Հայոց Ցեղասպանութեան Առաջնային Նպատակներից Մէկը Հայերի Հսկայական Հարստութիւնը Խլելն Էր. Անահիտ Աստոյեան


Մատենադարանի աւագ գիտաշխատող Անահիտ Աստոյեանը, ով 7 տարի շարունակ հայկական, թուրքական եւ այլ օտար աղբիւրներում ուսումնասիրել է 1914-23 թթ. Օսմանեան կայսրութիւնում հայերի ունեզրկումը, փաստում է, որ Հայոց ցեղասպանութեան առաջնային նպատակներից մէկը հայերի հարստութիւնը խլելն էր, որովհետեւ Ա. Համաշխարհային պատերազմից առաջ հայերը, թէ՛ որպէս արհեստաւորներ, թէ՛ որպէս դրամատէրեր, ազդեցիկ դիրք էին գրաւում օսմանեան տնտեսութեան մէջ: Արդիւնաբերութիւնն ու, մանաւանդ, առեւտուրը հայերի ձեռքում էր: Երիտթուրքական իշխանութիւնները խիստ մտահոգուած էին, որ հայերի տնտեսական հզօրացումը կը բերի նաեւ քաղաքական յաղթանակների: Նրանք իրենց գաղտնի ժողովներում քննարկում էին հայերի վերացումով տնտեսութիւնը թրքացնելու եւ հայերի ունեցուածքը իւրացնելու ծրագրեր:

Օսմանեան տնտեսութեան մէջ հայերի ներդրումը 69-80 առ հարիւրի էր հասնում, իսկ օտար աղբիւրները անգամ 90 առ հարիւրի մասին են վկայում:

Ունեզրկման ծրագիրն իրականացնելու համար թուրքերն անգամ յատուկ օրէնսդրութիւն մշակեցին: 1915 թ. յունիսի 1-ին հրապարակուեց «Տեղահանութեան մասին օրէնքը», որի գործադրմամբ մէկ ու կէս միլիոն հայ տեղահանուեց եւ բնաջնջուեց: Յունիսի 10-ին հրապարակուեց «Հայերի լքեալ գոյքերի» հետ վարուելու մասին 34 յօդուածից բաղկացած հրահանգները, որից յետոյ նոյն թուականի սեպտեմբերի 13-ին արդէն օսմանեան խորհրդարանի մակարդակով ընդունուեց «Լքեալ գոյքերի օրէնքը»: Այսպիսով, օրինականացուեց հայերի լքեալ գոյքերի իւրացումը: Թուրքական իշխանութիւնը պնդում էր, որ այս ամէնը ստեղծուած է հայերի իրաւունքների պաշտպանութեան համար: Բայց դա զանգուածային կողոպուտը զսպելու եւ իրենց գանձանակը լցնելու համար էր արւում: Ի հարկէ, եղաւ նաեւ զանգուածային վայրի կողոպուտ, որովհետեւ հնարաւոր չէր զերծ մնալ դրանից: Օրինակ` թուրքական «Ալեմտար» թերթի խմբագիր Ռեֆի Ճեւատ պէյն ասում է, որ ըստ իր համոզման, հայերի նկատմամբ թուրքերի ատելութիւնը ո՛չ քաղաքական է, ո՛չ էլ կրօնական, այլ միայն` տնտեսական: «Ես 1915-ից յետոյ շրջեցի Թուրքիայով եւ չգտայ թուրքական մի տուն, ուր չլինէր հայկական կահ-կարասի, գորգեր, ունեցուածք», ասել է թուրք խմբագիրը: Այդպէս է նաեւ այսօր: Նոյն օրէնքով իւրացուեց նաեւ դրամատներում եղած հայերի գումարները: 1,5 միլիոն հայի ունեցուածքը վիթխարի թիւ էր, մարդու ուղեղի մէջ չտեղաւորուող, որովհետեւ հարիւրամեակներով ստեղծած արժէքներ էին: Հայերը միշտ խնայասէր են եղել, դարեդար հաւաքել են, կուտակել թոռների համար: Բացի դրանից` միայն ոսկով ու փողով էր հնարաւոր ամբարտաւան թուրքի ձեռքը բռնել:

Յայտնի է 1919-ի ազգային միացեալ պատուիրակութեան թողած տեղեկագիրը, որը արեւմտահայութեան նիւթական կորուստները 1919 թ. համարժէքով գնահատում է 15 միլիառ ֆրանք, բայց դա շատ մօտաւոր է: Ի վերջոյ, հայերի ունեցուածքի կողոպուտը շարունակուեց նաեւ քեմալական շրջանում, այս շրջանում թալանուեցին կայսրութեան ամենահարուստ հայկական համայնքները` Զմիւռնիան եւ Պոլիսը, որոնք 1922-ին մաքրեցին հայերից ու յոյներից: Իսկ յետոյ Օսմանեան կայսրութիւնն անմիջապէս օրէնք ընդունեց, որ հայերն իրաւունք չունեն յետ գալու, նրանց նաեւ զրկեցին քաղաքացիութիւնից, եւ ամբողջը մնաց թուրքերին:

Անահիտ Աստոյեանն իր ուսումնասիրութիւններից մի քանի զարհուրելի տուեալ է բերում: Կոստանդնուպոլսի փոքրիկ արուարձաններում, օրինակ, ըստ թուրքական թերթի տուեալների, բռնագրաւուել է հայերի ձիթենու այգիները, մի այգին ունէր 4000, միւսը` 30,000 ձիթենի: Եւ իրենք այդ ամբողջը կտրել են, խաշնարած են, ի վերջոյ: Աստոյեանն ասում է` թուրքերին շատ մարդասէր չկարծէք, հայերից ով փրկուել է, փրկուել է փողով: Զմիւռնիան չի տեղահանուել, որովհետեւ յոյներն ու հայերը մեծ կաշառքներ են տուել: Եղել են մարդիկ, որ 2 օրը մէկ փող են տուել, որ իրենց տներից չհանեն: Այսինքն խօսքն ահռելի գումարների մասին է: Մարդիկ գումար էին տալիս տանջամահ չլինելու, պարզապէս գնդակահարուելու համար: Կարաւանները կամրջից անցնելու համար փող էին տալիս, որ գետը չթափուեն: Վճարում էին, որ իսլամ ընդունեն ու չսպաննուեն: Ըստ Թաներ Աքչամի, հայերին վտարելուց յետոյ երկիրը 200 տարի յետ ընկաւ, որովհետեւ ոչ մի հարցում լաւ մասնագէտ չմնաց:

Աւազակախմբերում բանտերից ազատուած յանցագործներից 300 հազար թուրք ու քիւրտ է ներգրաւուած եղել: Նրանց քրէական հետապնդումից ազատել են միայն մի պայմանով` որ թալանեն հայկական գիւղերը, սպաննեն հայերին, բայց թալանածի կէսը կենտրոն ուղարկեն: Թուրքական «Սապահ» թերթը վկայում է, որ ամէն մի յանցագործ 15 հազար հնչուն ոսկի է ստացել: Իսկ պայքարելն ահաւոր դժուար, գրեթէ անհնար էր, որովհետեւ ցեղասպանութիւնը փայլուն ծրագրաւորուած էր` սկզբում զրկել են մարտական ուժերից` 300 հազար զինուոր տարան բանակ, յետոյ ազգին զրկեցին մտաւորականութիւնից, ապա հաւաքեցին զէնքերը: Յետեւը սուր, առաջը` ջուր, հայերն այլընտրանք չունէին:

«Անթանթ»-ի երկրների ճնշման տակ 1920-ի յունուարի 8-ին Օսմանեան կայսրութիւնը որոշում ընդունեց վերապրածներին վերադարձնել իրենց ունեցուածքը եւ հատուցում իրականացնել:

1920-ի Սեւրի դաշնագիրն անվաւեր ու անօրինական համարեց թէ՛ տեղահանութեան, թէ՛ լքեալ գոյքերին տիրանալու օրէնքները: Հայերը, հաւատալով եւրոպացիներին, խանդավառուած վերադարձան, մանաւանդ Կիլիկիա վերադարձան 160 հազարը` յոյս ունենալով, որ անկախութիւն ձեռք կը բերեն: Անահիտ Աստոյեանը փաստում է, որ այդ ժամանակուայ Պոլսոյ մամուլում զետեղուած են պարտուած Թուրքիայի խոստովանութիւնները:

Թուրքական պետութիւնն այդ ժամանակ ահռելի պարտքերի տակ էր, բացի այդ, մտաւ պատերազմի մէջ ու պարտուեց: Ահռելի ռազմական տուրքերը, պատերազմական ծախսերը ամբողջը հայկական ունեցուածքով են մարուել: Միայն 5 միլիոն հնչուն ոսկի վճարել են որպէս ռազմատուգանք, եւ թուրքերն իրենք են ասում, որ դա հայերի լքեալ գոյքերից ստացուած գումարն է: Թուրք պատմաբան Ալի Սայիտ Չաթինօղլուն տպագրել է 1914-18 թուականների թուրքական պետական պիւտճէի աճը: Այն աննախադէպ աճ է արձանագրում հայկական ունեցուածքի հաշուին:

Քեմալն ազգայնական շարժման մասնակիցներին ասում էր` էֆենտինե՛ր, դուք մեզ պիտի օգնէք, վաղը հայերը յետ կը դառնան եւ ձեր վերցրածը յետ կ՛ուզեն: Ու բոլորը դուրս եկան իրենց իսկ աւարը պահպանելու, դրա համար քեմալական ջարդերն աւելի սարսափելի էին: Նրանք խնդիր ունէին նաեւ իրենց գողացած հայ կանանց ու որբերին պահելու: Ըստ Մորկենթաուի տուեալների, 250 հազար հայ կին է եղել թուրքական հարեմներում, որոնց յաճախ վաճառել են:

Հայերի ունեցուածքի կողոպուտին մասնակցել են նաեւ օտարները, մանաւանդ` եւրոպական ապահովագրական ընկերութիւնները, որոնք գործում էին Թուրքիայի տարածքում: Անահիտ Աստոյեանն ասում է, որ իր ուսումնասիրութիւնների արդիւնքում գտել է 63 օտար ապահովագրական ընկերութիւններ, որոնք իւրացրել են մեր ունեցուածքը: Դրանց թւում է ամերիկեան յայտնի «Նիւ Եորք լայֆը», ֆրանսական «Իւնիոնը», «Լա Ֆոնսիեր» եւ այլ ընկերութիւնները, 22 անգլիական ընկերութիւններ եւ այլն: Հայերը չեն վստահել թուրքերին եւ ապահովագրել են իրենց կեանքն ու ունեցուածքը օտար գործակալութիւններում: Նոյնպէս վարուել են նաեւ օտար դրամատները, որտեղ իւրացուել են տեղահանուած հայերի հսկայական գումարները:

Մատենադարանի աւագ գիտաշխատող Անահիտ Աստոյեանն իր 7-ամեայ աշխատանքն ամբողջացրել է մի գրքում, որը հրատարակուել է  2013-ին: «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանեան կայսրութիւնում 1914-19 թթ», այսպէս է կոչւում այն գիրքը, որտեղ ամփոփուած է Օսմանեան կայսրութիւնում ապրող հայերի ամբողջ ունեցուածքի մասին տեղեկութիւն եւ նրանց ունեզրկումը: Ա. Աստոյեանը իր աշխատութիւնը հրատարակելիս շատ է ուսումնասիրել օտար աղբիւրներ ու փաստաթղթեր` ամերիկեան, աւստրոհունգարական, իտալական, ֆրանսական, թուրքական եւ այլն: Մեծապէս օգտուել է ռուսահայ մամուլից, որովհետեւ զինադադարից յետոյ մամուլը շատ հետաքրքիր նիւթ է պարունակում, մանաւանդ` թուրքական մամուլի արտատպումները: Տեղեկութեան հայթայթման համար մեծապէս օգնել են թուրք պատմաբանները: Վերջին տարիներին, զարմանալիօրէն, թուրք պատմաբանները սկսել են անդրադառնալ այս թեմային: Նրանք այս թեմայով արդէն 5 գիրք են հրատարակել: Օրինակ` Նեւզաթ Օնարանի «Հայերի ու յոյների ունեցուածքի թրքացումը» գիրքը:

Անահիտ Աստոյեանի «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանեան կայսրութիւնում 1914-19 թթ» գիրքը մինչեւ տարեվերջ կը հրատարակուի նաեւ անգլերէնով:

ՍԱՌԱ ԳԱԼՍՏԵԱՆ


Leave a Comment

You must be logged in to post a comment.