Իմ գեղեցիկ, ջերմ, լուսահոգի Կ. Պոլիսը

 

Սոֆիա Յակոբեան

Մեր Կ. Պոլիսը սպաննեցին, հոգեպէս տանջամահ արեցին դանդաղ ու առանց շտապելու, իսկ վերջում դիակը մեր առաջ փռեցին: 

Թաքսիմի մասին հաւանաբար լսել էք լուրերով սթանպուլեան որեւէ հանրահաւաքի, վերջերս նաեւ` ահաբեկչութեան մասին ռեպորտաժ դիտելիս:
Թաքսիմը յոյների ու նաեւ հայերի համար միշտ աւելին է եղել քան 6 տառից բաղկացած յատուկ անուն: Թաքսիմը Կ. Պոլսի յոյն ու հայ համայնքների համար ոչ թէ մի քանի, այլ տասնեակ սերունդների պատմութիւնն է, Թաքսիմը ապրելակերպ էր, հոգեվիճակ:

Բէյօղուն, Թաքսիմը, Իսթիքլալը հիւծուեցին, արնքամ եղան, սպանուեցին դանդաղ ու ամենատանջալից մահով, որը կարելի էր պատկերացնել: Անգամ գիտակցելով, որ այդ մահը այդ երկրի համար աւանդական, հերթական մի մահ է իրականում, միեւնոյնն է, մենք՝ Կ. Պոլսի յոյների ու հայերի թոռնիկներս սգում ենք Թաքսիմի մահը ծանր հոգոցներով, սրտի կսկիծով ու անասելի դառնութեամբ, որն այս օրերին կանգնել է բոլորիս կոկորդին:

Թաքսիմն ու Իսթիքլալի պողոտան կենդանի ու լուսաւոր էին դեռեւս մայրիկիս տատիկի, պապիկի յիշողութիւններում, երբ Պոլսի բնակիչները իրենց արդուզարդով զարմացնում էին եւրոպացիներին անգամ, իսկ Թաքսիմում միախառնւում էր յոյների աղացած սուրճի ու հայերի տապակած լեպլեպիի հոտը, ի դէպ՝ «թուրք» բառն այդ ժամանակ օգտագործւում էր որպէս «գիւղացի» բառի հոմանիշ:

Իսկ յետոյ արդէն մայրիկիս զարմիկները պիտի յիշէին Թաքսիմում անցկացած իրենց մանկութեան ամէն մի օրը, այնտեղի փարթամ ու կանաչ այգիները, Բէյօղլուի վրայ իրար կողք շարուած Անեստիս քեռու ու Ստեփան հօրեղբօր կօշիկի «դուքիաններ»-ը ու աղաւնիներին կերակրելու համար ամէն օր սիմիթ գողացող հրեայ տղային: Բայց այդ ամէնը իրար պիտի պատմէին արդէն թուրքերէնով:

Սթանպուլի սիրտը՝ Թաքսիմը, միայն երկրորդ համաշխարհայինից յետոյ սկսեց լցուել մահմետական տարրով: Հնարաւոր ռազմական գործողութիւնների կամ նահանջի դէպքում Կ. Պոլսի սրտում ունենալ թուրքական բանակը գրկաբաց ընդունող մահմետական զանգուած, դեռեւս երբ գերմանական զօրքը Յունաստան էր հասել. սա էր խնդիրը:

Բացի այդ` ինչո՞ւ այդ կեաւուրները պիտի ապրեն Բէյօղլուի նորոգուած բնակարաններում, ու «խմեն թուրք պետութեան արիւնը», իսկ թուրք ռամիկը ապրի հողէ տնակներում:
Սթանպուլի սրտում սկսեցին բնակութիւն հաստատել թուրքեր, չերքէզներ, յետագայում նաեւ քրտեր ու էլ ով ասես, բայց Թաքսիմն այլեւս երբեք առաջուանը չէր: Բայց տէ սովորութեան համաձայն պիտի ասէինք «Հոգ չէ, նոյն հողի զաւակն ենք, մի օր լաւ, մի օր վատ հարեւանութիւն անելով կ’ապրենք»: Գուցէ սովորութիւն էլ չէր, «անճարութիւն» էր, ընտրութիւն չունենալ էր, կամ նման մի բան:

