«Յոյս ունենք, որ մի օր էլի մեր անկիւնը կ“ունենանք». Մասիսի գրադարանում Արցախից տեղահանուած 31 մարդ է ապրում
Ալինա Յարութիւնեանն ամուսնու հարազատների հետ իրենց մշակած եգիպտացորենն է հաւաքել դաշտում, երբ երկինքը դղրդացել է, ու կրակոցի բարձր ձայներ են լսուել։ Սկզբում կարծել են, թէ վարժանքներ են, յետոյ, երբ կրակոցները շարունակուել են, հասկացել են, որ պատերազմ է սկսուել։ Արագ գնացել են տուն, Ալինան սկսել է փաստաթղթերը հաւաքել։ Այդ ժամանակ դեռ չեն պատկերացրել, որ ստիպուած են լինելու թողել ամէն ինչ ու լքել հարազատ գիւղը։
Ալինայի ընտանիքն ապրում էր Մարտակերտի շրջանի Յարութիւնագոմեր գիւղում։
Շրջափակման ընթացքում խոզեր էին գնել, հաւ էին պահում, հողագործութեամբ էին զբաղւում՝ փորձելով հոգալ իրենց կարիքները։
Ալինայի ամուսինը՝ Ալիկը, պայմանագրային զինծառայող էր։ Սեպտեմբերի 19-ին Ալիկ Յարութիւնեանը դիրքերում էր։ Պատերազմից մի քանի օր առաջ զանգել ու կնոջն ասել էր, որ հերթափոխին չի գալու տուն, տագնապ են յայտարարել (համար 1), ու դեռ մի քանի օր էլ կը մնայ դիրքերում։
Ալինան կրակոցի ձայները լսելիս յիշել է ամուսնու զանգն ու հասկացել, որ կռիւ է սկսուել։
Շրջափակման պայմաններում պատերազմի լուրն աւելի սարսափելի էր թուում, յաջորդող մի քանի օրերին Ալիկից լուր չեն ունեցել, կարծել են, թէ զոհուել է։ Յետոյ պարզուել է, որ շրջափակման մէջ են յայտնուել, Սեպտեմբերի 24-ին փրկարարները շրջափակումից հանել են նրանց։
10 տոննա եգիպտացորենը հաւաքել ու թողել են տանը։ Ոչինչ վերցնել չեն կարողացել։ Սեպտեմբերի 20-ի գիշերը դուրս են եկել գիւղից՝ մտածելով, որ կը վերադառնան։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի օդանաւակայանի մօտից շարժուել են դէպի Հայաստան։
Գորիսում գրանցուելու տեղ չի եղել, եկել են Վայք, գրանցուել ու ուղեւորուել Մասիս։ Քանի որ Հայաստանում գնալու տեղ չեն ունեցել, Մասիսի համայնքապետարանը նրանց տեղաւորել է քաղաքային գրադարանի նախկին շէնքում, որը երկար տարիներ չէր շահագործւում։
Հիմա 6 հոգով ապրում են նախկին գրադարանի սենեակներից մէկում։ Բացի Ալինայի ընտանիքից, գրադարանում ապրում է եւս 25 հոգի։
«Լաւ է՝ մի փոքր անկիւն ունենաս, ոչ ոքի չխանգարես, քան թէ էսպէս, ընկել ենք դռնէդուռ ու ոչ մի բան չունենք, հիմա յոյսներս մենակ Աստծոյ վրայ է, յոյս ունենք, որ մի օր էլի մեր անկիւնը կ’ունենանք», ասում է Ալինան։
Աննա Սարգիսովա
Լուսանկարը Սարօ Պաղտասարեանի
ՀԵՏՔ
Comments are closed.