«Պատերազմն ու կինը». Հրամանատար Անահիտ Մարտիրոսեանը
1783
0
Արցախեան պատերազմին մասնակցել են հարիւրաւոր հայ կանայք: Ոմանք զոհուել են մարտի դաշտում, ոմանք վերադարձել ու ապրում մեր կողքին: Նրանց կռիւը, պատմութիւններն ու անունները, սակայն, շատերիս է անյայտ:
Մեդիամաքսը մեկնարկում է նոր նախագիծ՝ «Պատերազմն ու կինը», որի շրջանակներում ներկայացնելու ենք պատերազմի կանացի ձայնն ու յիշողութիւնները:
Այսօր ներկայացնում ենք փոխգնդապետ, Արցախեան պատերազմի միակ կին հրամանատար Անահիտ Մարտիրոսեանի «պատերազմը»:
Փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսեան: Մարտի դաշտում՝ հրամանատար:
Անահիտը ծնուել է 1964 թուականին, Չարդախլու գիւղում, որը մարշալներ Բաղրամեանի եւ Բաբաջանեանի հայրենիքն է: 1989-ին՝ Պաքուի ջարդերի ժամանակ, ընտանիքի հետ փորձել է գալ Հայաստան, սակայն ատրպէյճանական աւազակախումբը կտրել է նրանց ճանապարհն ու ընտանիքի աչքի առջեւ կեանքից զրկել ամուսնուն: Տարիներ անց՝ մարտի դաշտում, Անահիտին վիճակուել է կրկին հանդիպել ամուսնուն կեանքից զրկողին եւ լուծել վրէժը…
Ղեկավարել է «Անահիտ» հետախուզական ջոկատը:
***
Երբեք չեմ ձգտել զինուորական դառնալ: Պաքուի նաֆթաքիմիական ինստիտուտն եմ աւարտել, շատ լաւ աշխատանք եմ ունեցել ու լաւ ապրել, բայց չեմ սիրել դրանց (ատրպէյճանցիներին ի նկատի ունի-հեղ.):
Իմ մայրենի լեզուն դպրոցում չեմ սովորել. ատրպէյճաներէն ու ռուսերէն էինք անցնում, բայց տատիցս շատ բան էի լսել ու գիտէի, թէ ինչ են արել թուրքերը մեր դէմ. տատս ջարդից սարսափելի բաներ էր պատմում:
Դպրոցում շատ լաւ էի սովորում, բայց անտանելի չար էի՝ ծեծում էի թուրքերին, էնքան, որ ոչ մէկը չէր համարձակւում ինձ որեւէ բան ասեր: Նրանց ծեծելու համար ամէն շաբաթ ինձ տնօրէնի աշխատասենեակ էին տանում:
Ոնց չէի սիրում դրանց: Մօրս հետ վիճում էի՝ «Քոյրդ Չարդախլուից գնացել է Հայաստան, դու ինչո՞ւ ես եկել Պաքու, ինչո՞ւ մենք պէտք է Պաքուում ապրենք»: Միշտ ծնողներիս մեղադրում էի դրա համար: Մայրս վստահ էր, որ էլ կռիւ չի լինելու, անհանգստանալու կարիք չկայ, բայց ես, կարծես, զգում էի՝ հնարաւոր չէր թուրքը չզարթնէր: Ամէն ինչ շատ հարթ էր, էդպես չի լինում. հետախուզման մէջ էլ, երբ ամէն ինչ չափից շատ լուռ էր, գիտէի, որ փոթորիկ է սկսելու:
***
17 տարեկանում ամուսնացայ, 24-ում արդէն այրի էի… զոհ տալով հասայ Հայաստան: 1989 թիւն էր: Պաքւում էինք ապրում՝ ես, ամուսինս՝ Վիկտորը, երկու տղաներս, մէկը՝ 5, միւսը՝ 3 տարեկան: Ամէն օր սարսափելի դէպքերի մասին էինք լսում ու ականատես լինում: Մի օր որոշեցինք վերցնել երեխաներին ու գալ Հայաստան: Յաջորդ առաւօտեան ճանապարհ ընկանք: Երկու թաղամաս էլ չէինք անցել մեր շէնքից, երբ վայրի աւազակախումբը, որի մէջ մեր հարեւանի տղան էր, կտրեց մեր ճանապարհն ու…
Դեռ չէի հասցրել գիտակցել կատարուածը, մեզ մօտեցաւ Վազգէն անունով մի հայ տղայ, հորդորեց չվախենալ, կրակեց նրանց վրայ, մեզ փրկեց նրանց ձեռքից, նստեցրեց իր մեքենան ու տարաւ օդանաւակայան: Մերձբալտիկայի ինքնաթիռները մեզ ու շատ այլ փախստականների հասցրեցին Երեւան:
***
Երեւանում իմացայ, որ ծնողներիս եւս յաջողուել է փախչել: Բագրատաշէնում էին: Գնացինք նրանց մօտ: Մեծ տղաս, որ գիտակցում էր կատարուածն ու հօր հետ պատահածը, մօտ մէկ տարի չխօսեց…
***
1991-ի Հոկտեմբերին տղաներիս թողեցի ծնողներիս մօտ ու մեկնեցի առաջին գիծ՝ վրէժ ունէի լուծելու: Ծնողներիս, իհարկէ, չասացի, թէ ուր եմ գնում. ո՞ր ծնողը կը թողնի իր աղջիկը պատերազմ գնայ: Ասացի. «Գնում եմ Ուքրանիա՝ ընկերուհիներիս մօտ՝ աշխատելու»: Սպորտսմենուհի էի, դեռ Պաքուում թեթեւ ատլետիկա էի պարապում:
***
24 տարեկան էի, քաշս՝ 45 քիլոկրամ: Իմ տարիքից շատ աւելի փոքր էի երեւում: Հաւաքակայանում չէին թողնում, որ գնամ: Հարցրեցին. «Ամուսնացա՞ծ ես», ասացի՝ ոչ: Ասեցին՝ «Դէ գնա՛, ամուսնացի՛, երեխէք ունեցի՛»: Յետոյ յայտարարուեց, որ ով ատրպէյճաներէն գիտի, նրանց կը տանեն: Իսկ ես հրաշալի եմ տիրապետում այդ լեզուին, ցաւօք, իմ մայրենիից էլ շատ աւելի լաւ: Այդպէս թողեցին գնամ առաջին գիծ՝ որպէս բուժքոյր:
Առաջին իսկ օրից զէնք բռնել ու կրակել սովորեցրեցին: Իմ զէնքը եղել է կարաբին, դրանից լաւ զէնք չեմ ճանաչում:
***
Հենց գործով Երեւան էինք գալիս, ողջ ջոկատով խանութներն ընկած ուքրանական կոնֆետ էինք փնտռում, որ տանեմ երեխէքիս: Բայց ստի ոտքը կարճ է, չստացուեց երկար խաբել (ծիծաղում է-հեղ.): Երբ վիրաւորուեցի, ծնողներիս տուն «սեւ թուղթ» էին ուղարկել, նրանք իմացել էին ճշմարտութիւնը:
Մարաղայից յետոյ եկել էինք Երեւան: Նորքի հիւանդանոցում պառկած էին մարտի դաշտից իմ դուրս բերած տղաները: Մօրս հանդիպեցի, ասաց. «Արի, քո երեխէքին պահի, ես չեմ պահելու»: Նրան տարայ հիւանդանոց՝ տղերքի մօտ, ասացի՝ տղաների հետ խօսելուց յետոյ ինձ կ’ասես՝ գնամ, թէ՝ մնամ: Տղերքը, մօրս տեսնելով, սկսեցին ձեռքերը համբուրել ու շնորհակալութիւն յայտնել՝ ասելով, թէ իրենց կեանքն եմ փրկել: Մայրս դուրս եկաւ, սրբեց արցունքներն ու ասեց՝ «Ես քո երեխէքին կը պահեմ: Գնա՛: Դու իրանց պէտք ես»: Էդպէս երեխաներս էլ իմացան, որ իրենց մայրը պատերազմ է գնացել:
***
Մարաղայից յետոյ, երբ ապաքինուեցին մարտի դաշտից փրկածս 13 տղաները, ստեղծուեց «Անահիտ» ջոկատը, որը ենթարկւում էր Արկադի Տէր Թադեւոսեանին: Պարգեւ Սրբազանը մեզ կցեց նաեւ Ռուսաստանից եկած «Սուրբ խաչի» 14 նուիրեալների խմբին, որոնք եկել էին հայերի հետ միասին կռուելու: Այդպէս ստեղծուեց մեր հետախուզական ջոկատը:
Մասնակցել եմ Մարտակերտի շրջանի՝ Մաղաւուզ, Կարմիրաւան, Մեծշէն, Հոռաթաղ, Դրմբոն եւ այլ տարածքների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին:
Մի անգամ շրջափակման մէջ ընկանք: Նրանց լեզուն գիտէի, կարողացանք կողմնորոշուել ու դուրս գալ իրավիճակից, բայց այդ ընթացքում մի պահ յուսահատուեցի, մտածում էի՝ վերջն է: Երեխաներիս նկարը հանեցի պայուսակից, նայում ու ներողութիւն էի խնդրում, որ չեմ կարող իրենց մեծացնել: Ջոկատի տղաները նայեցին ինձ ու ասացին. «Հրամանատա՛ր, չմտածես, թէ գերի ընկնենք, չենք թողի դու կենդանի նրանց ձեռքում յայտնուես»:
***
Մեզ յիշում են կա՛մ Մայիսի 9-ին, կա՛մ որեւէ այլ իրադարձութեան ժամանակ: Միայն դպրոց կանչելուց է, որ հիւանդ էլ լինեմ, սիրով գնում եմ: Միւսներից, ճիշդն ասած, արդէն յոգնել եմ: Այնպիսի տպաւորութիւն է, որ մտնում ու սկսում են փորփրել քո կեանքը, իսկ պահ է լինում, երբ ուզում ես ամէն ինչ մոռանալ: Առանց այն էլ ես գիշերները չեմ քնում, մղձաւանջների մէջ եմ: Ամէն անգամ վերյիշելուց ցաւ եմ ապրում… թէ էսքանը քեզ ինչի եմ պատմում, չգիտեմ:
***
Մարաղան առաջին գիւղն էր, որտեղ կռուեցի: Մարաղայից յետոյ նորմալ մնալն անհնար էր: Սարսափ ֆիլմերից աւելի ահաւորը ես իրականում եմ տեսել. գերեւարուած, բռնաբարուած ու մորթատանջ արուած դիակներ, 6 ամսական եփած հայ երեխէք եմ տեսել, մեծ կանանց կտրած գլուխներ. ո՞րը պատմեմ, ո՞նց պատմեմ…
Մարաղան ասես Սումկայիթի ու Պաքուի շարունակութիւնը լինէր: Գիտէք՝ պատերազմ եմ գնացել մի ցաւով, բայց պատերազմի ընթացքում էնքան բան եմ տեսել ու էնքան բան կորցրել, որ հիմա վստահ եմ՝ դրանց անհնար է ներել:
Անգամ 1915 թուից յետոյ նրանք չհանգստացան: Բայց մեր հայկական հողերը մի օր յետ են գալու, չգիտեմ, թէ երբ, ես կարող է ողջ չլինեմ, դուք ասածս կը յիշէք. ես դա զգում եմ: Դեռ մարտի դաշտից սկսած՝ ինչ զգում եմ, կատարւում է, դրա համար շատ ժամանակ չեմ խօսում:
***
Պատերազմ գնալուց առաջ միայն վրէժ էի զգում: Շատ կոտրուած էի: Մտածում էի` ինչո՞ւ հենց ես, յետոյ ինքս ինձ պատասխանում՝ միեւնոյնն է, մէկը պէտք է լինէր, ինչո՞ւմն է հարցը:
Ոչ մէկը չի կարող ասել՝ իր կեանքը ոնց կը դասաւորուի: Ես սովորական հայ կին եմ, ճիշդ է, անսովոր ճակատագրով: Պարզապէս ինձ բաժին ընկաւ այս բեռը: Ես ամէն ինչ սովորել եմ պատերազմում, ինձ ամէն ինչ սովորեցրել են իմ մարտական ընկերները:
***
Երբ տատս ցեղասպանութիւնից էր պատմում, լուռ լսում էի: Ասում էր` «Անահի՛տ ջան, դու ի՞նչ ես տեսել` ո՛չ սով, ո՛չ գաղթ: Առօք-փառօք ապրում ես: Իսկ մենք գաղթ ենք տեսել, սով ենք տեսել»: Մարաղան տեսնելուց յետոյ մտքումս խօսում էի տատիս հետ. «Տա՛տ, շատ համարեցիր. գաղթն էլ տեսայ, մահն էլ, վիշտն էլ, սովն էլ»: Մի անգամ ռազվեդկայով գնացի Չարդախլու, տեսայ տատիս գերեզմանը` քանդած ու աւերուած…
***
1993-ի տարեմուտից անընդհատ նահանջող հակառակորդը Դրմբոնում անսպասելի դիրքաւորուեց եւ սկսեց կատաղի դիմադրութիւն ցոյց տալ: Զինուորներիս հետ մարտի դաշտում էր: Իրենց քաջ ծանօթ տեղանքում ջոկատի տղաներին յաջողուեց հակառակորդին շրջափակման մէջ գցել ու 14 հոգու գերեւարել: Նրանց թուում իմ Պաքուի հարեւանն էր, ում հայրն ատրպէյճանցի էր, մայրը՝ հայ: Չէի կարող շփոթել, նա էր:
-Յիշեցի՞ր ինձ:
-Անահիտ քոյրի՞կ:
-Անունս չեմ հարցնում: Արմենիքենդի խաչմերուկը յիշո՞ւմ ես…
Նա վախից խոստովանեց: Մեր ջոկատում մի տղայ կար՝ Թիմուրը, ում հայրը եւս մահմետական էր, մայրը՝ հայ: Կանգնեցրեցի նրա դիմաց ու ասացի.
