Ինչի՞ մասին են պատմում Գէորգ Չաւուշի տան պատերը

 

Սոֆիա Յակոբեան

Սասունի ամենագեղեցիկ, ամենատպաւորիչ գիւղերից մէկն է Մկտենքը: Տեղի արաբ եւ քիւրտ բնակիչները սովորութեան համաձայն ծամծմում ու լղոզում են հայկական հին անուանումներն ու Մկտենքին էլ ասում են Միթինգ: Չզարմանաք, երբ ձեզ ասեն. «Նոր անունը Գիւրգենլի է, բայց մենք արաբերէն Միթինգ ենք ասում», եւ երբ հարցնէք, թէ ի՞նչ է նշանակում Միթինգ արաբերէնով` փոքր երեխայի պէս սկսեն թարթել աչքերը:

Դէպի Սասուն հերթական ճամբորդութեան ամենավերջին կանգառն է Մկտենքը, նոյն ինքը` Գէորգ Չաւուշի ծննդավայրը: Նախապէս երկար ու ձիգ ամիսների ընթացքում Մկտենքը «հետախուզած» մեր ընկերները դեռեւս Մայիսին էին աչքալուսանքով զանգ տուել. «Չաւուշի տունը կանգուն է, արի»:

Վերջին օրը Մարաթուկի ստորոտին գտնուող եայլայի վրանում նախաճաշելիս դեռ պէտք է լսենք հայ Խմլօ տատի նախատանքը, որը մեզ խստիւ արգելել է Մկտենք գնալ` ամբողջ գիշերուայ ընթացքում պատմելով Մկտենքի մահմետականների առանձայատուկ վայրենութեան ու անխղճութեան մասին: Վերջապէս երբ Խմլօ տատն ու ամբողջ եայլայի հայերը համոզւում են, որ մենք իջնում ենք Սասունի շրջկենտրոն ուղղակի ավելի մեծ ճամբորդական պայուսակ գնելու, զինւում ենք տեսախցիկներով ու նստում «ներքեւ» գնացող առաջին պատահած մեքենան: Քանի որ արդէն հասկացել ենք, որ Սասունում որոշողը միայն ուժն է ու մինչ օրս իր ազդեցութիւնը չկորցարած ֆէոդալական համակարգը, առաջինը կանգ ենք առնում Սասունի ամենահեղինակաւոր արաբական ցեղերից մէկին պատկանող գիւղապետի տան դիմաց, ում երկար համոզելու կարիք չի լինում` նա մեզ կ’ուղեկցի Մկտենք , եւ ինչպէս վերջինս ասաց` ոչ ոք մեր մազին չի դիպչի:

Այսուհետ կանգառ չկայ: Գլորւում ենք ուղիղ դէպի Խաբլջոզի շրջան, սակայն, թող ների մեզ Խմլօ տատիկը, շրջկենտրոն չհասած թեքւում ենք ուղիղ դէպի Մկտենք տանող ոլորապտոյտ ճանապարհը:

Մկտենքի բնակիչները, որոնք պատկանում են Կենդօ աշիրէթին, այստեղ են հասատվուել հենց ցեղասպանութեան տարիներին: Յստակ յայտնի չէ, թէ ո՛ր կողմից է բերուել այս արիւնարբու աշիրէթը եւ, առհասարակ, յայտնի չէ արա՞բ են, թէ՞ քիւրտ, մի խօսքով` թուրքի ասած «աջն ու ձախը անյայտ մարդիկ»: Բայց դա միայն առաջին հայեացքից: Սասունում խօսակցութեան միայն սկզբում են իրենց դնում անտեղեակ մարդու տեղ եւ թէյի սեղանի շուրջ նարտի խաղալիս հնարաւոր է բացել ամենափոշոտ ու անհաւանական գաղտնիքները: Մանաւանդ, որ հայկական անցեալն այստեղ, այսպէս կամ այնպէս, չի շրջանցել ոչ մի ընտանիքի, եւ 101 տարի շարունակ խօսելու կարօտ մնացած ցեղասպանուածներն ու ցեղասպանողները առիթ են փնտռում ինչ-որ մէկի հետ ցաւը կամ անէծքի վախը կիսելու:

Մենք, ի հարկէ, հենց այդ խօսակցութիւններից նաեւ լաւ գիտենք, որ «կենդոները’’ պարկեշտութեամբ ու ազնուութեամբ չեն փայլում ամբողջ Սասունում: Եւ այդ մասին միշտ ու ամէն առիթի պնդում են հենց նրանց ցեղակից քրտերը:

Այո, թէեւ կենդոները ներկայանում են որպէս արաբ եւ գործածում Սասունի արաբերէնի բարբառը, այս աշիրէթի դեռեւս 80 տարի առաջ քրտական ապստամբութիւններին մասնակցելը յայտնի փաստ է Սասունում:

Սասունում 1915թ.-ին հայկական կոտորածներին մասնակցած, կամ աւելի ճիշդ` հենց այս կոտորածների շնորհիւ Սասունում հաստատուած քրտական Կենդօ աշիրէթին հայերից խլուած աւարը բաւարարեց միայն 15-20 տարի, այնուհետեւ, երբ վերջիններս գլխի ընկան, որ իրենց կերկարող հայեր այլեւս չեն մնացել, դիմեցին հին բարեկամին` թուրքական պետութեանը, որն այս անգամ արձագանգեց մօտաւորապէս այսպէս. «Եղունգ ունէք, գլուխներդ քորէք»: Կեավուր ու հարամ հայերի պէս աշխատելու, ցանելու ու հնձելու ժամանակ չունէին այս քաջերը եւ, ի վերջոյ, 1937 թ.-ին ապստամբեցին: Զինվուած արիւնալի պայքարը, սակայն, ապարդիւն անցաւ եւ կենդոները միւս ապստամբ ցեղախմբերի հետ միասին աքսորուեցին Սասունից: Չգիտես չարախնդաս, տխրես, թէ ուղղակի բազմանշանակ լռես, երբ Կենդօ աշիրէթի ամենագեղեցիկ աղջիկը` նոյն ինքը իմ ընկերուհի Ջանսուն պատմում է, թէ ինչպէ՛ս են իրենց աշիրէթի կանայք աքսորի ճանապարհին գանցքների վակոններում երեսներին մուր ու կովի թրիք քսել, որպէսզի ուշադրութիւն չգրաւեն, եւ թուրք զինուորների կողմից չբռնաբարուեն: Ի դէպ` այդ նոյն Ջանսուի հասցէին բարկանալիս միայն մէկ հայհոյանք եմ օգտագործում. «Այ Կենդօ»: Պատասխանը մէկն է լինում. «Ինձ այդպէս մի ասա, տատիկս հայ է, ես ձեր պէս եմ, ես դրանց նման չեմ»:

Թուրքիայի արեւմուտքում անցակցրած աքսորից յետոյ կենդօների մեծ մասը նախընտրեց օգտուել պետութեան համաներումից եւ վերադարձան Սասուն: Սակայն այս անգամ վերջիններս սկսեցին իւրացնել արաբերենի տեղական բարբառն ու Սասունի ապստամբութիւնից յետոյ այստեղ սկիզբ առած արաբական ազդեցութիւնը, որն ապստամբութեան ճնշումից յետոյ աճում էր քրտական ազդեցութեան խորտակմանը զուգահեռ: Արաբախօս դարձած կենդօները բազմաթիւ քրտական աշիրէթների պէս ապստամբի կարգավիճակից անցան իշխանամէտ ու իշխանապաշտ դիրքի եւ աւելին` այսօր Սասունում հանդիսանում են ամենահզօր հակաքրտական ուժերից մէկը: Աւելի շատ հենց նրանց, այլ ոչ թէ թուրք զինուորների ձեռքով են 1980-90-ականներին Սասունի սարերում փռուել քիւրտ գրոհայինների դիակները եւ հենց նրանց տան ցանկապատերի վրայ ու ֆէյսպուքի էջերում է ամենաշատը երեւում թուրքական դրօշակը:

Այնպէս ստացուեց, որ Մկտենք մենք ժամանեցինք Սասունի Կուսգետ գիւղում ծնուած հայերից մէկի` Արթինի հետ, ով մեքենայից իջնելուց յետոյ ժամեր շարունակ կանգնած նայում էր Մկտենքի գեղեցիկ, քարաշէն, հիմնականում երկյարկանի հայկական տներին ու դրանց շուրջ վազող արաբախօս մանուկներին: Եւ ես գիտէի, թէ ինչո՛ւ: Կուսգետը, ուր ծնուել էր մեր ընկերը եւ, որը գտնւում է Սասունի մէկ այլ` Հազզօ շրջանում, գաւառի ամենաանառիկ ու բարձրադիր գիւղերից մէկն է: Այն բնական փակ ամրոց էր բազմաթիւ հայ որբերի համար, որոնք յաճախ գիշերում էին Կուսգետի դիմացի ժայռերում, իսկ քրտական ու արաբական աշիրէթների ներսում գերութիւնից փրկուելուց յետոյ ոմանք փոքրիկ, մութ ու խարխուլ հողէ տնակներն էին շինում իրենց անփորձ ձեռքերով: Ձեռքեր, որոնք շատ բան չէին կարող սովորած լինել իրենց գլխին կանգնած քիւրտ աղաներից, ում տանը ստրուկ էին որբանալուց ի վեր կամ ծնուած օրուանից ի վեր: Այս հայերը Սասունի քարքարոտ այդ հատուածում գըլգըլ ու ցորեն էին ցանում, ամրանը այծեր արածացնում լեռներում, իսկ աշնանը բեռնակրութեամբ գումար վաստակում ընկնելով տնէտուն, գիւղէգիւղ` նեղլիկ ու քարքարոտ ճանապարներին կորցնելով մի ամբողջ մանկութիւն:
Մինչդեռ կանաչապատ, լայն լուսաւոր ճանապարհներով ու հայերից մնացած երկյարկանի տներով Մկտենքում անգամ նմոյշի համար մէկ գէթ հայ չէր մնացել: Իսկապէս չկար:
Գուցէ մինչեւ գիւղ հասնելու պահը ինչ-որ թաքուն յոյս ունէինք, բայց չէ, չկային: Գեղեցիկ, խնձորի ծառերով, ելակի թփուտներով ու խաղողի վազերով հարուստ այգիները, դրանց գլխին կանգնած բաց գոյնի քարով շարուած հին տները նայում էին մեզ, մենք նրանց:

Գէորգ Չաւուշի անունն ու տան տեղն այստեղ գիտեն բոլոր գիւղացիները:
Տան մէջ որոշ ժամանակ ապրել է մի քիւրտ ընտանիք, այնուհետեւ անյայտ, անհասկանալի ու խնամքով թաքցուող պատճառներից ելնելով լքել են տունը: Սակայն մինչեւ դուրս գալը հասցրել են կառուցել երկրորդ յարկը: Ինչո՞վ կարողացել կառուցել են. անտաշ քարով, տեղ-տեղ պատմական կոթողների քարերով: Տան առաջին յարկը, որտեղ էլ ժամանակին ապրել է Չաւուշը, կիսով չափ արդէն ընկղմուել է հողի մէջ: Ետեւի հատուածում գոմն է, որի պատին նկատելի է Գէորգ Չաւուշի ձիու կայանատեղին, որտեղից Չաւուշը կապել է իր ձին:

Տան մուտքն անդուռ է, դիմացի հատուածը փոքրիկ պատշգամբի տեսքով բաց է մնացել:
Ինչպէս ամբողջ Թուրքիայում, այնպէս էլ այս փոքրիկ գիւղում ցեղասպանների թոռնիկներն ունեն պատմութեան իրենց` լաւ մշակուած տարբերակը: Բայց այդ տարբերակը յօրինելու համար իրենք չեն իրենց նեղութիւն տուել, այդ հարցերն այստեղ լուծում է ամենակարող պետութիւնը` դպրոցական դասագրքերի տեսքով: Չզարմանաք ու չնեղուէք, եթէ Մկտենքում ձեզ ամենայն լրջութեամբ, իսկ երբեմն էլ ժպիտով պատմեն, որ Գէորգ Չաւուշի տան մօտակայքում թաղուած է 7 քլկ. քաշով ոսկեայ պարգեւ, որը «Գէորգ աղան» ստացել էր ռուսներից եւ այդ ոսկին անպայման պէտք է գտնել: Այդ իսկ պատճառով հայերի այցելութիւններն այստեղ ընդունւում են մեծ խանդավառութեամբ, ոգեւորուածութեամբ ու սպասումներով: Իւրաքանչիւր մէկը, ով իրեն մարդասէր է համարում, երեւի այդ պահին կը տխրի ոչ թէ նրա համար, որ իր աչքերի մէջ նայելով տգեղագոյն սուտ են ասում, այլ նրա համար, որ այդ սոված աչքերով ու մէկ դար շարունակ ինքնաբաութեան, կշտանալու ու իր ոտքի տակի հողի արժէքը հասկանալու բանաձեւը չգտած այս մարդիկ իրապէս հաւատում են իրենց ասածին ու համոզուած են, որ իրենց արածը բնական է ու արդարացուած: Իրականում պէտք է, որ ափսոսամ խօսքերս ու զգացումներս դասական դարձած այս խօսակցութիւնների մասին գրելու համար, մանաւանդ, որ ասելիքս ու խորհուրդս մէկը պէտք է լինի. այս մարդկանց Գէորգ Չաւուշի` 7 քլկ.-նոց ոսկէ պարգեւ ու ռուսների հետ ընդհանուր ոչինչ չունենալու, ցեղասպանութեան, մեղքի, անցեալի ազդեցութեան, խղճի, մարդկային արժէքների մասին խօսելու վրայ ոչ ժամանակ, ոչ էներկիա մի վատնէք: Մի արէք:

Մի քանի տէրեր ու ինքնութիւններ փոխած այս աշիրէթի` Մկտենքում հասատուելու տարիներին այստեղ դեռ ծխում էին երկու հայ ընտանիքների տներ: Դրանք միակն էին, որոնք յաջողացրել էին ողջ մնալ եւ գոյատեւել ցեղասպանութիւնից յետոյ: Սակայն մի քանի տարի անց կենդօները գաղթեցրեցին այս երկու ընտանիքին նոյնպէս: Ֆիզիքական գոյութեան մշտական սպառնալիքի տակ ապրելը յատկապէս բարդ էր, երբ այս հայկական ընտանիքները յաջողացրեցին ոտքի ելնել, ամուսնանալ, բազմանալ, կառուցել ու շէնացնել նորից: Այն պահին, երբ հասկացան, որ իրենց ֆիզիքական գոյութիւնն այստեղ չեն հանդուրժելու, Մկտենքի վերջին երկու հայկական ընտանքիները ճարահատեալ դուրս եկան գիւղից, սակայն հեռու չհասան, հաստատուեցին ընդամէնը երկու գիւղ այն կողմ գտնուող Բըքսէում, որտեղ էլ ապրում են մինչ օրս:

Բըքսէում պատմում են, որ ընտանքիներից մէկի մայրը հենց Չաւուշի զարմուհիներից մէկն է, որի հայկական անունն իմացող սերունդը, սակայն, արդէն կենդանի չէ, իսկ մահմետականացուելուց յետոյ փոխուած անունը Ֆերիտէ է եղել:

Ճակատագրի հեգնա՞նք էր արդեօք, որ Սթանպուլում 4 տարի շարունակ ճանաչածս սասունցին պէտք է պարզուէր հենց այս երկու ընտանքիներից մէկի զաւակը:

– Ի՞նչ կայ չկայ Սոֆօ:

– Հեչ, Մկտենքի նկարներն եմ ներբեռնում:

– Հա՜, պապիկիս գիւղը:

– Չհասկացայ, դուք բըքսեցի չէի՞ք:

– Է հա՜, բայց Մկտենքից ենք եկել:

– Հմմմ, գիտես չէ՞ Գէորգ Չաւուշի գիւղն է (տրամադրուած յառաջիկայ րոպէներին պատմութեան դաս տալ ընկերոջս):

-Հահա՛, ինչպէ՞ս չգիտեմ, մեր ազգականն է:

Մօտաւորապէս այսպէս ու հենց այս խօսակցութիւնից յետոյ սկսուեց Չաւուշի տան հետքերով արշաւս:

