«Իսլամական Պետութիւնը» Եւ Կովկասը


Մի անգամ իր ելոյթներից մէկում Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինը, խօսելով արեւմտեան երկրների` միջազգային ահաբեկչութեանն աջակցելու մասին, ասել է. «Ժամանակին նրանք հովանաւորում էին իսլամական ծայրայեղական շարժումները Խորհրդային Միութեան դէմ պայքարում, որոնք թրծուեցին Աֆղանստանում: Եւ հէնց նրանցից էլ աճեցին Թալիպանն ու Քայիտան»:

«Իսլամական պետութիւն» խմբաւորման աշխուժացման հետ Մարոքից ու Ալճերիայից մինչեւ Կենտրոնական Ասիա ու Չինաստան ընկած երկրների նկատմամբ սպառնալիքներն աւելի յստակ ուրուագծէր են ստանում: Յատուկ ուշադրութեան է արժանի Կովկասը: Նշենք այն հետաքրքիր փաստը, որ 2014թ. հոկտեմբերի 12-ին Պաքւում ազրպէյճանցի ընդդիմադիրների ցոյցի ժամանակ բարձրացուել էր «Իսլամական պետութեան» դրօշը: Իսկ վերջերս էլ ամերիկեան «Ֆորէյն Փոլիսի» հրատարակութիւնը հաղորդել է Վրաստանի տարածքում սիրիացի զինեալների վարժաճամբարների տեղակայման ծրագրերի մասին:

Անընդհատ տեղեկութիւններ են հաղորդւում Սիրիայում մարտական գործողութիւններին մասնակցած կամ սպաննուած Ազրպէյճանի ու Վրաստանի քաղաքացիների մասին: Իսկ վերջերս էլ «Իսլամական պետութիւն» դիրքերի ռմբակոծման արդիւնքում սպաննուել է Ազրպէյճանի Տէրտէրեան շրջանի բնակիչ Ռովշան Պատալովը: Սիրիայի տարածքում նա ստեղծել էր «Թապուք» խումբը, որի կազմում կային նաեւ ազրպէյճանցիներ, իսկ շուտով էլ նշանակուել էր Կովկասում «Իսլամական պետութեան» էմիր: Ըստ տեղեկութիւնների, նոր «խալիֆի» խմբում կռւում էին Եւրոպայի, Միացեալ Նահանգների եւ նախկին Խորհրդային Միութեան հանրապետութիւնների մօտ 3 հազար քաղաքացիներ:

Նշենք, որ արեւմտեան լրատուամիջոցներում նախկին խորհրդային քաղաքացի զինեալներին անուանում են «կովկասցիներ» կամ «չեչեններ»`  առանց ճշդելու նրանց ազգութիւնը: Ընդգծում են նաեւ, որ Հիւսիսային Կովկասում անկայունութեան օճախի առաջացումը կը յանգեցնի վերջինիս տարածմանը Ռուսաստանի այլ շրջաններում: Նրանք իրենց ընթերցողներին ներշնչում են, որ զգալի ուժանիւթային պաշարներ ունեցող Ռուսաստանը շահագրգռուած չէ Մերձաւոր Արեւելքում կայունութեան հաստատմամբ, քանի որ Մոսկուան պաշտպանում է «Պաշշար Ասատի բռնատիրական վարչաձեւը»: Մի խօսքով, ամէն ինչ արւում է Ռուսաստանը թշնամի երկիր ներկայացնելու համար:

«Իսլամական պետութիւնը» որի մասին մէկ տարի առաջ դեռ քչերը գիտէին, աստիճանաբար մի լուրջ անդրազգային ծրագիր է դառնում իր հզօր ժամանակակից տեղեկատուական խարիսխով եւ սպառազինութեամբ: Միայն 2013թ. մի քանի ամսուայ ընթացքում Սիրիական ազատ բանակը նրանց է փոխանցել 2000 գնդացիր, մօտ 1000 միաւոր այլ կարգի զէնք, հակահրետանային եւ նռնականետներ, 14,5 մմ տրամաչափի ծանր գնդացիրներ, 200 հազար թոն զինամթերք եւ 100 ռազմական մեքենայ: Ո՞վ է նրանց այս ամէնը մատակարարում…

