Դաշնակցութիւնը եւ նրան ապաւինած ժողովուրդը վճռեցին մնալ


Գալիս է Թուրքը եւ գալիս էր հայութեան վրայ։ Հային էր վիճակւում պաշտպանել Կովկասի ճակատը։ Թաթարը մատը մատին չէր զարկում։ Վրացին վէճ ու վրէժ չունէր թուրքի դէմ եւ Թաթարին դաշնակից՝ իր գործերը կարգադրում էր դիւանական ճանապարհով։ Միայն Հայն էր, որ պէտք էր ե՛ւ պետութիւն կառուցէր իր կիսաւեր հայրենիքում, ե՛ւ սովահար բազմութիւններ կերակրէր, ե՛ւ ժողովուրդ ու հայրենիք պաշտպանէր Թուրքի դէմ, որ գալիս էր հարաւից եւ Թաթարի դէմ, որ խլրտում էր երկրի մէջ եւ թիկունքում։

Գալիքն ահաւոր էր եւ գործն ամեհի. պէտք էր ճիգերի գերմարդկային լարում։ Նման պայմանների մէջ պատմական հայութիւնը լքած էր իր հայրենիքը եւ բռնած գաղթի ճամբան։ Նոյնը փորձեց եւ նոր հայութեան ապահով դասը, բռնելով Ռազմավիրական խճուղին, որ միակ ելքն էր խուսափումի եւ տանում էր Ռուսաստան։ Բայց Դաշնակցութիւնը եւ նրան ապաւինած ժողովուրդը վճռեցին մնալ, ճակատ յարդարել եւ կռիւ ընդունել մեր դարաւոր ոսոխի դէմ, որ Հայաստան աշխարհի մեծ մասը մաքրած էր հայ տարրից եւ գալիս էր միւս մասը մաքրելու։

Սա մի գերագոյն վճիռ էր, մի հերոսական կեցուածք, մի անօրինակ վճռականութիւն եւ նրա փառքը պատկանում է ՀՅ Դաշնակցութեան եւ հայ ժողովուրդի խոնարհ խաւարին, որ տէր կանգնեցին հայ հայրենիքին, կազմակերպեցին նրա պաշտպանութիւնը եւ դրին անկախ Հայաստանի պետութեան հիմքերը։

Հետագայ դարերի հայ մարդը պիտի զարմանայ այն սերունդի վրայ, որ օրհասի տարիներին հերոսական վճռականութեամբ տէր կանգնեց իր անտէր հայրենիքին եւ իր անվարժ ու թոյլ ձեռքով, բայց եւ անվեհեր հոգով կարողացաւ աւերակների եւ սովի միջից նոր Հայաստան ստեղծել։

Այս բախտորոշ եւ գերագոյն վճռականութեան տօնն է Մայիս 28-ը։

Ն. Աղբալեան


Leave a Comment

You must be logged in to post a comment.