Չաւուշի տան նշանակութիւնն ինձ համար աւելի ուշ պէտք է կարողանայի արտահայտէի: Հենց այն ժամանակ, երբ Սասունի հայերի մասին «Հայերէն չըմ գինը» ֆիլմիս մոնտաժի ընթացքում յարմար տեսարան էի փնտռում Սասունի մէկ այլ` Փշուտ գիւղում ծնուած Լուսին անունով երիտասարդ հայ կնոջ պատմածների ներքոյ տեղադրելու համար: 4 տարեկանում Սթանպուլ տեղափոխուած Լուսինն այսպիսի մի բան ասաց իրենց գիւղի եւ տան ճակատագրի մասին. «Հայրիկս մայրիկս Սասուն գացին, մայրիկս շատ գէշ եղաւ, շատ-շատ գէշ եղաւ: Հարկաւ, տեսաւ իր տունը, մէկը չկար, կանաչութիւն չկար… Ամէնը չորցել էր: Բոլոր այդ ծառերը հիմա չկան, ամէնը չորցան, հողերը չորցան»:

Լուսինին լսելու ամբողջ ընթացքում Չաւուշի դատարկ տունն է աչքիս առաջ: Դատարկ պատերը, տան վրայ խոնարհուած թթենին, կիսատ ցանկապատը, այգու անուան տակ մեր տեսած շէկ հողն ու տան ներսում ոսկի գտնելու նպատակով փորուած փոսերը:

Հենց դա էլ տեղադրեցինք Լուսինի խօսքերի ներքոյ: Ֆիլմում հենց Չաւուշի տունն է:
Դա հենց այն, ամէն մէկիս երազած «Էրկրի» դատարկ տունն էր, ամբողջ հայութեան Արեւմտեան Հայաստանի այն անդուռ տունը, որն այցելելը երեւի գրուել է մի հազար կտակների մէջ, յիշատակուել հարիւր հազար երգերի մէջ ու միլիոնից աւել բոցաշունչ հայրենասիրական ելոյթներում:

Եւ հենց այդ կիսախոնարհուած տան դիմաց կանգնած ժամանակ գիտակցում ես, թէ որքան փոքր, որքան աննշան են այս ամէնի առաջ ցեղասպանութեան մասին մեր վանկարկումները: Որովհետեւ որքան էլ կուրծք ծեծենք, որքան էլ բղաւենք ու ամբողջ կոկորդով Էրկրի մասին երգեր երգենք` մենք ունակ չենք ամբողջութեամբ գիտակցելու այս երեւոյթը, այս աղէտը, այս կորուստը, այս դասը: Դա իրապէս ծանօթ է միայն Սթանպուլի շուկաներում գնած քաղցր սուճուխի մէջ ամէն անգամ Սասունի քաղցր սուճուխի համը փնտռող Լուսինին ու Բըքսէում իր գառներին արածացնելիս միշտ Մկտենքի դիմացի բլրին նստող ու Չաւուշի տանը նայող Յակոբը: Երկու գիւղ այն կողմ ապրող ու իր սիրելի Մկտենքին այդպէս էլ չմօտեցած Յակոբը: Կամ Չաւուշի տնից ոչ շատ հեռու, ինչ-որ ժայռերում ապաստանած հայ մանուկները, որոնք ցերեկը ցեխից տուն էին շինում, իսկ երեկոյեան նորից կծկւում խոնաւ քարանձաւում: Չաւուշի տանից մի քանի տասնեակ քլմ. այն կողմ: Նրանք են հասկանում ցեղասպանութեան ամբողջ աղմուկը 100 տարուայ լռութեան մէջ: Իսկ նրանց ունակ են հասկանալ միայն Արեւմտեան Հայստանի ճանապարհներին անգերեզման 1.5 միլիոն մեռելները, այսինքն` ոչ ոք:

Գուցէ ամենամեծ բանը, որ կարող ենք ու պէտք է անենք` հենց այն Լուսիններին, Արթիններին ու Յակոբներին լսելն է, ուղղակի լսելը: Որովհետեւ միայն նրանց բերանով կարող են խօսել Չաւուշի ու, առհասարակ, Էրկրի բոլոր լքուած տների դատարկ պատերը:

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.