իսլամացուած սասունցի հայի ինքնութեան փնտռտուքը


BBC թուրքերէն

 Սելիմ Աքդաշը 24 տարեկան է: Ծնուել է Բաթմանի Սասունի գաւառում եւ մեծացել՝ որպէս քիւրտ: Սելիմը 16 տարեկանում է իմացել իր հայկական ծագման մասին:

Դպրոցից տուն վերադառնալով` իրենց տանը տեսել է մի կնոջ` դստեր հետ, որոնք անգլերէն են խօսում, վզներին էլ խաչ են կրում: Սելիմը մօրը հարցրել է, թէ հիւրերն ովքե՛ր են, մայրն էլ պատասխանել է. «Մեր բարեկամներն են, Ամերիկայից են եկել»: Սելիմը կարեւորութիւն չի տուել քրիստոնեայ բարեկամներ ունենալու հանգամանքին:

Այդ օրը մայրը պատմել է իրականութիւնը: Իր բարեկամները 1915 թ. Ամերիկա են գաղթել եւ տարիներ անց իրենց գտնելու համար են եկել: Իսկ իրենց ընտանիքը, որպէսզի կարողանայ մնալ Սասունում, իսլամ է ընդունել` ոչ մէկի չասելով, որ իրենք հայ են:

Սելիմն իր ընտանիքի պատմութիւնն այսպէս է ներկայացնում.

1915 թ. պապիկիս հօրը` Յակոբին, գիւղի արաբները թաքցրել են, որից յետոյ Յակոբը նոյն գիւղում մէկ այլ տուն է կառուցել եւ այնտեղ սկսել ապրել: Գիւղ անընդհատ դրսից արաբ ընտանիքներ են բերել: Իմանալով, որ հայ են, պետութիւնը նրանց Տիարպեքիր է ուղարկել:

Տիարպեքիրում բնակութիւն հաստատած Յակոբը գիւղի կարօտին չի դիմացել եւ 3 ամիս անց գիւղ է վերադարձել:

Սասուն վերադառանալու համար 2 աղջիկ են տուել, մուսուլման են դարձել

Սակայն քանի որ իրենց գիւղերը դարձրել են պաշտպանիչ գիւղեր, չեն կարողացել այնտեղ վերաբնակուել: Նրանք էլ բնակուել են կողքի քրտաբնակ Բեքսէ գիւղում:

Գիւղ մտնելը հեշտ չի եղել: Սելիմն ասում է, որ իր ընտանիքը, որպէսզի կարողանայ գիւղ մտնել, քրտերին երկու աղջիկ է տուել, յետոյ էլ իսլամացել է: Միայն այս պայմաններով կարող էին գիւղում մնալ:

Ասում է, որ գիւղում հաստատուելուն պէս պետութիւնը ընտանիքին դաշտ է տուել, ապրուստն այստեղից են ապահովել:

Որպէս մուսուլման ապրել շարունակող ընտանիքում իրենց հայկական ծագման մասին խօսելը թապու էր, երեխաների հետ այդ մասին չէին խօսում:

Ընտանիքը շարունակում է այդ գիւղում ապրել: Սակայն ներքին ամուսնութիւններով փորձում են պահպանել իրենց հայկական ինքնութիւնը: Ըստ էութեան` Սելիմի ծնողները եւս եղբօր երեխաներ են, օրօրոցում են նշանադրել:

Սելիմն ասում է, որ իր ընտանիքը վախենում է, Սասունում մնալու համար իսլամացել է եւ թաքցրել իր հայկական ինքնութիւնը:

1915 թ. վերապրած ընտանիքը, որը ստիպուած է եղել հեռանալ իր գիւղից, աղջիկներին տալ եւ մուսուլման դառնալ, ինչու՞ է յամառօրէն ուզում մնալ:

Սելիմը պատասխանում է.

Չեն ցանկանում հրաժարուել իրենց հողերից:

Հարցնում եմ.

