ՔԵՍԱՊԻՑ ՄԻ ԲՈՒՌ ՀՈՂ ԲԵ՛Ր

\n

\n

 

\n

Զանգահարողը ընկերս էր Մոսկուայից: Ձայնը տխուր էր, կերկերուն, գրեթէ անճանաչելի: Մի կերպ հասկացրեց, որ մայրը՝ տիկին Մարթան, վախճանուել է: Աճիւնը Հայաստան էր փոխադրելու, հօր՝ քեռի Վարդանի կողքին ամփոփելու: Խնդրեց կարգի բերել գերեզմանատունը:

Յիշողութեանս մէջ տիկին Մարթայի բարեհամբոյր դիմագծերը արթնացան, նրա հնամենի կարի մեքենան, որ 1947-ին հետն էր բերել Սիրիայից՝ մի կտոր հաց վաստակելու համար: Նրա ձեւած ու կարած հագուստները ոչ մի տեղ չէիր գտնի: Պատուիրատուին գոհացնելու համար աչք էր կուրացնում, գիշերներ լուսացնում: Տիկին Մարթան պատուիրատուների մի նեղ շրջանակ էլ ունէր՝ պաշտօնեաների կանայք էին. նրանց համար յատուկ գին էր սահմանուած…:

Քեռի Վարդանը թղթախաղի մոլի սիրահար էր: Ես նրա խաղընկերն էի: Ծանր էր տանում, նեղւում էր, երբ պարտւում էինք.
«Ոչինչ, քեռի՛ Վարդան, միշտ հօ մենք չենք յաղթելու»,- փորձում էի հանգստացնել նրան:
 «Էս թոյլիկների՞ն էլ պարտուենք»,-հեգնանքով ասում էր նա:
«Թղթախաղի մէջ թոյլ, ուժեղ չկայ. ում լաւ թուղթ եկաւ, նա էլ կը յաղթի»,- եզրակացնողը նրա որդին էր՝ Վազգէնը, ով կեանքում ոչ մի անգամ թուղթ չէր խաղացել:
«Դու մի՛ փիլիսոփայիր, գնա՛ մօրդ ասա՛ սուրճ թող եփի»: Վազգէնը հլու, հնազանդ գնում էր խոհանոց. մենք նոր խաղ էինք սկսում:
«Քեզ տեսնեմ, փաշաս, ռեպիկոն պիտի անենք»,-ոգեւորուած ասում էր քեռի Վարդանն ու դողդոջուն մատներով վերցնում խաղաթղթերը…: Թղթախաղից չէինք կշտանում: Օր էր լինում տիկին Մարթան կարի մեքենայի մօտ էր լուսացնում, մենք՝ թղթախաղի սեղանի շուրջ…: Տիկին Մարթան գոնէ պատուիրատու ունէր, մենք ի՞նչ ունէինք…:

Քեռի Վարդանն ու տիկին Մարթան Քեսապից էին եկել: Սիրիայի ու Թուրքիայի սահմանագլխին ծուարած մի գողտրիկ աշխարհ է Քեսապը՝ բնակեցուած զուտ հայերով: Փոքրիկ Հայաստան էր յիշեցնում Քեսապը: 1947-ին հարիւրաւոր հայեր Քեսապից գաղթեցին խորհրդային Հայաստան: Վարդան եւ Մարթա Գազազեանների նորաստեղծ ընտանիքն էլ նրանց մէջ էր: Եկան, շատերի նման յուսախաբ եղան, բայց լռեցին: Մի քանի տարի Ալավերդիում բնակուեցին, յետոյ տեղափոխուեցին Կիրովական(Վանաձոր), այնտեղից էլ՝ մայրաքաղաք՝
 
14

Երեւան: Մեր թաղում գնեցին Ամերիկա մշտական բնակութեան մեկնող ՊԷյրութցի Նշանի տունը:
«Մի ախպարը գնաց, միւս ախպարը եկաւ», կատակել էր թաղեցիներից մէկը:
«1947-ին երբ եկանք, մեզ հայրենադարձ էին ասում. մենք ի՞նչ հայրենադարձ,- թաքուն բողոքում էր քեռի Վարդանը,
իմ հայրենիքը Քեսապն է, Յարութի հայրենիքը՝ Խարբերդը,
Ասատուրի հայրենիքը՝ Տիգրանկերտը… »:

Քեռի Վարդանի թուարկած տեղանունները եթէ կողք կողքի դնէիր, կը ստանայիր մի մեծ կորսուած հայրենիք՝ Արեւմտեան Հայաստան
անունով:
Քեսապցի Վարդանի ու Պէյլանցի Յարութիւնի տները կողք կողքի էին, մի թափանցիկ ցանկապատ էր բաժանում նրանց: Ջերմ ու հարեհաս հարեւաններ էին, բայց տարին մէկ երկու անգամ մի վէճ էր թեժանում Վարդանի ու Յարութի միջեւ, որը շատերի համար անհասկանալի էր ու այդպէս էլ մութ մնաց: Լեզուակռիւ էր, վէճ՝ իրենց անհասկանալի բարբառներով՝ Քեսապի ու Պէյլանի: Նա սրա Քեսապն էր փնովում, սա՝ նրա Պէյլանը…

Մի օր հերթական վէճից յետոյ Յարութը որոշել էր քարէ պատ շարել թափանցիկ ցանկապատի փոխարէն, ու երբ բանուորները մի երկու շարք պատել էին արդէն, փոշմանել էր՝ ասելով.
«Վարդա՛ն, եթէ կ’ուզես, մնացածը դու շարէ, իմ հերսը անցաւ»: Պատն այդպէս անաւարտ էլ մնաց:
Պէյլանցի Յարութիւնն էլ բռնեց Ամերիկայի ճամբան: Քեսապցի Վարդա- նը տխրեց, գնաց բարի ճանպարհ ու մնաս բարով ասելու Յարութին:
Գնաց ու որքան ուզեց զսպել, սեղմել, ցոյց չտալ յուզմունքը, չստացուեց. դէմքի ակօս կնճիռներով արցունքի անթաքոյց առուակներ հոսեցին…:

Տասնամեակներ անց, Նիւ Եորքում, երբ մանկութեանս ընկերոջը՝ Վարուժին, հարցրի. –
«Ի՞նչն էր հօրդ ու Վարդանի վէճի պատճառը»:
-«Դեռ յիշո՞ւմ ես»,- զարմացաւ Վարուժը: –
«Մոռանալո՞ւ բան է»: –
«Հօրս ու Վարդանի վէճը չէր միայն, Բէյլանի ու Քեսապի վէճն էր նաեւ:
Աշխարհի որ ծայրում էլ լինի քեսապցին ու պէյլանցին, երբ հանդիպեն,
 
15

կ’ողջագուրուեն, սեղան կը նստեն, կ’ուտեն, կը խմեն ու կը յիշեն կորուստները, կը յիշեն ու կը վիճեն, կը վիճեն ու կը մեղադրեն միմեանց, բայց թէ ի՛նչ օգուտ՝ եղածը եղած է…»: -«Պատճա՞ռը… պատճառը ո՞րն է…», այրուող հետաքրքրութեամբ հարցրի ես: Ընկերս շարունակեց.
-«Թուրքի դէմ կռուելու համար պէյլանցիները զէնք են խնդրել քեսապցիներից»: –
«Չե՞ն տուել»: –
«Տուել են,- ծիծաղելով շարունակեց Վարուժը: –
«Տուել են. հրացաններ են տուել՝ առանց փամփուշտի…»: Յարութիւնը իր կորսուած հայրենիքի համար մեղադրում էր Վարդանին,
Վարդանը՝ գարատուրանցի հնչակ Վահէին, Վահէն՝ դաշնակցական Հրայրին, Հրայրը՝ պոլսեցի Արթինին, Արթինը՝ ուրֆացի Նշանին…:
Այսպէս իրար մեղադրելով, քով քովի չգալու արդիւնքում կորցրինք մի մեծ Հայրենիք, որի անունն Արեւմտեան Հայաստան է…: Քեռի Վարդանը հիւանդացել, անկողին էր ընկել: Գնացի տեսութեան:
Ասացի, որ մի քանի օրից Սիրիա եմ գնում՝ գործուղման: «Ի՞նչ բերեմ քեզ համար, քեռի Վարդան», հարցրի: –
«Քեսապ կը գնա՞ս»,- քեռի Վարդանի հարցի մէջ խնդրանք կար : –
«Կը գնա՛մ»,-պատասխանս բուժիչ դեղահատ էր նրա համար: –
«Երանի՜ աչքերիդ,-կարօտով ասաց նա ու շարունակեց, –
ինձ համար Քեսապից հող բեր, մի բուռ հող…ուրիշ բան չեմ ուզում… »: –
«Մեր տունը «Սեւան» ճաշարանի կողքին էր. տես դեռ կանգո՞ւն է…»,-սա էլ կնոջ՝տիկին Մարթայի խնդրանք- ապսպրանքն էր… Վերադարձիս Դամասկոսի օդանաւակայանում մաքսային ստուգում էի անցնում:
«Արգելուած ապրանք ունէ՞ք»,-հարցրեց մաքսաւորը:
«Չունե՛մ»,- անվարան պատասխանեցի: Մաքսաւորը ձեւի համար բացեց ճամպրուկս, տափ տափեց իրերս, ու այն է ՝ յետ պիտի փակէր, երբ ափը հպուեց հողով լի տոպրակին: Դուրս քաշեց. –
« Սա ի՞նչ է»,- խուզարկու հայացքով նայեց տոպրակին: –
«Հող»,- պատասխանեցի: –
«Հո՞ղ»,-զարմացած ասաց նա ու բացեց տոպրակի բերանը: –
«Ո՞ւր ես տանում»,-հարցրեց:
 
