«Հայապահպանութեան գործում նշանակալի աւանդի համար» համահայկական մրցանակաբաշխութիւն 2016

 

Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութիւնը Համաշխարհային հայկական քոնկրէսի եւ Ռուսաստանի հայերի միութեան հետ համատեղ շարունակում է «Հայապահպանութեան գործում նշանակալի աւանդի համար» ամէնամեայ մրցանակաբաշխութիւնը: Մրցանակաբաշխութեան նպատակն է խրախուսել սփիւռքում հայ ազգային ինքնութեան պահպանման ու զարգացման հարցում կազմակերպութիւնների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել եւ արժեւորել այս ուղղութեամբ հայկական համայնքների գործունէութիւնը: Մրցանակաբաշխութիւնն անցկացւում է համաձայն ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ Համաշխարհային հայկական քոնկրէսի եւ Ռուսաստանի հայերի միութեան 2014 թ. Ապրիլի 14-ի համագործակցութեան յուշագրի:

2016 թ. մրցանակաբաշխութեան անուանակարգերն են՝

1. «Մայրենիի պաշտպան» (անհատներ),

 2. «Լաւագոյն հայկական կրթօճախ» (ամէնօրեայ եւ մէկօրեայ դպրոցներ),

 3.«Սփիւռքեան լրատուամիջոցին՝ ՀՀ 25-ամեակին նուիրուած լաւագոյն հրապարակումների համար» (յօդուած, ակնարկ, սիւնակ, խմբագրական),

 4.«Սիրում եմ քե՛զ, ի՛մ Հայրենիք» մանկապատանեկան լաւագոյն ստեղծագործութիւնների մրցոյթ (նկար, քանդակ (բնօրինակ, էսքիզ կամ լուսանկար), ձեռարուեստի գործ, տիզայն, երգ, բանաստեղծութիւն, պատմուածք):

  

1.- «Մայրենիի պաշտպան» անուանակարգի մրցոյթի կազմակերպման նպատակն է՝ խրախուսել սփիւռքեան կառոյցներին եւ անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, հայեցի կրթութեան եւ դաստիարակութեան գործում: 2016 թ. «Մայրենիի պաշտպան» (անհատների համար) մրցոյթին կարող են մասնակցել սփիւռքի հայոց լեզուի ուսուցիչներ, լեզուաբաններ, մշակոյթի եւ գրական գործիչներ, բարեսիրական եւ հայկական կազմակերպութիւնների գործիչներ, ովքեր աջակցում են մայրենիի պահպանման, տարածման եւ հայապահպանական ծրագրերին:

 

2.- «Լաւագոյն հայկական կրթօճախ» անուանակարգով մրցոյթի նպատակն է խրախուսել սփիւռքում հայապահպանութեան, սերունդների հայեցի կրթութեան եւ դաստիարակութեան գործում հայկական դպրոցների գործունէութիւնը, կատարած աշխատանքները վերջին երեք տարում: «Լաւագոյն հայկական կրթօճախ» մրցոյթին կարող են մասնակցել սփիւռքում գործող հայկական կրթօճախները` ամէնօրեայ վարժարան, մէկօրեայ /կիրակնօրեայ/ դպրոց, դասընթաց, խումբ, խմբակ, որոնք բաւարարում են հետեւեալ չափանիշներին՝

  • Գրանցուած են կամ գործում են հայկական կառոյցներին կից (համայնքային, եկեղեցական, համահայկական, հայկական հասարակական կազմակերպութիւններին) որպէս ամէնօրեայ կրթօճախներ, մէկօրեայ (շաբաթօրեայ, կիրակնօրեայ) դպրոցներ, դասընթացներ, խմբեր, խմբակներ, նախադպրոցական, մասնագիտացուած կրթական հաստատութիւններ, տեղի բնակավայրերի տարբեր կրթական հաստատութիւններում, մանկապատանեկան կենտրոններում՝ համապատասխանաբար որպէս խմբակներ, ֆակուլտատիւ/կամ ընտրական պարապմունքներ:

Գործում են առնուազն երեք տարի:

  • Կրթօճախում դասաւանդւում են առնուազն հետեւեալ հայագիտական առարկաները` հայոց լեզու (արեւմտահայերէն եւ/կամ արեւելահայերէն), հայոց պատմութիւն եւ/կամ հայ եկեղեցու եւ մշակոյթի պատմութիւն:
  • Ներկայացնում են յայտադիմում-հարցաթերթիկը՝ ներկայացուած հարցաշարին համապատասխան եւ ուղարկում նախարարութեան համապատասխան ելեկտրոնային կամ փոստային հասցէներով:

 3.- «Սփիւռքեան լրատուամիջոցին՝ ՀՀ 25-ամեակին նուիրուած լաւագոյն հրապարակումների համար» (յօդուած, ակնարկ, սիւնակ, խմբագրական) մրցոյթի նպատակը լրատուամիջոցների՝ նշուած թեմայով լաւագոյն հրապարակումների գնահատումն է, դրանով իսկ՝ սփիւռքեան ԶԼՄ-երի աշխատանքների խրախուսումը:

Մրցոյթին կարող են մասնակցել

• Տպագիր լրատուամիջոցներ (թերթ, հանդէս)

• Հեռուստաալիք/հեռուստաժամ

• Ռատիոալիք/ռատիոժամ

• Համացանցային լրատուամիջոց

• Պլոգ:

՚՚Լրատուամիջոցները ներկայացնում են 2016 թ. հրապարակումները եւ գործունէութեան ամփոփագիրը, որը կարող է արտայայտուած լինել յօդուածաշարերի, հրապարակախօսական, վերլուծական նիւթերի, հարցազրոյցների, մշտական խորագրերի, ակնարկների, ֆոթօ-տեսանիւթերի, հաղորդումների, հաղորդաշարերի, ուղիղ եթերի, բանավէճերի, հեռուստա-ռատիո կամուրջների, հայկական երաժշտական ծրագրերի (դասական, հոգեւոր, ազգագրական, ժողովրդական) եւ լրատուամիջոցի կազմակերպչական այլ գործունէութեան (հանրային հանդիպումներ, կլոր սեղաններ, միջոցառումներ, ցոյցեր եւ այլն) միջոցով: Լրատուամիջոցի 2016 թ. գործունէութեան ամփոփագիրը ներկայացնելիս պէտք է մանրամասն թուարկել նիւթերի անուանումները, թեմաներն ու քանակը:

  

4.- «Սիրում եմ քեզ, ի՛մ Հայրենիք» մանկապատանեկան լաւագոյն ստեղծագործութիւնների մրցոյթը նպատակ ունի՝

– Նպաստել անկախ Հայրենիքի հանդէպ հայրենասիրական զգացումների, ազգային ինքնութեան, ազգային-պատմական եւ մշակութային գիտակցութեան, գեղագիտական, գեղարուեստական ընկալման ձեւաւորմանն ու զարգացմանը,

– Յայտնաբերել եւ խրախուսել սփիւռքում ապրող տաղանդաւոր հայ երեխաներին եւ պատանիներին:

Մրցոյթը կազմակերպւում է տարիքային երկու խմբի՝ մինչեւ 14 եւ 14-18 տարեկան երեխաների, պատանիների ու աղջիկների համար: Մասնակիցները կարող են ներկայացնել արուեստի տարբեր ոլորտներ ներկայացնող աշխատանքներ՝ կերպարուեստ՝ նկար, քանդակ (բնօրինակ, էսքիզ կամ լուսանկար), ձեռարուեստ, տիզայն, երգ, բանաստեղծութիւն, պատմուածք՝ անհատական եւ խմբային: Մրցութային աշխատանքների ընտրութեան չափանիշներն են` ստեղծագործութեան համապատասխանութիւնը թեմային, լսարանի վրայ յուզական ազդեցութիւնը, մտքի գեղարուեստական վերարտադրութիւնը, գեղարուեստական կատարման ստեղծագործական լուծումների ինքնատիպութիւնը:

Մրցոյթն անցկացւում է երկու փուլով.

