Երիտասարդ Եւրոպական Ընկերվարականներ Կազմակերպութիւնը Ընդունել Է Բանաձեւ Հայոց Ցեղասպանութեան Վերաբերեալ


0603socialists1
ՌԻԳԱ.- 2015թ. Մայիսի 29-30ին, Լատուիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցաւ Երիտասարդ եւրոպական ընկերվարականների (Young European Socialists) բիւրոյի ժողովը: Ժողովին մասնակցում էին կազմակերպութեան բոլոր լիիրաւ անդամները:
ՀՅԴ Երիտասարդականի կողմից ժողովին մասնակցում էր մէկ ներկայացուցիչ՝ Արէն Քերթեշեանը (Ֆրանսիա):
Ժողովի օրակարգում ներառուած էին կազմակերպութեան առաջիկայ երկու տարիների գործունէութէան ծրագրի մշակումը, Եւրոպական ընկերվարականների (սոցիալիստների) կուսակցութեան (PES) ժողովի օրակարգի քննարկումը, ամառային ճամբարի հետ կապուած կազմակերպական հարցերը եւ անդամ կազմակերպութիւնների կողմից ներկայացուած բանաձեւերի քննարկումն ու որդեգրումը:
ՀՅԴ Երիտասարդականը եւ Ֆրանսիայի Երիտասարդ ընկերվարականների շարժումը (MJS) Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի կապակցութեամբ ներկայացրել էին միասնական բանաձեւ, որում կոչ էր արւում Երիտասարդ եւրոպական ընկերվարականներին՝ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, դատապարտել Թուրքիայի ժխտողական քաղաքականութիւնը եւ կոչ էր ուղղում Թուրքիայի իշխանութիւններին սկսել հատուցման գործընթաց:
Բանաձեւի քննարկումն անցաւ բուռն եւ լարուած մթնոլորտում: Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան (CHP) երիտասարդականի ներկայացուցիչները առարկելով ներկայացուած բանաձեւի որոշ կէտերի դէմ՝ առաջարկեցին փոփոխութիւններ ըստ հետեւեալի.
– Բանաձեւից հանել ցեղասպանութիւն եզրոյթը եւ այն փոխարինել կոտորածներ բառով, նկատի ունենալով, որ իրենց կուսակցութեան համար դեռ վերջնականապէս յստակ չէ, թէ տեղի ունեցածը ցեղասպանութիւն է: Միաժամանակ նման բանաձեւի ընդունումը կարող է ազդել կուսակցութեան վարկանիշի վրայ՝ Թուրքիայում տեղի ունենալիք առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում:
– Թուրքիայի ժխտողական քաղաքականութիւնը դատապարտող նախադասութիւնը հանել, քանի որ այն վիրաւորական է իրենց կազմակերպութեան համար:
– Բանաձեւում աւելացնել մէկ կէտ, ըստ որի Հայաստանը եւ բոլոր երկրները պէտք է բացեն իրենց արխիւները, եւ Հայաստանն ու Թուրքիան պէտք է կեանքի կոչեն միջպետական մի յանձնաժողով, ուսումնասիրելու հայոց հարցը, քանի որ պէտք չէ պատմական հարցերը քաղաքականացնել:
Թուրք պատուիրակների առարկութիւններին պատասխանեցին Գերմանիայի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան Երիտասարդականի (JUSOS) եւ Ֆրանսիայի Երիտասարդ ընկերվարականների շարժման (MJS) ներկայացուցիչները: Գերմանացի երիտասարդները դատապարտեցին թուրք երիտասարդների կեցուածքը, յատկապէս նրանց ժխտողական դիրքորոշումը, շեշտելով, որ այն, ինչ կատարուել է հայերի նկատմամբ, անվիճելիօրէն ցեղասպանութիւն է, բաց են Հայաստանի արխիւները, պատմաբաններն արդէն 100 տարի է ինչ ուսումնասիրում են այդ արխիւները, եւ ապացուցուած է, որ տեղի ունեցածը ցեղասպանութիւն է:
Ֆրանսացի երիտասարդները երկրորդելով գերմանացի պատուիրակներին, նշեցին բռնի կրօնափոխ դարձած հայերի եւ նրանց ինքնութեան տագնապի հարցերը:
Շուէդիայի Ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական լիգայի (SSU) ներկայացուցիչներն առաջարկեցին մի կէտ աւելացնել բանաձեւում այն մասին, որ Երիտասարդ եւրոպական ընկերվարականներ կազմակերպութիւնը յանձն է առնում պայքարել, որպէսզի Եւրոպական ընկերվարականների կուսակցութիւնը (PES), ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը:
ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը խօսեց Թուրքիայի ժխտողական քաղաքականութեան հետեւանքների մասին եւ ափսոսանք յայտնեց, որ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան երիտասարդականի ներկայացուցիչները կրկնում են Թուրքիայի իշխանութիւնների դիրքորոշումները, փոխանակ, որպէս երիտասարդներ՝ համարձակութիւն ունենան իրերն իրենց անունով կոչելու:
Ժողովը մերժեց Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան Երիտասարդականի առաջարկները եւ, ընդունեց Շուէդիայի Ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական լիգայի (SSU) առաջարկը:
Աւարտին բոլոր պատուիրակները, բացառութեամբ թուրքերի, քուէարկեցին ի օգուտ ներկայացուած բանաձեւի: Ստորեւ ներկայացնում են ընդունուած բանաձեւը.

