Քանոնահարուհի Մարիաննա Գէորգեան

 

Մեզ շրջապատող բնութիւնն է, մարդկային հոգու ճիչն է երաժշտութիւնը, հոգու խորքերում փոթորկուող ապրումների, յոյզերի խտացումը: Եւ իւրաքանչիւր երաժիշտ դառնում է այդ ճիչի թարգմանը, օգնում, որ այն արձագանգի ունկնդրի հոգում, յուզի ու ալեկոծի, խաղաղեցնի ու հանգստութիւն պարգեւի: Երիտասարդ երաժիշտ Մարիաննա Գէորգեանը այդ ապրումները ունկնդրին է փոխանցում քանոնի հնչիւնների միջոցով: Նրա մատների տակ քանոնի լարերն ասես խօսում են, շունչ առնում:

Բազմաթիւ մրցանակների դափնեկիր՝ հանրապետական (2009-ին), միջազգային (2010-ին եւ 2011-ին) միջազգային մրցոյթների առաջին մրցանակակիր, ոսկէ մետալակիր, «Բեմական հմայք» կոչմանն արժանացած Մարիաննա Գէորգեանը նշում է, որ իւրաքանչիւր գործ մեծ նուիրում է պահանջում, գրագէտ ու ինքնատիպ ներկայացում:

 Մարիաննա Գէորգեանը՝ Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տան հնագոյն երաժշտութեան «Տաղարան» համոյթի մենակատար քանոնահարուհին է, որի գեղ. ղեկ. Սեդրակ Երկանեանն է: Քանոնահարուհին ունի իր ուրոյն ձեռագիրը, որն էլ առկայ է իր նուագած ստեղծագործութիւններում: Երիտասարդ քանոնահարուհին պատմում է, որ իր կատարումից յետոյ շատերն են խոստովանել քանոնի հանդէպ առաջացած սէրն ու հետաքրքրութիւնը: Եւ աւելացնում է, որ դա յատուկ է միայն խորապէս ինտելեկտուալ երաժշտին: Կրկնօրինակել չի սիրում՝ ոչ միայն կեանքում, այնպէս էլ արուեստում:

Մարիաննայի՝ երաժշտութիւնն ինքնին բնութիւնն է:

Ընտանիքի դերն ու կարեւորութիւնը ընդգծող քանոնահարուհին դեռ կը նուագի իր եւ լսարանի համար, քանի դեռ չի թրթռացել սիրտը այն միակի համար, ում բեմից կը նուիրի իր կատարումը: Եւ չի պատկերացնում, որ ընտրեալը արգելք կը լինի իր գործունէութեանը, քանի որ կ’ընդունի իրեն այնպիսին, ինչպէս կայ:

Ըստ Մարիաննա Գէորգեանի՝ ընտանիքի սէրը եւ ջերմութիւնը կարեւոր են, իսկ մայրանալը՝ կարեւոր առաքելութիւն է կնոջ կեանքում: Իսկ առայժմ իրեն կը սնեն արեւը, բնութեան ողջ համազարկն ու կեանքը, մինչեւ կը գտնի սրտի երջանկաբեր տիրոջը:

Համերգներ, մենահամերգներ քանոնահարուհին շատ է ունեցել, բայց եղել են այնպիսի համերգներ, որ մինչ օրս խոր հետք են թողել: Դրանք ծերանոցների համերգներն են եղել: Մարիաննային անհասկանալի են այն մարդիկ, ում ծնողներն գտնւում են ծերանոցներում, ինչպէ՞ս են կիսում մի կտոր հացը, երբ իրենց ծնողի աչքերը թաց են կարօտից:

Հայուհու խնդրանքը բոլորին՝ աշխարհում ծնողական սէրն անփոխարինելի է, գուրգուրէք եւ փայփայէք նրանց, գնահատէք՝ քանի դեռ ունէք…:

 Մարիամ Միրզոյեան

Տեսանիւթը դիտել հոս՝

https://www.youtube.com/watch?v=Xobsm4V80Fs

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.