1.Համայնքներում անցկացւում է մրցոյթի առաջին փուլը, որի արդիւնքում ընտրուած ստեղծագործութիւններն ուղարկւում են ՀՀ Սփիւռքի նախարարութիւն: 2.Երկրորդ փուլում Նախարարութեան կողմից ձեւաւորուած մրցութային յանձնախումբը աշխատանքների գնահատման արդիւնքում յայտարարում է մրցոյթի յաղթողներին: Երկրորդ փուլին ներկայացուած ստեղծագործութիւնները զուգահեռաբար տեղադրւում են «Հայերն այսօր» ելեկտրոնային թերթում եւ նախարարութեան կայքում, այնուհետեւ անցկացւում է ինթըրնէթ-քուէարկութիւն, որի արդիւնքները փոխանցւում են մրցութային յանձնախմբին եւ աւելացւում մասնակիցների հաւաքած միաւորներին:

Միւս աշխատանքների հեղինակները իրաւունք ունեն մրցոյթին մասնակցել մէկ ստեղծագործութեամբ` ձեռարուեստ, տիզայն, երգ, բանաստեղծութիւն, պատմուածք: Աշխատանքները ներկայացւում են ելեկտրոնային տարբերակով (Word ֆորմատով, վերին եւ ստորին լուսանցքները՝ 2, աջ եւ ձախ լուսանցքները՝ 2.5, տպատառի չափը՝ 14 pt, ինտերվալը՝ 1)։

 Երգը կամ երաժշտական ստեղծագործութիւնը ներկայացւում են տեսաերիզով, իսկ բանաստեղծութիւններն ու պատմուածքները թղթային տարբերակով կամ ելեկտրոնային։

 Ուղարկուած աշխատանքները չեն վերադարձւում: 

Կերպարուեստի՝ նկար, քանդակ (բնօրինակ, էսքիզ կամ լուսանկար), ձեռարուեստի, տիզայնի մրցոյթը կ’ամփոփուի երեւանեան ցուցասրահներից մէկում ներկայացուած աշխատանքների ցուցահանդէսի կազմակերպմամբ: 

Աշխատանքները կարող են ներկայացուել նաեւ անձամբ կամ ուղարկուել փոստով։ Տիտղոսաթերթի վրայ նշւում է՝

– Ազգանուն, անուն, հայրանուն

 – Ծննդեան թիւը

 – Հասցէ, հեռախօս

 – Ելեկտրոնային փոստի հասցէն

 – Ուսումնական հաստատութեան անուանումը, վայրը, հասցէն եւ հեռախօսահամարը

 -Ղեկավարի, ուսուցչի անուն, ազգանունը

 -Համայնքը /տարածաշրջանը/:

 2016 թ. իւրաքանչիւր անուանակարգի համար գործելու են մասնագիտական մրցութային յանձնաժողովներ:

 Բոլոր անուանակարգերով մրցութային յայտերը ներկայացնելու վերջնաժամկէտն է 2016 թ. Դեկտեմբերի 15-ը, որից յետոյ յայտեր չեն ընդունւում:

 Բոլոր անուանակարգերում մրցանակակիրներից կը պահանջուեն նաեւ պանքային տուեալներ (անուանում, հասցէ, SWIFT, հաշուեհամար), ինչպէս նաեւ անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատուութիւն մրցանակները փոխանցելու համար:

 «Հայապահպանութեան գործում ունեցած աւանդի համար» համահայկական ամէնամեայ մրցանակաբաշխութեան 2016 թ. յայտարարութիւնը, յայտերը, յետագայում` մրցութային յանձնաժողովների աշխատանքների, մրցոյթների արդիւնքների մասին տեղեկատուութիւնը տեղադրւում են ՀՀ Սփիւռքի կայքում` www.mindiaspora.am եւ նախարարութեան «Հայերն այսօր»՝ www.hayernaysor.am ելեկտրոնային թերթում:

Մրցոյթներին մասնակցել ցանկացողները մասնակցութեան յայտերը լրացնում եւ ներկայացնում են հետեւեալ հասցէով՝

Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութիւն` Հայաստանի Հանրապետութիւն, քաղ. Երեւան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Կամ ելեկտրոնային փոստով` ministry@mindiaspora.am;

gitakrtakan-diaspora@mail.ru, gitakrtakan.diaspora@yandex.com.

  Պատասխանատու՝ ՀՀ Սփիւռքի նախարարութեան

 

աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչութիւն

Հեռախօս՝ +374-10-585601(03)-700

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.