Անպատժելիութիւնը օրինականացնում է բռնութիւնը եւ խթանում նորանոր յանցագործութիւններ: Մենք մշտապէս ականատես ենք լինում աշխարհում մարդկանց համար անմարդկային պայմանների ստեղծման երեւոյթների, մարդու կեանքին սպառնացող տարբեր դաժանութիւնների եւ աղէտների: Աշխարհը յաճախ լռում է այս ամէնի մասին՝ արդարացնելով սեփական լռութիւնը փոփոխութիւններ իրականացնելուն ուղղուած որեւէ փորձի ապարդիւն լինելով: Մենք՝ Երիտասարդ եւրոպական ընկերվարականներս, այս լռութիւնը համարում ենք մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւններին նպաստող բացասական ազդակ: Մենք հաւատացած ենք, որ Հայոց Ցեղասպանութեան նման յանցագործութիւնները երբեք չպէտք է մոռացուեն, եւ խնդիրը միշտ պէտք է մնայ արդիական, յիշեցնելու համար, որ մենք՝ մարդ արարածներս, ունակ ենք իրականացնելու ամենաանմարդկային երեւոյթներ: 1915-1923թթ.ի ընթացքում աւելի քան 1,500,000 հայեր դաժանաբար ենթարկուել են կոտորածների իրենց նախնիների հողում, որը մեր օրերում աւելի շատ յայտնի է որպէս Արեւելեան Թուրքիա: Աւելի քան 300,000 կանայք եւ երիտասարդ աղջիկներ ստիպողաբար կրօնափոխ են դարձել եւ փոխել են իրենց ինքնութիւնը: Հարիւր հազարաւոր երեխաներ են մնացել որբ: Շատ քիչ թուով հայեր, ովքեր կարողացել են փրկուել կոտորածներից, սփռուել են ողջ աշխարհով: Աւերուել է հնագոյն քաղաքակրթութիւն, որի սեփականութիւնը կողոպտուել է եւ առգրաւուել, իսկ ժառանգութիւնը ոչնչացուել: Հակահայկական տրամադրութիւնները դեռ շարունակում են արդիական մնալ ժամանակակից Թուրքիայի Հանրապետութիւնում: Հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգութեան ոչնչացումը Թուրքիայում շարունակւում է մինչ այսօր:
Երիտասարդ եւրոպական ընկերվարականներս հաւատացած ենք, որ ցեղասպանութիւնը մարդկութեան դէմ ուղղուած ծանրագոյն յանցագործութիւն է եւ պէտք է պատժուի անկախ այն հանգամանքից, թէ երբ է իրականացուել:
Հաշուի առնելով վերոնշեալը՝ ԵԵԸ ներկայացնում է բանաձեւ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ, երբ աշխարհը յիշատակում է 20րդ դարի առաջին ցեղասպանութեան 100րդ տարելիցը:
– ԵԵԸ իր աջակցութիւնն է յայտնում հայ ժողովրդին, երբ հայերը ամբողջ աշխարհում յիշատակում են 1915-1923թթ.ի ընթացքում Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից իրականացուած Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցը:
– ԵԵԸ խստօրէն դատապարտում է Թուրքիայի կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ժխտումը՝ համարելով այն ցեղասպանութեան յանցագործութեան ծայրագոյն աստիճան։
– ԵԵԸ աջակցում է հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման գործընթացում եւ յորդորում է Թուրքիային անմիջապէս սկսել Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացման եւ հայ ժողովրդի իրաւունքների վերականգնման գործընթաց: Վերջինս դրական փոփոխութիւններ կը բերի թէ՛ Թուրքիայի Հանրապետութեան, թէ՛ թուրք ժողովրդի համար, ինչպէս նաեւ կ՛օժանդակի պետութեան եւ հասարակութեան ժողովրդավարացման գործընթացին: Հայոց Ցեղասպանութեան արդարացի լուծումը երկու երկրների եւ ազգերի միջեւ հաշտեցման միակ վստահելի ճանապարհն է:
– ԵԵԸ ողջունում է անդամ կազմակերպութիւնների կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին մարդկանց ուսուցանելու եւ իրազեկելու բոլոր նախաձեռնութիւնները, քանի որ առանց տեղեակ լինելու անցեալին, մենք չենք կարող փոխել ապագան, իսկ ապագան փոխելու ձգտումը ժողովրդավարութեան ու ընկերվարական արժէքների համար մղուող ամէն մի ճշմարիտ պայքարի հիմնաքարն է:
– ԵԵԸ Եւրոպական ընկերվարականների կուսակցութեան ներսում ակտիւ գործունէութիւն է ծաւալելու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացում եւ պահանջելու է, որ ընկերվարականների եւ ժողովրդավարների խումբը (S&D Group) աշխատանքներ տանի Եւրոխորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ:

ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
ԳՐԱՍԵՆԵԱԿ
02 Յունիսի, 2015թ.


Leave a Comment

You must be logged in to post a comment.