16

-«Հայաստան, քեսապցի Վարդանի խնդրանքն է»: –
«Հողը Քեսապի՞ց է…»: –
«Այո՛, Քեսապից… Չի՞ կարելի…»:
Մաքսաւորը կամուկացի մէջ էր: Տեսնելով, որ ստուգումը երկարում է, մի ուրիշ մաքսաւոր մօտեցաւ՝բարձրաստիճան ուսադիրերով: –
«Հող է տանում Քեսապից,-
զեկուցեց աշխատակիցը, յետոյ շրջուելով ինձ՝ հարցրեց,-
ո՞ւմ համար է ասացիր… »: -«Վարդանի, քեսապցի Վարդանի…»: –
«Քեսապցի Վարդանը քո ի՞նչն է»,-հետաքրքրուեց բարձրաստիճան սպան:
«Իմ քեռին է»:
Սպան խորհրդաւոր, բայց բարի ժպիտ ունէր այդ պահին:
Շատ եմ ճամբորդել,ժպտադէմ մաքսաւորների գրեթէ չեմ հանդիպել.Բոլորն էլ խուզարկու, ինչ որ բան գտնելու մարմաջով տառապող մարդիկ են: Այս մի ժպիտը մինչեւ հիմա էլ յիշում եմ: –
«Իմ մեծ մայրն էլ հայ էր, անունը՝ Աղաւնի, այնպէս որ Վարդանը ոչ միայն քո, այլեւ իմ քեռին է…»:
1915-1923 թուերի ցեղասպանութեան տարիներին մազապուրծ հայերի խլեակները Տէր-Զօրից հասնում են Հալէպ, Դամասկոս, Լաթաքիա՝ ցրուելով Սիրիայով մէկ…
Արաբները հաց ու ջուր են տալիս, ապաստան, դեղ ու ճար անում փրկուածներին, իրենց ընտանիքներում պահած հայուհիներից շատերին ամուսնացնում իրենց որդիների հետ: Նրանցից մէկն էլ մաքսատան պաշտօնեայի
մեծ մայրն է եղել՝ Աղաւնին:

Խորհրդային տարիներին մեր բոլոր ճանապարհները Մոսկուայով էին անցնում: Այնպէս որ, այստեղ էլ պիտի մաքսային ստուգման ենթարկուէի:Մոսկուայում չստուգեցին, այլ քրքրեցին իրերս ու «գտան» չյայտագրուած արգելուած իրը՝ Քեսապի հողը…: –
«Սա ի՞նչ է»:
-«Հող»: –
«Ձե՞ռք ես առնում»:
Հողով լի տոպրակը յայտնաբերած մաքսաւորը կանչեց օրուան հերթապահին: –
«Ասում է՝ հող է»,- դէմքին քմծիծաղ կար:
 
17

«Փորձաքննութեան տար»,-առաջարկեց հերթապահը:
-«Տարէ՛ք»,-
հանգիստ, անտարբեր թոնով ասացի ես ու սկսեցի անշտապ, հատ-հատ հաւաքել ճամպրուկիս՝ սեղանին թափուած պարունակութիւնը:
Քիչ անց, տոպրակը ձեռքին վերադարձաւ շիկահեր, կարմրաթուշ հերթապահ մաքսաւորը: «Ստուգեցի՞ք»,-հարցրի:
«Ստուգեցինք: Բայց պիտի խոստովանես ՝ մէջն ի՞նչ կայ, որ տանում ես»:
«Կարօտ… յիշողութիւն… արգելուա՞ծ է…»:
Մաքսաւորը քար կտրեց. նրան թուաց, թէ ձեռք եմ առնում: Չհասկացաւ…:Ախր նրա մեծ մօր անունը Աղաւնի չէր…:

\n

 
Սպարտակ Ղարաբաղցեան 

\n

Leave a Comment

You must be logged in to post a comment.