Յետոյ այնպէս ստացուեց, որ այդ ոտաբոպիկ մահմետական հարեւանները չարշաֆը հանեցին ու կիսաշրջազգեստ հագան, գլխաշորի փոխարէն փետուրներով գլխարկ հագան, անգամ Զատկին Կիւլճան հանըմը սովոր էր այցելել տիկին Ալիսին՝ չէօրէկ համտեսելու ու հայ հարեւանուհու տօնը շնորհաւորելու համար: Տիկին Ալիսն էլ իր հերթին իրեն պարտաւոր էր համարում շնորհաւորել Կիւլճանին Ռամատանի տօնին, ու այդպէս շարունակ: Բայց Ալիսը չգիտէր, որ Կիւլճանն ամէն Զատկի տօնից յետոյ մէկ օր պաս էր պահում, որ Ալլահն իրեն ների, նրա համար, որ «կեաւուրի» հետ հաց է կիսել:

Իսկ յետոյ, 1955-ի Սեպտեմբերի 6-ի լոյս 7-ի գիշերը, երբ համատարած որսը կրկին բացուած յայտարարուեց, կեաւուրի ունեցուածքը արդէն «մաքուր էր», «հարամ» չէր, աւելին՝ «հալալ» էր: Ու ո՛չ փետրաւոր գլխարկները, ո՛չ էլ բարձրակրունկ կօշիկն ու եւրոպական կիսաշրջազգեստները չփրկեցին, երբ արթնացել էին Կիւլճանի, Հալիտէի, Զելիհայի հարեմական բնազդները:

Բէյօղլուն ծայրից ծայր ծածկուած էր թանկարժէք մետաքսով, կօշկեղէնով, կարի մեքենաներով, կոտրուած աթոռներով ու սեղաններով, որոնք դուրս էին թափուել քրիստոնեաների տների պատուհաններից, պատուհաններ, որոնց վրայ յաջորդ առաւօտ ծածանւում էր թուրքական դրօշը: Դրօշ, որը հայերն ու յոյներն իրենք էին կախել, քանի որ գիտէին՝ չսպաննուելու ու չթալանուելու միակ միջոցը պատուհանից դրօշ կախելն էր:

Ահա թէ ինչու Սթանպուլում մինչ օրս հայերի ու յոյների տան պատուհաններին թուրքական դրօշներ աւելի շատ են հանդիպում, քան թուրքերի տներում: Այո, այդ դրօշները 1955 թ.-ի Սեպտեմբերի 7-ից մինչ օրս կախուած են մնում:

Թաքսիմը այլեւս երբեք առաջուանը չդարձաւ:
Թուրքերին թւում էր, թէ այդ ամէնը կ’աւարտուի Բէյօղլուից հայերի, յոյների, հրեաների խանութների վերացումով, իսկ նրանցից մնացած ունեցուածքը պիտի երբեք չաւարտուէր:
Բայց Թաքսիմի սպիները ոչ թէ լաւանում, այլ գնալով շատանում էին:

Արդէն ես ու զարմիկներս Թաքսիմը տեսանք, երբ հոգեվարքի մէջ էր:
Վերջին 10-15 տարին այլ կերպ անուանել չեմ կարողանում:
Իսթիքլալ պողոտան դարձաւ պեթոնապատ անշունչ մի փողոց, Թաքսիմը շրջապատած ծառերը կտրուեցին, Գոլորիտային հին սրճարանները, որտեղ երբեմն դեռ կարելի էր հանդիպել Կ. Պոլսի հին բնակիչներին, փակուեցին կամ տեղափոխուեցին, խօսքը, զրոյցը, նարտու զառերի շըխկոցը… Թաքսիմի լեզուն կտրեցին:

Մեր Կ. Պոլիսը սպաննեցին, հոգեպէս տանջամահ արեցին դանդաղ ու առանց շտապելու, իսկ վերջում դիակը մեր առաջ փռեցին:
Իսկ վերջում ձեռք տուեցին ամենաանմեղներին՝ աղաւնիներին:
Ու պատահական չէր, որ Թաքսիմի ահաբեկչական պայթիւնից յետոյ ամբողջ հանրութեան հայեացքը սառեց դատարկ մանկական անւասայլակի ու երկու կողմից մահացած աղաւնիների փռուած մարմինները պատկերող լուսանկարի վրայ:

Յիշո՞ւմ էք Հրանդ Տինքի՝ աղաւնիների մասին գրած տողերը…
Տեսա՞ր Հրանդ, պարզւում է աղաւնիներին էլ են սպաննում այդ երկրում …

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.