ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի ելոյթը՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի 6-րդ նիստին


 

Համահայկական խորհուրդի հայեցակարգի, կառուցուածքի եւ գործունէութեան կարգի շուրջ Սփիւռքի համայնքներում քննարկումները եւ համընդհանուր մօտեցումներ մշակելու գործընթացը կարող են աւելի երկար ժամանակ պահանջել, քան՝ նախատեսուած է ներկայացուած որոշման նախագծով։ Ուստի աւելի նպատակայարմար ենք համարում, առաջին հանգրուանում՝ մինչեւ մէկ տարի, կենտրոնանալ համահայկական կառոյցների մասնակցութեամբ Խորհուրդի կազմման հայեցակարգի, կառուցուածքի եւ գործունէութեան կարգի համաձայնեցման վրայ, միաժամանակ՝ Սփիւռքի համայնքներում խթանելով տարածաշրջանային նման խորհուրդներ ձեւաւորելու աշխատանքները:

 

Մեծարգոյ նախագահ,

Վեհափառ հայրապետներ, հոգեւոր հայրեր,

Յարգելի գործընկերներ,

Սիրելի հայրենակիցներ,

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի վերջին եռամսեակի նախաշեմին  մի հայեացք նետենք անցած ինն ամիսների մեր բոլորի համատեղ աշխատանքին եւ արձանագրենք, որ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման իրաւունքների արծարծման գործընթացում նշուած ժամանակահատուածը եղաւ իսկապէս աննախադէպ՝ թէ՛ ներազգային միասնականութեան մթնոլորտի, թէ՛ միջազգային արձագանգի ու զօրակցութեան տեսանկիւնից։

Մենք բարձր ենք գնահատում Սփիւռքի տարբեր կենտրոններում կազմակերպուած բազմաբնոյթ միջոցառումները՝ տասնեակ, հարիւր հազարաւոր հայերի եւ Հայ Դատի օտարազգի պաշտպանների մասնակցութեամբ: Այդ միջոցառումների աշխարհագրութիւնը յիրավի վիթխարի էր եւ ընդգրկում էր տասնեակ պետութիւններ՝ աշխարհի բոլոր մայր ցամաքներում. Աւստրալիայից՝ հարաւամերիկեան երկրների մայրաքաղաքներ, Հիւսիսային Ամերիկայի խոշորագոյն քաղաքներից՝ եւրոպական քաղաքակրթութեան օրրաններ, Ասիայից՝ ընդհուպ Ափրիկէ: Չենք կարող յատուկ չշեշտել Արեւմտահայաստանի մի շարք քաղաքներում եւ Ջաւախքում կազմակերպուած միջոցառումների կարեւորութիւնը եւ իհարկէ՝ Սիրիայում եւ Իրաքում կատարուած մեծածաւալ աշխատանքը, որին մասնակցեցին նաեւ այդ երկրների ժողովուրդների քաղաքական, հասարակական ու մտաւորական շրջանակները։

Եթէ արտասահմանեան միջոցառումներից ամենամեծ արձագանգը արդարացիօրէն ստացաւ Վատիկանում մատուցուած յատուկ պատարագը, ապա ներսում՝ Հայաստանում եւ Արցախում, ամենակարեւորն ու բովանդակալիցն, անտարակոյս, տարելիցի բուն օրը եւ դրան նախորդած ու յաջորդած օրերին անցկացուած միջոցառումներն էին՝ աւելի քան մէկ միլիոն հայերի եւ այլ ժողովուրդների շարքային եւ բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցութեամբ։

Երկու հայկական պետութիւնների եւ համայն հայ ժողովրդի համախմբուած աշխատանքը՝ «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսի ներքոյ եւ «անմոռուկ» խորհրդանիշի ոգով՝ չէին կարող չտալ իրենց պտուղները:

Տարեսկզբին մեր ընդունած Համահայկական հռչակագիրը, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի լսումները, Հռոմի Պապի եւ Գերմանիայի նախագահի պատգամները, մի շարք պետութիւնների ու միջազգային կառոյցների կողմից Հայոց ցեղասպանութեան նորանոր ճանաչումները, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով յարուցուած դատական գործը լրջագոյն ազդեցութիւն ունեցան ամբողջ աշխարհում հանրային կարծիքի ձեւաւորման վրայ:

Այսօր նոյնիսկ Թուրքիայում ապրող մտաւորականներ ու քաղաքական գործիչներ են խօսում Հայոց ցեղասպանութեան հատուցման անհրաժեշտութեան մասին։

