմութիւնը չլինէր, այս իշխանութիւնը լինելու էր աւելի սանձարձակ, եթէ մէկը կայ, որ կարող է աւելի արդիւնաւէտ պայքարել այս չարիքի կառավարութան դէմ, հանրապետութեան բոլոր հրապարակներն ու փողոցներն ազատ են, իսկ եթէ մեզանից աւելի արդիւնաւէտ պայքարեն, գնալու ենք, միանանք իրենց», – Իշխան Սաղաթելեանն արձագանգեց:

«Ոչ մի բան չենք տապալել, հսկայական ձեռքբերումներ ունենք», – նշեց նա` աւելցնելով. «Ակնյայտ է, որ շարժումը առնուազն մեր ուղերձը տեղ է հասցրել` որ Նիկոլը չունի մանդատ` երկրի կողմից բանակցութիւններ վարելու, և հայ ժողովուրդը պատրաստ չէ որևէ նոր կապիտուլիացիայի»:

Հարցին, թէ ինչ տարաձայնութիւններ կան ընդդիմութեան թևերի միջև Իշխան Սաղաթելեանն ասաց. «Լուրջ և էական տարաձայնութիւն այս պահին չկայ, ամեն դէպքում շարժման մաս կազմող այն ուժերը, որոնք այս պահին կան և գոյութիւն ունեն:

Մի տեղ, որ կան բազմաթիւ քաղաքական ուժեր, նպատակին հասնելու շուրջ տարաձայնութիւն չկայ, կայ մարտավարութեան, այսինքն` ոչ թէ տարաձայնութիւն, այլ տարբեր տեսակէտներ ու քննարկումներ, եթէ լինէր տարաձայնութիւն, կը դրսևորուէր ինչ-որ կերպ: Կան տարբեր կարծիքներ ու քննարկումներ»:

Մանրամասները՝ տեսանիւթում՝

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.