Իշխանութիւնները հերթական անգամ ցոյց տուեցին, որ անկարող են ապահովել մեր երկրի անվտանգութիւնը. «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

«Յարգելի՛ հայրենակիցներ,

Ադրբեջանը, օգտուելով Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների այսպէս կոչուած՝ խաղաղասիրական քաղաքականութիւնից, յանցաւոր անգործութիւնից, ամենաթողութիւնից, խախտել է մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը։ Ադրբեջանի զաւթողական ախորժակը բացուել է բացառապէս Նիկոլ Փաշինեանի գլխաւորած վարչախմբի հակահայկական քաղաքականութեան պատճառով։

Սիւնիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուորականների ներխուժման արդիւնքում մեզ համար անվտանգային լրջագոյն սպառնալիքներ են առաջացել։ Իրավիճակը յղի է ռազմական լայնամասշտաբ բախման վտանգով՝ նոր պատերազմով և տարածաշրջանային անկայունութեան պոտենցիալով։ ՀՀ զինուած ուժերը պարտաւոր են ապահովել մեր սահմանների պաշտպանութիւնը։

Օրուայ իշխանութիւնները հերթական անգամ ցոյց տուեցին, որ անկարող են ապահովել մեր երկրի ու քաղաքացիների անվտանգութիւնը, երաշխաւորել ՀՀ տարածքային ամբողջականութիւնը։ Չեն իրականացվում իրավիճակից բխող գործողութիւններ Ադրբեջանի կողմից միջազգային իրաւունքի կոպտագոյն ոտնահարման փաստի կապակցուեամբ և մեր սահմանների պաշտպանութեան համար։

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում լինել զգօն ու համախմբուած, խուճապի չմատնուել և պատրաստ լինել զարգացումների ցանկացած սցենարի։

Յա՛րգելի հայրենակիցներ,

Համոզուած ենք, որ պարտութեան ու խայտառակութեան խորհրդանիշ այս ապաշնորհ իշխանութեան առկայութեամբ մեր երկրում հնարաւոր չէ հաստատել արժանապատիւ խաղաղութիւն, կայունութիւն և բարեկեցութիւն։ Ուստի Հայաստանի ու Արցախի անվտանգութեան ապահովման թիւ մէկ նախապայման ենք համարում ազգային ու նոր որակի իշխանութեան ձևաւորումը։

«Հայաստան» դաշինքի քաղաքական խորհուրդ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.