Դու նրանց կարողանո՞ւմ ես հասկանալ:

Հայաստան գնալուց յետոյ կարողանում եմ հասկանալ: Այստեղի բարեկամներիս հետ հանդիպելուց յետոյ նրանց հետ խօսելով աւելի լաւ եմ հասկանում: Ինձ հետ խօսելիս լացում են: Ասում են, որ ցանկանում են միայն Սասունը, իրենց պապերի գիւղը տեսնել: Մտածում եմ` եթէ նրանց Սասուն տանեմ, ինչպէ՞ս եմ մեր պապիկի գիւղ տանելու, որովհետեւ այնտեղ արդէն արաբներ են ապրում, հին տները չեն մնացել, եկեղեցին էլ որպէս գոմ են օգտագործում:

 

Դե՛հ, պատմիր տեսնենք գանձերը որտե՞ղ են թաղուած

 Երբ Սելիմն սկսեց վերադառնալ իր հայկական ինքնութեանը, ընտանիքն էլ աւելի ամուր փարուեց իր ինքնութեանը, որոշ բաներ լուսաւորուեցին Սելիմի գլխում.

Պապս հովուութիւն անելիս անընդհատ նոյն լերան գագաթն էր բարձրանում, մենք էլ անընդհատ հարցնում էինք, թէ ինչո՛ւ ենք միշտ նոյն տեղը գալիս: Դու մի ասա, լերան գագաթից երեւում էր իրենց նախկին գիւղը, պապիս հայեացքը առաւօտից երեկոյ իր հօր տանն էր յառուած: Անընդհատ այնտեղ էր գնում, քանի որ կարօտում էր իր գիւղը:

Մերոնք մտածելով, թէ յետ են վերադառնալու իրենց տուն, տատիկիս ուլունքները թասերի, թաւաների մէջ թաղել էին: Երբ իրենց նախկին գիւղից հիւր էր գալիս, տատիկս տխրում էր` իր ուլունքները նրանց վզին տեսնելով:

Սելիմն ասում է, որ երբ գիւղում իմացան, որ ինքն ու իր ընտանիքը հայ են, գիւղում գանձերի մասին զրոյցներ ծաւալուեցին.

  Գիւղացիներն ինձ լաւ են ընդունում, ճաշի են հրաւիրում: Որոշ ժամանակ անց էլ կատակով ասում են. «Դե՛հ ասա, տեսնենք գանձերը որտե՛ղ են: Քարտէզ կա՞յ»: Այդ ժամանակ եմ հասկանում, թէ ինչո՛ւ են ինձ լաւ վերաբերւում:

Սելիմի ինքնութեան փնտռտուքի այսօրուան կանգառը Հայաստանը դարձաւ: Վերջին 7 ամիսը Հայաստանում է ապրում, այստեղ հայերէն է սովորում` փորձելով հայկական ինքնութեան հետ աւելի մօտիկից ծանօթանալ:

Հայաստան է գնացել Հայաստանի Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ:

Անցեալ տարի առաջին անգամ Թուրքիայի մուսուլման հայերից բաղկացած մի խումբ Հայաստան տարան: 18-օրեայ ծրագիր էր: Մեր կազմակերպիչը Տիարպեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու նախագահն էր: Ես եկայ ե՛ւ Հայաստանը տեսնելու, ե՛ւ բարեկամներիս գտնելու:

 

22 տարի անց նամակը հասաւ այն գրած անձին

 Իսկ Հայաստանի իր բարեկամների մասին Սելիմն ինչպէ՞ս իմացաւ: Ըստ էութեան, իր բարեկամներին գտնելու պատմութիւնն սկսում է 22 տարի առաջ իր ընտանիքին ուղարկուած մի նամակից:

Սելիմի պապի` Կենճոյ Աքդաշի ընկերը, որ Սասունի մի այլ գիւղից իսլամացած հայի ընտանիքից է, յետագայում կրկին դառնում է քրիստոնեայ: Այս ընտանիքը գնում է Հայաստանում գտնուող իրենց բարեկամներին այցելութեան: Եւ այցելած գիւղում գտնում է նաեւ Միթոյի ընտանիքին: Միթոյին Սելիմի ընտանիքի ազգանունն է նախքան իսլամ ընդունելը: Կենճոյ Աքդաշի ընկերը իմանում է այս մասին, եւ զրոյցի ընթացքում պարզւում է, որ Աքդաշ ընտանիքի բարեկամներն են:

Հայաստանաբնակ բարեկամները Կենճոյին նամակ են գրում եւ տոհմածառն ուղարկում: Նամակի մասին միայն պապը` Կենճոյ Աքդաշն ու Սելիմի հայրը` Սապրի Աքդաշը գիտէին: Տարիներ շարունակ նամակը, որպէս գաղտնիք, թաքցնում են, սակայն այն բանից յետոյ, երբ Սելիմն իմանում է իր ինքնութեան մասին եւ որոշում վերադառնալ իր ինքնութեանը՝ նամակը նրան են յանձնում: Իսկ Հայաստանում իր բարեկամներին գտնելու պատմութիւնը Սելիմն այսպէս է ներկայացնում.

Հայաստան գալու երրորդ օրը ճանապարհուեցի նրանց գտնելու: Հետս վերցրեցի նաեւ թարգմանչին ու Տիարպեքիրից եկած տարեց մի հօրեղբօր:

Երբ Աքդաշն այցելել է նրանց, ազգականների մի մեծ խումբ է հաւաքուել:

Երթուղային մեքենայ նստելուն պէս թարգմանիչ Գէորգն ասել է, որ փնտռում են Սելիմի բարեկամներին եւ ցոյց տուել նամակը: Վարորդն այդ հասցէն գիտեցել է: Շէնքի վերելակը չէր աշխատում, տունն էլ 11-րդ յարկում էր: Տիարպեքիրցի հօրեղբօրն ասել են. «Դու մի՛ բարձրացիր, մնա՛», սակայն նա առաջինն է բարձրացել: Չի ցանկացել բաց թողնել Սելիմի` բարեկամների հետ հանդիպելու պահը:

Դուռը բացող կնոջ աչքերը լցուեցին թարգմանչի հետ խօսելիս: Երբ իմացաւ, թէ ես ով եմ, ճիչ արձակելով ներս վազեց: Միւս բարեկամներին զանգեց եւ տուն կանչեց: Մենք մնացինք դրան շեմին, չիմացայ` ինչ անել: Յետոյ վերադարձաւ եւ փաթաթուեց ինձ:

Սելիմն ասաց, որ կէս ժամուան ընթացքում մօտ 25 հոգի եկան:

Այս ամէնից յետոյ ի՞նչ զգացիր:

Երջանիկ, միեւնոյն ժամանակ նաեւ տխուր էի: Նրանց գտել էի, սակայն չգիտէի նրանց լեզուն, չէի կարողանում խօսել:

Սա մեծ ազդեցութիւն է ունենում Սելիմի` հայերէն սովորելու որոշման վրայ: Սելիմն ասում է, որ ցանկանում է ամրանն իր հօրը Հայաստանի բարեկամների հետ ծանօթացնել եւ թարգմանիչն էլ հենց ինքը լինի:

Ընտանիքիս համար եմ հայերէն ուզում սովորել: 100 տարի անց մեր բարեկամներին գտանք: Ուզում եմ Օգոստոսին հօրս տանել եւ բարեկամների հետ ծանօթացնել: Նրանք էլ յետոյ Սասուն են գալու: Ընկերներն ասում են, որ իրենք կը թարգմանեն, սակայն հայրս ուզում է, որ թարգամանիչն իր արիւնակիցը լինի:

 

Քրտական ինքնութիւնից հրաժարուելու համար ժամանակ էր պէտք

 Սելիմը այդքան էլ հեշտութեամբ չի վերագտել իր հայկական ինքնութիւնը: Մինչեւ 20 տարեկանն իրեն քիւրտ է համարել.

