«Մեզ ստիպեցին, դաւադրաբար, փուլ առ փուլ հասցրին այս հանգրուանին։ Վստահ եմ՝ այս գործընթացը դեռ չի աւարտուել»․ Գագիկ Գինոսեան

«Հորիզոն»ի զրուցակիցը ՀՀ մշակույթի վաստակաւոր գործիչ, բանահաւաքչական գործունէութեամբ զբաղուող, բազմաթիւ ազգային պարեր մոռացութիւնից փրկած Գագիկ Գինոսեանն է, որը հիմնադրել է «Կարին» աւանդական երգի-պարի խումբը։ Նա մասնակցել է Արցախեան պատերազմներին։ Եղել է Լէոնիդ Ազգալդեանի հրամանատարութեամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի մարտիկ, իսկ 1992 թուականին ընդգրկուել է «Արծիւ մահապարտներ» յատուկ նշանակութեան գումարտակում։ Գագիկ Գինոսեանի հետ զրուցել ենք մեր ազգի, հայրենիքի առջեւ ծառացած խնդիրների, այս ծանրագոյն վիճակից դուրս գալու ուղիների մասին։

Հ.- Պարո՛ն Գինոսեան, հիմա կանգնած ենք անդունդի եզրին։ Ինչո՞ւ այսպէս ստացուեց, գուցէ այն պատճառով, որ մեր ուժերին ապաւինելու փոխարէն ապաւինեցինք այլո՞ց։ Նժդեհն ասում էր․ «Մի ժողովուրդ, որն իրեն պէտք եղած ուժն իրենից դուրս է փնտռում, կուրօրէն իր պարտութիւնն ու անկումն է նախապատրաստում»։

Գ.Գ.- Իմ բանաձեւը սա է․ մենք պարտուել ենք ինքնութեան կռւում։ Արցախեան առաջին պատերազմում՝ 90-ականներին, յաղթողները տուն չդարձան։ Այդ յաղթանակը կերտող հրամանատարներին թոյլ չտրուեց վերադառնալ կռուի դաշտից։ Կարելի է առնուազն 20 գաղափարական առաջնորդի, հրամանատարի, խրամատի մտաւորականի անուն նշել, որոնք ռազմի դաշտից չվերադարձան տուն՝ սկսած Մովսէս Գորգիսեանից, Թաթուլ Կրպէեանից, Սիմոն Աչըգկէօզեանից մինչեւ Լէոնիդ Ազգալդեան, Մոնթէ, Արցախի Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչեան, որը սպանուեց հենց իր տանը՝ իր սենեակում։ Գեղազնիկ Միքայէլեանը, որը շատ յայտնի զօրավար էր, այստեղ՝ «Էրեբունի» հիւրանոցի բակում գնդակահարուեց։ Լէոնիդ Ազգալդեանն իր ազատագրած Տօնաշէն գիւղում ծառի ետեւում թաքնուած մարդկանց կողմից գնդակահարուեց, իսկ գնդակահարողին, ի հարկէ, չգտան։ «Օղակ» գործողութեան ժամանակ ընկան Թաթուլ Կրպէեանն ու Սիմոն Աչըգկէօզեանը, որը սովետական ՕՄՕՆ-ի ձեռքով գնդակահարուեց։ Միւս հրամանատարները՝ Բեկոր Աշոտը, Շահէն Մեղրեանը եւ այլք առեղծուածային ձեւով սպանուեցին։ Իմ նշած մարդկանցից որեւէ մէկը թուրքի գնդակից չի ընկել։

Այս մարդիկ օտարի դրդմամբ, մի գուցէ, հայ դաւաճանի ձեռքով են սպանուել։

Յաղթանակ կերտած այս մարդկանց հետ իշխանութիւնը պիտի հաշուի նստէր բազմաթիւ հարցերում՝ քաղաքականութեան, Արցախն անկախացնելու կամ վերամիաւորելու՝ մէկ Հայաստան ունենալու, դիւանագիտական առաքելութիւն իրականացնելու, կրթական, գիտական, ռազմարդիւնաբերական ու մշակութային քաղաքականութեան, նաեւ բանակաշինական ու գաղափարական հարցերում։ 30 տարի ընկեցիկութեամբ ու անգաղափարականութեամբ էր տարուած երկիրը։

