«ԸՆԿԱԾՆԵՐԸ ». Պարոյր Սևակ


Կռիւներում ընկան նրանք.
Ամէն մէկը՝ մի տան ճրագ,
Ամէն մէկը՝ մի մոր որդի,
Ամէն մէկը՝ մի աղջկայ
Երազանքը անապական,
Կնոջ՝ սէրը, հօր՝ ապագան…
Ամէն մէկը՝ անգիր մի վէպ,
Ամէն մէկը անգին մի կեանք…

Ամէն մէկը ընկան ա՛յլ կերպ.
Մերթ՝ ջրի մէջ, մերթ՝ հողի տակ,
Մէկը սրով, տասը՝ հրով.
Մէկը՝ արդէն յայտնի հերոս,
Տասը՝ հերոս դեր չդարձած,
Մէկը՝ իր մօր արցունքներով
Թաց նամակը դեռ չընթերցած,
Տասը՝ նամակ սպասելիս,
Կարօտելիս, երազելիս…

Բայց զոհի՛ պէս չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի՛կ,
Ընկան նրանք իբրև մարդի՛կ,
Որ սովոր են մահը վանել
Իրենց կեանքով՝ յանուն կեանքի,
Որ սովոր են զրկանք տանել՝
Ընդդէմ ցաւի ու զրկանքի.
Որ պատրսատ են յանուն սիրոյ
Սիրուց առնել ատելու թափ.
Եվ անպարտ են ատելութեամբ:
Որ հզօր են հենց այդ սիրով.

Զոհի՛ նման չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի՛կ,
Որ փուլ չգայ էլ ապարանք,
Խաղաղ մնայ ամէն երդիկ,
Եւ ծխանի ծուխը բարակ
Վե՛ր բարձրանա պրա՜կ-պրա՜կ,
Քամուց թերթուի լուրթ երկնքում.
Որ էլ ոչ մի ընտանիքում
Անտէրացած ոչ մի աթոռ
Չ՚աղաղակի դատարկութեամբ
Թէյի ժամին, ճաշի պահին.
Որ արկերի դղրդոցին
Ու հրդեհի ահեղ բոցին
Փոխարինեն արծաթ բահի
Զրնգոցը երկնքի տակ
Եւ կարօտի շշուկը տաք:

Նրանք ընկան կռիւներում,
Բայց ապրում է հոգին նրանց
Ապրողների հոգիներում.
Չի՛ մեղմացել ցաւը կրած,
Ատելութի՛ւնը փրփրած
Եւ յաղթութեան տե՛նչը խորին՝
Ի գիտութիւն ա՛յն բոլորի,
Որ նայում են շիրմին նրանց
Միայն իբրև մի բլուրի,
Որ հարթւում է կամաց-կամաց, –
Անմիտի պէս մոռանալով,
Որ եթէ չար թշնամու դէմ
Ապրողները իրենց ուժով
Ու զէնքով են անպարտելի,
Ընկածները իրենց յուշո՛վ,
Վրէժո՛վ են սարսափելի…

Պարոյր Սևակ


Leave a Comment

You must be logged in to post a comment.