«Մուշում «հայ եմ ես, հա՜յ» գոռալու պատրաստ մի սերունդ է աճում»

 

«Մուշում «հայ եմ ես, հա՜յ» գոռալու պատրաստ մի սերունդ է աճում, սրանք իրենց ցեղասպանուած պապերից աւելի աներես դուրս եկան, սրանց պահել է պետք»

Սոֆիա Յակոբեան

Մուշում ծնուած եւ Սթամպուլում բնակուող 27 –ամեայ Տիգրանի եւ նրա ընտանիքի պատմութիւնը փուլ առ փուլ բացայայտում է ցեղասպանութիւնից յետոյ Մուշում եւ Սասունում տեղի ունեցած այն իրադարձութիւնները եւ տեղում մնացած որբերի այն վերապրածները, որոնք տեղ չեն գտել մեր հայրենական դասագրքերի էջերում:

Բացի ժամանակագրական որոշ վերադասաւորումներից, որոնք արուել են տեքստն ընթերցողին աւելի դիւրին ընկալելի դարձնելու նպատակով, Տիգրանի խօսքը թարգմանուել եւ ներկայացուել է առանց որեւէ խմբագրման:


Մեր տան գաղտնիքների լեզուն

Երբ ծնուել եմ իմ անունը հայրիկս իրականում Տիգրան է դրել, եղբօրինս` Իսրօ: Տիգրանը հայերի թագաւորն է եղել, իսկ Իսրօն սասունցի ֆիտայի էր: Բայց մեր անձնագրերի մէջ մահմետական անուններ են նշել, միայն մերոնք գիտեն մեզ որպէս Տիգրան ու Իսրօ, դրսում այդպէս չեն կոչում:

Հօրեղբայրս ինձ ու եղբօրս տանում էր ուխտի, երկար-երկար քայլում էինք, Սուրբ Առաքելոց էինք գնում, նաեւ Սուրբ Կարապետ, մոմ էինք վառում աւերակների մէջ: 5-6 տարեկան էի, ի հարկէ, ոչինչ չէի հասկանում:

Տէ ես ի՞նչ իմանամ, տեղը տեղին մահմետական ենք, Մուշում ենք, շուրջս բոլորը քրտեր են, բայց տէ մենք արաբերէն ենք խօսում` Սասունի ժողովրդի նման: Այդպէս, ուղղակի ասում էի սասունցի ենք: Մինչեւ դպրոց գնալս թուրքերէն չգիտէի: Փոքր էի, հօրս ձեռքը բռնած առաջին անգամ Սթամպուլ եկայ, փողոցում թուրքերէն են խօսում, ասում եմ. «Ալլահ Ալլահ, սրանք ի՞նչ են խօսում, ինչերէ՞ն են խօսում…»: Իմ մայրենին արաբերէնն էր: Բայց տէ արաբ չեմ, քիւրտ էլ չեմ, թուրք էլ չեմ… 8-9 տարեկան էի, երբ իմացայ: Չէ, ես հարցեր չէի տալիս, ուղղակի պապիկիս տատիկիս պատմածները այդ տարիքում սկսեցի հասկանալով լսել, գլխիս մէջ ի մի բերել, հերթականութեամբ, իրար կապելով, ինչ-որ մի պատկեր ստեղծեցին այդ մանր-մանր մասնիկները:

Ամենահետաքրքիրը «մեր տան գաղտնիքների լեզուն» էր: Տատիկս, պապիկս գաղտնի ինչ-որ բան խօսելիս մեզ անհասկանալի մի լեզուի էին անցնում, հիմա եմ հասկանում, որ դա հայերէնն էր: Ես միայն որոշ բառեր, արտայայտութիւններ եմ հասցրել ֆիքսել: Հիմա սովորում եմ, գրքեր եմ ներբեռնում, փորփրում եմ, երեւի Հայաստանում խօսուող հայերէնն է գրքերում տրուածը, Սթամպուլի հայերի մէջ էլ ուրիշ է, բայց իմ պապիս լեզուն չէր, «մեր տան գաղտնիքների լեզուն» չկար… Սասունի հեռաւոր գիւղերում դեռ խօսում են, գնացի, ականջս շոյում էր…