– Վերջ ի վերջոյ մեծացել եմ քրտերէն խօսելով, քրտական մշակոյթի մէջ: Ժամանակ էր հարկաւոր, որ հրաժարուէի դրանից:

Սակայն հայկական ինքնութանը հիմնականում մերուել է հայ լինելու համար արհամարհական վերաբերմունքի արժանանալուց յետոյ:

Երբ իմացայ, որ հայ եմ, հարցեր առաջացան` որտեղի՞ց են եկել մեր քրիստոնեայ բարեկամները, ո՞ւր են գնացել, մենք ո՞վ ենք, ինչո՞ւ ենք մուսուլման դարձել… Սրանց մասին հարցրեցի ընտանիքիս: Պարզ ասացին, որ պատճառը վախն է եղել: Յետոյ հասկացայ, որ պատասխաններն, ըստ էութեան, դրսում էին տալիս, կեաւուր Յակոբի թոռ էին ասում: Դու մի ասա` Յակոբը հայկական անուն է: Ես չգիտէի, երբեք չէի հարցրել:

Սասունում արաբները, քրտերը իրենց լեզուով են խօսում: Համալսարանում թուրքերն իրենց մայրենի լեզուով են խօսում, իրենց մշակոյթով ապրում, սակայն, օրինակ, հայրս արաբերէն, քրտերէն եւ հայերէն (թուրքերէն տեքստում հաւանաբար վրիպակ է եղել, հեղինակը նկատի է ունեցել թուրքերեն- Ակունքի խմբ.) է խօսում, սակայն չի կարող հայերէն խօսել: Մարդու համար սա շատ դժուար է: Նա, ով սրա միջով չի անցել, դժուար կը հասկանայ: Պատմելն անգամ հեշտ չէ:

 

Համալսարանի «հայ Սելիմը»

 Յետագայում Սպարտայի Սուլէյման Տեմիրէլ համալսարան ընդունուած Սելիմին այստեղ տեսածն ու ապրածն աւելի ամուր կապերով կապեցին իր հայկական ինքնութեանը:

Հարցնում եմ, թէ համալսարանում թաքցրե՞լ է արդեօք իր հայկական ինքնութիւնը: Պատասխանում է, որ երբեք չի թաքցրել, երբ հարցրել են` ասել է իր հայկական ինքնութեան մասին:

Սելիմը պատմում է, որ ուսանողութեան տարիներին համալսարանում քրտերի եւ ազգայնականների միջեւ մշտապէս լարուածութիւն է եղել, փորձել է երկու խմբի հետ էլ ընկերութիւն անել, երկու խումբն էլ իրեն լաւ են վերաբերուել, անգամ իրար միջեւ լարուածութիւն ծագելու դէպքում, միջնորդի դերով հանդէս գալով, փորձել է հարթել: Ասում է, որ ժամանակի ընթացքում համալսարանում իրեն սկսում են ճանաչել որպէս «հայ Սելիմ»:

Ընկերը, ում հետ տուն էր վարձակալում, ազգայնական էր: Ես էլ հարցնում եմ, թէ որեւէ լարուածութիւն եղե՞լ է, թէ ոչ:

Սելիմը պատասխանում է.

Երկու սենեկակիցս էլ գիտէին, որ հայ եմ: Նոյն հանրակացարանում էինք: Երբ ասացի, որ վարձով տուն եմ տեղափոխւում, ցանկացան ինձ միանալ: Շատ լաւ էինք իրար վերաբերւում, եթէ իրար պոչ չտրորէինք: Ընկերներ էինք: Երբեմն քաղաքականութեան մասին խօսելիս իրարից նեղանում էինք, 1-2 շաբաթ չէինք խօսում, սակայն յետոյ հաշտւում էինք: Ամէն ինչ միասին էինք անում:

Յետագայում իր հետ ապրող ընկերներից մէկը ազգայնական խմբակ է սկսում յաճախել, սակայն սա այդքան էլ մեծ ազդեցութիւն չի թողում իրենց յարաբերութիւնների վրայ:

 

Ոստիկանութիւն է գնացել, երբ չի կարողացել տուն գտնել

 Սելիմը ոչ միայն հայկական, այլեւ քրտական ինքնութեան պատճառով էլ է մինչեւ 20 տարեկանը նեղութիւն կրել.

