ԻՆՉՊԻՍԻ՞ ՔԱՂԱՔ ԺԱՌԱՆԳԵՑԻՆ ՎԱՆԵՑԻՔ…


Արա Գեղեցիկի մահէն ետք, Շամիրամ կ՚որոշէ շրջագայիլ Հայաստանով մէկ և յափշտակութեամբ կը նկատէ, թէ ինչպիսի՜ դրախտավայր մըն է իր կողմէ նուաճուած Արայի երկիրը՝

«…Եւ տեսնելով երկրի գեղեցկութիւնը, օդի մաքրութիւնը, բխող մաքուր աղբիւրները, կարկաչահոս ու բարեգնաց գետերը՝ նա ասում է. “Պէտք է այսպիսի բարեխառն կլիմայում, մաքուր ջրերով երկրում մեզ համար քաղաք և բնակութեան արքունիք շինել, որպէսզի տարուայ շրջանի մի չորրորդ մասը, այսինքն ամառնային եղանակը, ամենատեսակ վայելչութեամբ անցկացնենք Հայաստանում, իսկ միւս երեք մասը, օդի զով ժամանակը, կեանք վայելենք Նինուէում”»։

Եւ Շամիրամ մեծ հոգածութեամբ կը կառուցէ Վասպուրական աշխարհի յայտնի ոստանը՝ Վանը համանուն ծովակի ափին՝

«…Շինէ և ընտիր ընտիրս և բազումս ի մէջ քաղաքին ապարանս ի պէսպէս քարանց և գունից զարդարեալս, կրկնայարկս և եռայարկս, և ըստ պատեհի՝ իւրաքանչիւր արեգակնակս. և գեղեցիկ գունիւք և ընդարձակ փողոցիւք զկողմանս քաղաքին որոշելով։ Շինէ զչքնաղս ոմանս և զզարմանալոյ արժանաւորս՝ ըստ պիտոյից՝ ի միջոցս քաղաքին լուալիս. և զմասն ինչ գետոյն ընդ մէջ քաղաքին բաշխեալ գնացուցանէ ի պէտս ամենայն պիտոյից, և յարբուցմունս բուրաստանաց և ծաղկոցաց, և զայլն զեզերբ ծովակին՝ յաջմէ և յահեկէ քաղաքին և բովանդակ շրջակայիցն յարբուցմունս։ Եւ զամենայն արևելեան և զհիւսիսային և զհարաւային կողմանս քաղաքին զարդարէ դաստակերտօք, և սաղարթիւք ծառոց վարսաւորաց՝ զանազանեալք ի պտուղս և ի տերևս. և բազումս բազմաբերս և գինեբերս ի նմա տնկեաց ովիտս։ Եւ ամենայնիւ հոյակապ և հռչակաւոր զպարսպեալն յօրինէր, և անթիւ բազմութիւն մարդկան ի ներքս բնակեցուցանէր։»

Որ թարգմանի՝

«…Շինում է նաև բազմաթիւ ընտիր ապարանքներ, կրկնայարկ և եռայարկ, զարդարուած տեսակ-տեսակ գոյնզգոյն քարերով, և ամէն մէկում պատուհաններ ըստ յարմարութեան։ Քաղաքի կողմերն էլ որոշում է գեղեցկագոյն և ընդարձակ փողոցներով։ Շինում է նաև չքնաղ և զարմանալու արժանի բաղանիքներ, համապատասխան քաղաքի դիրքին և պիտոյքներին։ Գետի մի մասը (առուների) բաժանելով՝ անց է կացնում քաղաքի միջով ամէն տեսակ պիտոյքների և բուրաստանների ու ծաղկոցների ոռոգման համար. իսկ միւս մասը (անց է կացնում) ծովակի աջ ու ձախ ափերով՝ քաղաքի և բոլոր շրջակայքի ոռոգման համար։ Քաղաքի բոլոր արևելեան, հիւսիսային և հարաւային կողմերը զարդարում է դաստակերտներով, վարսագեղ սաղարթախիտ ծառերով՝ զանազանակերպ պտուղներով ու տերևներով, և այնտեղ տնկում է բազմաթիւ առատաբեր և գինեբեր այգիներ։ Պարսպած քաղաքն ամէն կերպ հոյակապ ու հռչակաւոր է դարձնում և մէջը բնակեցնում է մարդկանց անթիւ բազմութիւն։»

Այս բացառիկ վկայութիւնը կը պատկանի Պատմահայր՝ Մովսէս Խորենացիին, իսկ թարգմանութիւնը՝ Ակադեմիկոս Ստեփանոս Մալխասեանցին։

Մովսէս Խորենացի բազմիցս և յատուկ բծախնդրութեամբ կը յիշեցնէ, որ իր հաղորդած տեղեկութիւնները կը յենին սպառիչ հետազօտութիւններու վրայ և որ ինք կը մերժէ իր մատեանին մէջ տեղ տալ ոչ-հաւաստի որևէ տեղեկութեան։ Պէտք է հետևցնել, որ Վան քաղաքի այս մանրամասն նկարագրութիւնը ամուր արմատներ ունէր ժամանակի կենդանի յիշողութեան մէջ։ Յամենայն դէպս ան առնուազն կը վկայէ, թէ ինչպիսի՞ զարգացած ճաշակ և նրբազգացութիւն ունէին մեր նախնիները Ե. դարուն քաղաքաշինութեան ոլորտին մէջ և թէ ինչպիսի՜ քաղաք մըն էր հայոց անմահանուն Վանը Պատմահօր մտատեսիլով։

Կարօ Արմենեան

ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՑԻ, «Պատմութիւն Հայոց», Գիրք Ա., Գլուխ ԺԶ


Leave a Comment

You must be logged in to post a comment.