Հայաստանում Մէկ Տարուայ Ընթացքում 90 Հազար Աշխատատեղ Է Կրճատուել


ԵՐԵՒԱՆ, «Ռադիօլուր».- Ազգային վիճակագրական ծառայութիւնը վերջերս հրապարակեց զեկոյց, ըստ որի 2013թ. Հայաստանում կրճատուել է 90 հազար աշխատատեղ: Ինչ խօսք, սա լուրջ թիւ է, արդեօք պատճառը հարկային բեռի աւելացո՞ւմն է, թէ վարչարութեան խստացումը: Աժ ՀՀԿ խմբակցութեան քարտուղար Գագիկ Մելիքեանը չի համաձայնւում մեր այն դիտարկման հետ, որ Հայաստանում գործարարների համար նպաստաւոր պայմաններ չկան, իսկ եթէ կան էլ, ապա դրանք կենտրոնացուած են մի քանի անձանց ձեռքում: Մելիքեանը 90 հազար աշխատատեղերի կրճատումը կապում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի, ոչ թէ հարկային բեռի աւելացման հետ:
«Հարկային բեռի աւելացում վերջին մէկ տարուայ ընթացքում մեր երկրում տեղի չի ունեցել, այլ եղել է վարչարարութեան աւելացում, որը նպաստել է ստուերայնութեան կրճատմանը»:
Կրկին վերադառնալով աշխատեղերի կրճատման թեմային գործարար, Հանրապետական խմ-բակցութեան անդամ Գարեգին Նուշիկեանը «Ռադիօլուր»ի հետ զրոյցում չբացառեց այն, որ հարկային բեռի աւելացման պահով հնարաւոր է աշխատեղերի կրճատում, սակայն նման դիտարկում արեց. «Ես կ՛ասէի աւելի շատ հարկային վարչարարութեան եւ, ամենայն հաւանականութեամբ, չեմ բացառում ձեր ասածը: Եթէ 90 հազար աշխատատեղ կրճատուել է, ուրեմն դուրս է գալիս, որ մեր մօտ ինչ որ բան էնպէս չի: Գործարարների համար պէտք է նպաստաւոր պայմաններ ստեղծել, որպէսզի աշխատատեղեր ստեղծեն, այլ ոչ թէ կրճատեն»:
Իսկ Ազգային ժողովի անկախ պատգամաւոր Խաչատուր Քոքբելեանն էլ աշխատատեղերի կրճատումը բացատրում է հետեւեալ կերպ. վերջինիս խօսքով՝ Հայաստանում բիզնեսի ներդրման համար՝ որպէս ֆինանսական միջոց, միայն բանկային ռեսուրսն է հանդիսանում: Իսկ քաղաքակիրթ աշխարհում վաղուց անցում են կատարել այլ գործիքների օգտագործմանը: Եւ այդ գործիքների բացակայութիւնն է, որ Հայաստանում հնարաւորութիւն չի տալիս գործարարներին բիզնեսը զարգացնելու:
«Մարդիկ յոյս չեն կապում եւ հեռանկար չեն տեսնում»:
ԲՀԿական պատգամաւոր Արայիկ Աղաբաբեանը նոյնպէս այս խնդիրը կապում է հաւատի եւ բիզնես սկսելու համար ճիշդ յարաբերութիւների բացակայութեան հետ, որոնք այսօր վերացել են. «Պէտք է հաւատը վերականգնել: Վաղուայ օրուայ նկատմամբ մարդը յոյս չունի, իսկ եթէ յուսալքուած է, կը գնայ: Կարող է՝ հնարաւորութիւն էլ ունի ապրելու, կամ էլ գոյատեւելու, բայց հաւատի բացակայութեան դէպքում նա կը գնայ»:


Leave a Comment

You must be logged in to post a comment.