Հ.- Ո՞ր հարցերում սխալուելը յանգեցրեց այս վիճակին։

Գ.Գ.- Երկրի «հիմնադիր» կոչուող նախագահն ի սկզբանէ աղաղակում էր, որ ազգային գաղափարախօսութիւնը կեղծ քաղաքական կատեգորիա է։ Բնականաբար, մի ազգ, երկիր, որը գտնւում է բազմապիսի՝ մշակութային, աշխարհագրական, կրօնական, քաղաքակրթական խաչմերուկներում, պիտի հասկանայ, որ առանց ազգային գաղափարախօսութեան ու ինքնութեան գիտակցման հնարաւոր չէ դիմակայել այսչափ մեծ ճնշումների, քանի որ այդ գերտէրութիւններից իւրաքանչիւրը հասկանում է՝ ով տիրում է տարածքի խաչմերուկին, նա տիրում է տարածաշրջանին։ Այսինքն՝ հայրենիքն ընկաւ ոչ այն պատճառով, որ ազգը տկար էր, այլ այն պատճառով, որ կառավարութիւնը խամաճիկացուած էր ի սկզբանէ։ Անկախ Հայաստանի կառավարութիւնը խամաճիկացուած էր օտար ուժերի ձեռքին եւ հանդուրժում էր, որ իր հերոսները սպանուէին կռուի դաշտից դուրս՝ դարանակալ, թփերի միջից, սեփական տանը, «օղակ» գործողութեան ընթացքում․․․ դրանից յետոյ շատ դիւրին էր մեր ինքնութիւնը խաթարելը, որովհետեւ ստեղծուեցին կեղծ հերոսներ, ցմփոր, թալանչի գեներալիկներ, որոնք էֆիէյտորի գիտելիք չունէին, յաղթանակի մէջ լիարժէք վաստակ չունէին․․․ Այս մարդկանց հերոսացնելով ու ֆետիշացնելով՝ նրանց արժեհամակարգը երբեմն դրուեց նոր սերնդի դաստիարակութեան հիմքում․․․

Այն ժամանակ թշնամին մեր դիմացից ճողոպրում էր, օրական մինչեւ 10 գիւղ լքելով՝ փախչում էր։ Եւ նրա ականջից բռնեցին, բերեցին, նստեցրին Բիշկէկի բանակցութիւնների սեղանի շուրջ (նկատի ունի 1994 թուականի Մայիսի 4-5-ը կնքուած Բիշկէկեան արձանագրութիւնը- հեղ․), ասացին՝ ստորագրի՛ր հրադադարի այս պայմանագիրը եւ նոյնը ստիպեցին հայ ազգին։ Մարդիկ, որոնք ստորագրեցին, հերոսացւում են, բայց ես կարծում եմ, որ սա ուղղակի կամ անգիտակցաբար արուած դաւաճանութիւն էր։ Պարտուած ազգի հետ ստորագրուեց ոչ թէ խաղաղութեան պայմանագիր՝ ամրագրելով սահմանները, այլ հրադադարի պայմանագիր։

Մենք ամէն օր ազատագրում էինք հայոց հայրենիքից մի հատուած, բայց մեզ ասացին՝ այլեւս չպիտի գնաք, եւ դա հրաման էր օտար մայրաքաղաքից։ Մենք հասանք մի հանգրուանի, որ այդ տարիների զրկանքները, զոհերը, հերոսացումը դրուեցին կասկածանքի տակ եւ առկախման մէջ։ Աւելի քան երկու տասնամեակ անց յետոյ հասկացանք՝ ինչքան սին էր հրադադարի այդ պայմանագիրը։ Եւ հիմա, երբ հակառակ իրավիճակն է, փառք Աստծոյ, մենք չե՛նք ճողոպրել, չե՛նք դասալքել․ խօսքս անհատների մասին չէ, ազգի մասին է։ 90-ականներին ակնյայտօրէն դասալքուած էր ատրպէյճանական ամբողջ բանակը։

