ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Սիրելի հայրենակիցներ,
Յուլիսի 29–ի երեկոյեան տեղի ունեցաւ այն, ինչը բացառելուն ուղղուած էին բազմաթիւ քաղաքական, հասարակական կազմակերպութիւնների, անհատների` երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդկանց խօսքն ու գործը:
Ցաւօք, ողջամտութեան ու հանդուրժողականութեան կոչերն ու յորդորները, խնդրի խաղաղ, բոլոր կողմերին եւ ամենակարեւորը` հասարակութեան ամենալայն զանգուածին բաւարարող լուծմանը բերող ջանքերը առայժմ ցանկալի արդիւնքի չեն հասել, երկխօսութեան փխրուն գործընթացը խանգարուեց: Մէկ կողմից հանրահաւաքի ու բողոքի մասնակիցներին այլ նպատակների համար օգտագործելուն ուղղուած որոշ անձանց ու շրջանակների սադրանքները, միւս կողմից` իրաւապահների անհամարժէք ու որոշ դէպքերում նոյնիսկ հակաօրինական գործողութիւնները յանգեցրին այսօրուայ իրողութեանը: Ոստիկանութեան կողմից առանձին դէպքերում անհամաչափ ուժ է կիրառուել ոչ միայն հանրահաւաքի ու երթի մասնակիցների, իրենց մասնագիտական գործունէութիւնն իրականացնող լրագրողների, այլեւ գործընթացի հետ որեւէ առնչութիւն չունեցող քաղաքացիների հանդէպ: Ցաւօք տեղ են գտել նաեւ թաղային հեղինակութիւնների եւ կրիմինալ տարրերի կողմից սադրանք հրահրելու եւ ցուցարարների հետ հաշուեյարդարի երեւոյթներ: Մենք խստօրէն դատապարտում ենք տեղի ունեցածը եւ անհրաժեշտ ենք համարում անյապաղ պատժել բոլոր մեղաւորներին:
Մէկ անգամ եւս հաստատում ենք. գործընթացները պէտք է տեղափոխուեն բացառապէս իրաւական, օրինական դաշտ, պէտք է բացառուեն բռնութեան ու նոր բախումների ցանկացած դրսեւորում: Պէտք է հրաժարուել այն սկզբունքից, որ նպատակը արդարացնում է ցանկացած միջոց:
Ակնյայտ է, որ երկրում առկայ իրավիճակը չի գոհացնում հասարակութեան լայն շերտերին եւ անհրաժեշտ են համոզիչ քայլեր իրավիճակն արմատապէս վերափոխելու ուղղութեամբ: Խաղաղ հանգուցալուծումը հնարաւոր դարձնելու համար, զինուած խմբի անդամները, նրանց աջակիցները, հանրահաւաքների կազմակերպիչները պէտք է հրաժարուեն անիրատեսական պահանջներից, պայքարի ոչ֊օրինական մեթոդներից ու ծայրահեղական քայլերից. իսկ իշխանութիւնը, պիտի բացառի զինուած խմբի անդամների հետ հաշուեյարդար տեսնելու հնարաւորութիւնը եւ ժողովրդի նկատմամբ` իրաւապահ մարմինների կողմից անհամաչափ գործողութիւնները, ու կոնկրէտ քայլերով ելքեր առաջարկի զինուած խմբի յանձնուելը հնարաւոր դարձնելու, հասարակական կեանքը բնականոն հուն վերադարձնելու համար:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ Մարմին