Անպարտելի Բանակ


Կայ այսպիսի մի առակ. կենդանիների արքան` առիւծը, կանգնած է անտառում, շրջապատուած` գիշատիչ գազաններով եւ յանկարծ տեսնում է, որ փիղն ու մուկը անցնում են եւ իրենց կողմը չեն էլ նայում: Նման վերաբերմունքից վիրաւորուած, Առիւծն իր մօտ է կանչում գայլին եւ ասում.

– Գնա՛ ու պարզիր` այդ երկուսը հայր ու որդի կամ եղբայրներ չե՞ն, եթէ հայր ու որդի կամ եղբայրներ եղան, սուսուփուս յետ կը գաս, եւ մենք նրանց հետ չենք կռուի, որովհետեւ եթէ կռուենք, հաստատ պարտուելու ենք…

… Սահմանին մեր հակառակորդի` Ազրպէյճանի, զինեալների հերոսացման փորձերի վիժեցումից եւ համապատասխան դաստիարակչական աշխատանքներից յետոյ մեր առաջնագծի զօրամասերի զինուորները թիկունքի կամաւորականների, պատերազմի վեթերանների կողմից այնպիսի աննախադէպ աջակցութիւն ստացան, որ բանակը միանգամից դարձաւ հարազատ եղբայրների կամ հայրերի ու որդիների բանակ: Հէնց այսպիսի բանակի մասին էր երազում Գարեգին Նժդեհը` գրելով. «…տուէք ինձ ցեղօրէն դաստիարակուած մի սերունդ, եւ ես արեւի տակ ցոյց կը տամ Հայաստանը»: Մէկ շաբաթուայ տեղային` դիրքային կամ յենակէտային մարտերը ցոյց տուեցին, որ հայոց բանակում նպատակային են օգտագործուել հրադադարի քսան տարիների իւրաքանչիւր օրն ու ժամը, որ այդ քսան տարիների քառասուն զօրակոչերի միջոցով բանակում ծառայել ու զինուորական մասնագիտութիւն են ձեռք բերել հարիւր հազարաւոր հայորդիներ, որոնք պատրաստ են հէնց առաջին իսկ կանչով համալրելու բոլոր զօրատեսակները, բազմապատկելու ծառայութեան մէջ գտնուող իրենց եղբայրների թիւը: Սահմանային միջադէպերը ցոյց տուեցին, որ անցած տարիները ոչ թէ թուլացրել, այլ է՛լ աւելի են ամրապնդել, վճռական դարձրել առաջին պատերազմի հերոսական սերնդի կամքն ու ոգին: Հայ դիրքապահների ուղղութեամբ արձակուած կրակոցները համախմբեցին աշխարհի բոլոր հայերին, մեծերին ու փոքրերին, կուսակցական ու քաղաքական գործիչներին, անգամ կրթութեան ու գիտութեան աշխատողների եւ նոյնիսկ նրանց, ովքեր նոյնիսկ չեն ծառայել ազգային բանակում:

Ինքնապաշտպանութեան այսօրուայ պոռթկումից ես 1988թ. համն եմ զգում:

***

Դեռեւս մարտ ամսին պաշտպանութեան բանակի երրորդ պաշտպանականի մասին յօդուածում ցոյց եմ տուել, թէ ինչպէս գիշերները զինուորների հետ մարտական հերթապահութիւն են կատարում ԼՂՀ ոստիկանութեան, Ազգային անվտանգութեան ծառայութեան, արտակարգ իրավիճակների նախարարութեան ծառայողները, Երկրապահ կամաւորների միութեան անդամներն ու նոյնիսկ զինուորների ծնողները: Չկարծէք, թէ առաջնագծի մեր զինուորներն իրենց գործն ինքնուրոյն չեն կարողանում կատարել, պարզապէս մեր ժողովուրդն է ուզում լինել այնտեղ, մեր զինուորների, մեր որդիների ու եղբայրների կողքին: Անչափ ուրախացայ` իմանալով, որ գիշերը յենակէտերում են անցկացնում բարձրաստիճան պաշտօնեաները` ԼՂՀ վարչապետը, Վայոց Ձորի մարզպետը, ուրիշ պաշտօնեաներ: Ախր, հէնց տեղում նրանք կարող են տեսնել, թէ ինչի կարիք ունեն յենակէտերը… Թէ՛ ղեկավար, թէ՛ գործարար մարդիկ այս հարցերն աւելի հեշտ կը լուծեն եւ կը թեթեւացնեն գումարտակների հրամանատարների հոգսը:

***

Յենակէտերից վերջինը, որտեղ եղել եմ, բաւական բարդ դիրք ունէր: Դիրք հասնելու ճանապարհն էլ վտանգաւոր էր, որովհետեւ կային բաց, հակառակորդի համար տեսանելի հատուածներ, եւ դրանք փակելն անհնար էր: Երբ տեղ հասանք, համոզուեցի, որ հնարաւոր չէ յենակէտից հրաժարուել, քանի որ այդպէս վարուելու դէպքում բաւական մեծ տարածքում հակառակորդին անկաշկանդ գործելու հնարաւորութիւն կը տրուի:

Յենակէտի աւագ կրտսեր տասնապետ Գէորգ Մարգարեանը համապատասխան զեկոյցով մեզ ներկայացրեց իրավիճակը:

– Կրակոցներ լինում են, բայց այսօր հանգիստ է:

 

 

Գործընկերներս վաշտի հրամանատար, քափիթեն Արթուր Առաքելեանի, քափիթեն Էդուարդ Ստեփանեանի ուղեկցութեամբ գնում են դիտակէտեր, իսկ ես շարունակում եմ զրոյցը ջոկի հրամանատար, կրտսեր տասնապետ Արտակ Սարգսեանի եւ նրա զինուորների հետ:

– Մեր զգօնութիւնը չենք թուլացնում, հակառակորդը միշտ պիտի զգայ մեր շնչառութիւնը, հակառակ դէպքում կարող է նախայարձակ լինել,- ասում է Արտակը:

– Իսկ այս բարձունքի յենակէտից չե՞ն կրակում:

– Պատահում է` կրակում են, բայց` ոչ ուղիղ նշանառութեամբ: Հաւանաբար հաշուի են առնում, որ մենք էլ իրենց միւս դիրքերի նկատմամբ առաւելութիւն ունենք:

– Ես վանաձորցի եմ, դպրոցն աւարտել եմ ու զօրակոչուել, համազօրային ուսումնականից յետոյ տեղափոխուել եմ այստեղ: Արդէն մէկ տարի մարտական հերթապահութիւն եմ կատարում, աշնանը կը զօրացրուեմ,-ասաց Արտակը ու ներկայացրեց իր ջոկի զինուորներից շարքային Չիչով Ալեքսանդրին:

-Ազգութեամբ մոլոկան եմ` Լերմոնտովօ գիւղից: Երկու եղբայր ենք, ես փոքրն եմ, մեծ եղբայրս ուսանող է:

Երբ հարցրի, թէ ինչպիսի՛ն է մոլոկանների վերաբերմունքը զինուորական ծառայութեան նկատմամբ, Ալեքսանդրն ասաց.

– Շա՛տ լաւ, մենք պարտաւոր ենք ծառայել մեր երկրի բանակում եւ նամուսով էլ ծառայում ենք: Մեր գումարտակի միւս վաշտում էլ ընկերս` շարքային Վասիլի Մինասուեւն է մարտական հերթապահութիւն կատարում:

Մարդկային փոխյարաբերութիւնների մասին զինուորն ասաց.

– Ազգութիւնը կապ չունի, բոլորս եղբայրներ ենք, աւելի՛ն, յաճախ այնպիսի հարցեր են լինում, որ տղերքը սկզբից մտածում են մեր մասին, ուզում են, որ նախ մեզ համար լաւ լինի, յետոյ` իրենց: Չէ՛, անկեղծօրէն եմ ասում, մենք մեզ շատ լաւ ենք զգում, քանի որ մի հող ու ջրի մարդ ենք:

Շարքային Գէորգ Ղազարեանը նռնականետորդի օգնական է:

– Գլուխ գովալ չլինի, լաւ եմ կրակում, հլա մի թող հրաման տան, կը տեսնէք` ոնց եմ սրանց մինչեւ գետը քշում:

Ընկերները ծիծաղում են Գէորգի պարզ ու անկաշկանդ խօսքի վրայ:

– Ես էլ գնդացրորդ եմ,- տեսնելով, որ ներկայանալու հերթն իրենն է, ասաց շարքային Էդուարդ Եղիազարեանը: – Սովորել եմ Երեւանի Սօս Յովսէփեանի անուան թիւ 115 դպրոցում, այնուհետեւ ընդունուել եմ բժշկական բաժանմունք, դեղագէտ եմ դառնալու:

Յաջորդ զինուորը հրաձիգ, շարքային Մհեր Մանուկեանն էր` Լուսակերտից, որին էլ ներկայացրեց ջոկի հրամանատարը.

– Մեր լաւագոյն նշանառուներից է,- եւ աւելացրեց,- նաեւ լաւ պատշար է. ա՛յ էն ամուր պատերն ինքն է շարել:

– Որտե՞ղ ես սովորել այսպէս վարպետօրէն պատ շարել:

– Էդ իմ արհեստն է, բանակից առաջ աշխատել եմ, տուն գնամ, էլի նոյն գործն եմ անելու: Տուն կառուցելուց լաւ բան չկայ:

– Ի հարկէ, ամենալաւ բանը տուն սարքելն է, տա Աստուած, որ ամէն ինչ քո սրտով լինի, տասնեակ, հարիւրաւոր տներ կառուցես:

Փոխգնդապետ ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍԵԱՆ

«Հայ Զինուոր»


Leave a Comment

You must be logged in to post a comment.