Վերջերս «Իսլամական պետութիւն»-ի գործողութիւններին գնահատական է տուել Չեչենիայի նախագահ Ռամզան Քատիրովը. «Ես կը խնդրէի դրանց «Իսլամական պետութիւն» չանուանել: Նրանքշէյթաններ (սատանաներ) են, որոնց նպատակն է ինչքան կարելի է շատ փող վաստակել: Նրանք կատարում են Արեւմուտքի յանձնարարութիւնները եւ նպատակաուղղուած սպաննում են մահմետականներին: Նրանց օգնել եւ օգնում են արեւմտեան յատուկ ծառայութիւնները: Այդ աւազակներին որտեղի՞ց այդքան ինքնաթիռ` տասնեակ հազարաւոր մարդկանց ամբողջութեամբ զինելու համար միջոցներ… Ապու Պաքր Պաղտատին էլ հաւաքագրուել էր Կենտրոնական հետախուզական վարչութեան (Սի. Այ. Էյ.) կողմից: Եթէ նա իրեն իրօք իսկական մահմետական է համարում, ապա թող բացէ ի բաց ընդունի, որ սպաննում է իր դաւանակից եղբայրներին, ներողութիւն խնդրի իր դաւանակիցներից եւ ցրի իր աւազակախումբը: Հակառակ դէպքում` նրանց պէտք է միայն ոչնչացնել»:

Սիրիայում եւ Իրաքում իրադարձութիւնները աւելի յաճախ են ստիպում խօսելու նոր սերնդի պատերազմների մասին: Դեռ 1989թ. Միացեալ Նահանգների «Ծովային ուժերի թերթը» հետեւեալ ենթադրութիւնն էր արել. «Չորրորդ սերնդի ռազմական գործողութիւնները կը լինեն վերին աստիճանի տարածուած եւ մեծ մասամբ անորոշ, խաղաղութեան ու պատերազմի միջեւ բաժանարար գիծը համարեա կ՛անհետանայ: Պատերազմն այն աստիճանի ոչ գծային կը լինի, որ, ամենայն հաւանականութեամբ, կը բացակայեն մարտադաշտը եւ ճակատային գիծը: Հաւանաբար «քաղաքացիականի» եւ «ռազմականի» միջեւ տարբերութիւնները կ՛անհետանան: Գործողութիւնները միաժամանակ ուղղուած կը լինեն դէպի մասնակից կողմերի ողջ «խորութիւնը», ներառեալ` նրանց ամբողջ հասարակութիւնը, որի տակ հասկանում ենք ոչ միայն ֆիզիքական, այլեւ մշակութային բաղկացուցիչը»:

Հէնց այս ենք մենք այժմ տեսնում Մերձաւոր Արեւելքում եւ Ուքրանիայում: Եւ արդեօք ապահովագրուա՞ծ ենք, թէ շուտով «չորրորդ սերնդի ռազմական գործողութիւնները» չեն տեղափոխուի Եւրոպա, որտեղ վերջերս բախումներ տեղի ունեցան եզիտիների եւ կովկասցիների միջեւ:

Յատուկ շեշտադրւում է այն, որ Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողութիւններին մասնակցող զինեալները Հիւսիսային Կովկասից են, իսկ սա կարող է «Հիւսիսային Կովկասում անկայունութեան նկատմամբ միջազգային հանրութեան ուշադրութիւնը սեւեռելու» նախերգանք հանդիսանալ: Հետեւաբար դա թոյլ չտալու համար հարկաւոր է յստակ հասկանալ եւ չէզոքացնել նոր սպառնալիքների աղբիւրները դեռեւս ծագման պահին:

ՆԱՅԻՐԱ ՄԿՐՏՉԵԱՆԸ

«Հայ Զինուոր»


Leave a Comment

You must be logged in to post a comment.