Եթէ համալսարանում որեւէ դէպք տեղի ունենար, տարածւում էր նաեւ քաղաքում: 2 ամիս շարունակ տուն չէի կարողանում գտնել, քանի որ ինձ քիւրտ էին համարում: Համաձայնութեան էինք գալիս, սակայն անձնագրիս մէջ տեսնելով որ Բաթմանում եմ ծնուել, հրաժարւում էին: Թէեւ ընկերներս արեւելքից չէին, սակայն իմ պատճառով նրանց էլ տուն չէին տալիս: Բառացի ասում էին. «Քիւրտ չեմ ուզում»: Արդէն սկսել էի մտածել Սասուն վերադառնալու կամ Սթամպուլ գնալու մասին:

Վատ տրամադրութեամբ մի օր Սելիմը փողոցով անցնող ոստիկանութեան մեքենան կանգնացնում եւ ասում է, որ չի կարողանում տուն գտնել. «Ինձ տուն չեն տալիս, քանի որ բաթմանցի եմ»: Երբ ոստիկանն ասում է. «Ես ի՞նչ կարող եմ անել», պատսախանում է. «Քաղաքացուն օգնելը Ձեր պարտականութիւնը չէ՞, օգնէ՛ք»:

Ոստիկանութեան հետ բաժանմունք է գնում, խօսում են, եւ նրանց երաշխաւորութեամբ ոստիկանական բաժանմունքի վերին յարկում գտնուող տունը վարձակալում են:

 

Մուսուլման հայ եմ

 Հարցնում եմ, թէ արդեօք կրօնը փոխելո՛ւ է:

Սրա մասին ինձ բարեկամներս էլ են հարցրել: Ասել եմ, որ մուսուլման եմ: Նրանք էլ ասացին. «Եթէ մենք էլ մնայինք Սասունում, մենք էլ էինք մուսուլման դառնալու, եթէ դու գայիր Հայաստան, դու էլ քրիստոնեայ կը լինէիր: Մեզ համար դա ոչինչ չի փոխում»:

Ըստ էութեան` Սելիմն ասում է, որ մի ժամանակ մտածել է կրօնափոխութեան մասին.

Եթէ անգամ կրօնափոխ լինեմ, ոչինչ չի փոխուի: Մուսուլման եմ, սակայն չեմ հետեւում իսլամին: Կարծում եմ, որ ինքնութեան մէջ կրօնն այդքան էլ ազդեցութիւն չունի:

Երեւանում կազմակերպուած ոգեկոչման արարողութիւններին մասնակցած Սելիմին հարցնում եմ, թէ 1915 թ. 100-ամեակի վերաբերեալ ի՛նչ է զգացել: Պատասխպանում է, որ երջանիկ է` Ապրիլի 24-ին այստեղ է եղել: Սելիմն իր պատմութիւնը միշտ ժպտալով է պատմում, պատմում է, որ երբեմն տխրում, կոտրւում, շատ դժուարանում է.

Ուրախ եմ, որ այս ամէնը իմ հետ կատարուեց: Լաւ է, որ այս ամէնը վերապրեցի, որովհետեւ այս ամէնն ինձ իմ հայկական ինքնութեանն աւելի մօտեցրեց:

Այսօր Սասունում քրիստոնեայ 4 ընտանիք կայ: Սելիմն ասում է, որ իրենց գիւղում 3 իսլամացած հայկական ընտանիք կայ, սակայն չգիտի, թէ Սասունի շրջակայքում, որքան իսլամացած հայկական ընտանիք կայ:

 

http://www.demokrathaber.net/yasam/batman-da-muslumanlastirilmis-bir-ermeni-nin-kimlik-arayisi-h48147.html

 Թարգմանեց Անահիտ Քարտաշեանը

 Akunq.net


Leave a Comment

You must be logged in to post a comment.