Աղքատութեան Յաղթահարման Համար Հայաստանին Անհրաժեշտ Է 1.677 միլիառ տոլար


Աշխարհում խորացող անհաւասարութիւնը սպառնում է նաեւ Հայաստանին: Նման գնահատական է պարունակում «Օքսֆամ» բրիտանական միջազգային բարեգործական կազմակերպութեան 2014 թուականի զեկոյցը: Դրա հեղինակները նաեւ գնահատել ու հաշուարկել են, թէ որքան գումար է անհրաժեշտ Հայաստանին աղքատութեան յաղթահարման համար եւ ինչպէս պէտք է այն ծախսուի: Այսօր ներկայացուել է միջազգային հեղինակաւոր կազմակերպութեան զեկոյցը:
Աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց եկամուտների միայն մէկ քառորդը բաւական կը լինէր, որպէսզի ողջ մոլորակի ամենաաղքատ շերտերի բնակչութեան շրջանում արմատախիլ արուէր աղքատութիւնը: «Օքսֆամ» բարեգործական կազմակերպութիւնն է յայտարարում այս մասին՝ վկայակոչելով ողջ աշխարհով մէկ իր դիտարկումները: «Օքսֆամ»ի զեկոյցն արձանագրում է՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց 100եակի մաքուր եկամուտը հասել է 240 միլիարդ դոլարի, մինչդեռ բնակչութեան ամենաաղքատ շերտերն օրական վաստակում են մէկ մարդու հաշուով 1.25 դոլարից էլ պակաս: Ֆինանսական ճգնաժամից յետոյ միլիարդատէրերի քանակն աշխարհում կրկնապատկուել է, ընդ որում՝ նրանք իրենց ունեցուածքը չեն կարող ծախսել իրենց ողջ կեանքի ընթացքում անգամ ցանկութեան դէպքում:
«Օքսֆամ»ի զեկոյցը հաստատում է այս դիտարկումը եւ փաստում՝ աշխարհում խորացող անհաւասարութիւնը սպառնում է նաեւ Հայաստանին: Մեր երկրում աղքատութեան մակարդակը միջազգային կազմակերպութիւնը գնահատում է 32.4 տոկոս: 980 հազար մարդ Հայաստանում աղքատ է, ընդ որում՝ 408 հազարը՝ շատ աղքատ, շուրջ 85 հազարը՝ ծայրայեղ աղքատ:
Նշենք, որ «Օքսֆամ»ի այս տարուայ հաշուետութիւնը հէնց այդպէս էլ կոչւում է՝ «Պայքար հաւասարութեան համար. Ժամանակն է վերջ տալ անհաւասարութեան ծայրայեղ դրսեւորումներին»: «Օքսֆամ»ը նոր քարոզարշաւ է սկսում՝ չխուսափելով օգտագործել ճնշում բառը: Միջազգային այս կազմակերպութիւնն ամենաուղիղ ձեւով ասում է՝ պէտք է ճնշում գործադրել աշխարհի առաջնորդների վրայ, որպէսզի վերջիններս հռետորութիւնից անցնեն կոնկրետ գործողութիւնների եւ ամենաաղքատների համար առաւել արդար պայմաններ ապահովեն: Թէ՛ այս կոչերը, թէ՛ ճնշում գործադրելը դեռ տեսական դաշտում են. ինչ միջոցներով, ինչ լծակներով, երբ ու ինչպէս պէտք է արուի, յստակ չէ պարզապէս:
«Օքսֆամ» միջազգային կազմակերպութիւնը, որը 1994 թուականից Հայաստանում իրականացնում է մարդասիրական եւ համայնքների զարգացման տարաբնոյթ ծրագրեր շուրջ 165 հեռաւոր գիւղական համայնքներում, նաեւ գնահատել ու հաշուարկել է՝ աղքատութեան յաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 69.4 մլրդ. դրամ (1.677 միլիառ տոլար)կամ ՀՆԱի 1.7 տոկոս կազմող գումար: Բայց դա կ՛օգնի միայն այն դէպքում, երբ սոցիալական աջակցութիւնը ճիշդ հասցէականութեամբ տրամադրուի:

«Ռադիօլուր»


Leave a Comment

You must be logged in to post a comment.