Մըր օշխար շատ իր, հանգիստ չթողին մըզի…

Պապիկենքս 6 եղբայր են եղել , երբ հայերին ցեղասպանել են: Որբ են մնացել: Մեծ եղբայրը սարերում հայդուկ էր, անյայտ կորաւ, այսինքն` գնաց սար ու էլ չիջաւ,այդպէս էլ ոչ ոք չտեսաւ: Յետոյ գնում թափառում են, քարանձաւերի մէջ են մնում, փոքր եղբօրը քարանձաւից փախցնում են մահմետականները, բայց յետոյ ազատւում փախնում է Տիարպեքիր, էնտեղ մեծանում է ասորիների մէջ, յետոյ իր պէս որբ մի հայ աղջիկ է գտնում, հաստատւում այդտեղ: Մերոնք էլ անտէր որբեր, այս աղայի ձեռքից այն աղայի ձեռքը անցնելով, մի քանի անգամ վերավաճառուելով պտտւում, պտտւում Սասունի Խան գիւղում են յայտնւում, յետոյ մի ուրիշ տեղ էլ, յետոյ մի կերպ ազատւում գալիս են Քաղկիկ գիւղը: Քաղկիկում արդէն իրենց տունն են կառուցում,ամուսնանում են: Տատիկիս էլ Սեմալ գիւղից են հարս բերում, 12 տարեկան: Պապիկիս եղբայրների համար էլ Քաղկիկից ու Խաբլջոզից են աղջիկ ուզում: Բոլորը մերոնց պէս որբեր, կամ որբերի երեխաներ: Մեր տոհմում քիւրտ ու արաբ հարս չկայ:

Խաբլջոզի քիւրտ աղան թոյլ չէր տալիս, որ մերոնք աղջիկ տանեն իր տարածքից: Ասում է` «Սրանք իմ ստրուկն են»: Ժամանակին պապիկիս հօրը հաւատարիմ մի քիւրտ` Միրզան, օգնութեան է հասնում: Գնում ասում է` «Սրանք էլ իմ հայն են, ինձ աղջիկ չե՞ս տալիս»: Միջցեղային կռիւներից խուսափելու համար տալիս են մեզ աղջկան, Միրզան էլ քաւոր է լինում: Հիմա երբ խորն եմ մտածում, ի՛նչ նուաստացուցիչ է` «Իմ հայերն են» արտայայտութիւնը, մանաւանդ երբ դա ասում են քեզ պաշտպանելու համար: Սասունում մինչեւ հիմա կայ այդ արտայայտութիւնը` իմ հայը, նրա հայը…

Տատիկիս հարցնում եմ, թե ինչո՛ւ Քաղկիկը թողեցինք ու եկանք Մուշ, ծանր հոգոց հանելով ասում է «Մըր օշխար շադ իր, հանգիստ չթողին մըզի»: Հենց այպէս հայերէն էր ասում, ես չէի հասկանում, նա չէր էլ ուզում, որ հասկանամ: Մտքումս պահել էի այդ բառերը: Շատ տարիներ անց իմացայ այդ նախադասութեան իմաստը: Ինձ համար կարեւոր էր, գիտե՞ս: Իմ բոլոր ապրած հոգեկան տրամաների բացատրութիւնը, պատճառը պէտք է դրա մէջ լինէր: Ինչո՞ւ ենք անընդհատ ճանապարհին, ինչո՞ւ ենք միշտ ստիպուած որոշ բաների մասին շշուկով խօսել, ինչո՞ւ եմ ես տարբեր իմ դասընկերներից, ինչո՞ւ ենք մենք ուրիշ, ինչո՞ւ է պապիկս ուրախութիւնից հոնգուր-հոնգուր արտասւում ամէն նոր թոռան ծնունդից յետոյ… Այդ ամէնը ինչո՞ւ հենց մեզ հետ պատահեց, ինչո՞վ արժանացանք դրան: Իմացայ: Փաստօրէն, մի 30-40 ոչխարի համար մեր կեանքը կերան: Ցեղասպանութեան ժամանակ էլ էր այդպէս, մի երկու կտոր ոսկու, մի քանի տասնեակ ոչխարի համար էին արիւն թափում մեր հարեւանները, այո՛, հենց ժողովուրդի մասին եմ խօսում ես:

Աստուած տայ միայն, որ այդ օրօրը դու երբեք չտեսնես լաօ…

1930-ականներին աքսորել են պապիկիս Սասունից: Հիմա որ ասես ինչո՞ւ, ես էլ չգիտեմ: Այնքան խառը ժամանակներ էին, որ սեւն ու սպիտակը իրար էր խառնուել: Սարերը լիքն էին քրտական հրոսակախմբերով, այս անգամ` պետութեան դէմ: Հայերին քշեցին, չորս կողմը սով սկսուեց, հայերի գնալուց յետոյ հազարաւոր մահմետականներ մահացան սովից: Տէ բնական է, կոճակ կարել անգամ չգիտէին: Երբ վերջացաւ հայերից մնացած աւարը, քրտերը նոր սկսեցին զարմացած իրար նայել, թէ բա հիմա մեզ ո՞վ է կերակրելու… Պետութիւնն էլ`
«Բարեւ ձեզ, եղունգ ունէք, գլուխներդ քորէք»: Խառը բախումների մէջ հայեր էլ գնացին, պապիս ասած` «Իշու նահատակ» եղան: Ընհանրապէս, այս ու այն կողմ են թափառել այդ տարիներին, գիւղից գիւղ, տնից տուն… Տատիկս ասում է բարձրանում էինք սար` քիւրտ պարտիզաններն էին, իջնում էինք ներքեւ`այնտեղ էլ զինուորներն էին: Որոշ հայեր միացան այդ ժամանակ քրտերին:
Մերոնք գարնանը գնում էին Գելիէգուզանի գերեզմանատան մօտ, Կարմիր վանքից ներքեւ, բանջար կար, քաղում ուտում էին հենց այդպէս, աշնանը գըլգըլ էին հավաքում բերում, թաղում էին տան յետեւի փոսի մէջ, ձմրանը հաց թխում ուտում… Ամենաանորակ ալիւրն է գըլգըլի ալիւրը, բայց նոյնիսկ դա ստիպուած էին թաքցնել այն ժամանակ: Մէկ էլ ընկուզենուց թափուած փճացած ընկոյզին էին հասնում, դա էին հաւաքում ուտում:

Պապիկս աքսորից յետոյ նորից Սասուն վերադարձաւ: Հիւանդ, տկար, բեռնակրութիւն էին ստիպել անի աքսորավայրում, օրը մէկ բարակ կտոր հաց, երեք զէյթուն ու պանիր… Ամասիայում է անցկացրել աքսորը, յետոյ Մանիսայում:

Բայց ի վերջոյ վերդարձաւ գիւղ` կնոջ ու երեխաների մօտ:

Այդ ընթաքում երկու մեծ եղբայրները ընկան պատմութեան մէջ, փախան Սիրիա: Շուշնամերգից, Գեղաշէնից ու Մըջգեղից 6-7 հայ աղջիկ քրտերի ու արաբների ձեռքից փախցրին տարան Գամիշլի, տուեցին հայերի ձեռքը: Մեծ աղմուկ, սպանութիւններ եղան այդ աղջիկների համար, մերոնցից 3 հոգի, քրտերից 5 հոգի խփուեց: Մի կերպ Գամիշլի լուր ուղարկեցին, թէ՝ «յանկարծ ետ չգաք»: Յետոյ Հալէպ անցան, Պէյրութ, վերջում Հայաստան:

Պապիկս կարծեմ 1940 թ յետոյ էլ կրօնափոխ եղել են: Կրօնափոխուեց, երբ բանը հասաւ ընտանիքի կանանց վրայ յարձակումներին: Պապիկիս եղբօր հարսին ներքնայարկում էին պահում, որ հարեւանները չփախցնեն: Չնայած ես միշտ մեղադրել եմ պապիս, երբեմն պոռթկում էի խեղճ մարդու վրայ. «Դուք ինչո՞ւ դրանց առաջ վիզ ծռեցիք ա՛յ պապ, դուք ինչպէ՞ս խեղճացաք»… Ասում է. «Աստուած տայ միայն, որ այդ օրերը դու երբեք չտեսնես լաօ»:

Ուզո՞ւմ ես ճիշդն իմանալ. մեզ պաշտպանող աշիրէթների մեծ մասի համար էլ էինք մենք աւար: Պետութիւնը մեզ արնաքամ արեց գցեց դրանց դիմաց` որպէս շների կեր: Մեր ամբողջ ունեցուածքը իւրացրել են: Հայ որբերին տանում պահում էին, ունեցուածքը բաժանում իրար մէջ: Կային խղճով, բարոյական մահմետականներ, որոնք ուղղակի հրաժարուեցին մեզ պատառոտելուց, բայց միւսների արածները կանխելու համար նրանք շատ փոքր ու աննշան կշիռ ունէին:
Տատս երբեք չի մոռանում. Դաւթի ամրոցի մօտ երբ կենդանիներ էին արածեցնում, իջնում էին մինչեւ Կուսգետ, կենդանիները գետի մէջ լողանում, անցնում էին միւս կողմ, այնտեղ քրտերի տներ կային: Տատս վախենում է անցնել միւս կողմ, ժամերով քարի վրայ նստած լաց է լինում: Միւս կողմի քիւրտ հովիւը մեր կենդանիներին ծեծելով քշում լցնում է գետը, որ գնան հասնեն տատիկիս: Իրեն չի վերցնում մեր կենդանիներին: Դրա համար տատս միշտ ասում էր` մարդու փորը սոված թող լինի, աչքը սոված չլինի:

Այս կրօնափոխները չլինէին Թուրքիայում իսլամը վաղուց մեռած վիճակում կը լինէր
Հօրեղբայրս միշտ կատակով ասում է. «Այս կրօնափոխները չլինէին Թուրքիայում իսլամը վաղուց մեռած վիճակում կը լինէր»: Բայց այդ կատակն իր մէջ իրականում ճշմարտութեան մի մեծ բաժին ունի: Թուրքիայում կրօնամոլութեամբ տառապում են հիմնականում հենց կրօնափոխները: Իրար կողք կանգնեցրու մի թուրքի, մի քրտի եւ մի կրօնափոխ հայի, տես թէ ո՛վ Ղուրանն անգիր կ’ասի:

Սասունում տեղի քրտերն էլ իսլամը մեզանից են սկսել սովորել, դրանք բան չգիտէին: Ալլահի անունով էին մեզ կոտորում, իրականում ուղղակի սոված էին:
Սասունի Արխունդ գիւղը օրինակ… Մեծ գիւղ, երեսունից աւելի հայերի տներ կային, բոլորը քրիստոնեայ մինչեւ վերջին 40 տարին… Բռնեցին առանց մարդկանց հարցնելու գրեցին «մահմետական», եկեղեցին դարձրին մզկիթ: Հայերը տեսան հնար չկայ, կատաղեցին: Կողքի գիւղերի քրտերը մինչ այդ նամազի ձեւն անգամ չգիտէին, տէ տառաճանաչ էլ չէին, որ Ղուրան կարդային: Արխունդ գիւղից մի հայ կատաղած գնում սրանց զէնքի ուժով բերում լցնում է մզկիթ, ասում է` «Նամազ արէք»: Ասում են`. «Աստուած սիրես, մեզանից ի՞նչ ես ուզում»:
Այս մարդն ասում է` «Մեզ չթողեցիք եկեղեցի գնանք, մեր եկեղեցին մզկիթ դարձրեցիք, տէ արէք ձեր նամազը, սրանից յետոյ ամէն օր մեծից փոքր գալու էք մզկիթ, թէ չէ ձեր գիւղում կենդանի մարդ չեմ թողնի»:

Թուրքիայում հիմա իսլամը շատ արագ տեմպերով է զարգանում, առաջ այս փողոցում մէկ մզկիթ կար, 5 տարուայ մէջ 4-րդն են արդէն կառուցում: Նայում ես, ովքե՞ր են այս ամէնը տարածողները, ո՞վ է «Եա՛ Ալլահ, Պիսմիլլահ» բղաւող նախագահը, կրօնափոխ լազ է, չէ՞:

Սթամպուլ եկայ, ամբողջ շէնքում 3 հարեւան ունէինք, որոնք օրուայ 5 նամազը պարտադիր անում էին: Մէկը կրօնափոխ հրեայ դուրս եկաւ, միւսը ասորի, այն միւսն էլ հայ:

Ու դուք այս երկրի մզկիթներում լցուած «պարանոյիկ»ներից խելքը գլխին բա՞ն էք սպասում: Հա՛, մեր ցեղում էլ կան դրանցից, ասում եմ «Սելամուալէյքում»ները»: Բայց ազգականներիցս ոմանք էլ սկսեցին Հայաստան գնալ գալ, պապիկիս եղբօր թոռը երեխաներին մկրտեց Էջմիածնում: Հայրս ու հօրեղբայրս մէկը մէկից ազգայնական հայ են ներքուստ, բայց քեռիներս անցեալին չեն էլ անդրադառնում:
Վերջին անգամ անցեալ տարի քեռիս համոզեց տարաւ մզկիթ ինձ, իմամը նստած քարոզ է կարդում, թէ` «Նամազ չանես դրախտ չես գնայ, պաս չպահես դրախտ չես գնա»: Նստած լսում եմ: Յետոյ ասացի` «Հոճա՛, մի հարց տամ քո թոյլտուութեամբ: Հասկացանք, նամազ է բան է, լաւ բան է, ի՞նչ խօսք, բա մարդկութեանը ծառայե՞լը»: Ասում է` «Այսինքն ինչպէ՞ս»: Ասացի. «Տէ, ասենք, էն կեավուր քրիստոնեաները դրեցին լուացքի մեքենայ արտադրեցին, աշխարհում միլիոնավոր մարդիկ դրանից են օգտւում, դուք նոյնպէս, բա հիմա ինչպէ՞ս պիտի լինի, որ մարդկութեանը ծառայած այդ կեավուրները դրախտ չգնան, իսկ դուք գնա՞ք»: Կարմրեց, կանաչեց, ասաց. «Տարէք սրան, սա սատանայ է…»:

Տօ քեզ էլ, քո մահմետականութիւնն էլ…

Պապիկս մզկիթ էր գնում Մուշում, ասում է. «Որ մեռնեմ գոնէ դիակս մէջտեղը չմնայ անտէր, մզկիթից կը տանէք, էստեղ ո՛չ եկեղեցի կայ, ո՛չ նոր եկեղեցի կառուցող հայ»:

Իրականում պապիկիս ներսում միշտ ինչ-որ հակասութիւն, ներքին բախում եմ նկատել: Գիտեմ, որ ի սկզբանէ ձեւական է կրօնափոխուել, բայց այդ անճարութիւնը նրան խեղճացնում է, անճարութիւնը կատաղեցնում է: Սկսում է ինքն իրեն հակասել: Օրինակ` մեզ ասում է «Զգոյշ կը լինէք, ամէն տեղ աջ ու ձախ չխօսէք ձեր ծագման մասին, ամէն տեսակի մարդ կայ, տղա՛ս»…Սկսում եմ հայերէն երգեր սովորել, յուզւում է, բայց յետոյ աչքերը չռում վրաս ու ասում. «Խելքդ թռցրեցի՞ր նորից, դու շատ չգիտես, ի՛նչ ես աքլորացել հայութիւն ես խաղում»… Բայց տես, յանկարծ հենց մի քիչ ուշ եմ սափրւում պապիկս սկսում է. «Ա՛յ տղայ, այդ ի՞նչ մօրուք է, հօ դու իմամ չես»: Ես էլ հոգու հետ եմ խաղում. «Ա՛յ պապ, ինձ նման հաւատաւոր մահմետականին ինչպէ՞ս ես նման բան ասում»: Մէկ էլ աչքերը կարմրում են ու գնաց հայհոյանքների շարանը. «Տօ քեզ էլ, քո մահմետականութիւնն էլ»:

Տատիկս էլ շատ էր արտասւում, մանաւանդ երբ ծերացաւ, յոգնեց, անընդհատ սպասելուց յոգնեց: Միշտ մտածում էր Հայաստան արտագաղթած իր եղբայրներից մէկը կը գայ իրեն կը գտնի: Մարդիկ կային, որոնք ինչ-որ մի կերպ գտնում էին իրենց ազգականներին, անգամ թաքուն նամակագրական կապեր էին հաստատում, 5 տարին մէկ, 10 տարին մէկ գնացող-եկող էին գտնում, իր հետ ուղարկում: Թուրքերէն էին գրում, նրանք էլ հայերէն էին գրում, ոչ սրանք էին բան հասկանում, ոչ էլ միւսները, բայց աչքի լոյսի պէս պահում էին այդ թղթի կտորներրը: Տատիկս երբեք նամակ չստացաւ:

Հայրս, հօրեղբայրս 10 տարի առաջ Հայաստան գնացին առաջին անգամ, պապիկիս բարեկամներին գտան: Հիմա շփւում ենք, ճիշդ է, լեզուն շատ չգիտենք, բայց մի կերպ իրար հասկանում ենք: Ես էլ եմ գնալու Հայաստան: Ուզում եմ մի քիչ երկար, ամենաքիչը ամբողջ ամառ մնամ, որ լեզուն սովորեմ, գալուս հիմնական նպատակը դա է լինելու:

 

Թշնամինե՞ր, չէ, ես այդքան ժամանակ չունեմ

Խանութում նստած աշխատում էի մի օր: Արծաթ էի ձուլում: Կողքիս մի թուրք վարպետ էլ կար, 6 տարի է կողքիս է աշխատում: Այդ օրը եկաւ, պտտուեց շուրջս, գնաց եկաւ, գնաց եկաւ, ասաց.

– Մուշից էիր, չէ՞:

– Այո՛:

– Կը ներես, որ հարցնում եմ, քի՞ւրտ ես:

– Ոչ:

– Տանն ի՞նչ լեզուով էք խօսում, տղա՛ս…

– Արաբերէն:

Մինչեւ գլուխը կը բարձրացնէր, որ հարցնի, թէ արդեօք արաբ եմ, կարճ կապեցի.

– Հայ եմ ես, վարպե՛տ:

Ուղիղ կէս ժամ լռութիւն էր խանութում: Յետոյ ասաց.

– Ես հասկացել էի:

– Որտեղի՞ց էիք հասկացել:

– Աշխատելուցդ:

Երեկոյեան դուրս գալուց առաջ կրկին մօտեցաւ. «Ես էլ Մալաթիայից եմ: Թուրքիայի արեւելքը ձերն էր»: Շատ չերկարացրեցի, ասացի. «Հա՛, գիտեմ»:

Այլեւս երբեք չխօսեցինք այդ մասին:

Հիմա շատ տարբեր մարդկանց եմ հանդիպում մեծ քաղաքում: Երբ տանից դուրս եմ գալիս չեմ կարող իմանալ իմ դիմաց թերթ վաճառող տղան թուրք է, քիւրտ է, հայ է, ում տղան է, ինչ ընտանիքից է, որ քաղաքից է… Ուր որ մնաց նստեմ մտածեմ թշնամի՞ս է, թէ ոչ: Ու ընդհանրապէս, ժամանակ չունեմ մտածելու թշնամիների մասին, ես 20 տարուց աւելի ունեմ կորցրած իմ ետեւում. իմ լեզուն, իմ մշակոյթը պիտի սովորեմ, որ երեխայիս մօտ ամօթով չմնամ, նորից հայ դառնալու համար գուցէ մի ամբողջ կեանք է պահանջւում, իսկ ես այդքան ժամանակ չունեմ, ես իրաւունք չունեմ դատարկ բաների վրայ ժամանակս վատնելու:


Տես, Մուշում «հայ եմ ես, հա՜յ» բղաւելու պատրաստ մի սերունդ է աճում, սրանք իրենց որբացած, ցեղասպանուած պապերից աւելի աներես դուրս եկան, սրանց պահել է պէտք:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.