Քեսապի Հարցով Էդուարդ Նալբանդեանի Նամակը՝ ՄԱԿի Ընդհանուր Քարտուղարին

\n

\n

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան Սուրիոյ հիւսիս-արեւմուտքը գտնուող Քեսապ շրջանին մէջ իրավիճակի սրման վերաբերեալ նամակ յղած է ՄԱԿի ընդհանուր քարտուղար ՊանՔի Մունին։ Արտաքին գործոց նախարարութեան մամլոյ, տեղեկատուութեան եւ հասարակութեան հետ կապի վարչութեան համաձայն՝ նամակին մէջ նշուած է.
\n «Հայաստանն իր խորը մտահոգութիւնն է յայտնում վերջին շրջանում Սիրիայի հիւսիս-արեւմուտքում՝ առաւելապէս հայերով բնակեցուած հինաւուրց Քեսաբ քաղաքում եւ շրջակայ 12 գիւղերում իրավիճակի սրման կապակցութեամբ: Հասանելի բոլոր վկայութիւնները եւ Քեսաբի աշխարհագրական դիրքը թոյլ են տալիս եզրակացնել, որ վերջին յարձակումները, առանց որեւիցէ կասկածի, իրականացուել են Թուրքիայի տարածքից սահմանը հատած, Ալ-Քաիդայի հետ կապուած ահաբեկչական խմբերի կողմից: Բռնի գործողութիւնները, որոնք մեծ մասամբ ուղղուած էին քաղաքացիական բնակչութեան դէմ, յանգեցրել են տեղի բնակչութեան տեղահանմանը: Ծայրահեղական խմբերը պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները, զգալի վնաս են հասցրել բնակիչների ունեցուածքին՝ արձանագրելով մարդու իրաւունքների կոպտագոյն խախտումների գորշ տեսարան: Միայն մի քանի տարեց մարդիկ են մնացել քաղաքում, ովքեր ի վիճակի չեն եղել հեռանալ: Այս սոսկալի յարձակումները մեծապէս վտանգում են ՄԱԿի Անվտանգութեան Խորհրդի կողմից միաձայն ընդունուած 2139 եւ 2118 բանաձեւերի իրականացումը, որոնք ուղղուած են ճանապարհ հարթելու սիրիական ճգնաժամի լուծման համար:
\n Հայաստանը բազմաթիւ առիթներով բարձրացրել է Սիրիայում զինուած հակամարտութեան պայմաններում էթնիկ եւ կրօնական փոքրամասնութիւնների, այդ թւում հայերի, պաշտպանութեան անյապաղ անհրաժեշտութեան մասին, ովքեր յայտնուել են ծայրայեղ խոցելի իրավիճակում եւ դարձել են առաջնային թիրախներ: Քանի որ հումանիտար ճգնաժամը շարունակւում է, շատ կարեւոր է անյապաղ պահանջել թուրքական իշխանութիւններից ձեռնարկելու հրատապ քայլեր՝ ծայրայեղական խմբերի կողմից իր տարածքի հետագայ օգտագործումը կանխելու համար:
\n Քաղաքացիական բնակչութեան դէմ ուժի կիրառումը, անկախ նրանց էթնիկ կամ կրօնական պատկանելութիւնից, պէտք է միանշանակօրէն դատապարտուի: Միջազգային հանրութիւնը պէտք է վճռական ջանքեր գործադրի տեղահանուած մարդկանց՝ ներառեալ հայերի, ապահովութիւնը եւ անվտանգութիւնը երաշխաւորելու համար, պայմաններ ստեղծելու իրենց բնակութեան վայրերը նրանց շտապ, անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի համար եւ ապահովելու անհրաժեշտ մարդասիրական օգնութիւն՝ իրենց հրատապ կարիքները հոգալու համար»:

\n

Leave a Comment

You must be logged in to post a comment.