Մեզ ստիպեցին, դաւադրաբար, փուլ առ փուլ հասցրին այս հանգրուանին։ Վստահ եմ՝ այս գործընթացը դեռ չի աւարտուել։ Ինչ-որ կառոյցներ խօսում են իշխանութիւնների դէմ, իշխանութիւններն էլ խօսում են այդ կառոյցների դէմ, բայց փաստերը ցոյց են տալիս՝ դրանք թեւ թեւի տուած՝ յանձնում են հայոց հայրենիքը։ Հենց շրջափակման օրուանից ակնյայտ էր, թէ ինչ է լինելու Արցախի ճակատագիրը։ Երկու-երեք ամիս անց ասում էի՝ պատերազմն անխուսափելի է, հարկաւոր է պատրաստուել դրան։ Աշխարհը թոյլ չէր տալու, որ ամէն օր լուրեր հրապարակուէին՝ «32 հոգի սովամահ եղաւ» կամ «21 հոգի սովամահ եղաւ», քանի որ նման շրջափակման դէպքում վերջը դա էր լինելու։ Աշխարհն էլ կեղծ լուրերով դատապարտեց, ՄԱԿ-ի արդարադատութեան միջազգային դատարանը որոշում կայացրեց․ յետոյ ի՞նչ, որ այդ որոշումը չկատարուեց․․․ Եւ ոչ մի պատիժ չսահմանուեց այդ որոշումը չկատարելու համար։

Ակնյայտ է, որ աշխարհն աշխարհով, բայց մենք ենք մեր ճակատագրի տէրը։ Քանի դեռ ապաւինում ենք օտար ուժերին՝ ասելով՝ ամերիկացին կամ ռուսները կը փրկեն, այսպէս է լինելու։ Երբ պատերազմն աւարտուեց, ռուսական խաղաղապահ կոչուող ուժերը մինչեւ այդ պայմանագիրը ստորագրելն արդէն Արցախում էին, այսինքն՝ ակնյայտօրէն ամէն ինչ կանխատեսուած էր։ Այդ ամէնը թատերականացուած յստակ գործողութիւն էր, բոլորը գիտէին դրա մասին։ Խաղաղապահները եկան, տեղակայուեցին։ Ես ասում էի՝ աւելի լաւ էր՝ թուրքի ներքոյ լինէր, քանի որ հայի մէջ կարելի է ընդվզում առաջացնել թուրքի նկատմամբ, հայը պատրաստ է թուրքի դէմ կռուելու եւ իր հայրենիքն ազատագրելու, բայց երբ ասում են՝ «ռուս»․․․ Մեզ այնքան են ներարկել սովետական քաղաքականութեամբ՝ ասելով՝ ռուսը եկաւ ու մեզ փրկեց Պարսկաստանից, Թուրքիայից, այնինչ ամենամեծ կոտորածները երեւի իրենք են սադրել։ Մենք չէինք էլ գիտակցում, որ դա վտանգաւոր է․․․ եղաւ այն, ինչ եղաւ։ Մեզ ուղղակի ծախեցին․ դա, ի հարկէ, շատ վիրաւորական բառ է։ Ռուսաստանը վարում է իր քաղաքականութիւնը եւ պէտք չէր յուսալ, որ նա մեր շահերից բխող լուծումներ պիտի տար։ Մի երկիր ինչ-որ պարտաւորութիւն է ստանձնում եւ յետոյ ասում՝ «դէ, չստացուեց»․․․ Այն, որ ռուսական բանակի վեց սպայ զոհուեց, դա էլ թատրոն էր, որ իրենք իրենց զոհի կարգավիճակ շնորհէին, որ ասէին՝ «նոյնիսկ մեզ սպանեցին»։ Սա ծաղրուծանակի արժանի ինչ-որ ներկայացում է, որտեղ ո՛չ բեմադրիչն է բեմադրիչ, ո՛չ դերակատարներն են դերակատար։ Անգամ յուշարարն իր տեղում չէ, եւ ամէն մէկն ինչ ուզում, խօսում է․ դրան ոչ մէկը չի անդրադառնում, այդ թւում՝ Հայաստանից։ Արցախի շրջափակման սկզբում ատրպէյճանցի բնապահպանները բողոքում էին, փակել էին ճանապարհը, եւ երկու ամիս անց ոչ մի հայ պաշտօնեայ չբարձրաձայնեց, չասաց՝ իսկ ո՞ւր են բնապահպանները, այլեւս չկան, այդ սահմանը Ատրպէյճանն ու Ռուսաստանն են պահում, ատրպէյճանական բանակը Ռուսաստանի խաղաղապահ ուժերի աջակցութեամբ կամ հովանաւորութեամբ իրականացնում է շրջափակում։ Յետոյ բերեցին, ինչ-որ ուղեփակոց դրեցին, եւ ոչ մէկը չասաց՝ «եղբա՛յր, դուք ասում էիք՝ կապ չունէք այդ ամէնի հետ, բնապահպաններն են փակել»․․․ Այսինքն՝ ակնյայտ թատրոն էր։ Պէտք է ենթադրել, որ ռեժիսորը կամ տեխնիկական մասի պատասխանատուն դեռ չի ասել՝ «վարագո՛յր», ուստի Արցախեան հիմնախնդրի թատրոնը շարունակւում է, եւ այն միայն Արցախը չէ, որ ընդգրկելու է։ Այնյայտ է՝ եթէ պատրաստ չլինենք, յարձակուելու են, այսինքն՝ ո՛ր օրը զգան՝ մարսելի սնունդ է, փորձելու են զաւթել։

