Երեւանի Միլիոնատէր Քաղաքապետի Աշխատավարձը Կը Բարձրանայ 70 Հազար Դրամով


ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄՈՎՍԻՍԵԱՆ

ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Պաշտօնական յայտարարագրի համաձայն՝ միլիոնատէր, Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի աշխատավարձը յաջորդ տարուայ Յունուարից մօտ 70 հազար դրամով կը բարձրանայ եւ կը կազմի 575 հազար դրամ:
Այսօր Երեւանի աւագանու նիստի ընթացքում որոշում ընդունուեց, որով բացի քաղաքապետի աշխատավարձից, կը բարձրացուեն նաեւ փոխքաղաքապետերի, վարչական շրջանների ղեկավարների եւ քաղաքապետարանի 1700ից աւելի աշխատակիցների աշխատավարձերը:
Որոշման քննարկումը թէժ բանավէճի պատճառ դարձաւ. նիստին մասնակցող «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան ղեկավար Թամար Պօղոսեանը յայտարարեց, որ աշխատավարձերի բարձրացումը նպատակայարմար չեն համարում, եւ փոխքաղաքապետ Վահէ Նիկոյեանին հարցրեց, թէ ո՞րն է պատճառը, արդեօք ներկայիս աշխատավարձով արդիւնաւէտ չե՞ն աշխատում:
«Սա, մենք կարծում ենք, որ ուղիղ վերաբերւում է աշխատանքի արդիւանուետութեանը», պատասխանեց Նիկոյեանը:
Թամար Պօղոսեանը յայտարարեց, որ բարձրացման համար յատկացուող գումարը շատ մեծ է, եւ «Բարգաւաճ Հայաստան»ը դէմ է քուէարկելու. «723 միլիոն 801 հազար 900 դրամով, այսինքն այն եկամուտները, որ մենք ստացել ենք աւելի, ամբողջովին գնալու են միայն աշխատավարձի»:
«Ժառանգութիւն»ը ներկայացնող «Բարեւ Երեւան» խմբակցութիւնից Ստեոպա Սաֆարեանն էլ պնդեց՝ իրենք դէմ են քուէարկելու, քանի որ աշխատավարձերի բարձրացման համար նախատեսուած գումարով կարելի է Երեւանի համար որեւէ կարեւոր խնդիր լուծել:
«Ես կարծում եմ՝ մենք շատ վտանգաւոր ճանապարհով ենք գնում՝ խորացնելով բեւեռացումը հասարակութեան ներսում», ասաց Սաֆարեանը:
Զեկուցող փոխքաղաքապետ Վահէ Նիկոյեանը ընդդիմախօսներին յիշեցրեց՝ պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը օրէնքով է նախատեսուած:
«Խօսքը նա է, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում աշխատավարձի բարձրացում չի եղել», ասաց Նիկոյեանը:
«Հանրապետական» խմբակցութիւնից էլ արձագանգեցին, որ բարձրացուելու են նաեւ, օրինակ, մանկապարտէզի կամ գրադարանների շուրջ 7 հազար աշխատակիցների աշխատավարձերը: Այս թիւը շեշտեց նաեւ քաղաքապետ Տարօն Մարգարեանը, մինչդեռ քուէարկութեան դրուած որոշումը վերաբերում էր միայն քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը:
«Ովքեր յայտարարութեամբ հանդէս եկան, դէմ են քուերակելու այս նախագծին՝ դա ձեր իրաւունքն է, բայց համոզուած եղէք, որ այդ 7 հազար ընտանքիները տեսնելու են՝ ոնց էք դէմ քուէարկում», այս յայտարարութիւններին այսպէս արձագանգեց քաղաքապետ Տարօն Մարգարեանը:
Քաղաքապետի արձագանգից յետոյ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան ղեկավար Թամար Պօղոսեանը խօսք խնդրեց, Տարօն Մարգարեանը բարկացաւ եւ ասաց, որ խօսելու համար ժամանակ արդէն յատկացուել է:
Որոշումը դրուեց քուէարկութեան եւ անցաւ միայն «Հանրապետական» խմբակցութեան կողմ ձայներով:
«Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան ղեկավարը կրկին ձայն խնդրեց, արդէն ընդունուած որոշման մասին խօսելու համար, սա կրկին բարկացրեց քաղաքապետ Տարօն Մարգարեանին. «Տիկին Պօղոսեան, օպերայում չէք գտնւում, երբ որ օպերայում կը գտնուէք, այնտեղ կը խօսէք»:
Արդիւնքում ԲՀԿի աւագանու անդամները բոյկոտեցին նիստը եւ լքեցին դահլիճը:
Թամար Պօղոսեանը լրագրողների հետ զրոյցում ասաց՝ ինքն ընդամէնը ցանկանում էր յիշեցնել քաղաքապետին, որ որոշմամբ միայն քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերն են բարձրացւում՝ մանկապարտէզների աշխատակիցների մասին որեւէ խօսք չկայ:
Նիստից յետոյ լրագողները քաղաքապետից հետաքրքրուեցին՝ եթէ այսօր ընդունուած որոշմամբ բարձացւում է ընդամէնը 1700 մարդու աշխատավարձ, ինչո՞ւ է նա ամօթանք տալիս ըդդիմադիրներին 7 հազար աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը դէմ քուէարկելու համար, Մարգարեանը, սակայն, կրկին յստակ պատասխան չտուեց եւ մի քանի քայլ յետ կանգնեց: Փոխարէնը քաղաքապետին լրագրողների հարցերից պաշտպանելու եկաւ փոխքաղաքապետ Վահէ Նիկոյեանը, ում աշխատավարձը այս որոշման արդիւնքում մէկ ամսից կը դառնայ 443 հազար դրամ: Նիկոյեանից յետոյ Տարօն Մարգարեանին պաշտպանելու շտապեց նաեւ քաղաքապետի առաջին տեղակալ Կամօ Արէյեանը, ով յաջորդ տարուանից կը ստանայ արդէն 478 հազար դրամ աշխաավարձ:
Զրոյցների արդիւնքում պարզուեց, որ գրադարանների կամ մանկապարտէզների աշխատակիցների աշխատավարձերը առանձին են բարձրացուել եւ այս որոշման հետ կապ չունէին, բայց ինչպէս պնդեց փոխքաղաքապետ Վահէ Նիկոյեանը՝ ղեկավարութիւնը չի կարող աշխատակիցներից ցածր ստանալ:


Leave a Comment

You must be logged in to post a comment.