Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) Նախագահ Քէն Խաչիկեանի Ելոյթը 2014թ. Հայաստան-Սփիւռք 5րդ Համաժողովում


Եօթ ամիս յետոյ այստեղ՝ Երեւանում եւ ամբողջ աշխարհում մենք նշելու ենք Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցը:
Ճիշդ կը լինի, որ մի պահ դադար տանք եւ անդրադառնանք մեր ցաւալի անցեալին: Տեղին
կը լինի, որ մեր ազգի որդիներն ու դուստրերը արժանին մատուցեն մեր նահատակներին, աղօթեն նրանց հոգիների համար:
Բայց այսօր մեր աչքերն ուղղուած են հորիզոնին:
Մեր նախնիներին լաւագոյն յարգանքի տուրքը մեր ծառայութամբ նրանց զոհաբերութիւնը յարգելն է, նրանց նուիրուածութեանը հաւասար նուիրուածութեամբ:
Հայերը միշտ այդպէս են վարուել: Հնագոյն ժամանակներից մինչեւ մեր ժամանակները:
Ուրարտուից մինչեւ Աւարայր, Սարդարապատից մինչեւ Արցախ:
Մենք մշտապէս իմացել ենք եւ այսօր էլ հասկանում ենք մեր գոյատեւման գինը.
Ծառայութիւն… անխոնջ եւ անձայն,
Զոհաբերութիւն… անանձնական եւ մշտական,
Միասնականութիւն… անսահման եւ անկոտրում։
Մենք բոլորս գիտենք մեր սրտերում գրուած պարզ ճշմարտութիւնը. Հայոց պատմութեան ամենակարեւոր էջերը դեռեւս գրուած չեն դեռեւս չծնուած սերունդների կողմից:
Եւ այսօր մենք կանգնած ենք մեծ շրջադարձի առջեւ: Մեր անցեալի ճամբաբաժանին:
Հայ ազգի նոր լուսաբացի առջեւ:
Մեր սերնդի պարտքն է եւ օրհնանքը դարձնել այս դարը, մեր համարեայ իսպառ բնաջնջումից յետոյ երկրոդը, հայ ազգի համար ճշմարտութեան, արդարութեան եւ անվտանգութեան դար:
Ճշմարտութիւն ոչ պարզապէս յանուն ճշմարտութեան, այլ ճշմարտութիւն յանուն արդարութեան:
Արդարութիւն ոչ միայն մեռեալների համար, բայց նախեւառաջ՝ ապրողների:
Արդարութիւն, որը կ՛ապահովի մեր անվտանգութիւնը:
Մեր գոյատեւումը: Մեր ապագան: Սա է մեր Հիւսիսային աստղը:
Հայ ազգի գոյատեւում եւ երկարաժամկէտ կենսունակութիւն:
Հայ Դատի միջազգային շարժումը, աշխարհի հիմնական մայրաքաղաքների Հայ Դատի գրասենեակների գլխաւորութեամբ, հայ ազգի լիակատար պաշտպանութիւնն է:
Մենք, եթէ պարզ ձեւակերպելու լինենք, հայ ազգի գոյատեւման էական տարրերից մէկն ենք:
Այդ սուրբ պարտականութեան համեստ գնահատականի համար ենք մենք ծառայում որպէս հայ ազգի դեսպաններ:
Այդ ոգով ենք մենք պայքարում՝ որպէս հայ ազգի երկրորդ բանակ: Մենք որպէս պաշտպան կանգնած ենք հայութեան ազատութեան սահմաններին եւ մեծ կռիւ ենք տալիս աշխարհի մայրաքաղաքներում յանուն մեր հայրենիքի եւ ժառանգութեան:
Մենք առաջ ենք տանում հայերի կենսական շահերը, բոլորիս համար կարեւոր համընդհանուր խնդիրները, որոնք պէտք է որոշեն հայոց հայրենիքի ապագան:
Արդարութիւն Ցեղասպանութեան համար,
Հասնել միջազգային ճանաչման,
Հատուցումներ՝ ազգին, քրիստոնեկան եկեղեցիների վերադարձ եւ մեր հայրենիքի արեւմտեան հատուածի վերականգնում,
Մերժել Թուրքիայի ձեւական ջանքերը եւ պահանջել, իսկ մենք պարտաւոր ենք դա անել, հայ ազգին հասանելիք լիակատար ճշմարտութիւնը, արդարութիւնը եւ անվտանգութիւնը,
Հզօր եւ կենսունակ Հայաստան,
Աջակցել բարեփոխիչներին,
Փոխել տապալուած քաղաքական ուղղութիւնները,
Պայքարել կոռուպցիայի դէմ,
Զարգացնել ժողովրդավարութիւնը,
Զարգացնել հայ-ամերիկեան յարաբերութիւնները,
Ստեղծել աշխատատեղեր, յոյս եւ հնարաւորութիւն,
Անվտանգութիւն անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան համար,
Դիմակայել Ադրբեջանի ագրեսիային,
Հակահարուած տալ Արցախի դէմ յարձակումներին,
Ապահովել միջազգային աջակցութիւն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքի,
Անվտանգութիւն մեր մերձաւորարեւելեան հայ համայնքներին,
Աջակցել հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանը,