-Երկուսիդ մայրն էլ հայ է, բայց Թիմուրը կռուում է հայերի համար, իսկ դու կոտորում ես նրանց:
Խնդրեց ներել իրեն, բայց նրանց անհնար է ներել… Գիտես, շատ դժուար է մարդ սպաննել, սպաննել քո նմանին: Ասելու եւ անելու մէջ շատ մեծ տարբերութիւն կայ:
***
Դրանից յետոյ մի օր մտայ եկեղեցի ու չհասկացայ՝ իմ հետ ինչ կատարուեց: Ես իմ մէջից հանեցի ամէն ինչ: Լացում էի իմ ու ընկերներիս համար: Ե՛ւ լացում էի, ե՛ւ կրկնում. «Դո՛ւ ես մեղաւոր, դո՛ւ ես ինձ սարքել էսպիսին, դո՛ւ՝ թուրքդ, դո՛ւ ես եղել իմ դասատուն ու ստիպել ինձ զէնք վերցնել, քո նմանի վրայ կրակել»: Նրանք փխրուն հայ կնոջը զինուորական դարձրեցին: Հայ կինը չէր ուզում զէնք բռնել ու կրակել մարդու՝ իր նմանի վրայ, բայց նրանք մեզ ստիպեցին՝ այլ ելք չթողնելով:
***
Վրէժդ լուծելուց բաւականութիւն ես ստանում, մեծ բաւականութիւն: Թուրքը պէտք է իմանայ, որ 1915 թուի հայը չկայ, հիմա հայը պայքարող է, չհանդուրժող, ոչ մի քայլի համար հայը նրան անպատասխան չի թողնելու:
Գիտե՞ս, ես, երեւի, լուծեցի իմ վրէժը, բայց դրան զուգահեռ շատ բան կորցրեցի. կորցրեցի իմ հանգիստը, հոգու՝ առանց այդ էլ փոթորկուած խաղաղութիւնը:
***
Վրէժից բացի ես իմ ջոկատով դիրք եմ ազատագրել: Դրանից վեր ոչինչ չգիտեմ՝ ո՛չ փող, ո՛չ ունեցուածք. ոչինչ չի կարող հաւասարուել հայրենի հողն ազատագրելու անբացատրելի զգացումի հետ: Մենք մեր հողի գոյնն ունենք, չպէտք է թոյլ տանք, որ դրա վրայով օտարը քայլի:
***
Երկու անգամ ծանր վիրաւորուել եմ, երկու անգամն էլ նոյն օրը՝ մէկը 1992-ի, միւսը՝ 1993-ի Օգոստոսի 26-ին:
1993-ի Օգոստոսի 26-ն էր: Մարտակերտն արդէն ազատագրուել էր, մարտերը դեռ շարունակւում էին: Կողքիս արկ պայթեց, մարմինս ասես բզկտուեց, բայց չհասկացայ՝ ինչ է կատարւում: Դրանից յետոյ վեց ամիս կուրացել եմ: 12 վիրահատութեան արդիւնքում մարմնիցս 24 բեկոր հեռացրեցին, բայց էլի մնացել էր: Ընդհանուր թուով 27 վիրահատութիւն եմ տարել, դեռ էլի ունեմ…
Այդ ժամանակ ինձ տեղափոխեցին Երեւան՝ բուժուելու: Մտածում էի՝ հենց ոտքի կանգնեմ, յետ եմ գնալու, բայց հրադադար եղաւ: Հրադադարի լուրը լսելով ե՛ւ ուրախացայ, ե՛ւ տխրեցի՝ մենք դեռ անելիք ունէինք…
Պատերազմից յետոյ երկար տարիներ աշխատել եմ ՀՀ Զինուած ուժերում, բայց արդէն մի քանի տարի է՝ դուրս եմ եկել համակարգից:
***
Պատերազմի ժամանակ միշտ նոյն երազն էի տեսնում` գնում եմ բաղնիք, լողանում, հագնում մաքուր գիշերազգեստ, յետոյ ինձ տաք հաց են տալիս, հոտ եմ քաշում ու սկսում ուտել այն: Այդ երազն այնքան իրական էր թուում, որ անգամ հացի հոտն էի զգում: Երբ պատերազմից յետոյ եկայ տուն, տաք հաց վերցրեցի ու ահագին ժամանակ հոտ էի քաշում: Ասում էի` սա երազումս տեսած հացի հոտն է. նոյն հոտն էի զգում:
***
Պատերազմը խլեց առողջութիւնս, սիրունութիւնս, երիտասարդութիւնս, երջանկութիւնս: Տուեց միայն հպարտութիւն, լաւ ընկերներ, նոր արժէքներ, որոնք, մի գուցէ, մարտի դաշտ գնալուց առաջ չէի գնահատում, բայց հիմա յստակ գիտեմ՝ կան բաներ, որոնք ո՛չ կարող ես գնել, ո՛չ էլ՝ վաճառել, եւ, որ ամենակարեւորն է, ոչ ոք չի կարող դրանք խլել քեզանից:
Պատերազմից յետոյ ահագին ժամանակ էր պէտք՝ սովորական կեանք վերադառնալու համար: Մինչեւ հիմա էլ դուրս չեմ գալիս կռուի դաշտից: Բաներ կան, որ մինչեւ հիմա մէջս են ու դժուար էլ երբեւէ դուրս գան:
***
Ամուսինս իմ առաջին սէրն էր: Ճիշդ է, հիմա ամուսնացած եմ, շատ լաւ ամուսին ունեմ, ունեմ այն ամէնն, ինչ պէտք է կնոջը երջանիկ լինելու համար, լաւ ընկերներ ունեմ, որպէս հայր՝ Արկադի Իւանիչն է կողքիս կանգնած, բայց այնտեղ` առաջին գծում, ես թողեցի իմ հոգին. իմ հոգին չի հանգստանում ու դրա հետ ոչինչ չես կարող անել:
Մենք յաղթեցինք պատերազմում, բայց տուեցինք մեր հոգու խաղաղութիւնը, երջանկութիւնը, մեր առողջութիւնը, մեր ծիծաղը, մենք ամէն ինչ տուեցինք մատաղ մեր հայրենինքին, որն այդպէս էլ մեզ չընդունեց որպէս հերոս: Էս մետալներով չեն հերոս ճանաչում: Ճիշդ է, ինձ յարգում են, Սէյրան Օհանեանն էլ իմ մարտական ընկերն է, ինձ միշտ յիշում է, խօսում ինձ հետ, բայց միայն իրենով չի որոշւում. բա՞ միւսները, բա՞ մեր միւս կռուած տղաները…
Ինչո՞ւ ստեղծուեց Եռաբլուրը, որ մենք չպէտք է երջանիկ ապրենք. որոշ մարդիկ իրենց առողջութիւնը տուեցին, որոշ մարդիկ իրենց հոգեկան ապրումները, որոշ մարդիկ` իրենց կեանքը. իսկ փոխարէ՞նը, յետդարձը ո՞րն է: Ինչո՞ւ մեր կռուած տղաները պէտք է այսօր հանգիստ ու գնահատուած չապրէին: Պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամն անգամ բժշկական ծառայութեան 50 տոկոս զեղչ չունի: Ահա այն, ինչ ես վաստակել եմ՝ համազգեստս:
Մէկ-մէկ քայլում եմ փողոցով ու ճահելների դէմքին ժպիտ չեմ տեսնում: Ես ճահելներին ուրախ եմ ուզում տեսնել, մարդկանց դէմքին ժպիտ ու խաղաղութիւն եմ ուզում տեսնել: Մենք դրա համար ենք մեր կեանքը դրել: Իւրաքանչիւր մարդ իրեն մարդ կը զգայ, լաւ ու գնահատուած կը զգայ, երբ իր արածի արդիւնքը տեսնի:
***
Ինձ համար ցաւալի է իմ ազգի վիճակը. ես նրա համար չեմ կռուել, որ իմ ժողովուրդն այսօր սոված լինի, վարկերի տոկոսների տակ ճռռայ, ես նրա համար չեմ կէս մարդ դարձել, որ իմ ժողովուրդը ստիպուած լքի իր երկիրը: Մարտի դաշտում մենք միանգամայն այլ ապագայ էինք տեսնում մեր երկրի համար:
***
Կնոջ ու տղամարդու պատերազմի միջեւ տարբերութիւն չկայ, առիւծի էգն ու որձը չկայ: Ով առաջին գիծ է գնացել, ուրեմն իրեն չի տարբերել տղամարդուց: Մի անգամ մարտի դաշտում Ցվետանա Պասկալեւային տեսայ: Նա այնքան գեղեցիկ էր, խնամուած, վրայից օծանելիքի անոյշ բոյր էր տարածւում: Էդ ժամանակ զգացի, որ մոռացել եմ, թէ ինչ բան է կին լինելը:
***
28 հոգուց բաղկացած ջոկատ էր, միակ կինը՝ ես, բայց տղաների հետ երբեւէ խնդիր չի եղել: Նրանք անգամ իմ ներկայութեամբ չէին ծխում: Մենք լաւ ընկերներ էինք: Հրամանատար լինելը շատ բարդ է թէ՛, կնոջ թէ՛ տղամարդու համար: Իւրաքանչիւր զինուոր մտածում է իր մասին, իսկ հրամանատարը` բոլորի. իւրաքանչիւրի ցաւով ապրում, ամէն զոհի հետ մեռնում, մի մասնիկ տալիս իրենից, յետոյ էլի պայքարի ուժ հաւաքում, որովհետեւ այնտեղ միակ նպատակը յաղթելն է:
***
Այնքան յուշեր կան էդ օրերից: Եղել է, որ «կասկան» քանդել ու մէջը կարտոֆիլ ենք խաշել, մի անգամ էլ ապուր ենք եփել. տղաներն ասում էին` «կեանքում էդպէս համով ապուր չենք կերել»: Այն ճանապարհը, որով պէտք է գնայինք, իմ ձին է անցել ու ականի վրայ մնացել` փրկելով իմ եւ ընկերներիս կեանքը…
***
Ժամանակին, երբ հոգիս խաղաղութիւն էր տենչում, Արցախ էի գնում: Այնտեղ ինձ լաւ եմ զգում՝ իմ ընկերուհիների հետ, իմ յաղթած հողում. բաներ կան, որ խօսքով չես կարող բացատրել, մէջդ են ու մէջիցդ չեն կարող դուրս գալ, դրա համար էլ շատ ժամանակ լռում եմ: Հիմա առողջութիւնս չի ներում, որ յաճախ գնամ:
***
2016 թ. ապրիլեան պատերազմին եւս՝ Արկադի Տէր Թադեւոսեանի հրամանատարութեամբ Արցախում էի՝ առաջնագծում: Պատերազմը չի աւարտուել, անկախ նրանից՝ համակարգում եմ, թէ չէ՝ ես յաւերժ մարտիկ եմ: Որքան պէտք լինի, պիտի կանգնեմ մեր զինուորի կողքին ու լուռ անեմ իմ գործը:
Եթէ կ’ուզես, մի անգամ կը գնանք Ղարաբաղ, որտեղ միասին մեր անցած ճանապարհներով կը շրջենք: Կը գա՞ս, հաստա՞տ (դրական պատասխան ստանալուց յետոյ սկսում է թերթել լուսանկարներն ու խոստանում, որ ինձ համար նոր Արցախ է բացայայտելու-հեղ.):
***
Ասերեան Ստալինան (ցոյց է տալիս լուսանկարում պատկերուած կռուող կանանցից մէկին-հեղ.) ու մեր ջոկատի տղաներից մէկը նշանուած էին: Մարտերից մէկի ժամանակ այդ տղան զոհուեց, գնացինք Չլդրանի հիւանդանոց, մտածում էինք՝ թէ ո՞վ է Ստալինային բօթը յայտնելու, բայց իմացանք, որ նոյն օրը, նոյն ժամին նա էլ է զոհուել: Պատերազմը շատ վատ բան է…