Շատ դաժան իրադարձութիւնների ականատես կը լինենք, եթէ չենք սերտել Նժդեհի խօսքերը, որոնք Սպիտակաւոր եկեղեցու բակում՝ իր շիրիմի վրայ կանգնեցուած խաչքարի վրայ է քանդակուած՝ «Սեփական ուժերով ինքնապաշտպանուելու անընդունակ ժողովուրդները պատժւում են մահուամբ»։ Նժդեհն ասում էր, որ անգամ Հայ Առաքելական Եկեղեցու կրօնը պիտի լինի ինքնապաշտպանութիւն, բայց նոյնիսկ մեր բանակի դոկտրինն ինքնապաշտպանութիւնը չէ։

Անհրաժեշտ է հասկանալ՝ կա՛մ պիտի դոկտրին փոխենք, ռազմավարութեան, ինքնապաշտպանութեան վեկտոր փոխենք, կա՛մ պիտի գիտակցենք՝ արդէն անհասկանալի ինչ-որ վիճակում ենք։ Սովետական միութիւն վերադառնալն անհնար է, քանի որ ընդհանուր սահման չունենք Ռուսաստանի հետ, բացի այդ՝ դա ծաղրուծանակ է, ծիծաղելի է այդ մօտեցումը․․․ Ընդհարումներ դեռ լինելու են։ Պէտք է պատրաստ լինել դրան։ Կռիւը պայքար է, եւ կեանքը պայքար է․ կա՛մ պիտի սովորես պայքարել, կա՛մ պիտի թատերաբեմից հեռանաս։ Մենք նախորդ դարերում նոյնիսկ ցեղասպանուելով չէինք հեռանում թատերաբեմից, եւ մեր հզօրութիւնը հե՛նց դրա մէջ է։ Բանաձեւը մէկն է․ մենք չենք պարտուել ուղղակի կռուի դաշտում․ կռուի դաշտի պարտութիւնը ինքնութեան պատերազմը պարտուելու հետեւանքը, արձագանգը կամ լծորդումն է, իսկ մենք ինքնութեան պատերազմում պարտուել ենք տարիներով։ Երեխային դպրոցում հայրենիքի, հայրենատիրութիւնի, ազգի մասին հիմնաւոր գիտելիք չի տրւում, եւ սա լրջագոյն խնդիր է։

Հ.- Անդրադառանանք մերօրեայ հերոսներին, որոնք ազգի արժանապատուութիւնն են պահել, չեն ընկրկել, անմահանալով յաղթել են մահին։ Ձեր ընկերը՝ Եղնիկների արծիւ Ակին (Արայիկ Գագիկի Մաթեւոսեան), այդ քաջերից է։ Երբ որդին ծնուեց, Հայաստան գալու, որդուն տեսնելու հնարաւորութիւն ունէր, բայց չեկաւ, քանի որ, գուցէ, այլեւս չկարողանար վերադառնալ Արցախ։ Ակին այդպէս էլ որդուն չտեսաւ։ Զինակիցներն ասում են՝ հենց պատերազմն սկսուեց, աչքերը փայլում էին, տարերքի մէջ էր հրամանատարը․․․

