Էրտողանի սուլթանութեանը հինգ պակաս

 

Սոֆիա Յակոբեան

«Հորիզոն»

Անկախ նրանից , թէ Յուլիսի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած յեղաշրջման փորձը բեմականացուած էր, թէ ոչ, մէկ բան ակնյայտ է. Էրտողանն այս պատմութեան միջից դուրս եկաւ աւելի հզոր, աւելի անվախ , ապահովեց իր յետագայ անսահմանափակ լիազօրութիւնները երկրի կառավարման հարցում, կարճ ասած նա գրեթէ օսմանեան բատիշահ է: Այլ կերպ ասած` նա երբեւէ այսքան մօտ չի եղել իր երազանքին, ինչպէս այսօր: Փաստացի Յուլիսի 16-ից յետոյ այլեւս նրա ձեռքերում են երկրի երեք հիմնական քաղաքական ուժերը, ամբողջովին հնազանդեցուած է բանակը, մամուլը, եւ ամենակարեւորը` հասարակութեան մեջ Էրտողանի առանց այդ էլ բարձր վարկանիշը արդէն իսկ հասնում է ամպերին: Կարող ենք ասել, որ եթէ այս հեղաշրջման փորձն իրական էր, ապա հեղինակները աւելի մեծ լաւութիւն անել չէին կարող Էրտողանին, իսկ եթէ ոչ` ապա Էրտողանը մեր ժամանակների ամենաարկածախնդիր, ամենափառասէր, դաժան, եւ ցաւօք սրտի քարիզմաթիք ու բախտաւոր առաջնորդներից է:

Այս նշանակալից յաղթանակը Էրտողանը տարաւ իր ձեռքում եղած երեք կարեւորագոյն գործօնների շնորհիւ, որոնց վրայ նա աշխատել է մէկ տասնամեակից աւել: Դրանք են`հոգեւորականութիւնը, երեք հիմնական քաղաքական ուժերի աջակցութիւնը, մամուլը:

Առաջինի դէպքում գործ ունենք մի համակարգի հետ, որն ի սկզբանէ սնուցուել ու թափ է հաւաքել հենց Էրտողանից վերջին 15 տարիների ընթացքում: Իշխող կուսակցութիւնն ի դէմս Էրտողանի, առաջինն էր, որը կոտրելով Աթաթուրքի ստեղծած գաղափարախօսութեան մի քանի կարեւոր առանցքներ, կրօնը բերեց, կամ աւելի ճիշդ վերադարձրեց Թուրքիայի քաղաքական դաշտ: Իշխող կուսակցութեան կառավարման տարիներին մզկիթից հնչող էզանի ձայնը Թուրքիայում բարձրանում էր իմամների աշխատավարձերին զուգահեռ, իսկ այդ ընթացքում սնանկացող մշակութային ակումբների, թատրոնների ու մասնաւոր քոլէճների տեղում սնկի պէս աճում էին Ղուրանի դասեր կազմակերպող հաստատութիւններն ու պետական «Իմամ Հաթիփ» կրօնական դպրոցները: 15 տարուայ ծայրայեղական իսլամական քարոզչութիւնից յետոյ 2016 թ.-ի Յուլիսի 16-ի դրութեամբ արդէն աճել էր, հասունացել էր այն սերունդը, որը կը պառկէր զինուորական տանկերի դիմաց` իր սիրելի նախագահի իշխանութիւնը պահելու համար եւ «Ալլահու Էքպեր» գոռալով տանջամահ կ’անէր անգամ սեփական երկրի զինուորին: Այստեղ պետք է նշել, որ քեմալիզմը Թուրքիայում, որի գաղափարախօսութեան մեջ առաջնային տեղ էր զբաղեցնում զինուորականութեան, բանակի կատարեալ հերոսացումն ու մեծարումը, իր մահկանացուն կնքեց Յուլիսի 16-ի առաւօտեան ծեծուելով սպանուած 20-ամեայ շարքային զինուորների հետ միասին՝ Պոսֆորի ջրերում: Էրտողանի կերպարը հասարակութեան մէջ գնալով աւելի է նոյնականացւում Օսմանեան բատիշահների կերպարի հետ, իսկ զինուորներին պատժելու մեթոտները յիշեցնում են Օսմանեան ժամանակներում դաւաճանների հանդէպ կիրառուող հրապարակային հաշուեյարդարներին: Այսպիսով, կարելի է ասել, որ Յուլիսի 16-ին Էրտողանին յաջողուեց ճնշել ոչ միայն վատ կազմակերպուած յեղաշրջումը, այլեւ աւելի մեծ բան` «Աթաթուրքի հանրապետականութեան» ինստիտուտը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սա իսլամիստ Էրտողանի հին ու ամենամեծ երազանքներից էր:

Յուլիսի 16-ը նաեւ կը նշուի Թուրքիայի Հանրապետութեան պատմութեան մէջ որպէս իսլամականութեան բացարձակ յաղթանակ: Էրտողանի կողմնակիցները, որոնց մեծ մասը արտաքնապէս եւ հոգեպեջէս չի տարբերւում ԻՊ-ի ահաբեկիչներից, այլեւս աւելի ազատ ու սանձարձակ են: Յեղաշրջման տապալումը տօնողները տարբեր քաղաքներում թիրախաւորել են եկեղեցիներ, սկսել են յարձակումներ ալեւի բնակիչների վրայ: Էրտողանին ծառայող հոգեւորականութիւնը թուրքական կոտորածների մշակոյթ վերադարձրեց «Սելայի սինդրոմը», որը վաղուց մնացել էր հայ, յոյն, հրեայ ու ալեւի բնակչութեան վատ երազներում միայն: Սելան, դա մզկիթներից ուղղուող յատուկ կոչ է ժողովրդին, որը ժամանակին օգտագործում էին լուրեր հաղորդելու համար, երբ չկար հեռուստատեսութիւն եւ ինտերնետ: Սակայն թուրքական հասարակութեան մէջ սելան յաճախ օգտագործուել է նաեւ հիմնականում հենց ժողովդրին փողոց դուրս բերելու, անկարգութիւններին ու կոտորածներին մասնակից դարձնելու, կրօնական հողի վրայ տարբեր ոճիրների մէջ քաղաքացիներին օգտագործելու համար: Սա կիրառուել է նաեւ հայերի, յոյների, ասորիների ու հրեաների դէմ տարբեր տարիներին, սակայն քարոզչական այս մեթոտը շատ վաղուց դուրս էր մղուել քաղաքականութիւնից: Եւ հետաքրքիր է, որ 21-րդ դարում սելան ունեցաւ այսպիսի մեծ ազդեցութիւն աշխարհիկ երկրի մէջ եւ, փաստօրէն, «Սելայի սինդրոմը» Թուրքիայում վաղուց կորցրել է իր բուն նշանակութիւնն ու փոխակերպուել, դառնալով բռնութեան ազդարար ու կոչ: Էրտողանի կառավարութիւնը սա օգտագործեց առաջին անգամ եւ յաջողեց: Երիտասարդ սերունդը սելան լսում էր առաջին անգամ: Սելայի ձայնը Յուլիսի 16-ի գիշերը չի լռել մինչ լուսաբաց ու շարունակւում է կարդացուել նաեւ հիմա երեկոյեան ժամերին: Սա արդէն յիշեցնում է ոչ աւել, ոչ պակաս ճիհատի վարժանք:

 Ինչ վերաբերւում է մամուլին, ապա ի տարբերութիւն կրօնական զանգուածների, մամուլն ամբողջովին իրեն ենթարկելու համար Էրտողանից պահանջուեցին տարիներ: Կարելի է ասել, որ հենց այս տարուայ սկզբին այդ գործընթացը հասաւ իր տրամաբանական աւարտին: Իշխող կուսակցութեան ժամանակաշրջանը ի սկզբանէ խափուսիկ խաղաղ էր մամուլի ներկայացուցիչների համար, սակայն մի քանի տարի անց բոլորը հատ-հատ սկսեցին պատասխան տալ գրուածների եւ անգամ չգրուածների համար, ինչպէս դա եղաւ Հրանդ Տինքի պարագայում: Այս տարի ազատ մամուլի հիմնական կորիզը համարուող վերջին ԶԼՄ-ների փակումից յետոյ միւսներին տիկնիկի պէս խաղացնելն այլեւս խնդիր չէր: Յուլիսի 16-ին ականատես եղանք մամուլի անխափան ու աքթիւ աշխատանքին, որը, սակայն, գրեթէ ամբողջովին ծառայում էր Էրտողանի կառավարութեանը եւ շատ մեծ դեր խաղաց մարդկանց փողոց դուրս բերելու գործում:

Ի հարկէ, թուրք լրագրողների, թուրքական մամուլի պատմութեան մէջ դա նոյնպես արտակարգ ու պատմական գիշեր էր: Թուրքիայում արտակարգ վիճակների պարագայում սովոր ենք տեսնել «թեմայի վերաբերեալ ինքնուրոյն ինֆորմացիա տարածելու պետականօրէն դրուած արգելք», ինտերնետ կայքերի աշխատանքի մշտական խափանումներ, եւ յաճախ թուրք քաղաքացիները երկրում տեղի ունեցածների վերաբերեալ ինֆորմացիա են փնտռում օտարերկրեայ կայքերից: Մինչդեռ Յուլիսի 16-ի գիշերը այլ էր: Մամուլն աշխատում էր շատ օպերաթիւ եւ գրեթէ անխափան: Ֆեյսպուքը միանգամից չարգելափակուեց, եղած արգելափակումն էլ բաւականին կարճ տեւեց, կարծես թէ աւանդոյթը չխախտելու համար: Որոշ ժամանակով խափանուել էր միայն Հանրային հեռուստաալիքի ինտերնետային կայքի աշխատանքն, որը գրաւուել էր յեղաշրջման մասնակից գրոհայինների կողմից: CNN Turk-ի եթերը կարճ ժամանակով դադարեցուեց դրսում հնչող կրակոցների պատճառով, երբ անձնակազմը հեռուստաընկերութեան շէնքից դուրս բերուեց ոստիկանութեան աշխատակիցների կողմից:

Մինչ օրս անհասկանալի է մնում, թէ ինչպէ՞ս ստացուեց, որ գրաւուած օդակայանում վայրէջք կատարած Էրտողանի կողքին այդքան արագ հաւաքուեց լրագրողների մի մեծ խումբ ու անխափան կերպով ասուլիս անցկացրեցին: Նորից եմ կրկնում` գրաւուած օդակայանում:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մամուլի զգալի մասը կողմնակալ էր ու Էրտողանահաճոյ:
Յատկանշական է, որ ժողովրդահանրապետական կուսակցութեան նախագահ Քըլըչդարօղլուն յաջորդ օրը շտապեց շնորհակալութիւն յայտնել թուրքական մամուլին` «նրբանկատ եւ փրոֆեսիոնալ’’ աշխատանքի համար եւ յաւելեց, որ յեղաշրջման տապալման գործում մեծ է նաեւ այս լրագրողների վաստակը:

Եւ այսպէս, չմոռանանք նաեւ Քըլըչդարօղլուին ու իր միւս գործընկերներին, որոնք բոլորն էլ օսմանեան հնազանդ փաշաների պէս գլուխ խոնարհեցին Էրտողանի առաջ Յուլիսի 16-ի գիշերը: Սկզբում, ինչպէս եւ սպասւում էր իշխանութեանն իր աջակցութիւնը յայտնեց ազգայնական կուսակցութեան նախագահ Տեւլէթ Պահչելին, ինչը կանխատեսելի էր: Որոշ ժամանակ անց, նրան հետեւեց Քըլըչդարօղլուն, եւ ամենավերջում, կարծես թէ ուսերը թափ տալով, յեղաշրջման դէմ արտայայտուեցին նաեւ քրտերը` ի դէմս Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան: Այն, որ քրտամէտ այս կուսակցութիւնն արդէն իսկ իրեն սպառել էր, երեւում էր նաեւ այս դէպքերից առաջ, սակայն սա կարելի է դիտարկել նրանց` որպէս քաղաքական ուժ աստիճաններից վերջնականապէս գլորուելուն: Սա չի նշանակում, որ երկրում քրտական գործօնն ու պայքարը վերացել է. կուսակցութիւններ վերջին 30 տարուայ մէջ քրտերը ձեռնոցից շատ են փոխել: Սակայն փաստ է, որ յեղաշրջման տապալման առիթով ստեղծուած տօնախմբութիւններին առկայ էին նաեւ բազմաթիւ քրտեր : Մինչ այդ քրտաբնակ մի շարք քաղաքներում նոյնպես մարդիկ դուրս էին եկել «Դէմ ենք յեղաշրջմանը» վանկարկումներով: Սա յիշեցնում է այն, թէ ինչպէս քարոզարշաւների ընթացքում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան առաջնորդ Սելահատտին Տեմիրթաշը բոցաշունչ ելոյթներում չէր մոռանում թուրքերին յիշեցնել, որ իրենք` քրտերը, թուրք եղբայրների հետ ուս ուսի պայքար են մղել եւ 1071 թ.-ին Մալազգիրտում եւ 1922 թ.-ին քեմալիստական ազգայնական շարժման ընթացքում, որը Թուրքիայում անուանում են «փրկութեան պատերազմ»: Այդ ժամանակ էր, որ քրտամէտ կուսակցութեան կողմնակից հայերը այդպէս էլ չստացան իրենց մեջ ծագած հետեւեալ հարցի պատասխանը. «Այդ ումի՞ց էք փրկել այս հայրենիքը, հայերի՞ց, յոյների՞ց: Մալազգիրտում, Տարտանելում ուս ուսի տուած ո՞ւմ էիք մորթում, քրիստոնեաների՞ն»: Քրտերը, փաստացի այս անգամ էլ չխախտեցին պատմական աւանդոյթն ու նախապատուութիւնը տուեցին կրօնական եղբայրութեան լեկենտին: Չի կարելի ասել, որ սա վերաբերւում է բոլոր քրտերին, սակայն փաստ է, որ անկախ թուրք-քրտական մշտական գզվռտոցից, պատմական բոլոր կարեւորագոյն իրադարձութիւնների ժամանակ քրտերի մէջ գերակշռում ու յաղթում է կրօնական եղբայրութեան գործօնը: Սա չի նշանակում, որ Թուրքիայի արեւմուտքի եւ արեւելքի, քրտերի ու թուրքերի միջեւ սառոյցը հալուեց: Սա չի նշանակում, որ քիւրտ երեխաներ, կանայք ու ծերեր այլեւս չեն սպանուելու: Սակայն քրտաբնակ շրջաններում մէկ տարուայ դաժան կոտորածներից յետոյ քրտամէտ կուսակցութեան եւ քիւրտ ժողովրդի մի հատուածի Էրտողանին աջակցելու կոչերը յուշում են, որ քրտերը միշտ եւ ամէնուր կաղալու են պատմական յիշողութեան հարցում, երբ հերթը հասնում է կրօնական քարոզին: Սրան պատահական չենք յատուկ անդրադառնում. Թուրքիայում վերջին իրադարձութիւններից մենք՝ հայերս, ունենք որոշակի կարեւոր դասեր քաղելու, դրանց թւում քրտական գործօնը ամենակարեւորներից մէկն է:

Կ. Պոլսի հայ համայնքը կանգնած է պատմական մեծ մարտահրաւէրի առաջ

Այն, որ Թուրքիայի հայ համայնքին սպասում են ծանրագույն օրեր, ակնյայտ է:
Յեղաշրջման տապալուած փորձի անմիջապէս յաջորդ օրը բոլորն արթնացան մէկ այլ, նոր Թուրքիայում: Անյայտ է, մինչեւ երբ պիտի շարունակուի կտրուկ լարուած վիճակը, սակայն, այն, որ այլեւս ոչինչ նախկինի պէս չի լինելու, հաստատ է: Կիրակնօրեայ պատարագին եկեղեցիները կիսադատարկ էին, Երկուշաբթի օրը հայկական դպրոցները նոյնպես երեխաների մի մասը չեկաւ: Երրորդ օրն անընդմէջ չդադարող «Ալլահու Էքպեր» կոչերը ամէն փողոցի անկիւնում, ծայրայեղ ազգայնականների հոծ զանգուածները քաղաքի տարբեր մասերում խիստ անհանգստութիւն են պատճառում հայկական թաղամսերի բնակիչներին:

Նրանք սովոր են եւ գիտեն, որ մշտական քաղաքական տատանումների մէջ գտնուող Թուրքիայում ցանկացած անկայունութիւն եւ ծայրայեղականութիւն առաջինը կոտրւում է նրանց գլխին: Շատ ժամանակ չանցած փողոց դուրս գալուն պէս խանութների վաճառողուհիներից, հաւաքարարներից կամ տաքսիստներից կը լսեն (կամ էլ արդէն լսել են), որ իբր Պոսֆորի կամրջի վրայ մորթուած զինուորները իրականում հայկական արմատներ ունէին եւ արժանի էին նման հաշուեյարդարին եւ այլն: Սա պատահում է իւրաքանչիւր ժամանակ, երբ երկրում եղած խնդիրները պէտք է բարդել ինչ-որ մէկի վրայ, դրա համար Թուրքիայում գոյութիւն ունի «հայ» անունը: Կարծում եմ հարկ չկայ նշելու, որ սպանուած զինուորներն այնքանով էին հայ, որքան Օճալանն ու Թուրքիային դաւաճանած իւրաքանչիւր ոք: Սա, անշուշտ, պոլսահայութեան ապրած ամենաբարդ շրջանը չէ Թուրքիայում, սակայն, կարելի է կանխատեսել, որ սպասուելիք հարուածներն աւելի ցաւոտ ու կործանարար կը լինեն համայնքի համար: Նախ, չմոռանանք, որ ներկայում Կ. Պոլսի հայ համայնքը հասել է վերջին հարիւրամեակում եղած իր ամենանոսր վիճակին եւ սրա հետ մէկտեղ պատրիարքարանը աչքի չի ընկնում հայանպաստ գործունէութեամբ (իսկ այս իրադարձութիւններից յետոյ պատրիարքարանի Էրտողանահաճոյ գործողութիւնները կարող են աւելի սուր բնոյթ ստանալ): Կանխատեսելի է, որ հնարաւորութեան դէպքում Պոլսի համայնքի շատ ներկայացուցիչներ կը նախընտրեն բռնել Եւրոպայի, իսկ շատ աւելի փոքր, ես կ’ասէի նոյնիսկ չնչին հատուածը` Հայասանի ճանապարհը: Ինչ խօսք, եւրոպական երկրներում պոլսահայութեան ձուլումը տեղի է ունենալու շատ աւելի արագ, քան հենց Թուրքիայում, որտեղ որոշակի անազատութիւնը պատճառ էր դարձել համայնքի աւելի փակ եւ մէկուսի դառնալուն, որն էլ իր հերթին որոշակիօրէն կանխում էր ամբողջական ձուլումը: Ներկայ պահին Պոլսի համայնքը պատմական երեւի թէ ամենամեծ մարտահրաւէրի առաջ է կանգնած :

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.