***
Մարտական ընկերներս՝ Վալենտինան եւ Սվետլանան, ում Սեւօ էինք ասում, վերջերս էին Արցախից Երեւան եկել: Յաճախ ենք ընկերներով հաւաքւում: Մեր զրոյցներում անցեալն ու ներկան խառնւում են, յետոյ անցեալը յաղթում է. աւելի շատ յիշում ենք մեր ընկերներին ու նրանց հետ ապրած օրերը:
***
Անցեալը չես կարող մոռանալ, անցեալը մոռացողն ապագայ չունի: Երբ նոր էի վերադարձել Երեւան, երկար ժամանակ անքնութիւն ունէի, իսկ երբ քնում էի, պատերազմը երազի տեսքով՝ զոհուած ընկերներիս հետ, ինձ հիւր էր գալիս: Կարծում էի՝ հոգեկան աշխարհս խանգարւում է, բայց կանգնում էի հայելու առաջ ու ասում՝ իրաւունք չունես, դու ուժեղ ես:
***
Երկու տղաներս էլ զինուորական են դարձել: Միշտ ասում էին՝ չխառնուես, որտեղ ուղարկեն, այնտեղ էլ ծառայելու ենք: Երկուսն էլ առաջին գիծ են գնացել: Մէկը կապիտան է, միւսը` աւագ լէյտենանտ: Փոքրս, որ աւագ լեյտենանտ է, հիմա ընտանիքի հետ Օմսկում է ապրում: Դստերն իմ անունով է կոչել (ժպտում է ու ցոյց տալիս փոքրիկ Անահիտի լուսանկարը-հեղինակ): Մեծս կապիտան է, չորս տարի դիրք է պահել` ինձնից ոչ պակաս: «Փափուկ» տեղ էին ուղարկել, բայց դիմում էր գրել ու գնացել առաջին գիծ: Անցած տարի մտերիմ ընկերոջը հակառակորդի դիպուկահարը խփել էր, տղայիս ձեռքերի վրայ մահացել: Զգում էի՝ էդ ապրումներից շատ վատ վիճակում էր, չթողեցի այնտեղ մնայ: Մեծս էլ վերջերս է դուստր ունեցել, հիմա էլ Անգելինային խնամելով եմ զբաղուած:
***
Պատերազմից յետոյ՝ 1994-ին ծնուեց աղջիկս, այս տարի կ’աւարտի Գեղարուեստի ակադեմիայի կրաֆիկայի ֆակուլտետը: Նա եղաւ իմ փրկութիւնը, հրեշտակի պէս եկաւ ու փոխեց իմ կեանքը: Եթէ աղջիկս չլինէր, ես կը խելագարվուէի: Այն, ինչ որպէս կին հիմա տեսնում էք իմ մէջ՝ ամուսնուս ու աղջկաս շնորհիւ է:
Ամուսինս մեր կռուած տղաներից է: Երբ մեր մարտական ընկերները եկել էին մեզ շնորհաւորելու, ինձ շնորհաւորում էին, իրեն՝ ցաւակցում (կատակում է-հեղ.): Շատ բաներ հենց նրանց շնորհիւ մոռացութեան է տրուել, բայց մէկ է՝ էդ մոռացութիւնն էլ յարաբերական է. ոչ մէկը չի կարող մոռանալ այն, ինչ ապրել ու տեսել է:
***
Եթէ կեանքս նորից ապրելու հնարաւորութիւն ունենայի, կ’ապրէի այնպէս, ինչպէս ապրել եմ. ես ոչնչի համար չեմ ափսոսում, երբեք էլ չեմ ափսոսել, միշտ արել եմ այն, ինչ պէտք է անէի:
Առաջին գծում լիաթոք ապրումներ եմ ունեցել ու մէկ-մէկ կարօտում եմ էդ օրերը: Ճիշդ է, դաժան է հնչում՝ ոնց կարող է մարդը պատերազմի օրերը կարօտել, բայց ես կարօտում եմ, կարօտում եմ էն պահը, երբ հող ենք ազատագրել, ջոկատով կանգնել էդ հողի վրայ, նրա հետ միասին ուրախացել ու լացել: Պարզապէս հիմա էլ պէտք է ամէն գնով պահենք էդ հողը:
Սիրանուշ Եղիազարեան
Mediamax