Արդեօ՞ք արժանի ենք մեր հերոսներին։

Գ.Գ.- «Մենք»ը մի քիչ տարածական հասկացութիւն է, քանի որ կայ մի խաւ, որը նպաստում է, որ այդ տղաները զոհուեն, բայց իրականում այդ խաւը չէ ազգը։ Ազգն իրականում արժանի է Ակիին, որովհետեւ ազգն ինքնին շատ վեհ ու բարձր երեւոյթ է։ Մերօրեայ հերոսներին արժանի ենք աւելի քան, քանի որ, վստահաբար, մեր մէջ էլի՛ հերոսներ մնացել են, եւ հայ արգանդը չի ամլացել, կարող է հերոսներ ծնել։

Պատահական չեն կոչումները, որ ժողովուրդը կամ զինուորները տալիս են իրենց հրամանատարներին։ Ակիին Մռաւի արծիւ, Եղնիկների արծիւ կոչումներն են տուել, եւ ակնյայտ է՝ ով է եղել Ակին։ Լուրջ փաստեր կան այն մասին, որ Եղնիկներում հիմնական դիմադրութիւնը կոտրուեց, երբ Ակին անմահացաւ։

Երկու-երեք գրոհ ետ մղելուց, թշնամու բանակի տասնեակ զինուորների ոչնչացնելուց յետոյ հասկացան, որ այնտեղ կանգնած մարդը անյողդողդ է եւ չի յանձնուելու։ Ակիի դէմ ինքնաթիռ բարձրացաւ, հրթիռով փորձեցին խոցել նրան։ Հենց Ակիի զոհուելուց յետոյ, երբ յայտարարուեց, որ Եղնիկները յանձնւում են, յանձնուեց նաեւ ամբողջ Արցախը։ Չնայած Արցախի յանձնուելը կամաց-կամաց դառնում էր անխուսափելի, եւ Ակին վստահաբար գիտակցել է այդ իրավիճակը՝ որոշել է հերոսաբար անմահանալ, ոչ թէ դառնալ ընկեցիկ եւս մի զինուորական, որը զէնքերը պիտի յանձնէր ու ասէր՝ ես կապ չունեմ, որովհետեւ եթէ ասէր՝ սպա է, գերի ընկնելու հաւանականութիւն կարող էր լինել։ Պատերազմից մի քանի օր առաջ՝ մօր հետ հեռախօսազրոյցի ընթացքում, Ակին ասել էր․ «Եթէ մի բան լինի, ինձ գերիների մէջ չփնտռէ՛ք»։ Այդ մարդու վճռականութիւնն արդէն խօսում է նրա մասին։

Հ.- Ինչպէ՞ս կարող ենք մոխրից վեր յառնել այսօր։

Գ.Գ.- Լէոնիդ Ազգալդեանին մի անգամ հարցնում են․ «Դուք հասկանո՞ւմ էք, որ թուրքերը կարող են խոցել Ձեզ, Դուք իրաւունք չունէք գնալու կռուի դաշտ, Դուք այստեղ պէտք էք», իսկ նա պատասխանում է․ «Կը գերադասեմ կռուի դաշտում զոհուել, քան ասֆալտի վրայ, որովհետեւ ինձ միեւնոյն է, խփելու են․․․ եւ ո՛չ թուրքերը, դրա համար էլ ես պէտք է գնամ»։

Վախկոտը, նսեմն ու դաւաճանը միշտ կան։ Հարցեր կան, որոնց մասին պէտք է խորհրդածել։ Հետախուզութեանը, հակահետախուզութեանը պէտք է շատ լուրջ վերաբերուել։ Մենք վստահ չենք՝ կա՞յ մէկը, որը վաղը մեզ կը խփի թիկունքից կամ մտածուած թիկունքը կը բացի, որ թուրքը գայ, խփի։ Ինչպէս Նժդեհն էր ասում, հայի տականքն անմրցելի է, բայց հայի հերոսն առաւել եւս անմրցելի է, եւ մեզ յաղթել չի լինում, մահ չկայ տիեզերքում։ Առաւել լուրջ կռիւները դեռ առջեւում են։ Խաղաղութիւնից խօսելը կա՛մ միամտութիւն է, կա՛մ տխմարութիւն, կա՛մ երկուսը միասին։

