Արտագաղթն Ու Գործազրկութիւնը Սահմանամերձ Գիւղերի Խնդիրներից Ամենամտահոգիչներն Են


ՅԱՍՄԻԿ ԴԻԼԱՆԵԱՆ

Վերջին շրջանում կառավարութեան ուշադրութեան մանրադիտակում մեր երկրի սահմանամերձ գիւղերի խնդիրներն են: Դրանք շատ են, սակայն, գիւղերի բնակիչներին ամենաշատը մտահոգում են արտագաղթն ու գործազրկութիւնը:
13ամեայ Անի Մկրտումեանն իր հասակակիցներից շատ բաներով է տարբերւում: Ակամայից՝ նրա մտքերն աւելի հասուն են ու բնորոշ, նոյնիսկ իրենից մի քանի անգամ մեծերից: 13 տարի շարունակ Անին տարին 12 ամիս միայն կրակոցներ է լսում, սակայն, դրանք չեն խանգարում, որ ծննդավայր Մովսէսի մասին խօսելիս աչքերը փայլեն, նա պատրաստ է ժամերով, նոյն փայլող աչքերով անդադար ու սիրով պատմել հայրենի գիւղի՝ սահմանամերձ Մովսէսի մասին: «Գողտրիկ ու սարերի մէջ թաքնուած գիւղ է, շատ գեղեցիկ», պատմում է Անին ու միաժամանակ նկատում ՝ «Ափսոս, որ մեր գիւղից շատերն են հեռանում»: 13ամեայ աղջնակը գիտի նաեւ Մովսէսից հեռանալու պատճառը. «Ափսո՜ս, աշխատանքային պայմանները շատ քիչ են, դրա համար էլ բնակչութիւնը քիչ է, գիւղը նօսր է բնակեցուած, արտագաղթը շատ է դէպի Ռուսաստան ու տարբեր երկրներ»:
Անին անհանգիստ է՝ տղամարդիկ հեռանում են գիւղից, իսկ այն պահել է պէտք, ադրբեջանական յենակէտերն ուղիղ գծով իրենց դպրոցին են նայում, ամէն օր՝ առանց ժամ ու պատարագ, կրակում են, ու այնքան յաճախ, որ 13ամեայ աղջկայ, գիւղի միւս երեխաների ու նրանց ծնողների համար այն սովորական է դարձել. «Գրեթէ նորմալ են դարձել կրակոցները: Ծնողները երեխաներին հանգիստ դպրոց են ուղարկում նոյնիսկ կրակոցների օրերին: Հնարաւոր չի կրակոցներին շատ ուշադրութիւն դարձնել, որովհետեւ կարող է շաբաթներով շարունակ կրակոցներ լինեն. երեխաները պէտք է կրթութիւն չստանա՞ն, տնից դուրս չգա՞ն»:
«Անիի նման հասուն մտածում են Մովսէսի բոլոր երեխաները, 15ամեայ Ռաիսայի համար նոյնպէս մտահոգիչ է, որ շատերն են հեռանում գիւղից, պատճառն էլ գիտի՝ աշխատանք չկայ, եթէ աշխատանք լինի, անպայման կը մնան: Արտագաղթն ու գործազրկութեան բարձր մակարդակը Տաւուշի սահմանամերձ գիւղերի ամենամտահոգիչ խնդիրներն են: 2013ին պաշտօնապէս 500 գործազուրկ էր գրանցուած Բերդի տարածաշրջանում. Բերդում՝ 300, միւս 16 համայնքներում՝ 200: Պաշտօնական վիճակագրութիւնը, սակայն, իրական գործազրկութիւնը չի արտացոլում», կարծում է Բերդի «Կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրէն Անահիտ Բադալեանը:
«Գործազրկութիւնը յանգեցնում է միգրացիային, արտագաղթին, պաշտօնական տուեալներ չեմ ուզում հրապարակել, որովհետեւ բոլորս գիտենք, թէ պաշտօնական տուեալները որքանով են համապատասխանում իրականութեանը»:
«Սօսէ մայրերի ասոցիացիա»ի նախագահ Նինա Ադամեանն ամուսնու հետ պատերազմի տարիներին առաջնագծում էր, շատ բան է տեսել, գլխով շատ բան է անցել, այսօր էլ մեն-մենակ ապրում է Բերդում ու կրկին ահազանգում՝ սահմանամերձ գիւղերում գործազրկութեան մակարդակը բարձր է ու անհանգստացնող. «Այստեղ կայ մի ազգ, որը կոչւում է հայ ազգ, որը կոչւում է հայեցի, որը պաշտպանելու համար մենք պէտք է կանխենք արտագնայ աշխատանքի մեկնողներին: Նկարիչ ունէինք՝ Կոշտանց Գառնիկ էր անունը, ասում էր՝ ով խելք ունի մեռաւ, ով փող ունի տեղափոխուեց, ով էլ անճար էր մնաց: Բայց ես չէի ասի, որ մենք անճար ենք, մենք մնացել ենք մեր հողն ու ջրին, ինչ որ հայրենասիրութեան միտումն ա մեր սրտերում, մեր հոգիներում: Բոլոր դէպքերում մենք կանք, ուզում ա մեզ օգնութեան գան, ուզում ա՝ չգան»:
Պատերազմի տարիներին անգամ, սահմանամերձ եւ ոչ մի գիւղի բնակչի նոյնիսկ մտքով չի անցնել թողնել գիւղն ու հեռանալ առաւել անվտանգ վայր, այսօր, սակայն, երիտասարդների մի մասը հեռանում է գիւղից, նրանք ոչ թէ լքում են իրենց գիւղը, այլ գնում են աշխատելու եւ նորից վերադառնում գիւղ: Սահմանամերձ գիւղերում բնակուող տղամարդկանց հեռանալն այսպէս են մեկնաբանում ու երբեմն նաեւ արդարացնում համագիւղացիները: Այն, որ արտագաղթը չարիք է իւրաքանչիւր երկրի համար, գիտենք բոլորս, մեզ մնում է յուսալ, որ գիտակցում ենք նաեւ, թէ որքան աւելի վտանգաւոր է, երբ ստիպուած, սակայն, հեռանում են սահմանամերձ գիւղերի բնակիչները: Ու նաեւ մի պարզ ճշմարտութիւն՝ սահմանի վրայ գտնուող զինուորն ուժեղ է, երբ գիտի, որ թիկունքում գիւղն է, պաշտպանում է իր տունն ու ընտանիքը:

«Ռադիօլուր»


Leave a Comment

You must be logged in to post a comment.