Հայաստանի Մշտական Բնակչութիւնը Շարունակում Է Նուազել


ԼԻԼԻԹ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Այս տարուայ 9 ամիսների ընթացքում Հայաստանի մշտական բնակչութիւնը նուազել է շուրջ 3200ով: Այս ժամանակահատուածում նաեւ Հայաստանից աւելի քան 13 հազարով աւելի շատ մարդ է մեկնել, քան վերադարձել:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայութեան Մարդահամարի եւ ժողովրդագրութեան բաժնի պետ Կարինէ Կույումջեանի, Երեւանից յետոյ բնակչութեան թուի ամենամեծ նուազումն արձանագրուել է Հայաստանի ամենաաղքատ մարզերում:
«Ամենամեծ նուազումը արձանագրուել է Երեւան քաղաքում, որին յաջորդում է Լոռու մարզը, այնուհետեւ Շիրակի մարզը, որտեղ որ բնակչութեան թուաքանակի նուազման միտումները շատ աւելի բարձր են միւս մարզերի համեմատութեամբ», ասում է Մարդահամարի եւ ժողովրդագրութեան բաժնի պետը:
Պաշտօնական տուեալներով, այս ժամանակահատուածում Հայաստանից աւելի շատ մարդ է մեկնել, քան վերադարձել՝ շուրջ 13 հազար 600 մարդ:
«Միգրացիոն դէպքերը աւելի շատ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերից են, այսինքն՝ բնակչութեան թուաքանակի նուազումից իսկ արդէն ակնյայտ է դառնում, թէ որտեղից են աւելի շատ արտագաղթի ցուցանիշները լինում», մեկնաբանում է Կույումջեանը:
Ազգային վիճակագրական ծառայութեան ներկայացուցիչը նաեւ փաստում է, որ այս տարուայ 9 ամիսներին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատութեամբ մօտ 4.5 տոկոսով աճել են մահուան դէպքերը՝ ինչը պայմանաւորուած է հիւանդութիւնների աճով:
«Մասնաւորապէս՝ արեան շրջանառութեան համակարգի հիւանդութիւնների աճը կազմել է 8.2 տասնորդական եւ դա 49 տոկոսն է կազմում բոլոր մահերից, որն ամենաբարձր ցուցանիշն է: Դրան յաջորդում է նորագոյացութիւններից մահուան դէպքերը՝ աւելի քան 20 տոկոս», նշեց նա:
Թէեւ այս տարի մօտ 10 հազարով աւելի շատ մարդ է ծնուել, քան մահացել, սակայն այս թիւը այնքան փոքր է, որ չի ազդել ծնելիութեան ցուցանիշի վրայ: Ըստ Կույումջեանի, այն շարունակում է ցածր մնալ, Հայաստանը համարւում է ծերացող երկիր, բնակչութեան պարզ վերարտադրութիւն չի ապահովւում:
«Ծնելիութեան գումարային գործակիցը, ինչը մենք սովորաբար անուանում ենք պտղաբերութեան գործակից, մէկ կնոջ հաշուով ծնուած երեխաների թուաքանակը իր վերարտադրողականութեան ժամանակահատուածում, դեռեւս կազմում է 1.6 տասնորդական, այսինքն, ինքը հեռու է պարզ վերարտադրութեան համար անհրաժեշտ ցուցանիշից, ինչը պէտք է լինի 2.1 առնուազն», պարզաբանում է նա:
Հայաստանում երիտասարդ ընտանիքները շարունակում են մեծ մասամբ սահմանափակուել 1 կամ 2 երեխայով: Այդ մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայութեան թուերը:
«Մէկ երեխայ ունեցող տնային տնտեսութիւնների մասնաբաժինը՝ 18.3 տասնորդական, երկու երեխայ ունեցող տնային տնտեսութիւնների մասնաբաժինը 19 տոկոս, երեք երեխայ ունեցող տնային տնտեսութիւնների մասնաբաժինը 4.4 տասնորդական տոկոս, 4 երեխայ ունեցողը՝ 0.8 տասնորդական տոկոս, 5 եւ աւելի երեխայ ունեցողները՝ 0.3 տասնորդական տոկոս», նշեց նա:
Ազգագրագէտ Հրանոյշ Խառատեանը համոզուած է, որ առաջիկայում թէ՛ արտագաղթի, թէ՛ մահացութեան, թէ՛ ծնելիութեան առումով աւելի վատ ցուցանիշներ կը գրանցուեն, քանի որ Հայաստանում օրեցօր աճում է աղքատութիւնը եւ բնակչութեան մեծ մասը չի հաւատում, որ դրական փոփոխութիւններ կը լինեն:
«Եթէ խրախուսւում է բազմազաւակութիւնը, բայց տասը զաւակների մայրը ստիպուած է նստացոյց անել նախագահականի եւ կառավարութեան առաջ, որովհետեւ շանս չունի իր երեխաներին ապահովելու, այսինքն պարզագոյն բանը՝ կառավարութեան որոշումը ուղղակի գործնականում չի կատարւում, չի խրախուսւում այդ բազմազաւակութիւնը: Հիմա ինչո՞ւ պէտք է ժողովրդագրական վիճակը փոխուի, եթէ ո՛չ յոյս կայ տնտեսական վիճակի փոփոխութեան, ո՛չ յոյս կայ արդարութեան փոփոխութեան, բացարձակ անհաւատութիւն է, թէ մեր երկրի իշխանութիւնը ցանկութիւն, կարողութիւն, ծրագիր, հեռանկար ունի Հայաստանի բնակչութեան խնդիրներով զբաղուելու», ասում է ազգագրագէտը։

«Ազատութիւն»


Leave a Comment

You must be logged in to post a comment.