Երբ մի ազգի էպոսում անգամ խաչը պատերազմի է, խաղաղութիւնից խօսելն անիմաստ է նման իրավիճակում։ Իսրայէլի 4-րդ վարչապետ Գոլդա Մէյէրն ասում էր․ «Չի կարելի խօսել խաղաղութեան մասին նրանց հետ, ովքեր եկել են քեզ պանելու»։ Հիմա յամառօրէն ասում են՝ մեր խաղաղութիւնը զրահապատ է, իսկ ես սովոր չեմ հաւատալու օրուայ հերթական իշխանաւորին, որովհետեւ երեսուն տարի մեծ մասին անձամբ ճանաչել եմ։ Վստահ եմ, որ այս ամէնի միջից դուրս ենք գալու։ Դրան հասնելու համար միայն ինքներս մեզ պիտի հաւատանք։ Վիճակն իրօք անելանելի է, բայց ոչ այն աստիճան, որ չկարողանանք վերսկսել այն, ինչն արդէն մի քանի սերունդ զրկանքներով ու զոհերով էր կերտել, վաստակել։

Մեր հասարակութեան մէջ լրջագոյն ճաքը, բացը, խնդիրը ինքնութեան գիտակցման, ինքնաճանաչման բացակայութիւնն է։ Ինձ համար վիրաւորական կը լինի, որ ես ելնեմ իմ կամ իմ հարազատների կեանքը պաշտպանելու։ Զինուորին սովորեցնում են, ասում են՝ պիտի կռուես, որ քեզ պաշտպանես, քո տունն ու հարազատներին պաշտպանես։ Դա ինձ համար որպէս վեհ ազգի զաւակ՝ վիրաւորական է, որովհետեւ ես չեմ սովորել կռուել, որ իմ հարազատին պաշտպանեմ։ Սովորել եմ կռուել, որովհետեւ հայրենիք ունեմ եւ ուզում եմ հայրենիքի պաշտպան լինել, այլապէս մարդը կարող է իր հարազատներին վերցնել ու գնալ, այլ երկրում ապրել։ Մեզ «ես»ի մէջ են խեղդել։ Երբ սովորենք, որ գորիսեցու, խոզնավարցու, խնձորեսկցու, միւսների տունը մեր հայրենիքն է, այդ ժամանակ կը հասկանանք՝ ինչ ենք անում։

Մեզ մեր երեխային, եղբօրը, բարեկամին պաշտպանելու մասին գաղափարներով տրոհում են։ Դա հերթական դաւաճանական գաղափարաբանութիւն է՝ մարդուն սեփական «ես»ի մէջ խեղդելու համար։ Նրանք մեծ «ես»ի փոքր մարդիկ են, որոնք երբեք էլ հայրենիք չեն ունեցել, անգամ խրամատում եղած ժամանակ կռուել են, որ ողջ մնան, սպանել են, որ չսպանուեն։ Կան վեհանձն մարդիկ, որոնք կռւում են հայրենիքի համար։ Աւելի վեհ գաղափարներ կան, քան մարդկային կեանքն է․ դրանք հայրենիքն ու ազգային արժանապատուութիւնն են։ Մենք յաղթել ենք միայն այն ժամանակ, երբ հայրենիքը եղել է վեհ ու առաջնային գաղափար, եւ քանի դեռ «մենք»ի գաղափարը ծառայեցնում են «ես»ին, մենք չենք կարող յաղթել։

Եթէ տանիքը չորս սիւնի վրայ է կանգնած, ընդամէնը մէկ սիւն հանելն արդէն կործանարար է։ Լէոնիդ Ազգալդեանն իր զինուորներին պատրաստել, դաստիարակել էր «մենք»ի գաղափարով։ Նրանք պատրաստ էին դիմակայութեան, դրա համար էլ յաղթում էին։ Ազգալդեանը չորս տարի մարտավարելով՝ 6 զոհ էր տուել, իսկ դուք 44 օրուայ ընթացքում՝ մի քանի հազար։ Նժդեհն ասում է․ «պէտք է մեռնի «ես»ը, որ ապրի «մենք»ը»։ Պէտք է հասկանալ, որ «մենք»ն աւելի զօրեղ է, եւ եթէ անգամ իմ «ես»ը մի փոքր տուժում է, դա յանուն ընդհանուր «մենք»ի է, յանուն նրա զօրեղացման է։

Մենք կը սկսենք յաղթել այն ժամանակ, երբ մեր մէջ կը մեռցնենք, կը ծառայեցնենք «ես»ը «մենք»ին։

Յասմիկ Բալէեան

 

Comments are closed.