Գանատայի մօտ ՀՀ դեսպան Ա. Եգանեանի ուղերձը ՀՀ դեսպանութեան հիմնադրման 20-ամեակին առթիւ


Սիրելի՛ բարեկամներ,

20 տարի առաջ այսօր իր դռները բացեց Գանատայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը:

1995թ. մարտի 1-ին նորանկախ Հայաստանի կողմից դիւանագիտական ներկայացուցչութիւնների հիմնադրման երկրորդ ալիքի շրջանակներում Գանատայում ՀՀ դեսպանութեան բացումը շրջադարձային քայլ էր հայ-գանատական յարաբերութիւններում:

Ի սկզբանէ դեսպանութիւնը տեղակայուած էր փոքր գրասենեակային տարածքում` Օթթաուայի գործարար կեդրոնի Ալպերտ փողոցի վրայ, սակայն շատ կարճ ժամանակահատուածում, ԱՄՆ-ի և Գանատայի հայ բարերաների օժանդակութեամբ, ձեռք բերուեց և վերանորոգուեց դեսպանութեան ներկայիս շէնքը` գտնուող ԵՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան մաս կազմող Ռիտօ ջրանցքի վրայ` 7 Տելավէր պողոտայ հասցէում: Ինքը շէնքը` կառուցուած դեռևս 1908թ., հիմնադրման 100-ամեակի առթիւ Օթթաուայի տեղական իշխանութիւնների կողմից ստացաւ Օթթաուայի պատմամշակութային ժառանգութեան կարգավիճակ և ներկայումս իւրաքանչիւր տարի Օթթաուայում կազմակերպուող բաց դռների օրերին ընդունում է հարիւրաւոր այցելուներ, ովքեր ծանօթանում են Հայաստանի, ինչպէս նաև դեսպանութեան պատմութեանը:

Այս քսան տարիների ընթացքում երկար ճանապարհ ենք անցել, ունեցել ենք և՛ յաջողութիւններ, և՛ խոչընդոտներ: Այսօր հայ-Գանատական երկկողմ յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ: Վերջին տարիներին փոխայցելութիւնների յաճախակիացումն իր դրական դերն է խաղում երկկողմ յարաբերութիւնների օրակարգում: Գանատական իշխող շրջանակներում Հայաստանի դիրքորոշումների, քաղաքական և տնտեսական իրավիճակի ըմբռնումը թոյլ է տալիս ունենալ անկեղծ երկխօսութիւն և հաստատուն քայլերով շարժուել դէպի աւելի ամուր, աւելի համապարփակ յարաբերութիւնների:

Երախտապարտ ենք Գանատային Հայոց ցեղասպանութեան ճանաչման համար ինչպէս օրէնսդիր, այնպէս էլ գործադիր մակարդակներում: Շնորհակալ ենք նաև ցեղասպանութիւնների կանխարգելմանն ուղղուած շարունակական գործունէութեան համար, որի մարմնացումն է Գանատայի մարդու իրաւունքների թանգարանի հիմնադրումը Ուինիփէկ քաղաքում, ուր ներկայացուած է նաև մարդկութեան դէմ իրականացուած մեծագոյն ոճիրներից մէկը` Հայոց ցեղասպանութիւնը:

Լայնօրէն ամրապնդւում են հայ-Գանատական տնտեսական կապերը: Եթէ դեսպանութեան հիմնադրման առաջին տասնամեակում առևտրային յարաբերութիւնները սահմանափակւում էին հանքարդիւնաբերութեամբ, այժմ ունենք փոխգործակցութիւն բարձր տեխնոլոգիաների, ոսկերչութեան, տեքստիլների, մսամթերքի, անշարժ գոյքի և շատ այլ ոլորտներում: Այս բնագաւառների շրջանակը հետագայ տարիներին աւելի բազմազան ու ընդգրկուն կը լինի:

Վերջին տասնամեակում մեր հայրենիքը քայլեր ձեռնարկեց Ֆրանքոֆոնիայի միջազգային կազմակերպութեանն անդամակցելու ուղղութեամբ, որի լիիրաւ անդամ դարձաւ 2012թ.: Պէտք է նշեմ, որ Գանատան այս նախաձեռնութիւնում մշտապէս կանգնած է եղել Հայաստանի կողքին և օժանդակել մեր առաջխաղացմանը: Ինչպէս իր ուղերձում նշել էր Գանատայի ֆրանքոֆոնիայի նախարար Պերնարտ Վալկուրտը, Գանատան ամբողջապէս աջակցում էր Հայաստանի անդամակցութեան հայտին Ֆրանքոֆոնիայի միջազգային կազմակերպութեան 2008թ. Քեպեքեան գագաթնաժողովին և ուրախութեամբ ողջունում է Հայաստանին` որպէս կազմակերպութեան լիիրաւ անդամ: Ընդհանրապէս, միջազգային ասպարէզում մեր երկու երկրները արձանագրել են արտակարգ փոխըմբռնում ու փոխադարձ աջակցութիւն:

Անհրաժեշտ եմ համարում շնորհակալութիւն յայտնել Գանատայի հայ համայնքին: Գանատահայութիւնը այն կամուրջն է, որ կապում է մեր երկու ազգերը: Եուսուֆ Քարշի, Ատոմ Էգոյեանի, Արսինէ Խանջեանի, Փիթըր Ունջեանի կամ Իզապել Պայրագտարեանի պէս մշակութային գործիչները, ումով պարծենում են մեր երկու ժողովուրդներն էլ, Գանատայի հասարակութեան մաս դարձած և օրինաւոր քաղաքացիներ հանդիսացող հայորդիները, բարձր են պահում հայի անունը ովկիանոսից անդին և նպաստում են հայ-Գանատական կապերի ամրապնդմանը: Այս քսան տարիների ընթացքում մշտապէս զգացել ենք Ձեր օժանդակութիւնը, հայրենիքի կարօտը և հնարավորութեան սահմաններում Հայաստանին աջակցելու յագուրդ ցանկութիւնը: Այս առթիւ շնորհակալ ենք Գանատայի հայկական բոլոր կազմակերպութիւններին ու միութիւններին:

Սիրելի՛ բարեկամներ,

Վստահ եմ, որ հետագայ քսանամեակները հայ-Գանատական յարաբերութիւններում նշանաւորուելու են նոր ձեռքբերումներով ու վերելքներով:

Գանատայում Հայաստանի Հանրապետութեան
արտակարգ եւ լիազօր դեսպան
 

Արմէն Եգանեան


Leave a Comment

You must be logged in to post a comment.