Բնական է, որ «հատուցում» ասելով բոլորը նոյն բանը չեն հասկանում կամ պատկերացնում։ Այստեղ մենք անելիք ունենք: Յստակ ձեւակերպման անհրաժեշտութիւն կայ, թէ համայն հայութիւնը ի՞նչ է պահանջում եւ պահանջելու։ Այո՛, Համահայկական հռչակագրով մենք ուրուագծել ենք մեր պահանջների ընդհանուր շրջանակը, սակայն, անհրաժեշտ է այդ ուրուագիծը ընդարձակել, հիմնաւորել եւ վերածել հատուցման պահանջների ընդհանուր փաթեթի: Հենց սա նկատի ունենալով՝ խիստ կարեւորում ենք առնուազն Երեւանում Հայոց ցեղասպանութեան իրաւական հետազօտութիւնների կենտրոնի հիմնումը, որը պէտք է իր աւարտին հասցնի միջազգային իրաւունքի նորմերին համաձայն՝ Հայոց ցեղասպանութեան հատուցման եւ հայ ժողովրդի ու Հայաստանի իրաւունքների ձեռքբերման հարցով ամբողջական թղթապանակի պատրաստումը։ Այդ թղթապանակի հիման վրայ կը կարողանանք միասնաբար ճշդել մեր իրաւունքների ձեռքբերման ճանապարհային քարտէսը՝ ըստ հնարաւորութիւնների՝ մեր բոլորի եւ մեզանից իւրաքանչիւրի դերակատարման համապատասխան բաշխումով:

Համահայկական այլ հարցերի կողքին, նաեւ ա՛յս՝ հատուցման հարցի շուրջ, մեր քննարկումները շարունակելու, համընդհանուր մօտեցում ձեւաւորելու նպատակով՝ ողջունելի ենք համարում Համահայկական խորհուրդ ստեղծելու ուղղութեամբ քայլեր ձեռնարկելը։ Խորհուրդի հայեցակարգի, կառուցուածքի եւ գործունէութեան կարգի վերաբերեալ մեր տեսակէտները աւելի ուշ կը յայտնենք, սակայն այս պահին անհրաժեշտ ենք համարում ուշադրութեան հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ 100-րդ տարելիցի տարածաշրջանային յանձնախմբերը եւս ձեւաւորուել են յատուկ նպատակով, հետեւաբար նաեւ՝ յատուկ ձեւաչափով ու լիազօրութեամբ։ Առ այդ, գտնում ենք, որ Համահայկական խորհուրդի հայեցակարգի, կառուցուածքի եւ գործունէութեան կարգի շուրջ Սփիւռքի համայնքներում քննարկումները եւ համընդհանուր մօտեցումներ մշակելու գործընթացը կարող են աւելի երկար ժամանակ պահանջել, քան՝ նախատեսուած է ներկայացուած որոշման նախագծով։ Ուստի աւելի նպատակայարմար ենք համարում, առաջին հանգրուանում՝ մինչեւ մէկ տարի, կենտրոնանալ համահայկական կառոյցների մասնակցութեամբ Խորհուրդի կազմման հայեցակարգի, կառուցուածքի եւ գործունէութեան կարգի համաձայնեցման վրայ, միաժամանակ՝ Սփիւռքի համայնքներում խթանելով տարածաշրջանային նման խորհուրդներ ձեւաւորելու աշխատանքները:

Թէ՛ Համահայկական խորհուրդի եւ թէ՛ Սփիւռքի համայնքներում նման խորհուրդների ձեւաւորմանը կը նպաստեն 2016 թուականին՝ Հայաստանի Հանրապետութեան անկախացման 25-ամեակի եւ 2018 թուականին՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակի տօնակատարութիւններն ու միջոցառումները միասնաբար կազմակերպելու նախաձեռնութիւնները։

 Մենք համաձայն ենք Սիրիայի Արաբական Հանրապետութիւնում եւ Իրաքի Հանրապետութիւնում հայկական համայնքների կացութեան մասին յայտարարութեան նախագծին։ Յատկապէս անհրաժեշտ ենք համարում  համազգային ճիգերով դիմագրաւել Սիրիայում գտնուող հայութեան մարտահրաւէրները։

Ամփոփելով՝ մէկ անգամ եւս արձանագրենք, որ ահռելի ու յիրաւի արդիւնաւէտ աշխատանք է կատարուել Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցը պատշաճ կազմակերպելու ուղղութեամբ: Զուգահեռաբար՝ հսկայական աշխատանք դեռ ընթացքում է եւ շատ աւելի մեծ ու կարեւոր աշխատանք՝ առջեւում:

Այս ընթացքում մենք նաեւ չափազանց կարեւոր բաներ հասկացանք.

Հասկացանք, որ միայն համախմբուած աշխատանքով է հնարաւոր հասնել արդիւնքի: Հասկացանք, որ միայն պետութեան ու ժողովրդի միասնականութեամբ է հնարաւոր հասնել արդիւնքի: Հասկացանք, որ  միայն նուիրումով է հնարաւոր հասնել արդիւնքի:

Մենք հասկացանք եւ վստահաբար գիտակցեցինք, որ ներքին նեղ խնդիրներն ու տարաձայնութիւնները չեն կարող եւ չպէտք է խոչընդոտ հանդիսանան ազգային խնդիրների լուծման ճանապարհին:

Մենք հասկացանք եւ վստահաբար գիտակցեցինք, որ մեր աշխարհասփիւռ ժողովրդի պոտենցիալը աւելի քան բաւարար է մեր Դատին հետամուտ լինելու եւ արդարութեան հասնելու համար:

Հենց այս գիտակցումով էլ առաջ գնանք:


Leave a Comment

You must be logged in to post a comment.