Ապահովել միջազգային օժանդակութիւն Սիրիայի, Իրաքի եւ տարածաշրջանի այլ վտանգուած համայնքներին,
Ինքնաբաւ եւ մշակութային առումով կենսունակ æաւախ,
Շահերի պաշտպանութիւն եւ տնտեսական զարգացմանն ու մշակութային ինքնութեանն օժանդակող ծրագրեր,
Վրաստանի æաւախքի շրջանի ինքնակառավարում։
Այս բոլոր կարեւորագոյն ոլորտներում հայութեան շահերին ուղղուած մեր միջազգային ջանքերը սերտօրէն կապուած են Հայաստանի քաղաքացիների կողմից եւ նրանց համար կատարուող առաջադիմութեան հետ:
Ներքին տնտեսական, ռազմական, քաղաքական եւ մշակութային առումներով աւելի հզօր Հայաստանն ի վիճակի կը լինի աւելի լաւ պաշտպանելու իր շահերը միջազգային ասպարէզում:
Եւ աւելի անվտանգ Հայաստանը՝ աւելի լաւ տարածաշրջանային եւ միջազգային կապերով, աւելի լայն հնարաւորութիւններ կ՛ունենայ ներքին առաջադիմութեան համար:
Եկէք պարզ խօսենք: Պայքարը յանուն ժողովրդավարութեան եւ ընդդէմ կոռուպցիայի՝ հայ ազգի ազգային անվտանգութեան առաջնահերթութիւններից է: Յանուն Հայաստանի պաշտպանութեան պայքարողները պայքարում են յանուն Հայաստանի բարելաւման, ճիշդ այդպէս էլ՝ յանուն Հայաստանի բարելաւման պայքարողները պայքարում են յանուն Հայաստանի պաշտպանութեան:
Մեր առջեւ հզօր հակառակորդներ են, եւ մեզ անհրաժեշտ է այդ միասնականութեան ոգին: Որովհետեւ եթէ միասնական լինենք, միասին կանգնենք, համաձայնութեան գանք, վստահութիւն ստեղծենք եւ աշխատենք միասնաբար, ամէն ինչ հնարաւոր կը լինի:
Մենք իսկապէս աւելի հզօր ենք, քան մեր մասնիկների գումարը:
Առանց միասնականութեան, միայնակ գործելով, մեր Հայրենիքը եւ Սփիւռքը խոցելի են «բաժանիր ու տիրիր» քաղաքականութեան առջեւ:
Այդ մարտավարութիւնը հին է ինչպէս արդէն փլուզուած կայսրութիւնները, որոնք փորձում էին մեզ ոչնչացնել, եւ նոր, ինչպէս մեր ազգին պարտադրուող Արձանագրութիւնների խեղկատակութիւնը: Մենք այդ բոլորը տեսել ենք մեր դարերի պատմութեան ընթացքում:
Բայց այսօր մենք աւելին գիտենք: Մենք թոյլ չենք տայ այլոց մեզ կեղծ ընտրութիւններ պարտադրել: Մենք պէտք է միասնաբար դիմակայենք մեզ իրարից բաժանելու անվերջ ջանքերին:
Բայց նաեւ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք փոխուել: Պահպանելով ժամանակի փորձութեանը դիմացած մեր արժէքները, այսօր մենք վերայայտնագործում ենք մեզ եւ մեր պայքարը նոր ժամանակաշրջանում:
Մենք յետ չենք մնում, թարմացնում ենք մեր ենթակառուցուածքը, որպէսզի համապատասխանենք արագօրէն փոխուող աշխարհաքաղաքական կառուցուածքում ընթացող նոր սերնդի քաղաքական պատերազմի պահանջներին:
Առաջիկայ ամիսներին դուք կը տեսնէք՝
Հայ Դատի ուշադրութեան նոր կենտրոնը օրէնքի եւ արդարութեան վրայ, որը միաւորում է մեր համայնքի ամենատաղանդաւոր իրաւաբաններին ու ռեսուրսները՝ պաշտպանելու մեր իրաւունքները եւ առաջ մղելու մեր հարցը.
Հայ Դատի նոր՝ Մայրաքաղաքի դարպաս ծրագրի տուն (Capital Gateway House) Վաշինգտոնի սրտում, որը լինելու է երիտասարդ ամերիկահայ առաջնորդների նոր սերնդի կենտրոնը.
Հայ Դատի տեղեկատուական տեխնոլոգիայի նոր ալիքը՝ հիմնուած ամենավերջին հանրային մեդիայի, տեղեկատուական եւ տեսակապերի վրայ:
Մենք հիմնւում ենք աւելի քան մէկդարեայ ծառայութիւնից եկող ժառանգութեան վրայ: Մենք կարող ենք, եւ պէտք է, հպարտանանք նրանով, թէ ինչ հեռուն ենք հասել:
Մենք ստեղծել ենք այն քաղաքական հզօրութիւնը, որի կարիքը մեր Հայրենիքն ունի եւ վաստակել ենք արժանի յարգանք: Բայց մենք չենք հանգստանալու:
Մենք շարունակելու ենք պայքարել:
Անվախօրէն եւ հաւատարմօրէն առաջ մղելով մեր սերնդի գործը՝ ծառայելու ենք մեր սուրբ հայրենիքին եւ ժառանգութեանը:

2014թ. Սեպտեմբերի 19
Երեւան


Leave a Comment

You must be logged in to post a comment.